Գրքեր
29 Օգոստոս, Գշ Սուրբ Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

Եզեկիել

Թեև Երեմիա մարգարեի ժամանակակիցն է, սակայն ինչքանով որ շատ են և ստուգ Երեմիայի մասին մեր ունեցած տվյալները, այդքանով քիչ և անորոշ են Եզեկիելի մասին մեր տեղեկությունները: Աստվածաշնչի ոչ մի այլ գրքում իր մասին չի հիշվում, իսկ իր ծավալուն գրքի մեջ իր մասին շատ քիչ բան է ասվում: Նույնիսկ իր անունը իր գրքի մեջ ընդամենը երկու անգամ է հիշվում, մինչդեռ Երեմիայինը՝ տաս:

Եզեկիելի մասին մեր ամբողջ տեղեկությունները ստանում ենք իր գրքի առաջին մի քանի համարներից, որոնք հետևյալն են.

«Երեսուներորդ տարվա չորրորդ ամսվա հինգին, երբ ես Քոբար գետի մոտ եղող աքսորականների մեջ էի, Երկինքը բացվեց և ես Աստծո տեսիլքն ունեցա: Այդ տարին Հովակիմ թագավորի գերության հինգերորդ տարին էր: Եվ Աստծո խոսքը Բուգիի որդի Եզեկիել քահանային ուղղվեց, Քաղդեացիների երկրում, Քոբար գետի ափին, և այնտեղ Տիրոջ ձեռքը իմ վրա եղավ» (Եզեկ. 1:1-3):

Վերոհիշյալ «երեսուն տարին» մենք հասկանում ենք որպես նրա տարիքը, այսինքն, երբ երեսուն տարեկան էր: Քոբար գետը համարվում է Բաբելոնի մոտակայքի Եփրատի վտակը: Իսկ Հովակիմ թագավորը Երուսաղեմի վերջին թագավորներից էր, որը նախքան Քրիստոսը 597 թ.-ին, Նաբուգոդոնոսոր արքայի կողմից, ամբողջ արքունիքով, ժողովրդի ավագանիով և քաղաքի մարդկանցով, ավելի քան տաս հազար մարդկանց հետ գերեվարվեց Բաբելոն (Դ Թագ. 24:10-16): Ուրեմն սրանց մեջ նաև Եզեկիել մարգարեն էր: Այսպիսով նրան մարգարեության կոչը նախքան Քրիստոս 592 թ.-ին, Բաբելոնում աքսորյալ վիճակում է տեղի ունենում:

Աստված ասում է նրան. «Մարդու որդի (Եզեկիելի համար միշտ այս կոչն է գործածվում նրա գրքի մեջ՝ շուրջ 87 անգամ), ես քեզ Իսրայելի՝ մի ապստամբ ժողովրդի մոտ եմ ուղարկելու… Երբ նրանց ասես. «Այսպես է ասում Տերը», հասկանալու են, որ մի մարգարե ես դու նրանց մեջ: Կարևոր չէ քեզ կլսեն, թե կմերժեն հասկանալ, քանի որ ըմբոստ ժողովուրդ են, բայց դու, մարդու որդի, պետք չէ, որ վախենաս նրանցից, կամ նրանց խոսքերից, թեև նրանք պիտի ըմբոստանան քո դեմ և դու քեզ պիտի զգաս որպես թե կարիճների մեջ ես, երբեք չպիտի վախենաս՝ ինչ էլ, որ ասեն քեզ, և նրանց սպառնալի կերպարանքներից չպիտի զարհուրես: Իմ պատգամները, լսեն, թե մերժեն, պիտի տաս նրանց: Բայց դու, մարդու որդի, պիտի լսես իմ պատգամները և չպիտի նրանց պես ապստամբ լինես: Բացիր բերանդ և ինչ որ քեզ տամ, կե՛ր:

«Եվ ես մի ձեռք տեսա, որ գիրք բռնած դեպի ինձ էր երկարում, այն իմ առջև բացեց… ամբողջությամբ՝ ներսից դրսից գրված էր և ողբեր, եղերերգեր և վայեր էր պարունակում: Ապա ինձ ասաց. «Մարդու որդի, կեր քեզ մատուցվածը, կեր գիրքը, ապա գնա և Իսրայելի որդիների հետ խոսիր»: Ուստի բացեցի բերանս և նա գիրքն ինձ ուղարկեց: Եվ ավելացրեց. «Մարդու որդի կուլ տուր քեզ տրված այս գիրքը և թող որ որովայնդ դրանով լցվի»: Եվ ես այն կերա. մեղրի պես անուշ էր» (2:3-9, 3:1-3): Վերջին պատկերալից խոսքի իմասն այն է, որ նա սիրով և քաղցրությամբ համակերպվում է Աստծո կանչին, նույնիսկ, եթե իր պարտականությունը այս ժողովրդի ըմբոստ նավորությունը ողբալը և վայեր կարդալ, նրանց հակադրվելը լիներ:

Եվ աստվածային ձայնը եզրակացնում է. «Մարդու որդի, քեզ դիտորդ կարգեցի Իսրայելի տան վրա, Ինձնից պատգամներ պիտի լսես և նրանց պիտի զգուշացնես, եթե անօրենին ասեմ, որ անպատճառ պիտի մահանա և դու չհայտնես այն, որ նա իր չար ճանապարհից վերադառնա, այն անօրենը, արդարև իր անօրենության համար պիտի մեռի, սակայն նրա արյունը քեզնից պիտի պահանջեմ: Իսկ եթե դու անօրենին զգուշացնես և նա իր չար ճանապարհից ետ չդառնա և թեև իր անօրենության պատճառով պիտի մահանա, բայց դու մեղադրանքից ազատ պիտի լինես» (3:16-21):

Եվ խորհրդավոր ու պատկերալից տեսիլքները, ազդարարությունները և Իսրայելի ու շրջակա յոթ ազգերի դեմ մարգարեությունները հաջորդում են միմյանց: Նշանավոր է, հատկապես Եզեկիելի տեսիլքը չորացած ոսկորների մասին, որոնք Աստվածային շնչով վերակենդանանում և հարություն են առնում (Գլուխ 37):

Քառասունութ գլուխներից բաղկացած իր գրքում, իր կյանքի մասին, այլևս որևէ ակնարկություն չկա: Իր մահվան մասին էլ ոչ մի տեղեկություն չունենք Ս. Գրքից: Հայսմավուրքներից մեկի համաձայն, իր ազգակիցների կողմից սպանվել և թաղվել է Բաբելոնում:

Իր դատապարտող պատգամներում Եզեկիելը նաև հուսադրող և դրական տողեր էլ ունի: Օրինակ, թեև մարգարեանում է, որ Իսրայելացիները գերեվարվելու են օտար երկրներ, բայց Աստված ասում է. «Ձեզ վերստին պիտի հավաքեմ այն երկրից, որտեղ ցրված եք և վերստին ձեզ պիտի տամ Իսրայելի երկիրը: Եվ երբ իրենց երկիրը վերադառնան՝ պիտի վերացնեն կռապաշտության գարշելի գործերն ու պղծությունը: Նրան մի ուրիշ սիրտ պիտի տամ և մի ուրիշ հոգի պիտի դնեմ նրանց մեջ; Նրանց միջից պիտի հանեմ քարեղեն սիրտը և մսեղեն սիրտ պիտի տամ, որպեսզի Իմ հրամանների համաձայն ընթանան, օրենքներս պահեն և գործադրեն: Եվ նրանք Իմ ժողովուրդը պիտի լինեն և Ես նրանց Աստվածը պիտի լինեմ» (11:16-21):

Եզեկիելն է Աստծո կողմից ասողը. «Մեղավորի մահը չէ, որ ուզում եմ, այլ նրա չար ճանապարհներից ետ դառնալը և ապրելը» (33:11): Ահավոր են ժողովրդի «հովիվներին հակառակ» նրա մարգարեությունները» (Գլուխ 34): Գրքի վերջին գլուխները իր ժողովրդի փրկության և վերակազմության վերաբերյալ մարգարեություններ են պարունակում: Ինչքան էլ շեշտը անհատի անկման և բարձրացման մեջ անհատի պատասխանատվության վրա է դնում, բայց մյուս կողմից հավատում է իր ժողովրդի հավաքական բնույթի կարևորությանը: Այս իրողությունը հայտնի է դառնում իր վերածնյալ ժողովրդի պաշտամունքի ձևը մանրամասնորեն նկարագրելու ժամանակ (Գլուխ 40, 48):

Նոր Կտակարաններում ոչ մի ուղղակի մեջբերում չկա Եզեկիել մարգարեից, սակայն իր գրքում նկարագրված մարգարեական և քահանայական միացյալ ոգին այն հիմքն է, որի վրա կառուցվում է Ավետարանի վերանորոգված կրոնը:

Եզեկիելը տոնվում է Եզրի և Հովհաննեսի հոր Զաքարիայի հետ, Վերափոխմանը հաջորդող երրորդ երեքշաբթի օրը:

 

Եզր կամ Եզրաս

Եզրը Ահարոնի ցեղից մի դպիր և քահանա էր:

«Պարսից Արտաշես թագավորի օրոք Բաբելոնից Եզրաս անունով մեկը եկավ… Սա Մովսեսի միջոցով Իսրայելին Տեր Աստծո տված օրենքի արագագիր մի դպիր էր; Եվ թագավորը նրան տվեց այն ամենը, ինչ որ նա ցանկացավ, քանի որ Աստծո ձեռքը նրա հետ էր: Արտաշես թագավորի յոթներորդ տարում, Եզրի հետ Բաբելոնից Իսրայել եկան մի շարք իսրայելացիներ, այդ թվում քահանաներ, ղևտացիներ, սաղմոսերգուներ, դռնապաններ և տաճարի սպասավորներ, (շուրջ երկու հազար մարդ)…: Եզրասը մտադրվել էր գտնել տիրոջ օրենքները և կատարել դրանք, բոլորին սովորեցնել Աստծո հրամանները և դատաստանները» (Եզր 7:1-10):

Համարվում է, որ վերոհիշյալ Արտաշես թագավորը իշխել է Ն. Ք. 404- 359 թթ.-ին, ուստի նրա յոթներորդ տարին և Եզրասի գործունեության սկիզբը համընկնում է Ն. Ք. 397 թ.-ին:

Եզրը հատուկ արքայական հրահանգով վերադարձավ, որում շատ բարձր գնահատական էր տրվում Եզրին և հրահանգվում էր բոլորին, որ պահանջված օգնությունը չզլանան նրան տալ (Եզր 7:11-26):

Եզրի գլխավոր բարեկարգությունը օտար ամուսնությունները ջնջելն ու չեղարկելը և դրանք խստիվ արգելելն եղավ, որպեսզի ոչ մի իսրայելացի օտարականի հետ չամուսնանա (Եզր 9-րդ Գլուխ): Ապա համադրեց Մովսեսի ամբողջ օրենքը և տաճարի մեջ արևածագից մինչև կեսօր կարդաց (ՆԷ. 8:2-8):

Եզրի վախճանի մասին ոչինչ չի ասվում: Հայոց Եկեղեցին նրան հիշատակում է Եզեկիել մարգարեի հետ Վերափոխմանը հաջորդող երրորդ երեքշաթի օրը:

 

Զաքարիա և Եղիսաբեթ

Հովհաննես Մկրտչի ծնողներն են: Թեև Եղիսաբեթի անունը մեր տոնացույցում չի հանդիպում, սակայն մենք հիմնվելով ավետարանական և պատմական տվյալների վրա թույլատրելի համարեցինք նրա անունն էլ ավելացնել նորկտակարանյան սրբերի շարքերում:

Ավետարաններում երկուսն էլ հավասարապես ներկայացվում են, որպես արդար և օրինապահ մարդիկ: «Երկուսն էլ Աստծո առաջ արդար էին և տիրոջ պատվիրանները և օրենքները անարատաբար պահում էին» (Ղուկ. 1:6): Իսկ պատմական և այժմյան իրականությունն այն է, որ մյուս հին եկեղեցիներում Եղիսաբեթն արդեն տոնելի սրբերի դասերն է անցել: Այնպես որ մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե նա ինչու է բացակայում մեր տոնացույցից: Եթե Զաքարիան Հովհաննես Մկրտչի հայրը լինելու համար ներգրավված է տոնացույցի մեջ, ապա Եղիսաբեթն էլ, որպես Մեծ Կարապետի մայր, նույն իրավունքն ունի:

Երկուսն էլ քահանայական ցեղից էին և զրկված էին զավակ ունենալու մխիթարությունից, քանի որ «Եղիսաբեթը ամուլ էր» ասում է Ավետարանը: Հրեաների մոտ ամլությունը մեծագույն զրկանքներից մեկն էր: Եղիսաբեթը ներկայանում է որպես Ս. Կույս Մարիամի ազգականը: Թե ինչ ազգակցական կապ էր, Ավետարաններում հստակեցված չէ: Որտեղ Ավետարաները լռում են՝ ավանդությունը լրացնում է: Ըստ ավանդության նրանք երկու քույրերի դուստրեր էին, ուստի Հիսուսը և Հովհաննեսն էլ երկու քույրերի թոռներ են լինում:

Կարող ենք ասել, որ Նոր Ուխտի «դրամայի» վարագույրը բացվում է Ավետարանի սրբազան թատերաբեմին՝ Զաքարիայի հայտնվելով, որտեղ նա Աստծո տաճարում խունկ էր նվիրաբերում: Այս նվիրական պարտականությունը կատարելու ժամանակ Զաքարիան տեսիլքի է արժանանում. «Տիրոջ հրեշտակը նրան երևաց խնկի սեղանի աջ կողմում: Զաքարիան այս տեսարանից խռովքի և սարսափի ենթարկվեց». սակայն նրա վախը փարատելու համար ասաց.

«Մի՛ վախեցիր, Զաքարի՛ա, աղոթքդ Աստծո մոտ լսելի եղավ, կինդ՝ Եղիսաբեթը մի զավակ պիտի բերի քեզ համար, նրա անունը Հովհաննես պիտի դնես»: Զաքարիային այդպիսի ավետիսը անհավատալի թվաց, ուստի ասաց.

- Սրա վերաբերյալ ինչպես կարող եմ վստահություն ունենալ, քանի որ ես և կինս արդեն ծերացած ենք:

Հրեշտակին չգոհացրեց տարակուսանքով լի այս պատասխանը և նա ծանրությամբ և հանդիմանական շեշտով ասաց.

- Ես Գաբրիելն եմ, որ Աստծո հրամանները գործադրելու համար մշտապես Նրա ներկայության մեջ եմ: Աստծուց քեզ այս ավետիսը տալու համար առաքվեցի, բայց քանի որ դու համոզվելու համար նշան ես ուզում, այս վայրկյանից պիտի համրանաս և չպիտի կարողանաս խոսել մինչև ասածս կատարվի:

Երբ Զաքարիան տաճարից դուրս եկավ, նրա լեզուն արդեն կապված էր և նշաններով ցանկանում էր բացատրել իր ուշանալու պատճառը: Ամեն մեկը հասկացավ, որ մի գերբնական իրադարձություն է տեղի ունեցել:

Երբ տաճարում ծառայելու իր պարտականության օրերը վերջացան, վերադարձավ իր տուն, որը Երուսաղեմից դուրս էր: Ավանդությունը նրա բնակավայրը Երուսաղեմից ոչ հեռու Այն Քերիմ գյուղն է համարում, որում մինչ այսօր պահպանվում է նրա տունը, որը եկեղեցու է վերածվել: Հայերս այս գյուղը անվանում ենք «Հովհաննու Ծնունդ» և այստեղ նաև եկեղեցիներ ենք ունեցել, որոնք սակայն ժամանակի ընթացքում լատինների ձեռքն են անցել:

Եղիսաբեթը հղացավ և գոհանում էր Աստծուց, որ «ուշադրություն էր դարձրել իրեն և իր նախատինքը վերացրել էր»:

Երբ Ս. Կույսը ավետումից հետո նրան այցելեց «Եղիսաբեթը Ս. Հոգով լցվելով, խոսքը ուղղելով Մարիամին, բարձրաձայն աղաղակեց.

Օրհնյալ ես դու կանանց մեջ, Եվ օրհնյալ է որովայնիդ Պտուղը. Որտեղից ինձ այսպիսի շնորհ, Որ Տիրոջ մայրը ինձ այցելի, Երբ ողջույնիդ ձայնը լսեցի, Մանուկը որովայնումս հրճվագին խաղաց. Երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ ասածները պիտի իրականանան». (Ղուկ. 1:42-46)

Երկու խոնարհ հոգիներ, գերբնական ուրախությամբ լցված, իրար հետ բանաստեղծական լեզվով են խոսում, Աստծո հոգին, մարգարեական և ներշնչումի Հոգին, որը գրեթե երեքից չորս դար լռել էր, հանկարծ կրկին մարդկանց վրա է իջնում՝ այս համեստ երկու կանանցից սկսելով, որոնք իսկապես մարգարեների լեզվով են խոսում:

Նույնը նաև պապանձված Զաքարիայի հետ է պատահում, որի մանկան աչքերը մեր աշխարհի լույսի դեմ բացվելուց հետո բացվում է նաև նրա լեզվի կապանքները և ինքն էլ Ս. Հոգով լցված մարգարեացավ և ասաց.

«Օրհնյալ ես Իսրայելի Տեր Աստված, Որ մեզ այցելեցիր, Փրկություն բերեցիր ժողովրդիդ…»

Ու խոսքը իր նորածին որդուն ուղղելով ասաց.

«Եվ դու, ով մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես. Տիրոջ առջևից պիտի քայլես, Որպեսզի հարթես Նրա ճանապարհները, Նաև մեր ոտքերը պիտի ուղղես Դեպի խաղաղության ճամփաները» (Ղուկ. 1:67-69):

Այս պահից երկուսի առաքելությունը լրացած լինելով, հեռանում են ասպարեզից՝ իրենց տեղն իրենց մեծանուն զավակին զիջելով: Եվ Արդարության Արեգակի ծագման արշալույսը նշմարելով՝ խաղաղությամբ փակում են աչքերը:

Զաքարիան մեզ մոտ տոնվում է Եզեկիելի և Եզրի հետ, Վերափոխմանը հաջորդող երրորդ երեքշաբթի օրը:

 

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․