Գրքեր
7 Հունիս, Եշ Սուրբ Իսահակ և Հովսեփ իշխանների, Սարգիս և Բագոս վկաների հիշատակության օր

Սահակ և Հովսեփ իշխաններ

Մի արաբ իշխանավորի զավակներն էին, որը Կարինում (Էրզրում) հաստված լինելու պատճառով հայուհու հետ էր ամուսնացել և իր կնոջը թույլատրել էր ոչ միայն պահել իր կրոնը, այլև զավակներին էլ մկրտել և դաստիարակել քրիստոնեական սկզբունքներով: Երբ չափահաս են դառնում Հովսեփը (Յուսուֆ) ամուսնանում է քրիստոնյայի հետ և զավակներ ունենում: Երկու եղբայրներն իրենց ապահով չզգալով արաբական տիրապետության տակ եղող Կարինում, որոշում են անցնել Բյուզանդիա և այնտեղ ազատորեն դավանել իրենց կրոնը, բայց նախքան իրենց մտահղացումը իրականացնելը տեղի արաբ իշխանի ականջին է հասնում նրանց արաբական ծագում ունենալը և վերջինս էլ իր մոտ է կանչում եղբայրներին և առաջարկում վերադառնալ հայրենական կրոնին: Մերժելուց հետո բանտարկվում են և ենթարկվում տանջանքների, բայց ուրացության համար տրված խոստումները, աղաչանքներն ու սպառնալիքները անօգուտ եղան: Մինչև իսկ նրանց լայնախոհ հայրը խորհուրդ էր տալիս կեղծ ուրանալ և ապա ազատվելով անցնել Բյուզանդիա և այնտեղ նորից դավանել Քրիստոսին: Սակայն երկու եղբայրները սիրով հանձն են առնում մահանալ, քան թե ուրանալ: Ուստի Կարինի իշխանը հրամայում է գլխատել նրանց: Բոլոր վկայաբանությունները հաստատում են, որ «Երկնքից լույս իջավ սրբերի մարմինների վրա»: Այս տեսնելով քաղաքի իշխանը մեղմանում է և արտոնում է նրանց պատվով թաղել:

«Լիակատար»-ը վկայում է, որ հետագայում մի վայելուչ մատուռ է կառուցվում սրբերի գերեզմանի վրա և նրանց բարեխոսությամբ բազմաթիվ բժշկություններ են եղել:

Իսկ Օրմանյանը, որը նաև Կարինի առաջնորդ է եղել, հաստատում է՝ ասելով. «Քաղաքի կենտրոնում իսլամների կողմից պատվվող երկու գերեզմաններ կան, որոնք, տեղացի քրիստոնյաների վկայությամբ, Հովսեփի և Սահակի գերեզմաններն են»: Նրանք նահատակվել են 808 թ.-ի հոկտեմբերի 19-ին, սակայն Հայսմավուրքներում թվագրված է հունվարի 22-ը: Երեց եղբայրը Հովսեփն է, բայց առաջինը Սահակը նահատակված լինելու համար տոնացույցը նախ նրան է նշում:

Տոնվում է Կաթողիկե եկեղեցու տոնին հաջորդող հինգշաբթի օրը:

Սկզբնաղբյուրներն են Սամվել և Կիրակոս պատմիչները:

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

Սարգիս և Բագոս վկաներ

Նրանք Մաքսիմիանոսի (286-310) օրոք Հռոմեական արքունիքում բարձրաստիճան պաշտոնյաներ էին և գաղտնի քրիստոնյաներ: Հերթական կռապաշտական արարողություններից մեկի ժամանակ նրանց բացակայությունը նկատելի եղավ և երբ կայսրի մոտ տարվեցին՝ խոստովանեցին իրենց քրիստոնյա լինելը: Կայսրը նրանց կանացի զգեսներ հագցնել տվեց և այդպես ի ցույց մարդկանց քայլեցրեց, բայց նրանք ամուր մնացին իրենց հավատի մեջ: Ի վերջո նրանց ահավոր գանահարության է ենթակում, որին չդիմանալով՝ մահանում է Բագոսը, իսկ Սարգիսը բանտ է նետվում: Հաջորդ օրը Սարգսի վրայից ամբողջությամբ ջնջվել էին գանահարության հետքերը և վերքերը լիովին լավացել: Նրան «դարձի» բերելու կայսեր գործածած բոլոր սպառնալիքները և տրված բոլոր խոստումները իզուր եղան: Ներսի կողմից ցցված մեխերով կոշիկներ հագցրին և ժամերով քայլեցրին: Սարգիսն իր հավատքի մեջ անսասան մնաց և ի վերջո 300 թ.-ին, Հյուսիսային Սիրիայում գլխատվելով նահատակվեց սուրբը: Իր նահատակության քաղաքը հետագայում կոչվեց Սարգսաքաղաք՝ Սերգիոպոլիս, և շրջանի ամենամեծ ուխտատեղին դարձավ:

Մենք նրանց հիշատակում ենք Հոգեգալստյան երկրորդ հինգշաբթի օրը:

 

«Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․