Գրքեր
23 Հուլիս, Բշ Սուրբ Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր

Եղիազար քահանա

Անտիոքի Սելևկյանների կողմից հրեաների հանդեպ հարուցած հալածանքների ժամանակ, հրապարակ է գալիս Եղիազար անունով պատկառելի մի ծերունի, որին ստիպում էին, որ խոզի միս ուտի, ինչը որ հրեական օրենքով արգելված էր: Ծերունին մերժում է և պատրաստակամություն հայտնում իր կրոնի համար ծեծվելու, քան թե խղճահար մի կյանք ապրելու համաձայնության մասին: Այն ժամանակ ուրացման գործին լծված պաշտոնյաները, պատկառելով նրա տարիքից, խորհուրդ են տալիս, որ Եղիազարն իր ցանկացած միսը պատրաստի և բոլորի առջև ուտելով՝ այնպես ձևացնի, որ կարծես, թե կուռքերին զոհաբերված միս է, և այդ ժամանակ նրան մահից պիտի ազատեին: Սակայն Եղիազար քահանան, իր պատկառելի տարիքին և անկեղծ աստվածպաշտությանն արժանի հետևյալ պատասխանը տվեց.

«Ինձ շուտով իմ գերեզմանը ուղարկեք: Եթե ես ինձ այս կեղծիքին ենթարկեմ, շատ երիտասարդներ պիտի մտածեն, որ Եղիազարը իր իննսուն տարեկան հասակում ուրացող դարձավ: Եթե կյանքի մի կարճ շրջան ապահովելու համար կեղծեմ, այդ երիտասարդների համար գայթակղություն պիտի դառնամ և կեղտ ու անպատվություն պիտի բերեմ իմ անվան վրա: Այս կեղծիքով այժմ մարդկանց պատժից կկարողանամ խուսափել, բայց ողջ մնալով, կամ մեռնելով՝ երբեք չեմ կարողանամ խուսափել Ամենակալի ձեռքից: Ուստի, եթե այժմ քաջաբար մահանամ, հաստատած պիտի լինեմ, որ արժանի եմ այս պատկառելի տարիքիս և երիտասարդներին էլ մեր սուրբ օրենքների համար, ուրախությամբ և քաջությամբ մեռնելու դասի մի լավ օրինակ պիտի թողնեմ» (Բ Մակ. 6:18-28):

Երբ իր խոսքերն ավարտեց, նրան անմիջապես քարշ տվեցին և սկսեցին ձաղկել: Երբ ձաղկվելուց գրեթե մեռելի նման էր դարձել, Եղիազարը, բերանը բացելով, հառաչանքով ասաց.

«Միայն Աստված, Իր Սուրբ ամենագիտությամբ, կարող է իմանալ, թե այժմ այս ձաղկումից ֆիզիկական ինչ ահավոր տագնապի մեջ եմ, թեև կարող էի խուսափել այս չարաչար մահվանից, սակայն Աստված գիտի նաև, որ այս տանջանքների համար հոգով ուրախ եմ, որովհետև Տիրոջ առջև երկյուղած լինելու համար եմ կրում այս չարչարանքները» (Բ Մակ. 6:30):

Այսպես մահացավ այս պատկառելի ծերունին և իր մահով մի հերոսական օրինակ թողեց գալիք սերունդների համար, հատկապես նախկին քրիստոնյաների, որոնք խորապես ներշնչվել են նրա և նրանից հետո եղող նահատակների օրինակներից:

 

Շամունա և նրա յոթ որդիները

Նույն (Անտիոքի Սելևկյան թագավորների) հալածանքների շրջանին է քաջասիրտ մոր և նույնքան քաջակորով իր զավակների նահատակությունը:

Յոթ եղբայրներն իրենց մոր հետ ձերբակալվում են և թագավորի մոտ տարվում, գանահարության են ենթարկվում, որպեսզի ստիպողաբար խոզի միս ուտեն: Առաջինն այսպես է սկսում խոսել.

«Մեզ հարց ու փորձ անելով ի՞նչ եք ուզում իմանալ, մենք պատրաստ ենք մեռնել, քան թե մեր հայրենական օրենքներին հակառակ գործել»:

Այդ ժամանակ թագավորը հրամայեց կտրել նրա լեզուն, գլխի կաշին դեմքի վրա բերել, ապա մոր և եղբայրների աչքի առաջ, ոտքերն ու ձեռքերն կտրելով, եռացրած կաթսայի մեջ գցելով՝ նահատակեցին նրան:

Թագավորը երկրորդին էլ ձաղկելուց հետո հարցրեց, արդյո՞ք նախքան անդամները ջարդուփշուր կարվեն խոզի միս պիտի ուտի: Երիտասարդը պատասխանեց.

«Երբե՛ք, դու մեզ այս կյանքից կազատես: Եվ քանի որ մենք մահանում ենք Նրա օրենքի համար. Տիեզերքի Թագավորը մեզ հարություն պիտի տա հավիտենական և նոր կյանքի համար»:

Երբ երրորդին հարցրին, արդյո՞ք խոզի միս պիտի ուտի, նա, հետևյալն ասելով, կտրելու համար պարզեց իր ձեռքերն և հանեց իր լեզուն.

«Երկնքի թագավորն է սրանք ինձ տվել, սակայն Իր օրենքները շատ ավելի արժեքավոր են ինձ համար, քան սրանք, և Նրանից է, հավատում եմ, որ պիտի վերստանամ դրանք»:

Երբ թագավորն ու ներկաները սա լսեցին, զարմացան չարչարանքների հանդեպ երիտասարդի արիական ոգու և արհամարանքի վրա:

Չորրորդը մահամերձ վիճակում ասաց թագավորին.

«Ավելի լավ է մարդկանց ձեռքով մահանալ և հուսալ մեզ հարություն տալու Աստծո խոսքին, քան թե քո նման ողջ մնալ, քանի որ քեզ համար հարություն չկա»:

Ապա հինգերորդին քարշ տալով բերեցին չարչարանքի վայրը և նա ասաց.

«Թեև դու մահկանացու ես, բայց քեզ մարդկանց վրա ուզածիդ պես վարվելու իշխանություն է տրված: Բայց չկարծես, որ Աստված լքել է մեր ժողովրդին: Համբերիր և պիտի տեսնես, թե Աստված ինչպես մեծ զորությամբ պիտի չարչարի քեզ և քո սերնդին»:

Վեցերորդը, նախքան վերջին շունչը փչելն, ասաց.

«Մի՛ խաբվիր, ո՛վ թագավոր, թեև այս պատուհասները մեր մեղքերի համար են մեր գլխին գալիս, սակայն մի՛ կարծիր, որ դու պիտի ազատվես Աստծո դեմ պայքարելու ամբարշտությանդ հետևանքներից»:

Սակայն սրանց մայրն ամենաբարի հիշատակության արժանի եղավ: Տեսավ իր աչքի առջև իր յոթ որդիների, մեկ առ մեկ, նահատակվելը: Բայց դրանք բոլորը քաջաբար տարավ, որովհետև իր հույսն Աստծո վրա էր դրել: Իր մայրական լեզվով քաջալերում էր յուրաքանչյուրին; Ազնվական վճռականությամբ էր լցված և առնական ոգուց էին հրահրված իր կանացի մտքերը. իր զավակներին ասել էր.

«Դուք արգանդիս մեջ հայտնվեցիք, և ես չգիտեմ, թե ինչպես՝ ես չէ, որ ձեզ կյանք ու շունչ տվեցի, ոչ էլ ձեր մարմնի ձևերը կազմեցի: Ամեն ինչի Արարիչն է, որ մարդուն կերպավորում է իր ծննդյան առաջին իսկ օրից և ամեն բանի ծագումը ծրագրավորում է: Ուստի, Նա, Իր ողորմությամբ, ձեզ ետ պիտի տա ձեր կյանքն ու շունչը, քանի որ այժմ դուք Նրա օրենքը ձեր անձերից վեր եք դասում»:

Հերթը եկավ կրտսեր որդուն: Թագավորը փորձեց խոստումներով, թե այն վայրկյանին, երբ ինքը հրաժարվի իր նախնիների սովորությունից, նրան հարստացնելու է և արքունիքում բարձր պաշտոնների պիտի հասցնի, համոզել և սիրաշահել նրան: Բայց քանի որ տղան չէր կարևորում թագավորի խոստումները, թագավորը կանչեց նրա մորը և հրամայեց նրա կյանքը փրկելու համար համոզի, որպեսզի լսի թագավորի խրատները: Մայրը մոտենալով ասաց նրան.

«Տղա՛ս, գթա՛ ինձ, ես քեզ ինը ամիս արգանդումս պահեցի, երեք տարի կաթ տվեցի, մեծացրեցի և այս հասակիդ հասցրեցի: Երկնքին և երկրին նայիր, և նրանց մեջ եղածները տե՛ս և իմացի՛ր, որ Աստված այդ ամենը ստեղծեց ոչնչից, մարդն էլ է Նրա կողմից ստեցծված: Մի՛ վախեցիր այս մսագործից, մահը ընդունի՛ր և արժանի եղիր քաջ եղբայրներիդ, որպեսզի վերստին, Աստծո ողորմությամբ, նրանց հետ քեզ էլ ստանամ»:

Մայրը հազիվ ավարտած, չափահաս պատանին սկսեց խոսել.

«Ինչի՞ն եք սպասում, թագավորի հրամանին չպիտի ենթարկվեմ, ես այն օրենքներին եմ հնազանդվելու, որ Մովսեսի ձեռքով մեր հայրերին տրվեց: Եվ դո՛ւ, ո՜վ թագավոր, դո՛ւ, որ մեր ազգի համար ամեն տեսակ չարչարանքներ հնարեցիր, դու էլ չպիտի ազատվես Աստծո ձեռքից: Այսօր մենք մեր մեղքերի համար է, որ չարչարվում ենք և եթե մեզ ուղղելու և կարգի բերելու համար Աստված մի կարճ ժամանակահատված բարկացել է, սակայն նորից պիտի հաշտվի իր ծառաների հետ: Բայց դո՛ւ, ամբարիշտ մարդ, դատարկ հույսերով մի՛ խաբվիր, դո՛ւ, որ Աստծո ծառաներին ես չարչարում, Դու էլ Ամենակալ և Ամենատես Աստծո դատաստանից զերծ չպիտի մնաս: Եղբայրներս Աստծո ուխտին հավատարիմ մնալու համար մահացան, կարճատև չարչարանքից հետո նրանք դեպի հավիտենական կյանք առաջնորդվեցին, բայց դու Աստծո դատավճռով քո ամբարշտության արդար պատիժը պիտի ստանաս: Ես, եղբայրներիս նման, մարմինս ու կյանքս եմ տալիս մեր հայրենի օրենքների համար: Աղերսում եմ Աստծուն, որ իր ժողովրդին քավություն տա: Քեզ էլ մեծամեծ պատուհասներից հետո, թող Աստված խոստովանելուն առաջնորդի, որ Նա է միակ Աստվածը: Իմ և եղբայրներիս մահով, թող Աստծո բարկությունն անցնի մեր ժողովրդի վրայից:

«Թագավորն, այս խոսքերը լսելով, կատաղությունից ինքն իրենից դուրս գալով, ավելի չարաչար մահով սպանեց այս մատաղ երիտասարդին, որն անարատությամբ և սրբությամբ և Տիրոջը հուսալով՝ այս աշխարհից գնաց: Զավակներից հետո երանելի մայրն էլ սպանվեց» (Բ Մակ. 7):

Այս յոթ եղբայրների անունները չեն հիշատակվում Մակաբայեցիների գրքում, բայց 1860 թ.-ին Վենետիկում հրատարակված Աստվածաշնչի լուսանցքում յուրաքանչյուրի անունն ըստ կարգի գրված է, որոնք հետևյալներն են՝ Ակար, Մակար, Խորեն, Խորսեն, Ամինադաբ, Գալիլե և Գադիդե, սակայն սրանք բոլորովին տարբերվում են Հունական և Լատինական օրացույցներում առկա տարբերակներից:

 

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․