Գրքեր
26 Հոկտեմբեր, Շբ Տասներկու Սուրբ Վարդապետների հիշատակության օր

Ռեթեոս աթենացի և Դիոնեսիոս Արիսպագացի

Սրանք գլխավորներն են այն եկեղեցական նշանավոր հայրերի խմբի, որոնք մեզ մոտ տոնվում են «Տասներկու Վարդապետներ» անվան տակ, հոկտեմբերի վերջին, Խաչի յոթերորդ կիրակիի՝ Գյուտ խաչին նախորդող շաբաթ օրը: Այս երկուսն իրարից անբաժան են, որովհետև առաջինը երկրորդի համար որպես ուսուցիչ է ներկայացվում վերջինիս անունով ծանոթ գրքերում, որոնց պիտի անդրադառնանք:

Դիոնեսիոսն ավետարանական սրբերին եկեղեցական պատմական սրբերի հետ կապող մի օղակ է, քանի որ հիշատակվում է «Գործք Առաքելոց»-ում՝ որպես Պողոս Առաքյալի Աթենքում քարոզչության առաջին պտուղը: Երբ Պողոս Առաքյալը ավարտեց Աթենքի Արիսպագոս կոչված ակադեմիական գերագույն ժողովի առջև իր ճառը, «Գործք Առաքելոց» գրքի հեղինակը եզրափակում է՝ ասելով. «Եվ Պողոսը վեր կենալով գնաց նրանց մոտից: Որոշ մարդիկ հետևեցին նրան և հավատքի եկան, որոնցից էր Դիոնեսիոս Արիսպագացին» (Գործք 17:32-34):

«Արիսպագոս» հունարենից թարգմանվում է «Արեսի բլուր»: Այս անունը տվել էին Աթենքի բլուրներից մեկին, որտեղ հնուց ի վեր հավաքվում էր քաղաքի ազնվապետական դասական ժողովը, որը նաև զաղվում էր կրոնական հարցերով: «Արիսպագոս» անունը բլուրից անցավ այնտեղ գումարվող ժողովին և այլևս այդ անունով էր հայտնի, մինչև իսկ ժողովման տեղից անկախ: Այս տեսակետից, ուրեմն, «Արիսպագացի» ոչ թե այդ անունով հայտնի բլուրի վրա ծնված, կամ բնակված է նշանակում, այլ այդ անունով հայտնի խմբի անդամ, ինչպես որ «Փարիսեցիներ»-ի, կամ «Սադուկեցիներ»-ի պարագայում է, որը նշանակում է այդ անուններով ծանոթ խմբակներին պատկանող:

«Գործք Առաքելոց»-ից բացի, Դիոնեսիոսի մասին մեր ունեցած միակ տեղեկությունը ստանում ենք Եվսեբիոսի «Եկեղեցական Պատմություն» երկից, որտեղ հաստատվում է, որ Դիոնեսիոսը Աթենքի առաջին եպիսկոպոսն է եղել և ձեռնադրվել է Պողոս Առաքյալի ձեռամբ:

Սակայն նրա հռչակը և որպես Եկեղեցու վարդապետ նրա վայելած մեծ հեղինակությունը և դիրքը հիմնվում է մի շարք գրքերի վրա, որոնք նրան են վերագրվում և որոնք միջնադարում բարձր հեղինակություն են ունեցել և մեծապես ազդել են այդ և հաջորդ դարերի աստվածաբանների մտածողության վրա, թե՛ Արևելքում և թե՛ Արևմուտքում:

Այդ գրքերն են.

  1. «Երկնային Քահանայապետության վերաբերյալ» - հրեշտակների զանազան դասակարգության մասին:
  2. «Երկրային Քահանայապետության վերաբերյալ» - եկեղեցական նվիրապետության վերաբերյալ, որը ներկայացվում է որպես կրկնություն, կամ նմանություն երկնային քահանայապետության:
  3. «Աստվածային Անունների մասին» - Աստծո ստորոգելիների, կամա հատկությունների մասին:
  4. «Միստիկ Աստվածաբանություն» - Քրիստոնեական հոգևոր կատարելության կյանքի մասին:

Դիոնեսիոսին վերագրված այս գործերը նաև հայերեն են թարգմանված՝ նախ Ստեփանոս Սյունեցի մատենագրի կողմից 8-րդ դարում, և ապա Ստեփանոս Լեհացու կողմից՝ 17-րդ դարում:

Թեև Աստվածաբանական տեսակետից վերոհիշյալները շատ կարևոր գործեր են, սակայն այսօր հաստատված է, որ այս գործերն առաջին դարում ապրած Դիոնեսիոսի գործերը չեն, այլ 5-րդ դարի վերջերը, կամ 6-րդ դարի սկզբներում ապրած մի մեծ մտավորականի, որը Արիսպագացու անվան տակ է ներկայացրել դրանք: Այնպես որ, երբ ընդունենք, որ այս գրքերը Պողոս Առաքյալի Աթենացի Դիոնեսիոսինը չեն, այդ ժամանակ նրա «Եկեղեցու Վարդապետներ»-ից մեկը լինելու հանգամանքը դուրս կգա, և Աթենքի առաջին եպիսկոպոսի սովորական աստիճանի կվերածվի, և մեր տոնացույցում իր միակ և ճիշտ տեղը կմնա Ս. Խաչի Ե կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը, որտեղ արդարև տոնվում է նրա հիշատակը Պողոս Առաքյալի մյուս երկու մեծ աշակերտների՝ Տիմոթեոսի և Տիտոսի հետ միասին:

Արևմտյան ավանդությունը Դիոնեսիոսին մինչև Փարիզ է տանում՝ նրան Փարիզի առաջին լուսավորիչներից մեկը և առաջին եպիսկոպոսը համարելու համար: Ձերբակալվում և գլխատվում է մի վայրում որը մինչ այսօր կոչվում է «Մոնմարթին»՝ Մարտիրոսների Բլուր: Եվ ավանդվում է, որ գլխատված մարմինը ոտքի է ելնում գլուխը վերցնում է ձեռքերի մեջ և քայլում է մինչև այն վայրը, որ այսօր կոչվում է իր անունով՝ Սեն-Դընի, որտեղ հետագայում մի փառավոր տաճար է կառուցվում և որտեղ թաղված են Ֆրանսիայի թագավորներից և իշխաններից շատերը, որոնց թվում նաև Կիլիկիայի մեր տարաբախտ Լևոն Զ թագավորը:

Սակայն ներկայիս ընդունված տեսակետն այն է, որ Փարիզի այս եպիսկոպոսը բոլորվին տարբեր մեկն է, գործել է Գ դարի կեսերին և արդարև նահատակվել է Փարիզում 258 թ.-ին և շփոթել են Առաքելական դարերի Դիոնեսիոսի հետ, հավանաբար անվանակիցներ լինելու պատճառով:

Իսկ Ռեթեոսի (Կամ Հերեթիոսի, որից էլ Հերեթիկ փաղաքշական ձևը) պատմությունը կասկածելի է դառնում, քանի որ այն միայն Դիոնեսիոսի գործերում է ի հայտ գալիս՝ որպես նրա ուսուցիչը և առաջնորդը: Այս գրքերից զատ ուրիշ որևէ տեղ չենք գտնում Ռեթեոս Աթենացի անունով ոմն մեծ մտածող, կամ որևէ սուրբ, որը արժանի լիներ գլխավորելու Եկեղեցու «Տասներկու Վարդապետներ» պանծալի խումբը:

 

Սեղբեստրոս Հռոմի հայրապետ

Սեղբեստրոսը գահակալելով Կոստանդիանոս կայսեր օրոք՝  314-335 թթ.-ին, եղավ այն երջանիկ քահանայապետը, որը ողջունեց Քրիստոնեական Եկեղեցու ազատագրումը հալածանքներից: Թերևս Նիկիայի ժողովը իր գահակալության տարիներին գումարվեց, բայց ինքը չմասնակցեց, այլ ուղղակի երկու ներկայացուցիչներ ուղղարկեց: Սեղբեստրոսի պաշտոնավարության շրջանին էր, որ սկիզբ դրվեց այն եկեղեցիների կառուցմանը, որոնցով հռչակվել է Հռոմը դարեր ի վեր, օրինակ Ս. Պետրոսը՝ Վատիկանում, Լաթերանի բազիլիկան, որը Հռոմի մայր եկեղեցին է եղել նրա օրոք: Ննջեց խաղաղությամբ և թաղվեց Հռոմում:

Սեղբեստրոսը մեր տոնաույցի մեջ է ընդգրկված և տարեկան երկու անգամ տոնվում է համաձայն Ս. Գրիգոր Լուսավորչի Հռոմ այցելության և նրա հետ դաշինք կապելու ավանդության: Պատմական չի թվում նաև այն ավանդությունը, ըստ որի՝ իբր Սեղբեստրոսն է մկրտել Կոստանդիանոս կայսրին, քանզի պատմական իրողություն է, որ Կոստանդիանոսը մկրտվել է իր մահվան մահճում՝ 337 թ.-ին, իսկ այդ ժամանակ Սեղբեստրոսը արդեն մահացած էր: Նա հռոմեական եկեղեցու ծիսական, վարչական և այլ բնագավառների կազմակերպիչներից և բարեզարդիչներից մեկն է:

Նրա տոնը երկու անգամ ենք տոնում՝ մեկը հունվարի 1-ին մոտ շաբաթ օրը ՝ Սուրբ Բարսեղի և նրա ընկերների հետ, մյուսը՝ երկոտասան Վարդապետների հետ՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:

 

Աթանաս Հայրապետ

Քրիստոնեական եկեղեցու մեծագույն անձանցից մեկը: Ծնվել է 296 թ.-ին Ալեքսանդրիայում: Իր աստվածաբանական ուսումը ստացավ հայրենի քաղաքի հանրահռչակ աստվածաբանական ճեմարաններում: Սարկավագ է ձեռնադրվել իր քաղաքի Ալեքսանդր Պատրիարքի ձեռամբ և որպես նրա անձնական քարտուղար ներկա է եղել Նիկիայի Ժողովին, ապա որպես Պատրիարք, 328 թ.-ին, երբ հազիվ լրացել էր նրա 33 տարեկանը, հաջորդեց Ալեքսանդրիայի Պատրիարքական աթոռին: Գրեթե իր ամբողջ կյանքը անցկացրեց Արիոսականների դեմ պայքարելով, որը վարակել էր իր շրջանի գրեթե բոլոր եկեղեցիները, հատկապես Բյուզանդիոնը, ամբողջ Փոքր Ասիան, Սիրիան և Եգիպտոսը: Բազմիցս աքսորվեց արիոսական կայսրերի կողմից, սկսած Կոստանդիանոս Մեծից, որը նրան աքսորեց 336 թ.-ին: Վերադարձավ նրա մահից հետո: 339 թվականին իր զորավոր արիոսական հակառակորդների երեսից պարտադրաբար Հռոմ փախավ: Արևմուտքում սերտ կապեր հաստատեց Հռոմի եկեղեցու հետ, որը նրան արիոսականների դեմ պայքարում նեցուկ եղավ, այն ժամանակ, երբ արևելքի եկեղեցին գրեթե ամբողջությամբ ընկել էր կիսաարիոսականների ձեռքը, որոնք շարունակ հալածում էին ուղղափառության այս ախոյանին: 346 թ.-ին վերահաստատվեց իր պաշտոնի մեջ, որը ուրիշները բռնագրավել էին: 356 թ.-ին նորից վտարվեց իր աթոռից, բայց այս անգամ թաքնվեց Ալեքսանդրիայի մերձակայքում և վերադարձավ միայն այն ժամանակ երբ վախճանվեց իրեն հալածող կայսրը: Սակայն այս կայսեր հաջորդը՝ Հուլիանոս Կայսրը, 362 թ.-ին նորից աքսորեց նրան: Հաջորդ տարի, վերջինիս մահից հետո, վերադարձավ; Թվով հինգերորդը լինելով, 365 թ.-ին, կարճատև աքսորից հետո վերադարձավ իր Աթոռին, կյանքի մնացած 7-8 տարիները նվիրեց Քրիստոնյա Եկեղեցու վերակազմելուն և Եկեղեցուց ներս Նիկիական Հանգանակին հավատարիմ զանգվածի զորացմանը: Իր գերմարդկային ճիգերը իրենց պտուղները տվեցին նրա մահվանից 7-8 տարի հետո, երբ 381 թ.-ին Կ. Պոլսի տիեզերական ժողովում, վերջնականապես հաղթանակեց Աթանասի տարբերակը, այսինքն Նիկիական Հանգանակը, իսկ արիոսականությունը արևելքի Եկեղեցու խաղաղությունը ավելի քան կես դար խաթարելուց հետո պատմության գիրկն անցավ:

Անդրդվելի անձ էր Աթանասը, մազաչափ իսկ տեղի չտվեց կիսաարիոսականների հարուցած նեղություններին և հալածանքներին: Ժամանակ եղավ, որ ամբողջ Քրիստոնեական Եկեղեցու հոգևորականների մեջ միայն Աթանասն ու իր մի քանի ընկերներն էին հավատարիմ մնացել Նիկիական Հանգանակին: Շարունակ գրում էր Նիկիական Հանգանակի պաշտպանության և արիոսականության հերքման համար՝ ցույց տալով այն վտանգը, դեպի որն էին Եկեղեցին առաջնորդում բարեմիտ կամ չարամիտ կիսաարիոսական եպիսկոպոսները: Հատկապես 360-373 թթ,-ին, հոգին բռի մեջ հավաքած, ջանաց արիոսականությանը հակված եպիսկոպոսներին լուսաբանել, համոզզել և սիրաշահել: Միաժամանակ ընդդեմ Կ. Պոլսի պատրիարք Մակեդոնի, պաշտպանում էր Ս. Հոգու աստվածությունը և ընդդեմ իր բարեկամ Ապողիմարի, որը ասում էր, թե Քրիստոսը մարդկային «մարմինն» և «հոգին» է վերցրել, բայց ոչ թե միտքը, որի տեղը զբաղեցրել է «Աստծո Բանը» այսինքն «Լոգոսը», Քրիստոսի կատարյալ մարդկությունը: Զարկ տվեց վանականությանը, գրի առավ Ս. Անտոնի վարքը: Արևմուտքում ինքը եղավ վանական գաղափարների ներմուծողը, որը Հռոմեական Եկեղեցու հոյակապ և բազմատեսակ վանական միաբանությունների մեջ, պիտի հասներ իր կատարելությանը: Իր վճռական և ուժեղ բնավորությանը միացնում էր աշխատանքի և գործունեության անսպառ կորովը: Իր գրական գրեթե բոլոր գործերն էլ աստվածաբանական, ջատագովական և հակաճառական բովանդակություն ունեն: Ոսկեդարից սկսցած, կարևոր չափով թարգմանվել են հայերեն՝ ավելի քան 40 կտոր: Իր գրությունները Քրիստոնեական Եկեղեցու ամենաարժեքավոր ժառանգության մասն են կազմում: Վախճանվեց խաղաղ պայմաններում՝ 373 թ.-ին:

Նշում ենք Վարդավաառին հաջորդող չորորդ շաբաթ օրը և «Երկոտասան Վարդապետք»-ի հետ, հոկտեմբերի վերջերին:

 

Կյուրեղ Երուսաղեմացի

Հակառակ այն բանի, որ ինքը եկեղեցու նշանավոր հայրերից է, մենք նրա մասին քիչ բան գիտենք: Համարվում է, որ ծնվել է 315 թ.-ին: 349թ.-ին դարձել է Երուսաղեմի եպիսկոպոս: 357թ.-ին արիոսականների կողմից աքսորվում է: Երկու տարի մնալով աքսորում վերադառնում է: Մինչ 378 թ.-ը երկու անգամ աքսորվում է, որից հետո վերջնականապես հաստատվում է իր աթոռին:

380թ.-ին Գրիգոր Նյուսացին, Անտիոքում գումարված ժողովի որոշմամբ, ուղարկվում է Երուսաղեմ՝ քննելու համար Կյուրեղի տեսություն ուղղափառությունը: Նյուսացին թեև տեսավ, որ քրիստոնյաները պառակտված են և անբարոյությունը տարածված է քաղաքում, բայց Կյուրեղի հավատն ուղղափառ գտավ: Կյուրեղը 381 թ.-ին մասնակցեց Կ. Պոլսի տիեզերական ժողովին և 386 թ.-ին մահացավ խաղաղության մեջ:

Կյուրեղի գլխավոր գործը, որով կարևոր տեղ է գրավել եկեղեցական աստվածաբան հայրերի մեջ՝ «Կոչումն Ընծայության» գիրքն է, որը բաղկացած է 18 ճառերից և գրվել է նախքան նրա պատրիարք լինելը, այսինքն 347թ.-ին, մկրտության պատրաստվող մեծահասակների համար, որոնք, սովորաբար, Ս.Մկրտության կնիքը ստանում էին Զաստկական Ճրագալույցին: Այն ամենն, ինչ որ անհրաժեշտ է քրիստոնյային իմանալու համար, սովորեցնում է Կյուրեղ վարդապեստն իր այս գրքում, որը արդեն 5-րդ դարում թարգմանվել է հայերեն: Այս գործի հունարեն տարբերակը թվով հինգ ճառեր, գրված է հատկապես մկրտվածների համար: Այդ ճառերը հայկական տարբերակում բացակայում են;

Հայտնի է նաև Ս. Խաչի երևման առիթով Կոնստանդիանոս կայսրին ուղղված Կյուրեղի նամակը, որը մինչ այսօր, Ս. Խաչի երևման տոնին, ընթերցվում է մեր եկեղեցում;

Կյուրեղ Երուսաղեմացին ունի նաև զանազան ճառեր, որոնցից հայերեն են թարգմանվել Տեառնընդառաջի, Համբարձման, Ս. Հոգու, Եկեղեցու Նավակատիքի, և Ս. Խաչի մասին գրվածները, ինչպես նաև Եսայի մարգարեի մարգարեության մեկնության մի հատված և աղոթք:

Հայ եկեղեցին տարեկան երկու անգամ է տոնում սրբի տոնը՝ նախ մեծ պահքի երկրորդ շաբաթ օրը և ապա տիեզերական տասներկու վարդապետների հետ՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:

 

Եփրեմ Խուրի

Մի մեծ մատենագիր և սրբակենցաղ անձ, որ մեծապես հարգվում է թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան եկեղեցիների կողմից: Թեև հոգևոր աստիճանով, սարկավագից զատ այլ աստիճան չի ցանկացել, բայց Հայոց եկեղեցին տարեկան երկու անգամ տոն սահմանելով նրա համար՝ մեկը եկեղեցու մեծ հայրապետների օրը՝ հունվարի առաջին շաբաթ օրը, կապադովկիական հայրերի հետ, մյուսը երկոտասան հայրերի հետ՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը, նրան դասում է եկեղեցու մեծ վարդապետների շարքին:

Սուրբը ծնվել է Մծբինում՝ 306 թ.-ին: Աշակերտել է Հակոբ Մծբնա Հայրապետին և համարվում է, որ նրա հետ մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին: Կարծիք կա, որ սարկավագ է ձեռնադրվել Բարսեղ Հայրապետի կողմից, վերջինիս նրան այցելության ժամանակ: 363 թ.-ին, երբ Մծբինը անցնում է Բյուզանդական կայսրությունից Պարսկաստանի տիրապետության տակ, Եփրեմը փոխադրվում է Եդեսիա, այնտեղ ստեղծում իր մատենագրական վաստակի մեծ մասը և այնտեղ էլ վախճանվում 373 թ.-ին:

Եփրեմը նշանավոր եղավ ոչ միայն իր խստակենցաղությամբ, այլ նաև, նույնքան և ավելի, կրոնական գրեթե բոլոր գիտելիքների մեջ իր խոր հմտությամբ: Նա բանաստեղծ էր, և իր երկերի մեծ մասը հանգավորված է գրել: Հատկապես գրական ժառանգությամբ շատ նման է մեր Ս. Ներսես Շնորհալի Հայրապետին: Ինչպես Շնորհալին, այդպես էլ Եփրեմ Խուրին գրեթե գրական բոլոր ժանրերով ստեղծագործել է՝ Ս. Գրքի մեկնություն, Աստվածաբանություն, հակաճառություն, ներբողներ, քարոզներ և այլն: Նա հատկապես աչքի է ընկել շարականագրության մեջ: Գրել է Մարկիոնի, Բարթածանի, Մանի, Անոմյանների և այլ բազմաթիվ հերետիկոսների և աղանդների դեմ: Իր գրական սիրելի թեմաներից մեկը եղել է վերջին դատաստանը, որը նա սարսափազդու եղանակներով է նկարագրել, ինչպես Ներսես Շնորհալին՝ իր «Յիսուս Որդի» աղոթագրքի մեջ: Իր շարականները, հատկապես Ս. Կույսին և սրբերին նվիրված, գովերգություններ են, որոնք կամ գրված են այբբուբենի տառերի դասավորությամբ, կամ իր անվան տառերի հաջորդականությամբ: Իր գործերը, շուրջ 100 անուն, գրեթե ամբողջությամբ թարգմանված են հայերեն, նրանցից որոշները, հունարեն թարգմանությունների կորսված լինելու պատճառով, պահպանված են միայն հայերեն օրինակներով: 1920 թվականին լատին եկեղեցին հայտարարեց նրան, որպես իր եկեղեցու մեծ վարդապետներից մեկը և տոնը տեղափոխեց փետրվարի 1-ից՝ 18-ը: Սուրբը անվանվել է «Ասորիների արեգակ», «Եկեղեցու սյուն», «Ս. Հոգու քնար»: Մեր Հայսմավուրքները հրաշալի գնահատանքով են ավարտում նրա վարքը, որը նշված է հունվարի 28-ին, որը նաև հույն և ասորի եկեղեցիների տոնախմբության օրն է:

Ստորև մեջ ենք բերում Հայսմավուրքի այդ հատվածը՝ թարգմանաբար:

Եփրեմը Աստծուց երկյուղած մարդ էր՝ համբերող, հեզ, հանդարտ, խոնարհ, չբարկացող, անխարդախ, ճգնազգյաց, զղջական, լռակյաց: Մի անձ, որի հետ հանդիպումն իսկ, մարդուն դարձի էր բերում: Իր միտքը աշխատանքի, կամ աղոթքի պահին երբեք չեր ցրվում, անընդհատ աղոթում, շարունակ տքնում, ճգնությունների մեջ էր և մարմնին հանգիստ չէր տալիս: Պահքի մեջ չափ ու սահման չէր դնում, անձանձրույթ ուսուցիչ էր, կանոններ և օրենքներ սահմանեց վանքում վանահոր և վանականների ապրելակերպի վերաբերյալ, և դեռ բազում գրավոր և անգիր հիշատակներ թողեց երկրի վրա: Նախապես իմացավ իր կյանքի վախճանի մասին, կանչեց հոգևորական եղբայրներին, նրանց ողջունեց և խաղաղությամբ հանգավ առ Քրիստոս:

Իրեն վերագրվում են ավելի քան «հազար» ճառեր և ներբողներ: Իսկ արտաքին տեսքի մասին հայսմավուրքները ասում են. «թխամորթ, քորձ (կարճակասակ կամ «քեոսե») և ալևոր, ժպտադեմ և Աստծո շնորհով լցված»:

 

Բարսեղ Կեսարացի Հայրապետ

Բարսեղ Հայրապետը, իր եղբայր Գրիգոր Նյուսացին և իրենց ընկեր Գրիգոր Նազիանզացին ծանոթ են «Կապադովկիական Հայրեր» ընդհանրական անունով և իրենց սրբությամբ և մատենագրական մեծ վաստակով իբրև աստվածաբան մեծ մատենագիրներ և ուղղափառության ախոյաններ Աթանասի և Կյուրեղ Ալեքսանդրացու հետ արևելյան եկեղեցիների փառքն են կազմում: Նրանք թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան եկեղեցիների համար հավասարապես մեծ վարդապետներ են:

Բարսեղը ծնվել է 330 թ.-ին, Կեսարարիայում հնուց հայտնի մի քրիստոնեական և պատվական ընտանիքում: Իր սկզբնական ուսումը ստացել է նախ Կեսարիայում և ապա Կ. Պոլսում: Հետագայում իր ուսումը, վերոնշյալ ընկերների հետ, կատարելագործում է Աթենքում, որտեղ իրեն դասընկեր էր արքայական տոհմից Հուլիանոսը՝ ապագայի Ուրացող կայսրը: Եվ ի միջիայլոց նշենք, որ նրան ուսուցչություն է արել Պարույր Հայկազն մեծ հռետորը, որին պատվելու համար Հռոմը մեծարանքի արձան է կանգնեցրել: Բարձրագույն ուսում ստանալուց հետո, որն այն ժամանակվա քրիստոնեական և հունահռոմեական մշակույթները կարող էին տալ, վերադառնում է հայրենիք և ինքն իրեն նվիրում վանական կյանքին: Որոշ շրջան այցելելով Սիրիայի և Եգիպտոսի վանական շրջանները և Սուրբ Երկրի սրբավայրերը, 358 թ.-ին վերջնականապես հաստատվում է Նեո-Կեսարիայի Նիքսարի շրջակայքում՝ որպես մենակյաց: Նա սարկավագ է ձեռնադրվել Անտիոքի Մելիտոս պատրիարքից: Գրիգոր Նազիանզացու հետ ձեռնամուխ եղավ Պոնտոսի և Կապադովկիայի գավառներում առաքելական քարոզչությանը: Ընդառաջ գնալով իր քաղաքի եպիսկոպոս Եվսեբիոսի կոչին՝ 364 թ.-ին թողնում է իր ճգնարանը՝ Արիոսականների դեմ պայքարում իր մետրոպոլիտին օգնական լինելու  համար:

370 թ.-ին, երբ վախճանվեց Եվսեբիոս Կեսարացին, նրան իբրև Կեսարիայի արքեպիսկոպոս հաջորդեց Բարսեղը և արդյունավետ և մեծ գործունեություն ծավալեց: Մի պերճախոս քարոզիչ, հմուտ հոգևորական, խստաբիբ բարեկարգիչ և խստակենցաղ հոգևորական էր Բարսեղը: Նա, Սուրբ Աթանասի նման, շատ պայքարներ ունեցավ ոչ միայն հերետիկոսների և արիոսական, կամ ուրացող կայսրերի, այլ նաև մինչև իսկ Հռոմի, Ալեքսանդրիայի և Հայոց աթոռների հետ: Նա բացառիկ կազմակերպչական հատկություններով էր օժտված և իր այդ ջղի շնորհիվ գրեթե ինքը եղավ արևելյան վանական կյանքի հիմնադիրը, որտեղ դեռևս տեսականորեն կիրառում են Բարսեղյան կարգերը և կանոնները: Վանքերից բացի, աղքատների և հիվանդների համար բազմաթիվ բարեգործական հաստատություններ, երեխաների համար դպրոցներ և որբանոցներ է հիմնել:

Իր հարուստ մատենագրությունից նշանավոր է Սուրբ Պատարագը, որից շատ տարրեր է պարունակում մեր պատարագը, «Վեցօրեք»-ը, որը վեցօրյա ստեղծագործության վերաբերյալ է և բաղկացած է ինը ճառերից: Ինչպես գրեթե իր բոլոր գործերը, նույնպես էլ այս երկուսը՝ ոսկեդարից սկսած թագմանված են հայերեն, շուրջ 60 միավոր: Հայտնի են նրա մեծ աղոթքները, որոնք մինչ օրս եկեղեցական մեծ տոներին ընթերցվում են:

Բարսեղ Կեսարացի Հայրապետի տոնը նշվում է երկու անգամ՝ հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը և տասներկու Վարդապետների տոնի հետ:

 

Ս. Գրիգոր Նյուսացի

Գրիգոր Նյուսացին ծնվել է 335 թ.-ին, նա Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն է և ուսումը ստացել է եղբոր հետ: Նա նախ ամուսնացավ, հետո միայն, փոխադարձ համաձայնությամբ, կինը մտավ կուսանոց, իսկ ինքը հաստատվեց իր եղբոր հաստատած վանքերից մեկում: 371 թ.-ին իր եղբոր կողմից ձեռնադրվում է Նյուսա քաղաքի եպիսկոպոս: Որոշ ժամանակ հետո, արիոսականների կողմից, գահընկեց է արվում և մինչև Վաղես արիոսական կայսեր մահը՝ 378 թ.-ը աքսորվում է, ապա նորից վերադառնում է իր եպիսկոպոսությանը: 379 թ.-ին ընտրվում է Սեբաստիայի մետրոպոլիտ, բայց հրաժարվում է թողնել իր սիրելի փոքրիկ թեմը: 381թ.-ին մասնակցում է Կ. Պոլսո տիեզերական ժողովին և Նիկիական Հանգանակի հզոր պաշտպանը հանդիսանում, որը (Հանգանակը) արիոսականների և ուղղափառների մեջ ավելի քան կես դար կռվախնձոր լինելով՝ վերջնականապես հաստատվեց եկեղեցիներում: Ս. Գրիգոր Նյուսացին վախճանվեց 395 թ.-ն:

Նյուսացին մեծ մատենագիր է, ունի աստվածաբանական, մեկնողական, հակաճառական բազմաթիվ գործեր, ինչպես նաև կրոնական և ճգնողական կյանքի վերաբերյալ ճառեր: Նա նաև մի ներբող է նվիրել իր քրոջը՝ Մաքրինային, որը երկու եղբայրների նման կուսական կյանք էր ընտրել: Ամբողջական նվիրումի մի սքանչելի օրինակ է Բարսեղի ընտանիքը, որի համանմանը մեր մեջ Ս. Նարեկացու ընտանիքն է, որտեղ երեք եղբայրները և հայրը, իրենց մորեղբոր հետ, ամբողջությամբ նվիրվել են հոգևոր ասպարեզին: Բարսեղի տատիկին էլ էին Մաքրինա անվանում, որը շատ առաքինի ընտանիքի մայր էր և, վստահաբար, երբ նրանք իրենց առջև փայլուն ապագա խոստացող  ուսուցչության, հռետորության, փիլիսոփայության, կամ օրենսգիտության փայլուն ասպարեզներն ունեին, իր բարերար դերը ունեցել է թոռների հոգևոր կրթության և կրոնական ասպարեզին նվիրվելու մեջ: Քույրը՝ Մաքրինան, իր ընտանեկան կալվածքում կուսանոց է կառուցում, ոչ միայն սուրբ կենցաղով ապրելու համար, այլ նաև աղջիկների դաստիրակության և ուսման համար: Երկու Մաքրինաներն էլ՝ տատ և թոռ, թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան եկեղեցիներում տոնացույցի մեջ տեղ են գտել հուլիս 19-ին, իսկ մեր Հայսմավուրքներում հիշատակվում են հուլիսի 5-ին: Նյուսացու գործերը, ավելի քան 55 անուն, թարգմանվել են հայերեն:

Նյուսացու տոնը մենք տոնում ենք տարին երկու անգամ` հունվարի 1-ին մոտ շաբաթ օրը և երկոտասան Վարդապետների հետ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:

 

Գրիգոր Նազիանզացի Աստվածաբան

Նազիանզ քաղաքի եպիսկոպոսի զավակն էր՝ ծնված 329 թ.-ին, վերոհիշյալ երկու եղբայրների դասընկերն է եղել (Բարսեղ Կեսարացի և Գրիգոր Նյուսացի): Ինքն էլ, նրանց պես, երիտասարդ տարիքում նվիրվեց ճգնողական կյանքին, որը համապատասխանում էր նրա քաշվող և աղոթասեր բնավորությանը: Սակայն հայրը, հակառակ որդու կամքի, նրան Եպիսկոպոսարան հրավիրեց, կուսակրոն հոգևորական ձեռնադրեց, 362 թ.-ին, և իրեն օգնական կարգեց: Տասը տարի հետո, Սասիմա փոքր քաղաքի եպիսկոպոս ձեռնադրվեց, սակայն այնտեղ գնալու ժամանակ երբեք չունեցավ, քանի որ իր ծերացած հոր գործերը իր վրա էին ծանրացել: Իր հոր մահից հետո՝ 374 թ.-ին, կրկին ճգնության գնաց, այս անգամ Կիլիկիա: 379 թ.-ին հրավիրվեց Կ.Պոլիս, որտեղ իր հյութեղ քարոզներով բոլորին սիրաշահեց և մեծապես նպաստեց Նիկիական ոգու և հանգանակի հաղթանակին: 381 թվականին ընտրվեց Կ. Պոլսի Պատրիարք և Անտիոքի Մելիտոս Պատրիարքի մահից հետո նախագահեց Կ. Պոլսի տիեզերական ժողովը: Սակայն, վարչական գործերը իր հայեցողական խառնվածքին հակառակ և տաղտկալի համարելով, մի տարի հետո հրաժարվեց և վերադարձավ իր ծննդավայր Նազիանզայում գտնվող հայրական կալվածք և նվիրվեց հայեցողական կյանքին ու ստեղծագործական գործունեությանը և 389 թ.-ին այնտեղ էլ վախճանվեց:

Մատենագրական մեծ վաստակ է թողել, որոնք իրեն «Աստվածաբանի» տիտղոսն են ապահովել: Նաև հոգելից քարոզիչ և բանաստեղծ է եղել, Եկեղեցուն ժառանգություն է թողել բազմաթիվ քարոզներ և հոգևոր բանաստեղծություններ: Իր գործերն էլ, իր երկու ընկերների գործերի պես թագմանվել են հայերեն՝ ավելի քան 40 կտոր:

Հայերս երկու անգամ ենք տոնում նրա հիշատակը, նախ Վարդավառին հաջորդող չորրորդ կիրակիի շաբաթ օրը, Աթանասի և Կյուրեղի հետ և հոկտեմբերի վերջին մերձակա շաբաթ օրը՝ «Երկոտասան Վարդապետք» տոնին:

 

Եպիփան Կիպրացի

Ծնվել է Պաղեստինում՝ 315 թ.-ին, հավանաբար հրեա ընտանիքում: Երկար տարիներ ապրել է Ս. Երկրում և եղել է վանական շարժման բուռն գործիչներից: Իր կողմից էլ Ելևպոնտոսում՝ հավանաբար իր ծննդավայրում, հիմնել է մի վանք: Կազմակերպիչ և բարեխիղճ հոգևորականի իր համբավն այնքան էր տարածվել, որ 367 թ.-ին, երբ Կիպրոսում եպիսկոպոսական ժողով էր գումարվել տեղի եպիսկոպոսի ընտրության համար, բոլորը միաձայն ընտրեցին Եպիփանին:

Իր ամբողջ կյանքի ընթացքում եղավ Նիկիական հավատի ջերմեռանդ ջատագովը, ուստի և կատաղի հակառակորդը արիոսականների, բոլոր տեսակի աղանդավորների և հերձվածողների: Այս իսկ պատճառով իր մատենագրության գլուխգործոցը «Հերքումն ամենայն հերետիկոսությանց» երկն է: Այդ երկի մեջ մեկ առ մեկ հիշատակվում և հերքվում են այդ ժամանակներին եկեղեցու ծոցում առաջացած, մինչև իր օրերը եղած մեզ հայտի բոլոր հերետիկոսությունները:

Իր կյանքի վերջին օրերին, ուղղափառ ճակատի մեջ ծնունդ առած «Ապողինարյան» և «Մելիտյան» հակաճառությունների ընթացքում մեծ գործունեություն ծավալեց: Առաջինը, հակաարիոսական Ապողինարի (310-390) կողմից առաջադրված, Քրիստոսի մասին մի հերետիկոսություն էր. նա ասում էր, որ մարդը բաղկացած է մարմնից, հոգուց և մտքից. Քրիստոս մարդանալու ժամանակ այս առաջին երկուսը առավ մարդկային բնությունից, իսկ մարդկային մտքի փոխարեն բնակվեց Բանը՝ Լոգոսը, թեև Քրիստոս կատարյալ Աստված էր, բայց կատարյալ մարդ լինել չէր կարող: Իսկ «Մելիտյանների» մասին մենք կներկայացնենք Մելիտոս Հայրապետի մասին խոսելու ժամանակ: Սրանց դեմ, իբրև ոչ ամբողջական Նիկիականների դեմ, Եպիփանը հակառակվել էր:

391թ.-ին Հռոմում հանդիպելով Հերոնիմոսին, նրա հետ միաբանվեց Որոգինես մեծ վարդապետի ինչ-ինչ ուսուցումներ մերժելու համար, որոնք էին՝

1. Թե հոգիները Պլատոնական «իտե»-ների պես նախագո են:

2. Թե մեր հետ հարության առնելիք մարմինները բոլորովին տարբերվում են մեր մահկանացու, կամ երկրի վրա ունեցած մարմիններից:

3. Թե Ս. Գիրքը պետք է հասկանալ և մեկնել միայն այլաբանորեն:

Հռոմից այցելեց Երուսաղեմ, ապա հերետիկոսների դեմ պայքարելու նպատակով գնաց Կ. Պոլիս, և երբ Կ. Պոլսից իր աթոռն էր վերադառնում՝ Սաղամիս (Կիպրոս), 403 թ-ին հետդարձի ճանապարհին՝ նավի վրա, մահանում է:

Բացի վերոնշյալ «Հերքումն հերետիկոսաց» գործից, Եպիփանը գրել է բազմաթիվ մեկնողական և ճառախոսական երկեր, որոնք մեծամասամբ թագմանված են հայերեն: Իրեն վերագրվող կամ իր անունով հիշվում են հայալեզու շուրջ 85 կտոր գործեր, որոնց կարևոր մի տոկոսը նրա գրչին անհարազատ է թվում: Եպիփանը իր բնույթով անճկվելի էր, գրեթե մոլեռանդության աստիճանի պաշտպանում էր Նիկիական Հավատը և անհանդուրժողական էր բոլոր աղանդավորների նկատմամբ:

Նրա տոնը հիշատակում ենք մայիսի 12-ին, Հոգեգալստյանը հաջորդող երրորդ երկուշաբթի օրը և հոկտեմբերի վերջին հանդիպող շաբաթ օրը՝ տասներկու վարդապետների հետ:

 

Հովհաննես Ոսկեբերան

Եկեղեցու ամենանշանավոր և շնորհաշատ վարդապետներից մեկն է: Որպես հռոմեական բանակում ծառայող մի վաղամեռիկ զորավարի միամորիկ զավակ՝ ծնվել է 347 թ.-ին: Թեև իր այրիացած մայրը նրան քրիստոնեական հավատքի մեջ դաստիարակեց, սակայն նա մկրտվեց չափահաս տարիքում: Իր ուսումն ստացավ Անտիոքում: Նա, Անտիոքում, Լիբանոս կոչված մեծ հռետորի մոտ օրենսգիտություն և հռետորություն սովորեց, իսկ աստվածաբանությունը՝ Դիոդոր Տարսոնացու մոտ, որն այդ օրերի Անտիոքյան դպրոցի մեծագույն ներկայացուցիչն էր: Ինչպես իր ժամանակի գրեթե բոլոր եկեղեցական մեծ դեմքերը, այդպես էլ ինքը, երիտասարդ տաիքից, նախ իր տան մեջ, քանի որ իր այրիացած և ծերացած մոր խնամատարն էր,  նվիրվեց ճգնակեցությունը: Մոր մահից հետո հեռացավ անապատ՝ 373-381 թթ, և այնպիսի խստակրոն կյանք ապրեց, որ առաողջությունը խանգարվեց: 381 թ.-ին սարկավագ ձեռնադրվեց և ծառայեց Անտիոքում: 386 թ.-ին ձեռնադրվեց քահանա և իր հրաշալի և պերճ քարոզչությամբ շահեց «Ոսկեբերան» ժողովրդական տիտղոսը, որը որպես ածական մնաց մինչև կյանքի վերջ: Երբ իր հռետորական մեծ քարոզչությունը ի սպաս էր դնում միայն անունով քրիստոնյա մնացած այս անկարգ քաղաքի բարեկարգման համար, միաժամանակ նաև զբաղվում էր Ս. Գրքի մեկնությամբ, որն այնպիսի վայելչությամբ և հստակությամբ է կատարում, որ ճանաչվեց որպես հին ժամանակների ամենակարող մեկնիչ:

398 թ.-ին, հակառակ իր կամքի, ընտրվեց Կ. Պոլսի պատրիարք: Նույն կորովով ձեռնարկեց նաև այս մայրաքաղաքի բարեկարգությունը, որը վեճերի և անբարո կյանքի պատճառով քրիստոնեական կենցաղից շատ բաներ էր կորցրել: Հատկապես ապականությունը և կրոնական անտարբերությունը բույն էին դրել որքան արքունիքի և հոգևորականների մեջ, նույնքան էլ քաղաքացիների մեջ: Իր ուղղամտությամբ և սրբակենցաղ բարեպաշտությամբ հանդերձ, Ոսկեբերանն ամեն տեսակ անբարոյականություն կշտամբելու անկաշկանդ համարձակություն ուներ, չհոգալով թե ինչ բարձր դիրք է զաղեցնում այն գործողը: Այս պատճառով, որ չէր ակնածում և հանդիմանում էր անբարո կյանքի համար, իր վրա է բերում օրվա կայսրուհի Եվդոքսիայի զայրույթը: Նրա դեմ դուրս եկավ և կայսրուհուն միացավ Ալեքսանդրիայի Թեոփիլոս Պատրիարքը, որը ցանկանում էր Կ. Պոլսի Պատրիարք դառնալ: 403 թվականին, տեղական մի եկեղեցական ժողովի կողմից 29-ը կետերից բաղկացած ամբաստանություններով դատապարտվեց, որոնցից միայն մեկն էր ճիշտ՝ կայսրուհու հանդեպ արած իր անպատշաճ ակնարկությունները: Այս ժողովը գլխավորում էր իրեն նախանձող Թեոփիլոս Պատրիարքը: Աքսորման հրաման արձակվեց, սակայն մեկնումի գիշերը մի այնպիսի ահավոր երկրաշարժ և հրդեհ եղավ Պոլսում, որ թագուհին նրան հետ՝ իր աթոռին հրավիրեց: Սակայն աքսորի հրամանը Ոսկեբերանի համար դաս չեղավ: Նույն խստությամբ շարունակեց քարոզել արքունական զեխությունների դեմ: Սակայն ժողովրդի համակրանքը և Արևմտյան Եկեղեցու պաշտպանությունը չկարողացան արգելք հանդիսանալ, որ օրվա թուլամորթ Արկադիոս կայսրը և նրա քմահաճ կինը՝ Եվդոքսիան, երանելի պատրիարքի դեմ երկրորդ անգամ աքսորի հրաման հանեն; Նախ աքսորվեց Անտիոքի կողմերը, ապա, երբ տեսան, որ հակառակ իր խախտված առողջության, տեղի մեղմ կլիմայի պատճառով շուտով չի մահանա, նրան աքսորեցին նախ Կոկիսոն, ապա Պոնտոս: Մեծ հայրապետը տառացիորեն նահատակվեց, երբ ստիպված եղավ հիվանդ վիճակում և կլիմայական ու աշխարհագրական ամենաաննպաստ պայմաններում ոտքով քայլել այդ երկար ճանապարհը: Մահացավ Կոմանա քաղաքում, 407 թ.-ին: Նրա վերջին բառերին էին. «Հաղագս ամենայնի փառք Աստծո»: 438 թ.-ին նրա մարմինը մեծ շուքով Կ. Պոլիս բերվեց և մեծ շուքով ամփոփվեց Ս. Առաքելոց Եկեղեցում, այնտեղ էր թաղվել 404 թվականին, իր ոխերիմ թշնամին՝ Եվդոքսիա թագուհին:

Ոսկեբերանն իր հոգով, քաջությամբ, քարոզչությամբ և մանավանդ գրական ժառանգությամբ, որը դարեր շարունակ որպես հյութեղ սնունդ մատակարարվեց համայն Քրիստոնյա Եկեղեցիներին և որն իր արժեքը նաև այսօր է պահում, մեծ եղավ: Նրա գործերի մեջ նշանավոր է իր գրած Ս. Պատարագը, որից շատ տարրեր կան նաև մեր Ս. Պատարագում: Քահանայության ժամանակ գրված ճառը, բազմաթիվ քարոզները և Ս. Գրքի մեկնությունները, մեծամասամբ դեռևս Ե դարում, ոսկեղենիկ գրաբարով թարգմանվել են հայերեն, իսկ որոշ մասն էլ՝ հետագա դարերում: Նաև տոնական առիթներով մեծ աղոթքներ է գրել, որոնցից մի քանիսը մինչ օրս օգտագործվում են մեր Եկեղեցում:

Հայերս նրա հիշատակի տոնը տոնում ենք երկու անգամ, մեկը՝ Ս, Խաչին հաջորդող յոթերորդ հինգշաբթի օրը, մյուսը՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ 12 Վարդապետների հետ:

 

Կյուրեղ Աղեքսանդրացի Հայրապետ

Վերջին համաքրիստոնեական հայրապետն է, որն անցել է տոնելի սրբերի դասը: Ամենակորովի և ամենանշանավոր եկեղեցական գործիչներից մեկն է: Ծնվել է Ալեքսանդրիայում 380 թվականին: Համարվում է, որ 43 թվականին, որպես Թեոփիլոս Պատրիարքի եղբորորդի, երիտասարդ տարիքում մասնակցել է այն ժողովին, որի ժամանակ 403 թ.-ին գահընկեց արվեց Ոսկեբերանը: 412թ.-ին հաջորդեց իր հորեղբորը: Առաջին գործերից մեկը եղավ Նավատյաց հերձվածողների դեմ կատաղի պայքար ծավալելը, որոնց եկեղեցիները փակեց. հրեաների դեմ, որոնք Ալեքսանդրիայում քրիստոնյաների դեմ խառնակություններ էին անում, որոնց մեծամասամբ վտարեց Ալեքսանդրիայից: Ինչպես նաև սկսեց պայքարել քաղաքի կառավարիչ Ովրեստեսի դեմ, որը պաշտպանում էր հրեաներին և նախանձում էր նրա հեղինակությանը, որ ավելին էր քան իրենը:

Նրա անունը հատկապես կապված է Սբ. Կույսի «Աստվածածին» անվան դեմ սկսվող պայքարի հետ: Կ. Պոլսի Նեստոր Պատրիարքը դեմ արտահայտվեց այս անվանը և փոխարենը ջատագովեց «Քրիստոսածին» ածականը, քանի որ համարում էր, որ Ս. Աստվածածինը միայն Մարդ-Քրիստոսին է ծնուդ տվել: Ալեքսանդրիայի և Կ. Պոլսի աթոռների մեջ գոյություն ունեցող մրցակցությունը, Ալեքսանդրյան աստվածաբանության ունեցած հակակրանքը Անտիոքյանի հանդեպ (Նեստորը Անտիոքում էր ուսանել) և վերջապես Կյուրեղի պայքարասեր բնավորությունը Նեստորին մարտահրավեր նետելու համար իրար միացան: 429 թ.-ին Կյուրեղն, իր «Զատկական Պատգամ» նամակում, պաշտպանեց «Աստվածածին» եզրը: Ալեքսանդրիայում ժողով գումարեց և դատապարտեց Նեստորին: Նույնը հորդորեց անել Հռոմի Կեղեցտինոս Պապին՝ 430թ: Երկու ժողովների որոշումները, իր կողմից 12 նզովքներով և մի հարակից նամակով ուղարկեց Նեստորին, որտեղ Նեստորին թելադրվում էր որոշումներ ընդունել և ստորագրել առաջարկված նզովքների տակ: Կյուրեղը այս հանգամանքների մասին տեղեկացրեց նաև Անտիոքի Հովհաննես Պատրիարքին, որը միաժամանակ Նեստորի ընկերն էր հանդիսանում:

Նեստորը, բնականորեն մերժեց Կյուրեղի ցուցումները և հրապարակայնորեն Կյուրեղի դեմ, իբրև զրպարտչի, քարոզեց, բայց միաժամանակ համաձայնվեց, արդեն ժողովրդականություն վայելող «Աստվածածին» բառը օգտագործել: Իր հերթին, Նեստորը նաև իր այս քարոզները ուղարկեց Անտիոքի Հովհաննես Պատրիարքին, որն էլ նախնտրեց Կյուրեղի նզովքների փոխարեն սրանք ընդունել:

Մինչ այդ, խնդիրը ավելի պաշտոնական հարթակում կարգավորելու համար, այդ օրերի կայսր Թեոդոս Բ. Կրտսերը Եփեսոսում տիեզերական ժողովով բոլոր եպիսկոպոսներին մեկ տեղ հավաքելու առաջարկ արեց: Հռոմի պապն էլ, հույս ունենալով, որ նմանատիպ հավաքույթի միջոցով խաղաղությունը պիտի վերահաստատվեր, համաձայնվեց: Ժողովը գումարվեց 431 թ.-ին: Երբ Նեստորիոսը կայսեր ներկայացուցիչների հետ Եփեսոս հասավ, Եփեսոսի բոլոր եկեղեցիները իր առջև փակված գտավ, քանի որ Եփեսոսի եպիսկոպոսը Կյուրեղի կողմնակիցն էր: Կյուրեղը եկել էր 50 եպիսկոպոսներով: Պաղեստինի, ամբողջ Փոքր Ասիայի և Հունաստանի եպիսկոպոսները նրա կողմնակիցներ էին: Անտիոքի Հովհաննես Պատրիարքը, իր եպիսկոպոսներով, ուշացավ: Կյուրեղը, ենթադրելով, որ նրանք չպետք է ներկայանան ժողովին, հակառակ 68 եպիսկոպոսների խնդրանքին, որ ժողովը հետաձգեն մինչև անտիոքցիներից հստակ լուրեր գան, հունիսի 22-ին ժողովը բացված հայտարարեց: Պապի ներկայացուցիչներն էլ չէին հասել: Սակայն Կյուրեղը պնդեց, որ ժողովն իր ընթացքը շարունակի: Ինքը, լինելով բարձրաստիճան հոգևորական, գլխավորեց ժողովը: Նեստորն ինքն իրեն արդարացնելու համար կանչվեց: Սակայն մերժեց ընդունել հրավերով եկող չորս եպիսկոպոսներին: Ուստի ժողովը նրան իբրև հերետիկոս դատապարտեց և պաշտոնանկ արեց: Կյուրեղի Նեստորին ուղղված նամակը, որտեղ Կյուրեղը շարադրում էր իր հավատքի տեսակետները, ժողովի կողմից պաշտոնապես ընդունվեց: Երբ մեկ շաբաթ ուշացումով Անտիոքի եպիսկոպոսները հասան, իրենք էլ իրենց հերթին, 43 եպիսկոպոսներով ժողով գումարեցին, և դատապարտեցին ու պաշտոնանկ հայտարարեցին Կյուրեղին: Ի վերջո կայսրը հաստատեց Կյուրեղի գումարած ծողովի որոշումները, որը նաև մեկ ամիս ուշացումով տեղ հասած Պապի պատվիրակությունն արեց:

Իր բուռն բնավորությանը հակառակ, Կյուրեղը կա և մնում է Քրիստոնեական եկեղեցու ամենատիրական աստվածաբաններից մեկը: Ալեքսանդրյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչն է, որը Հիսուսի աստվածությունը շեշտելով հանդերձ, չի մերժում կամ նվազեցնում նրա մարդկությունը: Եվ հիմնվելով Աթանասի և Կապադովկիական Հայրերի տեսությունների վրա, համադրեց և սիստեմավորեց Ս. Երրորդության, Քրիստոսի մարդեղության և բնության վարդապետությունը: Կյուրեղի նշանավոր «Մի բնություն Բանին մարմնացելո» բանաձևը միշտ եղել է Հայաստանյաց Եկեղեցու Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը, որով ընդդեմ Նեստորի երկու բնության բաժանող վարդապետությանը, շեշտվում է Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների ՄԻՈՒԹՅՈՒՆԸ: Արևելքի մեջ նա հայտնի է եղել որպես «եկեղեցական հայրերի կնիք» բնութագրությամբ: Եվ իր վերոհիշյալ համադրող բանաձևը, ընդունվել և որդեգրվել է երրորդ տիեզերական ժողովի կողմից, որի վրա դեռևս միացած մնում են հակաքաղկեդոնական և քաղկեդոնական եկեղեցիները: Թողել է ճառեր և մեկնություններ և այլն. որոնք ևս մեծամասամբ, Ստեփանոս Սյունեցու ձեռքով, 8-րդ դարում, հայերեն են թարգմանվել:

Մահացել է 444 թ.-ին:

Հայերս Հայրապետի հիշատակը կատարում ենք Վարդավառին հաջորդող չորորդ շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին 12 Վարդապետների հետ:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․