Գրքեր
11 Նոյեմբեր, Բշ Անտիոքի Սուրբ Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու, մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրա քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

Մելիտոս՝ Անտիոքի Հայրապետ

Մելիտոս Հայրապետը հետաքրքիր անձ է բազում պատճառներով: Իր անունը գրեթե ակամայից խառնվեց իր ժամանակի բոլոր վեճերին և կրոնական հոսանքներին, այն աստիճան, որ այդ շրջանի կրոնական վեճերն ու խնդիրները հայտնի են իր անունով: Ապրել է Արևելյան եկեղեցու մեծ հայրապետների ժամանակներում և շփում է ունեցել բոլորի հետ՝ ոմանք նրա կողմնակիցները եղան, իսկ ոմանք էլ հակառակ դիրքորոշում բռնեցին: Մելիտոսը միջանկյալ դիրք է զբաղեցնում իր ժամանակի մեծ եկեղեցականների շարքում, թեև նրանց խոսքի, գործի և գրչի մեծությունը չունի, սակայն, այդուհանդերձ, զերծ է նաև նրանցից ոմանց ունեցած կրքոտությունից և կողմնակալությունից: Հետաքրքրական է նաև այն, որ թերևս միակ համաքրիստոնեական հայրապետն է Հայաստանի տարածքից, և անհավանական չի լինի ենթադրել, որ թերևս ազգությամբ էլ հայ եղած լինի, քանի որ իր գործունեությունը, նկարագիրը և մտածելակերպն այնքան «հայկական» է:

Ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե՝ Մալաթիա քաղաքում: Նախ 358 թ.-ին եղել է Առաջին Հայքի մայրաքաղաք Սեբաստիայի եպիսկոպոսը: Երկու տարի հետո ինքնակամ հրաժարվել է: Այս շրջանում Անտիոքի Աթոռը ընդդեմ Ուղղափառության բուռն վեճերի կենտրոնն էր, և արիոսականներից վերջինները, շուրջ 30 տարի տիրում էին Աթոռին և իրավիճակին: 360 թ.-ին օրվա Եվդոքսիոս արիոսական Պատրիարքի Կ. Պոլսի աթոռակալ ընտրվելու արդյունքում, Անտիոքի Աթոռը թափուր էր մնացել; Մարդիկ հոգնել էին այս անարդյունք վեճերից և ավելի խաղաղասեր և երկու կողմերի համար էլ ընդունելի թեկնածու էին փնտրում: Համաձայնվեցին Մելիտոսին ընտրել: Ըստ երևույթին Մելիտոսը, ո՛չ բացահայտ Նիկիական էր և ո՛չ էլ վճռական Արիոսական: Նրա հիմնական դիրքորոշումը անճկելի տեսակետներից հեռու մնալն էր: Սրբակենցաղ վարք ուներ, վարվեցողությամբ՝ քաղցրաբարո, բարեպաշտության մեջ՝ անկեղծ: Մետաֆիզիկական նրբաբանություններին, որոնք իր օրերին, արդարև, մասնատել էին եկեղեցին, կարևորություն չէր տալիս: Այնպես որ բոլորն էլ ակնկալում էին, որ Մելիտոսին պիտի հաջողվեր կրոնական վեճերից պառակտված այս մեծ քաղաքում վերահաստատել խաղաղությունը:

Մեծ բազմություն էր դուրս եկել նրան դիմավորելու, քանզի կողմերը միավորվել էին նրա անձի շուրջ: Արդարև սկզբից իսկ նրան հաջողվեց սիրաշահել այս անհանգիստ քաղաքի բնակչությանը, քանզի հեռու մնաց աստվածաբանական վիճելի հարցերի շուրջ քննարկումներից, նա բավականացավ բարոյականի և գործնականի մասին քարոզելով, աշխատեց կանոնակարգել աչքի ընկնող ինչ-ինչ անկարգություններ: Նաև կարողացավ շահել այդ ժամանակվա մեծ անձնավորությունների, մասնավորապես Կապադովկյան Հայրերի և Ոսկեբերանի, մինչև իսկ իր հանդեպ հակառակ դիրք բռնած Եպիփան Կիպրացու հարգանքը: Գրիգոր Նազիանզացին հաստատում է, որ իրոք շատ բարեպաշտ, պարզ, աննենգ և Աստվածասեր անձնավորություն էր, խաղաղություն էր ճառագում նրա դեմքից, նրան տեսնողները վստահում և հարգում էին նրան: Վերջապես. եզրակացնում է նա, իր անունը (որը հունարենից թարգմանաբար մեղր է նշանակում) նույնացել էր իր անձի և բարքի հետ: Հատկապես Ուղղափառները խանդավառված էին նրանով, իսկ Արիոսականները սպասողական դիրքում էին. թեև նրանց հակառակ որևէ բան չէր ասել, սակայն մյուս կողմից էլ ոչինչ չկար նրա խոսքերի մեջ, որ իրենց համար նպաստավոր լիներ:

Ի վերջո օրվա կայսրը՝ Կոստանդիոսը, որը Արիոսական էր, Անտիոքում մի ժողով կազմակերպեց, որի նպատակը Մելիտոսի իրական կրոնական համոզումները բացահայտելն էր: Կայսրը բազում եպիսկոպոսներ հրավիրեց այս ժողովին և պահանջեց, որ ներկաներից յուրաքանչյուրը խոսի այն ծանոթ բնաբանի շուրջ, որը Արիոսական հակաճառության վիճաբանությունների գլխավոր նյութն էր այս ամբողջ հակաճառությունների ընթացքում, այսինքն Առակաց Գրքի 8:22 համարի մասին, որտեղ Աստծո «Իմաստությունը», այսինքն «Բանը», ասում է ինքն իր մասին. «Տերն Ինձ ստեղծեց Իր ճանապարհի սկզբից»: Երկու կողմերն էլ համաձայն էին, որ այդ խոսքերը Քրիստոսի նախագոյությանն էին վերաբերվում, միայն թե Արիոսականները այդ խոսքերից այն հետևությանն էին հանգում, որ Աստծո Որդին ինչ-որ «սկիզբ», ունի և հետևաբար «արարած» է, ինչը, որ ասում են մեր օրերի Եհովայականները, իսկ Ուղղափառները այդ խոսքերը հետևյալ իմաստով էին մեկնաբանում. «Աստված, երբ «ի սկզբանե» ձեռնարկեց Իր արարչագործությունը, արդեն իսկ Ինձ Իր հետ ուներ», և հետևաբար Որդին անսկիզբ էր և «ո՛չ արարած»: Մելիտոս Հայրապետը երկար խոսեց, որի ընթացքում արդարև հայտնի դարձավ իր Ս. Գրքի ունեցած խորը գիտելիքները և հմտությունը, և եզրակացրեց. «Հավատալ Քրիստոսին, նշանակում է հավատալ, որ Որդին նման է Հորը. Նրա պատկերն է, որով ամեն ինչի մեջ է և ամեն ինչի արարիչն է: Որդին ոչ թե անկատար ձևով է Հոր պատկերը, այլ կատարյալ. ինչպես որ հետևանքը համապատասխանում է պատճառին, այնպես էլ Որդին համապատասխանում է Հորը: Միածին որդու ծնունդը, որը տեղի ունեցավ «բոլոր ժամանակներից առաջ», իր մեջ Հոր հետ գոյակցության գաղափարն է պարունակում»:

Ապա անդրադարձավ իր բնաբանի բարոյական խորհրդին: Հնարավորության սահմաններում խուսափելով մասնագիտական տերմինաբանությունից, գրեթե բոլորին գոհացրեց: Բայց մի քանի աստվածաբանական և վարդապետական տերմիններից բոլորն էլ կարողացան կռահել, թե որ կողմն է հակված Մելիտոսը: Ուղղափառները մեծապես գոհ էին մնացել; Արիոսականները կարծես բամբակի մեջ փաթաթած հարված էին ստացել: Բարսեղ Կեսարացին, որն այս հավաքին ներկա էր, Մելիտոսի ուղղափառության մասին գրեց դեռևս կասկածող Եպիփան Կիպրացուն. «Մելիտոսը առաջինը եղավ ճշմարտության օգտին համարձակ խոսողների մեջ»:

Երբ Մելիտոսը վերջացրեց իր ճառը, ներկաները խնդրեցին, որ իր ուսուցման համառոտ մի բանաձև տա: Այդ ժամանակ Մելիտոսը անխոս բարձրացրեց իր երեք մատները, ի տես ամենքին, ապա երկուսը փակելով թողեց մեկը և ավելացրեց. «Աստվածությունը թեև երեք Անձերով է ներկայանում մարդկային մտքին, բայց մենք խոսեցինք որպես թե մեկ լինի»: Նրա այս ժեստը իր կողմնակիցների կողմից որպես խորհրդանիշ ընդունվեց:

Սակայն այս քարոզը Մելիտոսի համար իր Աթոռի արժեքը ունեցավ: Արիոսականները զանազան անհիմն պատրվակներով կայսրին դրդեցին, որ պաշտոնանկ անի Մելիտոսին և աքսորի, ինչը որ արդարև կատարվեց, երբ նա հազիվ մի քանի ամիս էր պաշտոնավարել: Նրա հեռանալուց հետո Աթոռը բնականաբար անցավ Արիոսականների ձեռքը: Կացությունը ավելի վատթարացավ, երբ նրա հեռանալուց հետո Ուղղափառները երկու մասի բաժանվեցին. մի մասը, Անտիոքի Նիկիական ուղղափառ նախկին հայրապետի (324-330) անունով, իրեն կոչեց «Եվստաթեականներ», իսկ մյուս մասը՝ «Մելլիտոնականներ», կամ «Մելիտյաններ»: Ոմն Պավղինիոս անունով մեկը առաջին խմբի առաջնորդն էր, իսկ ոմն Դիոդորոսը՝ Մելիտյանների:

Կոստանդիոսը մահացավ 360 թ.-ին, նրան հաջորդեց Հուլիանոսը, որը չեղարկեց իր նախորդի աքսորման հրահանգները: Թեև Մելիտոսը աքսորից վերադարձավ, սակայն իր դիրքը խախտված էր, թե՛ Արիոսականների և թե՛ Պավղինոսի հարուցած հակառակությունների պատճառով, չկարողացավ ամբողջովին տիրանալ Աթոռին: Այդ օրերին Աթանասն էլ Անտիոք եկավ և ցանկացավ Մելիտոսի հետ կապի մեջ լինել: Սակայն վերջինս, հետևելով սխալ խորհուրդներին, դանդաղեց իր հավանությունը հայտնել այս շատ բարեմիտ և օգտակար առաջարկին: Աթանասը քաղաքից հեռացավ՝ հայտարարելով, որ ինքը հաղորդության մեջ է Մելիտոսի հակառակորդ Պավղինոսի հետ, ինչը ստեղծած կացությունը ավելի կնճռոտեց:

Երբ Վաղես Արիոսականը կայսր դարձավ, Մելիտոսը նորից աքսորվեց իր բնակավայրը՝ Հայաստան: Սակայն երկու տարի հետո մի կերպ վերադառնալով, նորից տեր դարձավ իր Աթոռին: Երրորդ անգամ նորից աքսորվեց 371 թ.-ին: Այս ընթացքում ուղղափառների մոտ՝ Անտիոքում, մի այլ խմբակ առաջացավ, որն ինքն իրենց Աթանասի և Հռոմի Աթոռի հետ հաղորդակցության մեջ էին հայտարարում: Վաղեսի մահվանից հետո հաջորդած կայսրը՝ Թեոդորոսը, իր նախորդի աքսորման հրահանգները չեղարկեց և 378 թ.-ին Մելիտոսը Անտիոք վերադարձավ: Նրա առաջին գործը եղավ 150 եպիսկոպոսներից բաղկացած մի ժողով գումարել և մի հավատո հանգանակ հրատարակել, որը ի վերջո արժանացավ Կ. Պոլսի տիեզերական ժողովի հավանությանը:

381 թ.-ին, Թեոդոս կայսրը Արևելյան եպիսկոպոսներին Կ. Պոլիս է հրավիրում, նախ նոր պատրիարք ընտրելու և ապա այլ և այլ հարցեր քննարկելու համար: Հաշվի առնելով, որ Ալեքսանդրիայի հայրապետը չկարողացավ ներկայանալ ժողովին, ժողովը գլխավորեց Մելիտոս Պատրիարքը, որը որպես այդպիսին արժանացավ Թեոդոս կայսեր հատուկ ուշադրությանը: Կ. Պոլսի պատրիարք ընտրվեց Գրիգոր Նազիանզացին, որին իր գահի վրա հաստատեց Մելիտոս Պատրիարքը: Ժողովը սկսեց Նիկիո Հանգանակի հաստատման, կամ վերահաստատման օրակարգից: Այս նիստի ընթացքում անակնկալ վախճանվեց Մելիտոս Հայրապետը: Արժանացավ մեծ դամբանական ճառերի: Կայսրը ներկա գտնվեց նրա հուղարկավորությանը: Մարմինը Կ. Պոլսից փոխադրվելով թաղվեց Անտիոքում:

Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող իններորդ երկուշաբթի օրը:

 

Մինաս Եգիպտացի

Մի քրիստոնյա առաքինի զինվորական է, որ ծառայում էր Փոքր Ասիայի Կուտինա (Քեոթահիա) քաղաքում տեղակայված հռոմեական բանակում: Սակայն տեսնելով շրջապատի ապականությունը և կռապաշտությունը, և աշխարհում տիրող անարդարությունն ու չարությունը՝ որոշում է նվիրվել անապատական կյանքին:

Որոշ ժամանակ ճգնելուց և հոգևոր կյանքի մեջ զարգանալուց հետո, երբ տեղեկանում է, որ արդեն ելել է Դիոկղետիանոսի քրիստոնյաներին հալածելու հրամանը և հարյուրավոր քրիստոնյաներ նահատակվում են, ինքն էլ մարտիրոսության պսակին արժանանալու համար քաղաք է իջնում և հայտարարում է իր քրիստոնյա լինելը: Ձերբակալվում է, ծանրագույն չարչարանքների ենթարկվում և ի վերջո, 303 թ.-ին գլխատվում է և մարմինը այրում են: Նրա ոսկորները հավաքում են և հատուկ դամբարանի մեջ են դնում, որի վրա հետագայում փառավոր եկեղեցի է կառուցվում և մեծ ուխտատեղի է դառնում:

Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող իններորդ երկուշաբթի օրը:

 

Մելիտոս կամ Մելես Եպիսկոպոս

Մեր Տոնացույցում երկու Մելիտոսներ ունենք, մեկը Անտիոքի Հայրապետն է, իսկ մյուսը Մծբին քաղաքի Հակոբոս Հայրապետի հետ է հիշվում: Մեր Հայսմավուրքներում Մելիտոս անունով սրբի հիշատակություն չունենք: Միայն կա Մելի կամ Մելես եպիսկոպոսի հիշատակությունը նոյեմբերի 22-ին: Մենք վերոհիշյալ Մելիտոսին պիտի նույնացնենք Հայսմավուրքի Մելեսի հետ և նախ նրան պիտի անդրադառնանք և ապա Անտիոքի Հայրապետ Մելիտոսին:

Համաձայն Հայսմավուրքների տվյալների Մելեսը ազգությամբ պարսիկ էր: Նախապես պարսկական բանակում ծառայող քրիստոնյա զինվորական էր: Հրաժարվելով զինվորական կյանքից, իրեն նվիրել էր հոգևոր կյանքին: Ապա Բիթրազան քաղաքի եպիսկոպոս է ձեռնադրվել: Սակայն այն պատճառով, որ քաղաքը մեծամասամբ արևապաշտներով էր բնակեցված, նրան հալածում են այս քաղաքից: Դրանից դրդված՝ մեծ ճամփորդություն ձեռնարկեց դեպի Երուսաղեմ և Ալեքսանդրիա, որտեղ հանդիպեց Մեծն Անտոնին: Վերջինս խորհուրդ տվեց վերադառնալ Պարսկաստան և այնտեղ շարունակել քարոզչությունը:

Վերադարձին հանդիպեց Հակոբ Մծբնեցուն: Իր ավետարանչական գործունեությունը շարունակեց մինչև Տիզբոն՝ Պարսկաստանի այդ օրերի մայրաքաղաքը: Աշխատեց հարթել քրիստոնյաների մեջ առկա վեճերը և հեթանոսներից շատերին քրիստոնեության բերեց: Տեղի իշխանավորը ձերբակալեց նրան և ստիպեց արեգակին երկրպագություն անել: Երանելին նրան կշտամբեց իր այս հիմար առաջարկի պատճառով, որից էլ զայրացած իշխանը իր սրով սպանեց նրան:

Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող իններորդ երկուշաբթի օրը:

 

Բուրա քահանա

Պարսիկ Մելես Եպիսկոպոսի աշակերտը և քահանան էր: Պարսկաստանում քարկոծմամբ նահատակվեց, արեգակին և կրակին չերկրպագելու պատճառով:

Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող իններորդ երկուշաբթի օրը:

 

Շեն կամ Շենու սարկավագ

Մելես Եպիսկոպոսի սարկավագն էր, որի և Բուրաս քահանայի հետ նահատակվեց Պարսից Շապուհ Երկայնակյաց թագավորի օրոք՝ Պարսկաստանում: Հավանաբար ազգությամբ պարսիկ էր:

Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող իններորդ երկուշաբթի օրը:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․