19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր
26 Սեպտեմբեր, Շբ Սուրբ Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակության օր

Սուրբ Գևորգ Զորավար

Ս. Գևորգը ծնունդով Կապադովկիայից էր, այսինքն այսօրվա Կեսարիայից: Մեծացել է քրիստոնյա ընտանիքում: Ապա զինվորագրվելով հռոմեական բանակ, կարճատև ժամանակի ընթացքում հասավ մինչև զորավարի աստիճանին: Օրվա կայսր Դիոկղետիանոսի համար սիրելի զորավար դարձավ: Երբ վերջինս քրիստոնյաներին հալածելու հրովարտակը պիտի արձակեր, նախ խորհրդակցեց իր մեծամեծերի հետ, որոնց թվում էր նաև Գևորգը: Բոլորը, բացի Գևորգից, որը նախ հաստատեց, որ այդպիսի որոշումը անարդարացի պիտի լինի կայսրության խաղաղ բնակիչների հանդեպ, հավանություն տվեցին կայսրի գաղափարին: Բոլորն էլ կռահեցին, որ Գևորգը քրիստոնյա է և փորձեցին նրան կռապաշտության բերել: Բայց Գևորգն ասաց. «Ես ձեզ բոլորիդ որպես քրիստոնյաներ կցանկանայի տեսնել և ձեռագործ կուռքերին ձեր մատուցվող փառքն ու պատիվը երկնքի և երկրի Արարչին մատուցելիս տեսնեի»: Այս խոսքերի վրա Գևորգը բանտարկվեց և սոսկալի չարչարանքների ենթարկվեց, որոնց քաջաբար տոկաց: Ի վերջո կուռքերին տեսնելու համաձայնություն հայտնեց: Կայսրը նրան ուրախությամբ մեհյան առաջնորդեց, սակայն այնտեղ, Ս. Գևորգն, աստվածային նախանձախնդրությամբ լցված, մեկ առ մեկ կործանեց դրանք: Այս հանդուգն արարքի պատճառով Դիոկղետիանոսն անմիջապես գլխատել տվեց նրան:

Առհասարակ բոլոր նշանավոր սուրբ զորավարների պատկերները ներկայացվում են ձի հեծած, վիշապ սպանելու դիրքում: Կարող է պատահել, որ նրանցից մեկը նմանատիպ քաջագործություն արած լինի, բայց սրբերի դասերի մեջ ներառելու համար այդքանը բավական չէ: Այս պատկերները ավելի խորհրդանշական իմաստներ ունեն, քան թե՝ պատմական: Վիշապը խորհրդանշում է աշխարհի չարությունը, դիվական զորությունն ու բռնակալությունը, որոնց դեմ, արդարև, անվախորեն պայքարեցին Քրիստոսի այս քաջ նահատակները: Համարվում է, որ Ս. Գևորգը նահատակվել է 303 թ.-ին, Նիկոմիդա քաղաքում: Իսկ ըստ այլ ավանդությունների՝ Պաղեստինի Ռամլե, կամ Լյուդ քաղաքավանում, այս օրերի Թել-Ավիվի օդանավակայանից ոչ շատ հեռու, որտեղ հայերը, հույները և լատինները Ս. Գևորգ անունով եկեղեցիներ ունեն: Ս. Գևորգն Անգլիայի պահապան սուրբն է:

Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող երկրորդ շաբաթ օրը:

 

Ադոկտոս դուքս

Ծնունդով Եփեսացի է, հավատքով՝ ծածուկ քրիստոնյա, ապրել է Մաքսիմինոս կռապաշտ և հալածիչ կայսեր օրոք: Մի գեղեցիկ աղջիկ ուներ, որին թագավորը ցանկացավ կնության առնել: Հայրը նրան գաղտնաբար արևելք փախցրեց: Նրա քրիստոնյա լինելը հայտնի դարձավ, բոլոր պատիվներից զրկվեց, ունեցվածքը արքունիքի գանձարան բռնագրավվեց և ընտանիքով Միջագետք աքսորվեց: Տեղի կառավարիչը նրան դարձի բերելու հրահանգ ստացավ: Սակայն դատավորի ջանքերն ի դերև ելան, ծանր չարչարանքներից հետո գլխատվեց, ապա իր կնոջ և մյուս աղջկա ձեռքով պատվով թաղվեց: Փախստական դարձած աղջիկը, վայելելով Լիկիանոս կայսեր կնոջ Կոստանդիայի բարեհաճությունը, որը քրիստոնյա էր դարձել, կարողացավ իր մորն ու քրոջը Միջագետքում գտնել, և իրենց հոր նշխարները վերցնելով, փոխադրեցին Եփեսոս, որտեղ խաղաղության մեջ կնքեցին իրենց կյանքը:

Հայերս նրա հիշատակի տոնը նշում ենք Ս. Խաչին հաջորդող երկրորդ շաբաթ օրը, Ս. Գևորգ զորավարի հետ:

 

Ռոմանոս երգեցող սարկավագ

Ծնվել է Սիրիայի Հոմս քաղաքում և Բեյրութ քաղաքի սարկավագն է եղել: Զարգացած և առաքինի անձնավորություն էր: Անաստաս կայսեր օրոք (491-518) Կ. Պոլիս է գնում և պաշտոնավարում Ս. Աստվածածին եկեղեցում: Մի տեսիլքով նրան հոգևոր երգեցողության և երաժշտական արվեստի բացառիկ շնորհը տրվեց, որի շնորհիվ գրեց «հազար ու մի» տաղերն ու շարականները, որոնք մինչև այսօր գործածում է Հունական Եկեղեցին: Իր վրա «երգեցող» ածականը մնաց, որպես մեծագույն շարականագիր և հոգևոր երաժիշտ:

Հայերս նրա հիշատակի տոնը նշում ենք Ս. Խաչին հաջորդող երկրորդ շաբաթ օրը:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․