19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր
15 Հոկտեմբեր, Եշ Սուրբ Դիոնիսիոս Արիսպագացու, Տիմոթեոս և Տիտոս առաքյալների հիշատակության օր

Դիոնեսիոս Արիսպագացի և Ռեթեոս Աթենացի

Սրանք գլխավորներն են այն եկեղեցական նշանավոր հայրերի խմբի, որոնք մեզ մոտ տոնվում են «Տասներկու Վարդապետներ» անվան տակ, հոկտեմբերի վերջին, Խաչի յոթերորդ կիրակիի՝ Գյուտ խաչին նախորդող, շաբաթ օրը: Այս երկուսն իրարից անբաժան են, որովհետև առաջինը երկրորդի համար որպես ուսուցիչ է ներկայացվում վերջինիս անունով ծանոթ գրքերում, որոնց պիտի անդրադառնանք:

Դիոնեսիոսն ավետարանական սուրբերին եկեղեցական պատմական սուրբերի հետ կապող մի օղակ է, քանի որ նա հիշատակվում է «Գործք Առաքելոց»-ում որպես Պողոս Առաքյալի Աթենքում քարոզչության առաջին պտուղը: Երբ Պողոս Առաքյալը ավարտեց Աթենքի Արիսպագոս կոչված ակադեմիական գերագույն ժողովի առջև իր ճառը, «Գործք Առաքելոց» գրքի հեղինակը եզրափակում է ասելով. «Եվ Պողոսը վեր կենալով գնաց նրանց մոտից: Որոշ մարդիկ հետևեցին նրան և հավատքի եկան, որոնցից էր Դիոնեսիոս Արիսպագացին» (Գործք 17:32-34):

«Արիսպագոս» հունարենից թարգմանվում է «Արեսի բլուր»: Այս անունը տվել էին Աթենքի բլուրներից մեկին, որտեղ հնուց ի վեր հավաքվում էր քաղաքի ազնվապետական դասական ժողովը, որը նաև զաղվում էր կրոնական հարցերով: «Արիսպագոս» անունը բլուրից անցավ այնտեղ գումարվող ժողովին և այլևս այդ անունով էր հայտնի, մինչև իսկ ժողովման տեղից անկախ: Այս տեսակետից, ուրեմն, «Արիսպագացի» ոչ թե այդ անունով հայտնի բլուրի վրա ծնված, կամ բնակված է նշանակում, այլ այդ անունով հայտնի խմբի անդամ, ինչպես որ «Փարիսեցիներ»-ի, կամ «Սադուկեցիներ»-ի պարագայում է, որը նշանակում է այդ անուններով ծանոթ խմբակներին պատկանող:

«Գործք Առաքելոց»-ից բացի, Դիոնեսիոսի մասին մեր ունեցած միակ տեղեկությունը ստանում ենք Եվսեբիոսի «Եկեղեցական Պատմություն» երկից, որտեղ հաստատվում է, որ Դիոնեսիոսը Աթենքի առաջին եպիսկոպոսն է եղել և ձեռնադրվել է Պողոս Առաքյալի ձեռամբ:

Սակայն նրա հռչակը և որպես Եկեղեցու վարդապետ նրա վայելած մեծ հեղինակությունը և դիրքը հիմնվում է մի շարք գրքերի վրա, որոնք նրան են վերագրվում և որոնք միջնադարում բարձր հեղինակություն են ունեցել և մեծապես ազդել են այդ և հաջորդ դարերի աստվածաբանների մտածողության վրա, թե՛ Արևելքում և թե՛ Արևմուտքում:

Այդ գրքերն են.

  1. «Երկնային Քահանայապետության վերաբերյալ» - հրեշտակների զանազան դասակարգության մասին:
  2. «Երկրային Քահանայապետության վերաբերյալ» - եկեղեցական նվիրապետության վերաբերյալ, որը ներկայացվում է որպես կրկնություն, կամ նմանություն երկնային քահանայապետության:
  3. «Աստվածային Անունների մասին» - Աստծո ստորոգելիների, կամա հատկությունների մասին:
  4. «Միստիկ Աստվածաբանություն» - Քրիստոնեական հոգևոր կատարելության կյանքի մասին:

Դիոնեսիոսին վերագրված այս գործերը նաև հայերեն են թարգմանված, Նախ Ստեփանոս Սյունեցի մատենագրի կողմից 8-րդ դարում, և ապա Ստեփանոս Լեհացու կողմից՝ 17-րդ դարում;

Թեև Աստվածաբանական տեսակետից վերոհիշյալները շատ կարևոր գործեր են, սակայն այսօր հաստատված է, որ այս գործերн առաջին դարում ապրած Դիոնեսիոսի գործերը չեն, այլ 5-րդ դարի վերջերը, կամ 6-րդ դարի սկզբներում ապրած մի մեծ մտավորականի, որը Արիսպագացու անվան տակ է ներկայացրել դրանք: Այնպես որ, երբ ընդունենք, որ այս գրքերը Պողոս Առաքյալի Աթենացի Դիոնեսիոսինը չեն, այդ ժամանակ նրա «Եկեղեցու Վարդապետներ»-ից մեկը լինելու հանգամանքը դուրս կգա, և Աթենքի առաջին եպիսկոպոսի սովորական աստիճանի կվերածվի, և մեր տոնացույցում իր միակ և ճիշտ տեղը կմնա Ս. Խաչի Ե կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը, որտեղ արդարև տոնվում է նրա հիշատակը Պողոս Առաքյալի մյուս երկու մեծ աշակերտների՝ Տիմոթեոսի և Տիտոսի հետ միասին:

Արևմտյան ավանդությունը Դիոնեսիոսին մինչև Փարիզ է տանում՝ նրան Փարիզի առաջին լուսավորիչներից մեկը և առաջին եպիսկոպոսը համարելու համար: Ձերբակալվում և գլխատվում է մի վայրում որը մինչ այսօր կոչվում է «Մոնմարթին»՝ Մարտիրոսների Բլուր: Եվ ավանդվում է, որ գլխատված մարմինը ոտքի է ելնում գլուխը վերցնում է ձեռքերի մեջ և քայլում է մինչև այն վայրը, որ այսօր կոչվում է իր անունով՝ Սեն-Դընի, որտեղ հետագայում մի փառավոր տաճար է կառուցվում և որտեղ թաղված են Ֆրանսիայի թագավորներից և իշխաններից շատերը, որոնց թվում նաև Կիլիկիայի մեր տարաբախտ Լևոն Զ թագավորը:

Սակայն ներկայիս ընդունված տեսակետն այն է, որ Փարիզի այս եպիսկոպոսը բոլորվին տարբեր մեկն է, գործել է Գ դարի կեսերին և արդարև նահատակվել է Փարիզում 258 թ.-ին և շփոթել են Առաքելական դարերի Դիոնեսիոսի հետ, հավանաբար անվանակիցներ լինելու պատճառով:

Իսկ Ռեթեոսի (Կամ Հերեթիոսի, որից էլ Հերեթիկ փաղաքշական ձևը) պատմությունը կասկածելի է դառնում, քանի որ այն միայն Դիոնեսիոսի գործերում է ի հայտ գալիս, որպես նրա ուսուցիչը և առաջնորդը: Այս գրքերից զատ ուրիշ որևէ տեղ չենք գտնում Ռեթեոս Աթենացի անունով ոմն մեծ մտածող, կամ որևէ սուրբ, որը արժանի լիներ գլխավորելու Եկեղեցու «Տասներկու Վարդապետներ» պանծալի խումբը:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

 

Տիմոթեոս

Պողոս Առաքյալի ամենաանձնվեր աշակերտն ու գործակիցը, որին հանդիպում է իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ, Գոնիայից ոչ հեռու գտնվող Լյուստրա կոչվող քաղաքում: Պողոսին հանդիպելու ժամանակ նա արդեն քրիստոնյա էր. «քրիստոնյա մոր և հեթանոս հոր որդի»: Որպես առաքինի և վստահելի մի անձնավորություն «Վկայված էր Լյուստրացիների և Գոնիացիների կողմից»: Պողոսը ցանկացավ նրան վերցնել իր հետ ճամփորդության, ուստի «թլփատեց նրան այն հրեաների պատճառով որոնք այնտեղ էին, քանի որ բոլորին ծանոթ էր նրա հեթանոս հայրը» (Գործք 6:1-3): Հայտնի են նաև Տիմոթեոսի տատի՝ Լավոդիկիայի և մոր՝ Եվնիկեի անունները, որոնք իրենից առաջ արդեն քրիստոնյա էին դարձել և որոնց մայրական հոգածության ներքո Տիմոթեոսը մեծացավ և աճեց քրիստոնեական հավատքով (Բ Տիմ 1:5): Հեթանոսության և քրիստոնեության հետ իր ունեցած երկակի կապով և մաքուր կրոնական դաստիարակություն ստացած լինելով, Տիմոթեոսը Պողոսի ձեռքում հարմարագույն ատաղձը եղավ, որի հանդեպ հատուկ հոգածությամբ, այս երիտասարդից կազմեց իր լավագույն գործակիցը և քրիստոնյա առաքինի և անձնվեր գործիչներից մեկը: Պողոսը նրա հետ հայրական մեծ խանդաղատանքով է կապված, որի մասին արտահայտվում է իր թղթերի մեջ և որոնցում կոչում է ոչ միայն «սիրելի որդի», այլև եղբայր և գործակից իր աշխատանքների մեջ: Պողոսը Ղուկասից և Տիմոթեոսից բացի ոչ ոքի չէր գտել իրեն մտերիմ (հմմ. Հռոմ. 16:21, Ա Կոր. 7:17): Պողոսի թղթերից որոշները խմբագրված են իր՝ Տիմոթեոսի կողմից, ուստի այս նամակների սկզբնամասում իր անունն էլ է կցված Պողոսի անվանը (Բ Կոր. 1:1, Կող. 1:1): Իսկ Պողոսի թղթերից երկուսն ուղղված են հենց իրեն՝ Տիմոթեոսին, որոնք շատ օգտակար խորհուրդներ են պարունակում յուրաքանչյուր հավատացյալի համար առհասարակ, բայց հատկապես Եկեղեցու պաշտոնյաների համար, այդ իսկ պատճառով, Տիտոսին ուղղված թղթի հետ  կոչվում են «Հովվական Թղթեր»:

Պողոս Առաքյալի կողմից նրան հանձնարարված առաքելություններից են, օրինակ, հալածանքների ժամանակ Թեսաղոնիկեցիներին քաջալերելը (Ա Թես. 3:3), Կորնթոսում նորադարձներին հավատքի մեջ հաստատելը (Ա Կոր. 4:17): Ի վերջո Պողոսն իր գործը շարունակելու համար նրան Եփեսոսում թողեց, և այնտեղի առաջին եպիսկոպոսն է համարվում, որտեղ էլ նահատակվեց:

Տոնում ենք Պողոսի այլ աշակերտների հետ, Ս. Խաչին հաջորդող Ե կիրակիից հետո հանդիպող հինգշաբթի օրը:

 

 Տիտոս

Պողոս Առաքյալի մեկ այլ անվանի գործակիցը, որ կոչվում է «Ընդհանուր հավատքի մեջ իր սիրելի որդի» (Տիտ. 1:1): Իսկ մի այլ տեղ՝ «Եղբայր, հավասար և գործակից» (Բ Կոր. 2:13, 8:23): Պողոսի կողմից որպես պատգամավոր Կորնթոս ուղարկվեց Երուսաղեմի եկեղեցու համար նվիրատվություններ հավաքելու համար (Բ Կոր. 8:16-18): Տիտոսը կարևոր և մի վստահելի անձնավորություն է եղել (Բ Կոր. 12:18):

Երբ Պողոսը Բառնաբասի հետ Երուսաղեմ էր գնացել ժողովին մասնակցելու համար, որպես հեթանոսներից քրիստոնեության եկած մի լավագույն նմուշ, իր հետ էր նաև Տիտոսը, որը թլփատված չլինելով հանդերձ, ոչնչով պակաս չէր թլփատված քրիստոնյայից (Գաղ. 2:1-5):

Ի վերջո Տիտոսը Պողոս Առաքյալի կողմից Կրետե ուղարկվեց այնտեղի նորակազմ եկեղեցու վերատեսչությունը ստանձնելու և սկսած գործը ընդարձակելու համար (Տիտ. 1:5): Պողոսի վերջին տարիներին արդեն իսկ Հռոմում է և նրա կողմից որոշ հանձնարարականներով գնացել էր Ադրիատիկ ծովի եզերքում գտնվող Դաղմատիա քաղաքը: Ի վերջո Կրետե վերադարձած և այդ կղզու առաջին եպիսկոպոսն է համարվում;

Պողոս Առաքյալի թղթերից մեկն ուղղված է Տիտոսին, որը հավատացյալներին հատուկ հորդորներ պարունակելով հանդերձ, հատկապես եկեղեցու պաշտոնյաներին ուղղված ցուցումներ և թելադրանքներ է պարունակում: Այս Թղթի ուսուցման համաձայն, եկեղեցականի հիմնական պարտականությունը պիտի լինի «լրացնել ինչ որ պակասում է» եկեղեցում: Իսկ հոգևորականը պիտի լինի. «Անարատ… ոչ հանդուգն, ոչ զայրացկոտ, ոչ անարգող, ոչ ապտակող, ոչ ագահ, այլ՝ հյուրասեր, բարեսեր, խոնարհ, արդար, սուրբ, ժուժկալ, ուղիղ վարդապետության հսկող, որպեսի կարողանա ողջամիտ ուսուցումներով մխիթարել լսողներին և կշտամբել հակառակորդնորին» (Տիտ. 1:7-9):

Խիստ շեշտադրում է կատարվում այս թղթի մեջ բարի գործերի վրա, սակայն առանց սովորեցնելու, որ մարդ միայն բարի գործերով կփրկվի. ընդհակառակը. «Ոչ թե բարի գործերով է, որ արդարանալու եք, այլ Աստծո ողորմությամբ,- ասում է Առաքյալը,- ավազանի միջոցով մեր վերստին ծնդյամբ և Ս. Հոգու նորոգիչ զորությամբ… Որպեսզի մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, զորությամբ արդարացած կարողանանք հավիտենական կյանքի ժառանգորդները լինենք» (Տիտ. 3:5-8):

Մենք Տիտոսի հիշատակը տոնում ենք Տիմոթեոսի հետ վերոհիշյալ թվականին:

 

«Աստվածաշնչական Սուրբեր»,  Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․