Գրքեր
27 Հոկտեմբեր, Գշ Սամոսատում նահատակված Սուրբ Հիպիրիքյանների, Սևերիանոս Սեբաստացու, Բաբելաս ծերունու և նրա ութսունչորս աշակերտներ հիշատակության օր

Հիպիրիքյաններ

Սրանք Գաղերիոս, կամ Մաքսիմինոս Դաժ կայսեր օրոք՝ Գ դարի վերջերին, կամ Դ դարի սկզներին ապրած յոթ վկաներ են Երրորդ Հայք կոչված Հայաստանի Հարավային մասի Սամոսատ քաղաքից: Իրենց քաղաքում կուռքերի պատվին կազմակերպված մի տոնախմբության ժամանակ, Հիպերիքոսը և իր ընկեր Փիլոթեոսը իրենց տան մեջ աղոթում էին: Սրանց բարեկամներից հինգ հոգի, որոնք հեթանոս էին, այցի եկան իրենց երկու ընկերներին, և տեսնելով, որ նրանք օրվա տոնի ուրախությանը չեն մասնակցում, հետաքրքրվեցին պատճառի մասին: Նրանք էլ հայտնեցին իրենց քրիստոնյա լինելը և խոսեցին կուռքերի ոչնչության մասին և Քրիստոսին քարոզեցին: Բարեկամները համոզվեցին, հավատացին և մկրտվեցին: Բոլորը միասին դատավորի մոտ տարվեցին և ամուր մնացին իրենց քրիստոնեական հավատքի մեջ: Գանակոծվեցին և բանտ նետվեցին: Երկար հարցաքննության և չարչարանքների ենթարկվեցին, որի ժամանակ ժողովրդի կողմից հիացական արտահայտություններ հնչեցին նրանց վերաբերյալ: Ի վերջո հրամայվեց նրանց քաղաքից դուրս խաչել և հաջորդ օրը, երբ դեռ չէին մահացել, յուրաքանչուրի գլխին մի գամ մեխելով նահատակեցին: Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող յոթերորդ երեքշաբթի օրը:

 

Սևերիանոս Սեբաստացի

Լիկիանոս կայսեր օրոք Սեբաստիայի շրջանի արքունի բանակում մի ականավոր զինվորական էր: Երբ վերոհիշյալ քառասուն զինվորները բանտարկված էին, այցելում էր նրանց և հոգ էր տանում նրանց մասին: Նրանց նահատակությունից հետո շարունակում է պաշտպանել քրիստոնյաներին և քննադատել իշխանավորներին, որոնք անտեղի և անիրավ կերպով հալածում էին քրիստոնյաներին: Ի վերջո, Սեբաստիայի կայսերական դքսի կողմից հրավիրվում է պատասխան տալու իր հակապետական գործերի և խոսքերի համար: Սևերիանոսը ներկայացավ դքսին և ընդունեց, որ պաշտպանում է քրիստոնյաներին, քանի որ ինքն էլ նույն կրոնին է պատկանում և հաստատեց, որ կայսեր հալածանքի հրամանը անիրավ է և հակառակ է կայսրության լավագույն շահերին: Դուքսը հրամայեց արջառաջլով ծեծի եթարկել նրան: Եվ ապա ավելացրեց. «Հանդգնությանդ պտուղը քաղեցի՞ր, այժմ խոհեմ եղիր և պետական կրոնին վերադարձիր»: Անօգուտ եղան նրա բոլոր սպառնալիքները և խստությունները, որոնց բոլորին համարձակ պատասխաններ տվեց Սևերիանոսը: Ի վերջո դուքսը հրամայեց պարանոցից և ոտքերից ծանր քարեր կախելով՝ քաղաքի պարսպից կախել: Եվ դատավորը նրան հեգնելով ասաց. «Հիմա վարձդ կառնես Երկնավոր Հորիցդ»: Սակայն Սևերիանոսը չի պատասխանում, այլ աղոթում է. «Հավիտենական Աստված, Քեզ եմ կանչում, Դո՛ւ, որ կյանքի և մահվան Տերն ես, ինձ շնորհիր երկնային հաղթանակը, որպեսզի անօրեն թշնամին չպարծենա իմ վրա. ամեն ինչ Քո փառքի և կամքի համաձայն լինի»: Եվ նաև շարունակեց աղոթել հալածվող քրիստոնյաների համար, նրանց Աստվածային օգնությանը հանձնելով. «Նրանց Քո սուրբ անունը փառավորելու համբերություն և համարձակություն տուր»: Ապա ավանդեց հոգին: Մարմինը մաս-մաս պարսպից ներքև թափվեց, որոնց քրիստոնյաները տեր կանգնելով՝ խնամքով հավաքեցին և իր գյուղ տանելով՝ պատվով թաղեցին: Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչի յոթերորդ երեքշաբթի օրը:

 

Բաբելաս ծերունի և ութսունչորս աշակերտներ

Թորգոմ Պարիարք Գուշակյանը հետևյալն է ասում սրանց մասին. «Բաբելասը Մաքսիմինոս կայսեր օրոք Բյութանական մի քաղաքում ծեր ուսուցիչ էր, որը քրիստոնյա մանուկներին կրթում և դաստիարակում էր Ս. Գրքի ուսմունքների մեջ և հեթանոսներին նույնպես քարոզում էր Ավետարանի հավատքը: Կայսրը, նրա մասին տեղեկանալով, հարցրեց, թե ինչո՞ւ օտարներին էլ է ուսուցանում, այլ ոչ թե միայն յուրայիններին, ծերունին պատասխանեց. «Քանզի քրիստոնյաներինն է ճշմարիտ կրոնը»: Այս խոսքի վրա փշրեցին նրա ծնոտն ու ատամները և ապա գլխատեցին նրան, և նրա հետ էլ, որպես անարատ գառնուկների, գլխատեցին ութսունչորս մանուկներին, որոնց ծնողները, երբ տրտմալից խնդությամբ իրենց վարդապետի հետ նրանց թաղում էին, հավատում էին, որ նրանք անարատ զոհաբերություն եղան Աստծուն: Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Ս. Խաչի յոթերորդ երեքշաբթի օրը;

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․