Գրքեր

Տոներ

Տոները միշտ էլ գոյություն են ունեցել: Պատմության հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը տոնախմբությունները առանձնակի տեղ են գրավել մարդկային կյանքում: Տոն նշանակում է հանգիստ ու ազատ օր: Հանգիստ՝ առօրյա զբաղմունքներից, աշխատանքից. ազատ օր՝ ծառայելու և նվիրվելու համար օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին: Տոն բառը հին հայկական ծագում ունի: Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ի՝ այն ծագում է հնդեվրոպական նախալեզվի dapni ձևից, որ նշանակում է «զոհ»: Հետագայում այն դարձավ tafn (=Տաւն=Տոն), որի իմաստն է «զոհի անասուն, զոհ, ողջակեզ», իսկ լատիներենում՝ daps, dapes, այսինքն «աստվածներին նվիրված զոհ, նվիրական խնջույք»,dapino՝ «առատ խնջույք տալ» և այլն: Այս բոլորը գալիս են հնդեվրոպական նախալեզվի dap, dep՝ «բաժանել, բաշխել» արմատից: 

 Քրիստոնյաների հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում եկեղեցական տոները, որոնցում արտահայտվում է նրանց հավատը, աստվածաճանաչողությունը և աստվածապաշտությունը: Տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի համար համընդհանուր ուրախության և պայծառության օր է: Այդ օրերին ուրախանում և փառաբանում ենք Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար: Տոն օրերին եկեղեցում կատարվող արարողություններն ուղեկցվում են հոգեզմայլ շարականների երգեցողությամբ ու աղոթքներով: Այդ օրերին եկեղեցին արտաքնապես է՛լ ավելի է զարդարվում, որը խորհրդանշում է մեր ներքին հոգևոր ուրախությունը և Աստծո սուրբ փառքը:Եկեղեցական տոները ավետարանական պատմության, հիշարժան որևէ իրադարձության կամ սրբերի, նահատակների հիշատակի ոգեկոչմանն են նվիրված: Եկեղեցին իր տոների միջոցով մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի, Սուրբ Մարիամ Աստվածածնի, սրբերի կյանքի և նահատակության մասին:

Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը, իմաստն ու նշանակությունը, պատգամը և ավանդությունը: Դրանք աստվածադիր են և Սուրբգրային ակունքներ ունեն:

Տոները կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար:

Սկզբնական շրջանում տոները և պահոց օրերը սահմանել են առաքյալները, իսկ հետագայում եկեղեցու սուրբ հայրապետները նոր տոներ ու պահքեր են ավելացրել: Աշխարհի բոլոր կողմերում, ուր քարոզվեց Ավետարանը, կառուցվեցին նորանոր եկեղեցիներ, և ամենուր հաստատվեցին առաքյալների ու հայրապետների կողմից սահմանված տերունական տոները: Այդպես եղավ և Հայաստանում. երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելավ Վիրապից և կենարար Ավետարանի խոսքով լուսավորեց Հայաստան աշխարհը, դրա հետ միասին հաստատեց նաև տերունական տոները:

Հայ եկեղեցու տոները բաժանվում են երեք խմբի. տերունական, սրբերի հիշատակություններ և պահքի օրեր:

Հայ եկեղեցին տերունական տոներ անվան տակ ընդգրկում է այն տոները, որոնք կատարվում են ի պատիվ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, Սուրբ Մարիամ Աստվածածնի, Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու: Այստեղից էլ՝ Տերունի օրերը կազմվել են տոների չորս խմբից. Տնօրինական, Աստվածամոր, Խաչի և Եկեղեցու:

Տնօրինական տոների մեջ են մտնում Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը, Պայծառակերպությունը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը՝ Զատիկը, Համբարձումը և Հոգեգալուստը:

Աստվածամոր տոներն են՝ Սբ. Աստվածածնի՝ Աննայից հղացումը, Սուրբ Աստվածածնի ծնունդը, Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին, Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, Աստվածամոր վերափոխումը, Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը, Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը:

Խաչի տոներն են՝ Սուրբ Խաչի երևումը, Խաչի գյուտը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը:

Սուրբ Եկեղեցուն նվիրված տոներն են՝ Նոր կիրակի, Աշխարհամատրան կիրակի, Հիշատակ հին տապանակի և նոր Եկեղեցու, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը, Տոն Շողակաթի:

Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու տոները տերունի տոն են համարվում, քանի որ Խաչը, լինելով գործիք, իսկ եկեղեցին՝ փրկագործության արդյունք, երկուսն էլ քրիստոնյաների հոգու մեջ նորոգում են տերունական սուրբ հիշատակներ:

Ըստ Առաքելական կանոնի՝ տերունի տոն է նաև տարվա յուրաքանչյուր կիրակի օրը, որը նվիրված է Հիսուսի հարությանը, այդ պատճառով պետք է ամեն կիրակի մատուցել Սուրբ Պատարագ: Այդ օրը, որպես եկեղեցական տոն, մշտապես համարվել է հանգստյան օր:

Տերունական տոներից հինգը կոչվում են տաղավար տոներ: Այս տոները հայ եկեղեցու ավագագույն տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Հարություն (Սուրբ Զատիկ), Պայծառակերպություն, Սուրբ Աստվածածնի վերափոխումը, Խաչվերաց: Ըստ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի՝ «տաղավար տոներ» անվանումը հատուկ է միայն Հայ եկեղեցուն, և այդ տոները Հին Ուխտի Տաղավարահարաց տոնի օրինակով են այդպես կոչվում: Տաղավարահարաց տոնը մեկ շաբաթ էր տևում, մարդիկ երկրի բոլոր ծայրերից հավաքվում էին Երուսաղեմում, իսկ ժողովուրդը ողջ տոնակատարության ընթացքին բնակվում էր ճյուղերից պատրաստված ժամանակավոր թեթև շինվածքներում՝ տաղավարներում: Այս նմանությամբ էլ Հայ եկեղեցում մեկից ավելի օրեր տևող և մեծ տոները կոչվեցին «տաղավարահարաց տոներ», որը հետագայում առաջին բառի մասնակի սղման պատճառով ստացավ «տաղավար տոներ» ձևը: Տաղավար տոներն ունեն հետևյալ առանձնահատկությունները.

1. Բոլոր տոներն ունեն երկար կամ կարճ պահքի շրջան,

2. Տոնի նախօրյակին երբեմն կատարվում է նավակատիք և նախատոնակ,

3. Տոնի նախօրյակի գիշերը՝ հսկում,

4. Տոնի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակի օր է (մեռելոց),

5. Տևողությունը՝ երեք և ավելի օրերի սահմաններում:

Այս տոները տոնվում են կիրակի օրը, բացառությամբ Աստվածհայտնության տոնից:

Սուրբ մարտիրոսների հիշատակին նվիրված օրերին հիշատակվում են սուրբ և առաքինի քրիստոնեական կյանքով ապրած մարդկանց անունները: Սրբերի հիշատակին նվիրված օրերը սահմանված են տոնելու հալածանքների ժամանակ նահատակված քրիստոնյաների հոգևոր արիության հիշատակը, ովքեր նեղությունների օրերին եղան Քրիստոսի վկաները: Սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա Խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում:

Եկեղեցական օրացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը, իսկ հետագա դարերում ապրած սրբերի հիշատակը նշելու համար եկեղեցին սահմանել է «Ամենայն սրբոց տոն»-ը, որի ժամանակ հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սրբերի և Հայ եկեղեցու սրբերի տոներ:

Պահքի օրերը սահմանված են ապաշխարության համար: Ըստ եկեղեցու կանոնի՝ տարվա օրերի գրեթե կեսը պահքի օրեր են: Պահքերը լինում են երեք տեսակ՝ օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Այդ օրերին զղջումով փրկություն ենք հայցում Աստծուց մեր անձերի, ողջերի և ննջեցյալների համար:

Պահքի օրերին, մարմինը զերծ պահելով զգայական ու ֆիզիկական հաճույքներից, ձգտում ենք կրոնական մտորումներով ու պաշտամունքով զորացնել մեր հոգևոր կյանքը:

Տերունական տոներին նախորդող երեկոյան կատարվում է նախատոնակ, որը տոնի նախապատրաստությունն է: Այն հանդիսավոր արարողություն է և կատարվում է եկեղեցու ատյանում: Երգվում է «Օրհնություն» շարականը, որն ուղեկցվում է խնկարկությամբ:

Նավակատիքը նոր տան, հիմնարկության, շինության բացման արարողությունն է, ինչպես նաև թագադրության, պսակադրության տարեդարձների առիթներով կատարվող հանդիսությունը: Նավակատիք բառը օտար ծագում ունի: Այն պահլավերեն է, պարսկերենից փոխանցվել է հայերեն լեզվին: Կազմված է «նավա» և «կատիք» բառերից: «Նավ» պահլավերեն և պարսկերեն նշանակում է նոր, իսկ «կատ» զենդերեն՝ տուն, այսինքն՝ նոր տուն, նորաստեղծ շինություն, նոր կերտված հաստատություն: Այն թարգմանվում է նորոգման և փրկության կամ ուրախության տոն:

«Նավակատիք եկեղեցու». Արարողություն է նվիրված նորակառույց եկեղեցու նախորդ օրվա օծմանը: Նավակատիք կարելի է համարել նաև եկեղեցու Սուրբ Խորանի նվիրագործումը, սրբազան մասունքների զետեղումը, խաչերի և եկեղեցական սպասքի օրհնությունը: Նավակատիք է համարվում նաև եկեղեցու անվանակոչության օրը՝ որպես հանդիսավոր օր:

«Նավակատիք» բառը եկեղեցական օրացույցներում օգտագործվում է նաև եկեղեցական Տաղավար տոների պահքերի համար:

Նավակատիքի օրերը ո՛չ ուտիքի օրեր են, և ո՛չ էլ ամբողջապես պահքի օրեր, այլ գտնվում են այս երկուսի միջակայքում: Այդ օրը թույլատրելի է գործածել ձկնեղեն և կաթնեղեն:

Հայ եկեղեցու տոները ժամանակային առումով լինում են շարժական և անշարժ: Անշարժ տոները անփոփոխ են, ամեն տարի միևնույն օրն է նշվում՝ անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն է: Իսկ շարժական տոները նշվում են տարբեր օրերի և հիմնականում կապված են Հարության տոնի՝ Զատկի և դրա փոփոխությունների հետ:

Տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է:

Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ: Այն կազմված է ըստ հռոմեական օրացույցի:

Տոնացույցը Հայ եկեղեցի առաջին անգամ ներմուծեցին Սուրբ Սահակ Պարթևը (387-436թթ.) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439թթ.): Հետագայում Հայ եկեղեցու հայրերն աստիճանաբար այն բարենորոգեցին:

1774թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի (1763-1780թթ.) բարեփոխած Տոնացույցը Հայ եկեղեցին կիրառում է մինչև այժմ: Սրա հիման վրա են կառուցվում հայ եկեղեցական օրացույցները:

Կայքի «Տոներ» բաժինը կոչված է հայ քրիստոնյային հաղորդ դարձնելու եկեղեցական տոներին, արարողություններին ու դրանց խորհրդին: Տոներին ծանոթանալով և մասնակից լինելով՝ յուրաքանչյուրի սրտում և հոգում զորանում է հավատքի լույսը, սերը դեպի Սուրբ եկեղեցին և մեր սրբազան արժեքները:

Տոները հոգևոր խորհրդածությունների առիթ են. մեր սրտում փրկության հույսն են նորոգում՝ դարերով կրթելով և ձևավորելով հայ քրիստոնյայի դիմագիծն ու հոգևոր աշխարհը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Սուրբ Մարիամ Աստվածածնի «ամենօրհնյալ» ծնունդը
Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիները անփոփոխ կերպով տոնում են Սբ. Կույս Մարիամի «ամենօրհնյալ» ծնունդը: Նա զավակն էր բարեպաշտ ծնողներ Հովակիմի, որ սերում էր մարգարե ու թագավոր Դավթի ցեղից և քահանայապետ Ահարոնի ցեղի դուստր՝ Աննայի: Ամուսինները հայտնի էին իրենց բազում առաքինություններով: Նրանք զավակ չունեին և միշտ աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ իրենց զավակ պարգևի՝ խոստանալով մանկանը Աստծուն ընծայել: Այն ժամանակ անզավակությունը .....
Խաղողօրհնեք
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի օրը՝ Սբ. Պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին: Այս սովորույթը ոչ մի առնչություն չունի բուն տոնի հետ, այլ գալիս է շատ հին ժամանակներից: Հնուց ի վեր եկած սովորության համաձայն՝ տարվա առաջին բերքը ընծայվում էր Աստծուն: Ըստ օրենքի՝ այդ բերքերն էին ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը, մեղրը և այլն: Այդ նվիրատվության արարողությամբ .....
Վարդավառի ժողովրդական սովորությունները
Պայծառակերպության ժողովրդական համարժեքը Վարդավառն է: Այս տոնը Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ անվանման բազում ձևեր. Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Զնաբերդ), Վըրթէվօր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ) և այլն: Բազում այս անվանաձևերով հանդերձ, հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր .....
Վարդավառ. Երկնքի Արքայության փառքը Թաբոր լեռան վրա
Վարդավառը Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնն է, որը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է և նշում ենք Հոգեգալուստից յոթ շաբաթ հետո հանդիպող կիրակին: Որպես շարժական տոն այն հանդիպում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Քրիստոսի պայծառակերպության մասին կարդում ենք Սբ. Մատթեոսի (Մատթեոս 17:1-9), Սբ. Մարկոսի (9:2-9) և Սբ. Ղուկասի (9:28-36) Ավետարաններում: Հիսուս Իր հետ վերցնելով Պետրոս, Հակոբոս և .....
Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոնը նշում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը: Սբ. Աստվածամորը նվիրված այս տոնը սահմանվել է հետևյալ առիթով: Ավանդությունն ասում է, որ Սբ. Կույսը իր զգեստներից մեկը նվիրել էր իր հետ ապրող մի հրեուհու: Պատմվում է, թե Կ. Պոլսեցի երկու ազնվատոհմիկ հույն եղբայրներ՝ Գալբիասը և Կանտիտասը, որոշում են ուխտի գնալ Երուսաղեմ՝ Պաղեստինի սրբավայրերը: Երբ Նազարեթում էին, ուր Ավետումն էր եղել, .....
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի մահը և նշխարների գյուտը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիները անցկացրեց առանձնության մեջ՝ ճգնելով Սեպուհ լեռան Մանյա անունով մի քարայրում: Քարայրը Մանյա էր կոչվում, քանի որ այստեղ ժամանակին Սբ. Հռիփսիմյանց կույսերից Մանեն էր բնակվում: Երբ նրա քահանայապետության երեսուն տարին լրացավ «բարի պատերազմը պատերազմած, հավատը պահած, ընթացքը ավարտած և անթառամ պսակին հասած» Տիրոջ հրամանով ելավ Սեպուհ լեռան կատարը և առանձնացավ լռության մեջ: Սբ. Գրիգորը, .....
Հայոց Սրբություն Սրբոց Սուրբ Էջմիածինը
Կաթողիկէ Սբ. Էջմիածնի տոնը Հայ եկեղեցին նշում է Հոգեգալուստից երկու շաբաթ անց, Սբ. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապ տոնին հաջորդող օրը: Այս տոնը հիշատակն է այն տեսիլքի, որ, ըստ Ագաթանգեղոսի, մեր հավատքի հայրը՝ Սբ. Գրիգորը, տեսավ Վիրապից ելնելուց հետո: Ինքը՝ Քրիստոս «բարձր ու ահեղ, ընթանում էր լուսեղեն զորքի առջևից և ձեռքին ուներ ոսկե մեծ կռան (մուրճ) և բոլորը նրա ետևից էին գալիս և Նա իջավ հասավ մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած .....
Հոգեգալուստ. ամեն առաքինություն և զորություն Սուրբ Հոգուց է
Հիսուս Քրիստոս Իր հրաշափառ Հարությունից հիսուն օր անց, հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, առաքյալների վրա առաքեց խոստացած Պարգևը` Սուրբ Հոգին: Պենտեկոստեն Հին Ուխտի երեք ամենամեծ տոներից մեկն էր: Այդ օրը հիշատակվում էր այն մասին, թե ինչպես Սինա լեռան վրա Մովսես մարգարեի միջոցով հրեա ժողովուրդը ստացավ Աստվածային տասը պատվիրանները: Տոնը նշելու համար հրեաները ուխտի էին գնում Երուսաղեմի տաճար, որտեղ ընծաներ էին մատուցում Աստծուն: Սուրբ .....
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր…
Հայոց տոների շարքում Համբարձման տոնը սիրելի տոներից մեկն է: Այս տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Այն ժողովուրդը միշտ նշել է բնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ և ուղեկցվել է ժողովրդական հանդիսություններով: Հայաստանի տարբեր շրջաններում տոնը հայտնի էր «Ծաղկամոր տոն», «Ճակատագրի տոն», «Վիճակի օր», «Ջանգյուլումի օր», «Կաթնապրի օր» անվանումներով, քանի որ Համբարձումը բնորոշվում .....
Սուրբ Խաչի երևումը. վկայություն երկնքից
«Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է» (Սբ. Հովհան Ոսկեբերան): Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Խաչին նվիրված ունի չորս տոն՝ Խաչվերաց, .....
Կարմիր կիրակի. Քրիստոսի արյամբ ծաղկած կիրակի
Հինանց շրջանի գունագեղ կիրակիներից Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին Կարմիր է կոչվում՝ «զի Տէրն երեւի որպէս ի Զատկի օրն Կիրակի»: Այս անվանումը ունի ժողովրդական ծագում: Կարմիր կիրակին նահատակաց կամ սրբոց կիրակի էլ է կոչվում: Եկեղեցում այս գունագեղ անվան հետ կապված որևէ արարողություն չի կատարվում, որևէ շարական չկա: Թերևս ըստ սովորության որոշ եկեղեցիներում Կանաչ և Կարմիր կիրակիներին արտաքին փոփոխություն է նկատվում. եկեղեցու վարագույրը, .....
Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի
Այսպես է կոչվում Սբ. Զատկին հաջորդող երկրորդ կիրակին: «Աշխարհամատուռ»-ը կազմված է աշխարհ և մատուռ բառերից և նշանակում է աշխարհի առաջին մատուռը՝ Երուսաղեմի եկեղեցին՝ հիմնված առաքյալների կողմից: Աշխարհամատուռ բառին բառարանները զանազան իմաստներ են տալիս. «բազիլիկա», այսինքն` արքունի տաճար, երևելի մատուռ կամ ավագ եկեղեցի: «Մատուռ»-ը հունարեն բառ է, որ նշանակում է Մարտիրոսանոց: Առաքելական շրջանում Երուսաղեմում պատրաստվեց .....
Նոր կիրակի կամ Կրկնազատիկ
Հինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր Կիրակին է, որը հաջորդում է Սուրբ Զատկի տոնին: Արևմտյան եկեղեցին այս կիրակին կոչում է «Սպիտակ կիրակի»: Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգևոր մաքրագործումը: Օրթոդոքս և կաթոլիկ եկեղեցիներում ընդունված է այս կիրակին անվանել «Թովմասի կիրակի»: «Տեսնել և հավատալ» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Առաքյալներից Թովմասն էլ .....
Մեռելոց. աղոթք ննջեցյալների համար
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս: Հավատացյալները գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին: Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները: Հավատացյալները .....
Խավարման կարգ
Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո: Խավարման արարողության սկզբում վարագույրով ծածկված խորանի կենտրոնում դրվում են տասներկու մեծ մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․