Գրքեր

«…Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Ուրախ եմ կրկին մեր մեծ ու համերաշխ ընտանիքը միախմբված տեսնելու հարազատ եկեղեցու սուրբ հարկի ներքո: Թող աստվածային սերն էլ ավելի ամուր կապերով միավորի ձեզ ընդհանուր ամենագլխավոր նպատակի՝ հոգու փրկության և Աստծու արքայությանն արժանանալու շուրջը:

Սիրելինե՛ր, ես այսօր ամենևին էլ պատահաբար չհիշեցրի ձեզ մեկ ընտանիք լինելու մասին, այլ կամեցա ձեր ուշադրությունը սևեռել օրվա ավետարանական տողերին, քանի որ դրանցում Տեր Հիսուս Քրիստոս խոսում է յուրաքանչյուր մարդու համար այնքան կարևոր հարցերի՝ ամուսնության և ամուսնալուծության մասին: Մարկոս ավետարանիչը պատմում է, որ ժողովրդին ուսուցանելու ժամանակ փարիսեցիները մոտեցան Քրիստոսին և իրենց հատուկ նենգամտությամբ փորձեցին ծուղակը գցել Նրան՝ հարցնելով, թե արդյո՞ք օրինավոր է, որ մարդն արձակի իր կնոջը, քաջ իմանալով, որ մովսիսական օրենքը թույլատրում էր լուծել ամուսնությունը, ինչին Տերը պատասխանեց. ««….արարչագործության սկզբից Աստված արու և էգ ստեղծեց նրանց»: Եվ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից: Եվ երկուսը մի մարմին պիտի լինեն և այլևս երկու չեն, այլ՝ մեկ մարմին: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մրկ. 10:6-9): Եվ այնուհետև շատ խիստ արտահայտվեց ամուսնալուծության մասին: Քրիստոսի խոսքերը նույնիսկ աշակերտներին խիստ ու դժվար իրագործելի թվացին, քանի որ ինչպես Մատթեոս ավետարանիչն է պատմում, երբ նրանք առանձնացան Վարդապետի հետ, ասացին. «Եթե այդպիսին է պարագան մարդու և կնոջ համար, լավ է չամուսնանալ» (Մտթ. 19:10):

Նայելով ժամանակակից աշխարհի նորանոր մարտահրավերներին, օրեցօր արժեզրկվող բարոյահամակարգին, տեսնում ես, որ իսկապես, ավելի ու ավելի դժվար կիրառելի են դառնում Տիրոջ խոսքերը: Մարդիկ ամուսնանում են՝ առանց իրենց քայլը գիտակցելու և ամուսնալուծվում՝ չնչին պատճառներով և նույնիսկ առանց պատճառի, ինչպես այն պատմության մեջ, երբ մի կին է գնում եպիսկոպոսի մոտ՝ խնդրելով լուծել Պսակի խորհուրդը և կրկին պսակել մեկ այլ մարդու հետ, որն էլ իր հերթին էր ամուսնալուծվել կնոջից: Եպիսկոպոսը հարցնում է նրան. «Ամուսինդ ձանձրացրե՞լ է քեզ»: «Ո՛չ, սրբազա՛ն»,- պատասխանում է կինը: «Այդ դեպքում միգուցե այն մյուս տղամա՞րդն է սաստիկ գրավել քեզ»: «Օ՜, ո՛չ, ամենևին»,- լսվում է ի պատասխան: «Այդ դեպքում ո՞րն է պատճառը, ինչո՞ւ ես ցանկանում ամուսնալուծվել և այն մյուսի հետ ամուսնանալ»: «Բանն այն է, որ մյուսի հետ միասին սագեր ենք պահում ու եթե հիմա վերադառնամ ամուսնուս մոտ, ստիպված կլինեմ սագերին թողնելու…»

Ահա, թե երբեմն ուր է հասնում մարդու անլրջությունն ու անհոգությունը, սիրելինե՛ր: Սակայն ինչպիսին էլ լինի մարդը, ինչպիսի դաստիարակություն ու խառնվածք ունենա, նա չի կարող առանց ընտանիքի: Մարդկային բնության մեջ դրված է կողակցին ձգտելն ու ընտանիք կազմելու ցանկությունը: Նույնիսկ կատարյալ Ադամը, որ եդեմական պարտեզում վայելում էր Արարչի կենդանի ներկայությունը, իր նմանի կարիքն ուներ: Ծննդոց գրքում կարդում ենք. «Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»» (Ծննդ. 2:18): Եվ այդ օրվանից սկսած, մարդը որքան էլ կեղծ ազատության գաղափարներով ապրի՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից ու պարտականություններից, կյանքի որոշակի փուլում անպայմանորեն զգում է այն «միակին» գտնելու և նրա հետ ամուսնական կապերով միանալու անհրաժեշտությունը: Սակայն երիտասարդությունն այսօր ինֆորմացիոն այնպիսի քաոսի մեջ է գտնվում, որտեղ բացեիբաց քարոզվում է այլասերվածությունը, և կեղծն ու արատավորը ներկայացվում որպես ընդունված կարգ, որ չի կողմնորոշվում, թե ինչպիսի արժեքներով է պետք առաջնորդվել՝ առողջ ընտանիքը կազմելու, այն ճիշտ ու ամուր հիմքի վրա կառուցելու և հետագայում ամուսնալուծության դառը բաժակը չհամտեսելու համար: Իսկ որպեսզի ամուսնությունը կայանա և չխարխլվի ժամանակի ընթացքում չափազանց կարևոր է, թե ինչ հիմքի վրա է այն կառուցվում, քանի որ սխալ ու կեղծ գաղափարների, զգացմունքների կամ արժեքների վրա կառուցված ամուսնությունը չի կարող հարատևել, միավորել ամուսիններին և իրական ուրախություն պատճառել նրանց: Ուստի շատ կարևոր է, որպեսզի ամուսնության որոշում կայացրած երիտասարդները գիտակցեն, թե ինչով է պայմանավորված իրենց որոշումը՝ ժամանակավո՞ր գործոններով, ինչպիսիք են, օրինակ, սիրահարվածությունը, ֆիզիկական ցանկությունը, ակնկալվող հարստությունը, դիրքը կամ ապահով կյանքը, թե՞ հավիտենականի, անանցի ձգտումը, դեպի Աստված տանող ճանապարհը, որ ցանկանում են միասին անցնել և որը հնարավոր է միայն աստվածային շնորհով ու Քրիստոսի սիրով փոխակերպված ճշմարիտ սիրո պարագայում: Քանի որ երկու մարդկանց միավորումը մեկանգամյա արարողություն չէ, որ հարսանեկան թանկարժեք հանդիսությունը կամ Պսակի խորհուրդը նրանց անքակտելի միասնության երաշխիք լինեն: Ուստի, սիրելի՛ ծնողներ, ուսուցիչնե՛ր ու հարազատնե՛ր, սովորեցրե՛ք այս ճշմարտությունը ձեր զավակներին, որպեսզի Պսակի խորհուրդը չընկալեն որպես կախարդական փայտիկ կամ միստիկ ինչ-որ ծես, որից հետո ամեն ինչ լավ է լինելու՝ առանց իրենցից ջանքեր պահանջելու: Ո՛չ, սիրելինե՛ր: Ճիշտ է, Պսակի խորհրդի ժամանակ զույգն ստանում է Աստծու օրհնությունը, սակայն միայն դա բավարար չէ անխախտ միության համար: Պսակի խորհուրդը ենթադրում է ձեր հավատն առ Աստված, ուստի տրամաբանական է ենթադրել, որ այդուհետ ձեր միությունը պիտի վստահեք Ամենակալին ու ձեր ամուսնական կյանքը կառուցեք Աստծու սուրբ կամքի ու պատվիրանների համաձայն՝ Նրա օգնությունը հայցելով ամեն պարագայում: Եվ վստահ եղեք, որ անմասն չեք մնա Աստծու օգնությունից ու օրհնություններից, եթե չխզեք ձեր կապը Եկեղեցու հետ, այլ՝ քրիստոնեական կյանք վարեք սիրով՝ միասին մասնակցելով Եկեղեցու կյանքին ու խորհուրդներին:

Սիրելի՛ հավատացյալներ, իսկապես բարդ է կյանքը, իսկապես բարդ է ամուսնական կյանքը, հատկապես մեր օրերում, քանի որ դա էլ խաչի փշոտ ճանապարհ է, որը փրկության է տանում այն ճիշտ անցնելու դեպքում, քանի որ ամուսնական կյանքն ամենից առավել է մարդու սովորեցնում ինքնազոհության գնալ, ներել, համբերել… Սակայն, որպեսզի ամուսնությունը չդառնա անվերջ պայքարի ու հոգնեցուցիչ խնդիրների անհրապույր մի դաշտ, ծնողները կամ երեխաների խնամակալներն ու ուսուցիչները, առաջին հերթին սեփական օրինակով, Եկեղեցու օրինակով պարտավոր են նրանց մանկուց սովորեցնել իրենց կյանքերն ամբողջությամբ Աստծուն վստահել և Նրա հոգատար խնամակալությանը հանձնել, որպեսզի թե՛ ողջ կյանքը, թե՛ ամուսնականն ընթանա Աստծու նախախնամության և սուրբ կամքի համաձայն: Ծննդոց գրքում Եվայի արարումը հետևյալ կերպ է նկարագրվում. «Տեր Աստված թմրություն բերեց Ադամի վրա, և սա քնեց: Աստված հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը մաշկով ծածկեց: Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ: Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչվի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծվեց» (Ծննդ. 2:21-23): Անհուն խորհուրդ՝ խորունկ ու զարմանահրաշ. իմաստությունների Տերը կնոջը չարարեց հողից, ինչպես Ադամին, այլ հատուկ ստեղծեց նրա կողոսկրից՝ սերտագույն նմանություն դնելով երկու առանձին արարածների միջև և միավորելով նրանց բնական, անքակտելի կապով: Երկու տարբեր ընտանիքներում ծնված ու մեծացած, սակայն միմյանց այնքան նման ու հարազատ երկու առանձին հոգիների միությունն այն սրբազան խորհուրդն է, որի սկիզբը Աստված դրեց դրախտում և ըստ Տիրոջ արարչագործական ծրագրի՝ այդ միությամբ մարդիկ պետք է ապրեին եդեմական ներդաշնակության ու երանության մեջ: Եվ այս կապը բնականորեն այնքան քաղցր ու անփոխարինելի պիտի լիներ, որ միմյանցից բաժանվելու գաղափար անգամ չպիտի ծնվեր:

Ուստի, ևս մեկ անգամ ձեզ եմ դիմում, սիրելի՛ ավագներ, ձեր զավակներին մանկուց սովորեցրե՛ք խոնարհաբար ընդունել Արարչի սուրբ կամքն ու ընթանալ Նրա մատնանշած ճանապարհով: Ձեր զավակներին սովորեցրե՛ք, որ համատարած քարոզվող անբարոյությանը հակառակ, հոգու և մարմնի մաքուր ու բարոյական կյանքն է մարդուն հաճո դարձնում Աստծու առաջ և թույլ տալիս, որ նախախնամությունը գործի նրա կյանքում: Ձեր դուստրերին սովորեցրե՛ք անարատ պահել իրենց պատիվը և որպես անգին գանձ նվիրաբերել իրենց ամուսիններին: Որդիներին սովորեցրե՛ք չարատավորել ուրիշների դուստրերին՝ օգտվելով նրանց թուլությունից կամ դյուրահավատությունից, այլ հարգել ու պաշտպանել նրանց, ինչպես կցանկանային, որ իրենց քույրերին կամ դուստրերին վերաբերվեին: Սովորեցրե՛ք, որ չեն ամուսնանում միայն մարդու գեղեցիկ աչքերի, գրավիչ մարմնի կամ դիրքի հետ, այլ դրանց հետ միասին մարդն ունի բնավորություն ու սովորույթներ, կրքերով ու առաքինություններով ձևավորված հոգի, ծնողներ, ընկերներ ու հարազատներ, որոնց ևս պետք է ընդունել ու սիրով վերաբերվել:

Եվ ամենակարևորը՝ մշտապես աղոթեցե՛ք ձեր զավակների համար՝ նրանց հանձնելով Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, Որին միշտ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

22.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․