Գրքեր

Uուրբ գրքի շնորհման նպատակը

«Որովհետև ամոթ չեմ համարում ավետարանելը, քանի որ այն Աստծու զորությունն է ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա 16)։

Աստված Սուրբ Գիրքը պարգևել է ինչպես բովանդակ մարդկությանը, այդպես էլ յուրաքանչյուր մարդու` ինձ և քեզ: Որովհետև Աստված կամենում է, որ «բոլոր մարդիկ» (հետևաբար և դու) «փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. Բ 4): Այս է Նրա` Սուրբ Գիրքը յուրաքանչյուրին շնորհելու պատճառը. որպեսզի կարդալով կամ լսելով այն` մարդիկ կարողանան հավիտենական փրկության հասնել:

Հարկ է Սուրբ Գիրքը կարդալ կամ լսել ոչ թե նրբամիտ դառնալու, այս աշխարհում իմաստուն լինելու կամ հաչս մարդկանց իմաստուն երևալու համար, քանզի սա հակառակ է Աստծու խոսքին: Այն մեզ չի շնորհվել, որ նրանով փառավորվենք այս աշխարհում: Ով այդ նպատակով է կարդում կամ քարոզում Աստծու խոսքը, կամենում է Աստծու շնորհը, այսինքն՝ Աստծու խոսքը, ոչ թե Աստծու, այլ իր ունայն փառքին ծառայեցնել և այդպիսով Աստծու շնորհից աստվածային փառք հափշտակել իր համար, որը նույնն է, ինչ գողանալը (իսկ դա մեծագույն և պղծագույն մեղք է): Այլ Աստծու խոսքը հարկ է կարդալ կամ լսել փրկության մեջ իմաստնանալու, լուսավորված միտք ունենալու, ճշմարտությունը ճանաչելու, դեպի չարը հակված սիրտը բարուն և Տիրոջ կամքը կատարելուն ուղղելու համար, ինչպես նաև` քարոզելու մադկանց շինության և ոչ թե սեփական իմացությունը ցուցադրելու համար: Իսկ ով կարդում, լսում կամ քարոզում է Աստծու խոսքն այլ նպատակով, նրա համար այն ոչ միայն օգտակար չէ, այլև վնասակար է: Այդ պատճառով է, որ Աստվածաշնչին քաջատեղյակ բազում անձինք ավելի չար են լինում, քան անտեղյակները: Բանն այն է, որ Աստված այդպիսիներից վերցնում է շնորհը իրեն անտեսելու և իր աստվածային շնորհը չարաշահելու պատճառով. և այդպես առանց շնորհի նրանք մի մեղքից մյուսն են ընկնում, քանզի «Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ» (Ա Պետ. Ե 5):

«Երկու տեսակի ուսյալ և իմաստուն մարդիկ կան. ոմանք դպրոցներում կրթվում են գրքերով, սակայն նրանցից շատերն ավելի անմիտ են, քան հասարակ ու անգրագետ մարդիկ, քանզի քրիստոնեական այբուբենն իսկ չգիտեն. մտքով սուր են, բառեր են ուղղում ու պերճախոսում, սակայն սեփական սիրտն ուղղել չեն ցանկանում: Մյուսներն աղոթքով, խոնարհությամբ ու ջանասիրությամբ սովորում և լուսավորվում են Սուրբ Հոգուց և ավելի իմաստուն են, քան այս աշխարհի իմաստասերները: Նրանք բարեպաշտ են, սուրբ և աստվածահաճո: Այդպիսիք թեև գրագետ չեն, բայց գիտեն, թե ինչ է բարին. հասարակ ու կոպիտ են խոսում, սակայն ապրում են գեղեցիկ ու պարկեշտ կյանքով: Այդպիսիների՛ն հետևիր, քրիստոնյա՛» (ս. Տիխոն Զադոնսկի):

«Ավետարան կարդալիս հաճույք և հրճվանք մի՛ փնտրիր, ոչ էլ` փայլուն մտքեր, այլ ձգտիր տեսնել սուրբ Ճշմարտությունը: Մի՛ բավարարվիր միայն Ավետարանի անպտուղ ընթերցանությամբ, ջանա կատարել նրա պատվիրանները. կարդա այն գործերով: Այն կյանքի Գիրք է, և պետք է այն կյանքով կարդալ:

Երբ բացես սուրբ Ավետարանը ընթերցելու համար, հիշի՛ր, որ նա է լուծելու քո հավիտենական վիճակը: Նրանով ենք մենք դատվելու. այստեղ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի համեմատ էլ կհատուցվի մեզ կա՛մ հավիտենական երանություն, կա՛մ հավիտենական պատիժ: Աստված Իր կամքը հայտնեց չնչին հյուլեին` մարդուն: Գիրքը, որի մեջ շարադրված է այդ մեծ ու ամենասուրբ կամքը, քո ձեռքում է: Դու ըստ քո հայեցողության կարող ես և՛ ընդունել, և՛ մերժել քո Արարչի և Փրկչի կամքը: Քո հավիտենական կյանքն ու հավիտենական մահը քո ձեռքում են: Հապա խորհի՛ր, թե որքա՜ն զգույշ ու ողջամիտ պիտի լինես: Մի՛ խաղա քո հավիտենական վիճակի հետ» (ս. Իգնատի Բրյանչանինով):

«Տգիտություն և տկարություն` ահա մեղքի երկու աղբյուրները, որոնք երկուսն էլ մեր կամքից են կախված: Իսկ մենք չենք կամենում ո՛չ սովորել, ո՛չ էլ սանձահարել մեր ցանկությունները: Թե՛ մեկի, թե՛ մյուսի դեմ պայքարելու միջոցներ են շնորհվել մեզ. դրանք են ճանաչողությունն ու սուրբգրային ապացույցների վրա հիմնված խորին համոզմունքը (Կղեմես Աղեքսանդրացի):

«Սիրելինե՛րս, Աստվածաշունչ Մատյանի ընթերցանությունը մեծ շնորհ է: Նա իմաստնացնում է հոգին, միտքը երկինք հափշտակում, մարդուն մղում երախտագիտության առ Աստված, թույլ չի տալիս նրան հակվել չար բարքերի, ստիպում է միշտ մտքով հաստատվել երկնքում, դրդում մեզ գործել Տիրոջից հատուցում ստանալու ակնկալիքով և մեծ նախանձախնդրությամբ ձգտել առաքինության սխրանքների: Այստեղից Սուրբ Գրքից կարելի է ստույգ իմանալ, թե ինչ փութով է մեզ օգնության գալիս աստվածային նախախնամությունը, այստեղ ենք հանդիպում բազում արդարների և ճանաչում Տիրոջ ողորմածությունն ու հատուցումների անսպառ հարստությունը: Հենց նրանով է կարելի սեփական անձի մեջ արթնացնել առաքինի այրերի` ողջախոհությանը հետևելու և ընդօրինակելու բաղձանքը և թույլ չտալ սեփական անձին տկարանալ առաքինություն ձեռք բերելու սխրանքի մեջ, այլ ի սրտե ապավինել Աստծու խոստումներին նախքան նրանց իրականանալը: Ինչ որ նյութական սնունդն է մեր մարմնի կենսագործունեությունը պահպանելու համար, իսկ և իսկ Սուրբ Գրքի ընթերցանությունն է հոգու համար: Նա հոգևոր սնունդ է, որ բյուրեղացնում է միտքը, հոգին դարձնում զորավոր, հաստատակամ ու իմաստուն` թույլ չտալով վերջինիս ընկղմվել անմիտ կրքերի մեջ, այլ ընդհակառակը` էլ ավելի է դյուրացնում նրա ճախրանքը` բարձրացնելով-հասցնելով նրան, այսպես ասած, ուղղակի երկինք: Ուստի աղաչում եմ, առավելագույն ջանադրությա՛մբ ընթերցենք Աստվածաշունչ Մատյանը:

Որովհետև անհնար է, անհնար է, ասում եմ, որ որևէ մեկը փրկված լիներ կամ կարողանա փրկվել առանց Սուրբ Գրքի ընթերցանության» (ս. ՀովԻաննես Ոսկեբերան):

«Ով իսկապես ճանաչել է Սուրբ Գրքի գիտությունը, գիտե, որ Գրքի ամենապարզ և ամենաիմաստուն խոսքի զորությունը հետապնդում է միևնույն նպատակը` մարդու փրկությունը, իսկ այս գիտությանն անհաղորդը հաճախ է գայթակղվում» (ս. Պետրոս Դամասկացի):

«Տգետ ու կույր են բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում, որ Ս. Գրքի ընթերցանությունը մղում է մարդու կոչմանն արժանի ու վեհ գաղափարների» (Որոգինես Ալեքսանդրացի):

«Ճշմարտությանը հասնելու ամենահուսալի շավիղը Ս. Գրքի ընթերցանությունն է, քանզի այստեղից ենք իմանում, թե ինչ պետք է անել և ինչ չանել: Այստեղ վաղուց ի Տեր ննջած մարդիկ ասես հարություն են առնում իրենց վեհ կյանքով և ճանապարհ ցույց տալիս նրանց, ովքեր կամենում են հետևել իրենց բարի օրինակին: Ահա թե ինչու յուրաքանչյուր ոք, ով տկարանում է իր պարտականությունների կատարման մեջ, ընթերցելով Ս. Գիրքը, կարող է զորանալ: Միայն թե խորհուրդ եմ տալիս. այդ ընթերցանությունը թող ուղեկցվի աղոթքով» (ս. Բարսեղ Կեսարացի):

«Մենք միշտ պետք է Ավետարանի խրատով դաստիարակվենք լուսավորվելու համար, որպեսզի ստանանք Կտակարաններում ամփոփված ճշմարտության Սուրբ Հոգու շնորհներից: Ուստի դադարենք դատարկ և վայրապար քննությունից և ընթանանք Ս. Գրքի` Հին և Նոր Կտակարանների խրատներով:

Գրքերն են մեր վարդապետները. նրանց միջոցով ընդունենք հավիտենական հույսը և նրանցով վեր բարձրանանք աշխարհից» (ս. Գրիգոր Լուսավորիչ):

«Սուրբ Հոգով շարադրված բոլոր Սուրբ Գրքերը խորհուրդ ու դիտավորություն ունեն և երբեք զուր տեղը չգրվեցին, այլ գրվեցին մեզ օգտակար լինելու և ուսուցանելու համար, որպեսզի նրանց միջոցով ճանաչենք Աստծու ամբողջ կամքը և չշեղվենք ուղիղ ճանապարհից, որը մեզ դեպի վեր` Աստծու մոտ է տանում: Այս մասին վկայում է նաև Պողոս առաքյալը. «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ. Գ 16)» (Սարգիս Շնորհալի):

«Հին կամ Նոր Կտակարանների աստվածային հեղինակություն ունեցող էջերից կամ ուսուցումներից ո՞ր մեկը ուղղագույն կանոն չէ մարդկային կյանքի համար» (ս. Բենեդիկտոս):

«Քանի որ մենք շատ թույլ ենք, որպեսզի ճշմարտությունը գտնենք զուտ բանականության միջոցով, և հետևապես կարիք ունենք Սուրբ Գրքի հեղինակությանը, ես սկսեցի հավատալ, որ Դու այդ Գրքին այդպիսի հեղինակություն չէիր հաղորդի ողջ աշխարհով մեկ, եթե չուզենայիր, որ Նրա միջոցով Քեզ հավատան և Նրա միջոցով Քեզ փնտրեն: ...․Սուրբ Գիրքը սկսեց ինձ թվալ ավելի արժանի հարգանքի նրանով, որ բաց էր բոլորի համար, և միևնույն ժամանակ պահպանում էր իր խորհրդավորության վեհությունը` խորը մտքի քննության համար: Այն ներկայանում էր բոլորին շատ պարզ խոսքերով և խոնարհ ոճով, միևնույն ժամանակ նրանց, ովքեր թեթևաբարո չեն սրտով, ստիպում էր մտքով լարվել, որպեսզի իր գիրկը բաց անի բոլորի համար և նեղ անցումներով դեպի Քեզ տանի քչերին. թեև նրանք ավելի շատ են, քան կլինեին, եթե Գիրքը իր հեղինակությամբ այդքան բարձր չլիներ և իր սուրբ ու խոնարհ գիրկը չընդուներ մարդկանց այդպիսի բազմություններ» (ս. Օգոստինոս Երանելի):

«Ոմանք,- գրում է մի հեղինակ,- դիմում են Աստծու խոսքին` կարծելով, թե նրանում հին ժամանակներին վերաբերող պատմական տեղեկություններ կգտնեն, և, իրոք, գտնում են, սակայն խոսքի նպատակը այդ չէ: Մյուսները երկրաբանական տեղեկություններ են փնտրում և փութեռանդորեն փորձում կա՛մ երկրաբանությունը հարմարեցնել Սուրբ Գրքին, կա՛մ Սուրբ Գիրքը` երկրաբանությանը: Մենք կարող ենք միշտ լիովին վստահ լինել, որ ճշմարտությունը երբեք ինքն իրեն չի հակասում, բայց քանի որ դեռևս ոչ ոք ի զորու չէ լիովին երկրաբանություն իմանալ (քանզի նրա փաստերը դեռևս մեկնաբանված չեն որևէ գոհացուցիչ տեսությամբ), մենք կսպասենք, որ փիլիսոփաները լուծեն իրենց հարցերը: Իսկ մենք վստահ ենք, որ երբ նրանք գտնեն ճշմարտությունը, այն լիովին համահունչ կլինի Աստծու հայտնությանը: Համենայն դեպս, մենք կարող ենք գիտությունը թողնել գիտնականներին: Աստվածաշնչի գլխավոր վարդապետությունը մարդկանց փրկության, դրախտի առաջին մարդկանց անկման, մարդկային բնության խաթարման և քավության միջոցների մասին է: Ընթերցե՛ք բովանդակ Աստվածաշունչը և կտեսնեք, որ նրա գլխավոր խնդրո առարկան մարդկանց կենսական շահերն են (լինեն նրանք հրեաներ, թե հեթանոսներ). մարդկանց, որ միևնույն ծագումն ունեն (լինեն նրանք բարբարոսներ, սկյութներ, հույներ, ստրուկներ կամ էլ ազատներ). մարդկանց, որ կանչված են շնորհի հանդիսությանը: Աստծու խոսքը սխալ է ընթերցում նա, ով չի լսում, որ այն առավելապես վերաբերում է իրեն և իր մերձավորներին:

Սա Գիրք է, որն անձամբ է խոսում մեզ հետ: Նա չի խոսում այն մասին, թե ինչ կա Լուսնի և Յուպիտեր մոլորակի վրա, ինչ է եղել հին ժամանակներում, ոչ էլ` առավել ևս գալիք ժամանակի մասին: Գիրքը վերաբերում է մեզ, մեր այժմյան պարտականություններին, խոսում է այն մասին, թե ինչպես այսօր մեղքը կարող է ներված լինել, և ինչպես մեր հոգիները կարող են միավորվել Քրիստոսի հետ»:

Մեր կողմից վկայակոչված իմաստունը իր ստեղծագործություններից մեկում նշում է, որ քրիստոնյան չպետք է ընթերցի Ավետարանը բանաստեղծի, գիտնական պրոֆեսորի, մեկնաբանի ու պատմաբանի նման: «Ընթերցեք,- գրում է նա,- ինչպես մարդ: Կա մի բան, որ գերիվեր է երևակայությունից, գիտությունից, խելքից, հանճարից (թեկուզ աշխարհի ամենամեծ խելքն ու հանճարը լինի). դուք ինձ չեք առարկի, եթե ասեմ, որ խղճմտանքն է այդ բանը, որով պետք է ընթերցել Ավետարանը»:

Իրապես կոպիտ սխալ թույլ տված կլինենք, եթե, տեղի տալով մեր մտքի անհագ հետաքրքրասիրությանը, Աստվածաշնչում փնտրենք բոլոր հարցերի լուծումը: Աստված հաճեց հավիտենական ճշմարտությունից մարդկությանը հայտնել այն, ինչն անհրաժեշտ է երկրային կյանքի իմաստը հասկանալու և Աստծու կամքը այս աշխարհում կատարելու համար: Չհետևենք մեր բանականության քմահաճույքներին այնտեղ, որտեղ մարդու գիտակցության համար հանապազօրյա հացի չափով է ամփոփված Աստծու հավիտենական ճշմարտությունը: Աստվածաշնչում չփնտրենք աստղագիտությանը, երկրաբանությանը, բնախոսությանը կամ կազմախոսությանը վերաբերող այն հարցերի պատասխանները, որոնք մարդու երկրային կյանքի իմաստի ընկալման հետ ընդհանրության որևէ եզր չունեն: Եվ վստահ լինենք, որ կգտնենք վերոհիշյալ գիտություններին առնչվող բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք անհրաժեշտ են մարդու երկրային կյանքի իմաստը հասկանալու և Աստծու կամքը կատարելու համար: Բայց մի բան լավ հիշենք, որ այն ամենը, ինչ հաղորդում է մեզ աստվածային Հայտնությունը, բացարձակ ճշմարտություն է, և ոչ թե նրա հետ համեմատել, այլ նրանո՛վ պետք է ստուգել բոլոր գիտական հիպոթեզները, որոնք շատ հաճախ հիմնված են միամիտ ու անհեթեթ գիտական հեքիաթիկների վրա և, իբրև որևէ հեղինակավոր գիտնականի անձնապաստան երևակայության արդյունք՝ հաճախ զուրկ են նվազագույն իսկ գիտական հիմունքներից*:

 

* Как читать Библию, Москва, 1996, стр. 6-7

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

20.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․