Գրքեր

Ա Պետրոս 1.1

Երանելի սուրբ Սարգիս վարդապետի` Պետրոս առաքյալի կաթողիկե առաջին թղթի մեկնությունը

Գովասանական առաջաբան

Աստվածային բոլոր խոսքերն արդյունավետ և շահավետ գործեր են, և քաջերի ու առաքինիների միջոցով աշխարհին ցույց են տալիս բարձրահնչյուն ձայնով՝ պարզ և վայելուչ՝ սկիզբը, մեջտեղը և ավարտը, արտաքնապես՝ լուսաձև, պարզ տեսքով: Ինչպես որ այժմ մեծն Պետրոսը, մեր մտքերում արեգակնաբար ծավալում է լուսափայլ խոսքերը, [որպես] բարեծնունդ, կենարար բխման աղբյուր մարդկային բնության ծարաված և մեռած վայրերում՝ նրանց կենդանություն տալով և հատկապես՝ վերցնելով մեռած մասերը և խառնելով կենդանության հետ: Ոչ՝ ըստ մեր իմանալի մտքի և ոչ էլ՝ ըստ տեսանելի մարմնական զգայարանների, այլ՝ ըստ իր անճառ և անպատում իմաստության: Քանզի այսպես նաև Աստծու մասին չենք կարող իմանալ, այլ առհասարակ շուրջբոլորն, ինչպես արեգակի լույսն է, այդպես էլ աստվածային լույսով է երևում:

Մեր տեսողության լույսն ու անտեսանելին, եղածներն ու լինելիքները, վերին երկինքը և երկիրը, որի վրա քայլում ենք, առավել վեր՝ Աստծու կամարաձև տաճարը, խորհելուց և իմանալուց առաջ մեր առջև տեսնում ենք:  Արդեն իսկ աշխարհի լինելուց առաջ ընտրեց մարդուն՝ վեհագույնը վատթարից: Դրա համար առաջին դարում կարճ ժամանակով արժանի չհամարեց սերունդ թողնել՝ չարի հետ խառնված լինելու պատճառով, մինչև որ տվեց օգնական օրենքը և ուղարկեց մարգարեներին՝ վարդապետության:

Բայց քանի որ սրանք չկարողացան՝ մարդկային տկարությունից ելնելով, ապա, երբ ժամանակն իր լրումին հասավ, ինքը եկավ՝ բնության Արարիչը, և վերցնելով մեր բնությունը՝ յուրացրեց: Զատեց բարի ստեղծածի հետ խառնված չարը, զատեց մարդկային անկարգ ընթացքից ի սկզբանե ընտրյալներին, որոնց էլ առաքյալներ կոչեց, որոնց և վկայեց իրական բարին՝ ասելով. «Դուք այս աշխարհից չեք» (Հովհ. 15:19): Ինչո՞ւ, քանզի առաքինությամբ ամբողջովին երկնավորներին հարեցին:

Եվ երբ Պետրոս եմ ասում, ո՞ւմ մասին եմ ասում, նրա, ով Հոր կողմից արժանացավ բարձրագույն հայտնության, նրա, ով դավանեց Որդուն Հոր բնությունից, նրա, ով մեծագույն երանության արժանացավ, նրա, ով վեմ կոչվեց և Եկեղեցու հիմքերը դրեց:

Պետրոսը՝ տգետը և իմաստունը, ձկնորսը և խորը փիլիսոփան, աղքատը և հարուստը, որը ոչինին չուներ և միևնույն ժամանակ ամեն ինչ ուներ, որ աղքատ էր, որ ոսկի և արծաթ չուներ, սակայն ի ծնե կաղին քայլեցնում էր, որ անտուն էր, սակայն Տաբիթային հարություն տվեց:

Քրիստոսի ջերմագին սիրելին, երկնքի դռները փակողը և բացողը, և ամեն բարի բանի օրինակ հանդիսացողը, Հիսուս Քրիստոսի կամքի լրումը և աստվածության օթևանը: Նա, ով ընկել էր Քրիստոսի խաչի մոտ, սակայն [Տերն] իր հարությամբ բոլոր ընկածներին կանգնեցրեց: Ճշմարիտ ավետարանիչը և երկնավոր մշակը, իմաստուն ճարտարապետը, և առանց հիմքի կառուցողը, որի ձեռքով գցվեցին մեծ Հռոմի եկեղեցու հիմքերը, Անտիոքի, Դաղմատիայի, Իսպանիայի և հեռավոր կղզիներում, և ավետարանչությունը սկիզբ դնելով Հրեաստանում, տարածեց ամբողջ աշխարհով մեկ:

Եկեղեցիներ կառուցեց և քահանաներ ու պաշտոնյաներ կարգեց՝ իր աշակերտներին պատվիրելով զգուշավորության թղթեր գրել՝ բոլորի համար և լի իմաստությամբ, ոչ թե հռետորական վերին խոսքերով և երկիրը շրջող, այլ՝ լի Սուրբ Հոգու շնորհով, ինչպես աղով համեմված և երկնքում հաստատված:

Գրեց նա սուրբ ավազանի անախտ արգանդից վերստին ծննդյան և լուսո Հոր որդեգրության մասին, փորձություններին համբերելու, փրկագործ հավատքի մասին՝ մարգարեներից առաջինը պատմելով:

Գրեց նա նաև հույսի ակնկալիքի և սրբության մասին, որ պարտական ենք տալ Աստծուն որդեգրության համար՝ զգուշավոր վարքով:

Գրեց նա նաև, թե ինչպես Հիսուս Քրիստոսի որդեգրությանն արժանի մնալ, խրատ և վարդապետություն նաև օտարների համար և գովաբանություն Աստծու փառքին:

Գրեց նա նաև թագավորներին ու իշխաններին հնազանդության մասին՝ Քրիստոսի երկյուղով, եղբայրության և աստվածպաշտության մասին, և այն ամենն, ինչ ծառայում է հնազանդությանը և անոխակալ Տիրոջը՝ Հիսուսին Քրիստոսին:

Գրեց նա նաև կանանց հետ մտերմության և տղամարդկանց հետ միասնության, տնարարության, հոգու փրկության և հավատքի շինության մասին՝ Սառայի օրինակով: Նաև տղամարդկանց՝ իրենց կանանց հետ մնալու, զգուշությամբ սիրելու և հոգ տանելու՝ որպես տկար անոթի:

Գրեց նաև բոլորի հանդեպ հեզ ու հանդարտ անոխակալության մասին, որի օրինակը ցույց տվեց Նոյի հանդեպ Աստծու մարդասիրությամբ, իսկ մեր հանդեպ՝ ավազանով, [որպեսզի] Քրիստոսին հաղորդակից լինենք չարչարանքներով:

Գրեց նաև հին մարդու՝ չարության գործերից մերկանալու և արդարության պտուղների միջոցով նորով զգեստավորվելու մասին՝ նրանից ստանալով զանազան և տարբեր շնորհներ:

Գրեց նաև, [թե ինչպես] Քրիստոսի հետ հաղորդակցվելով՝ հաղթել մարմնի բնական կարիքները և նրա պարգևների հույսով համբերել՝ ըստ Նրա օրինակի տուժելով զրպարտողներից, որ զուր տեղն են գալիս:

Գրեց նաև խրատներ՝ առաջնորդների և հոտի հոգաբարձության համար, որպեսզի խոնարհությամբ դեմ կանգնել գոռոզին և հաղթել ու հալածել նրան:

Գրեց նաև վաղ առավոտյան աղոթելու և հավատքով խնդրելու մասին, որոնց պտուղներն են տիրական մարդու և ծառայական պատկերի ցավալի հիվանդություններից բժշկումը:

Արդ, այս ամենն իրապես գրելով, նա հրեղեն լեզվով սկսում է իր խոսքը՝ ասելով.

Գլուխ Ա. 1

Պետրոս՝ առաքեալ Յիսուսի Քրիստոսի.

Պետրոսը՝ առաքյալը Հիսուսի Քրիստոսի.

Մեկնություն

Հավուր պատշաճի է խոսքը սկսում երանելի Պետրոսը՝ որպես մակագրություն առաջինը դնելով իր անունը, որովհետև սկզբում իր անունն այլ էր, Սիմոն էր կոչվում, սակայն Հիսուսի ամենատես աչքը, տեսնելով նրա հավատի ամրությունը՝ տեղիք չտալը հակառակ կրքերին և անփոփոխ մտքով բարու մեջ մնալը, փոխում է նրա անունը՝ հար և նման նրա հավատքի պնդությանը: Հիսուսը տեսնելով նրան՝ ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս (որ թարգմանվում է՝ Պետրոս)» (Հովհ. 1:42):

Տեսնո՞ւմ ես ծառայի իրական պատիվն իր բարի և իմաստուն Տիրոջից, որը մարմնավոր և հոսանուտ բնություն ունեցողներից ոչ ոք չընդունեց. ո՛չ արդարներից որևէ մեկը, ո՛չ սրբազգյաց մարգարեներից, և ոչ էլ Ավետարանի աշակերտներից, այլ միայն այս երանելին: Քանի որ, թեև Աստված պատվեց Աբրահամին՝ նահապետների առաջնորդին, փոխելով նրա անունը, սակայն միայն բազմաց հայր դարձրեց նրան, քանզի մի տառի ավելացումը դա է նշանակում, իսկ նա՝ լինելով մահկանացու, սկիզբ դրեց մահկանացու ազգատոհմի: Ինչպես նաև նրա կնոջ՝ Սառայի անվան փոփոխումը և մի տառի ավելացումը նույն բանն է նշանակում:

Իսկ Նավեի որդի Հեսուի անվանումը թեև սքանչելի էր և Մեծի օրինակն էր, և թե՛ կոչմամբ, թե՛ իրոք փրկիչ ու առաջնորդ էր նշանակում, սակայն օրինակի փոխարեն էր, այլ ոչ թե ճշմարիտ անվանակիրն էր, և ժողովրդին առաջնորդեց ավետյաց երկիրը, այլ ոչ թե՝ ողջերի, և փրկեց բացահայտ պատերազմից, այլ ոչ թե՝ աներևույթ:

Իսկ այս պատիվը, որ սրան էր տրված, գերազանցեց բոլորին, քանի որ այս ամենն ինքը կրկնապատիկ ունի, քանզի բոլորի Տերն իր վայելչական անունը խոստովանելով հոգեպատում մարգարեների պատգամներում, դնում է նրա վրա՝ ասելով. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա» (Ես. 28:16), և նորից՝ «Վեմ գլորման և վեմ գայթակղության» (Ա Պետ. 2:8)` Բանին կոչելով, և նորից՝ «Այն վեմը, որ կառուցողներն անարգեցին, նա է, որ եղավ անկյունաքար» (Մատթ. 22:42):

Արդ, այս ամենը և սրանց նմանները մարմնին միավորված խոսքի մասին են ասված, և դա ամուր բնության համար, և եթե աստվածության մասին է, ահա հայտնի է, իսկ եթե մարդեղության մասին է, ապա հեռու չի նմանությունից: Ուստի և խառնելով ու միավորելով՝ նույն ամրությունը ընդունեց նաև նա, քանզի ոչ մի հակառակ բան չկարողացավ փափկեցնել վեմին՝ առանց ձեռքի հանելով սուրբ լեռից, ըստ նախնի Ադամի նմանության, և նույնիսկ որոմ սերմանողը չկարողացավ որևէ բան սերմանել նրա բնության մեջ: Քանզի վեմեղեն այդ բնությունը, և հատկապես՝ հարթված և ողորկված, չի կարող վայր հանդիսանալ այդպիսի կրքերի:

Արդ, այն, ինչ մեկ անգամ ինքը՝ Հիսուսն ուներ բնությունից՝ ըստ էության, ցույց տվեց իր տնօրինությամբ՝ մարդանալով, հայտնեց նաև Պետրոսի աներևույթ հավատի մասին, հատկապես՝ իմանալով նախքան աշխարհի սկիզբը, վեմ է անվանում նաև նրան: Եվ ինչու հենց վեմ, որովհետև վեմը դիմակայում է անձրևներից ստացած հարվածներին, և ցանած սերմեր չի ընդունում, բախումներ չի զգում, և չի փոխում իր վիմական բնությունը, այլ հակառակը՝ հարվածողներին է վնասում:

Այդ իսկ պատճառով Սիմոնը վեմ կոչվեց, որովհետև չէր ընդունում հրեական ամբոխի սպառնալիքները, այլ Աստծուն առավել էր լսում քան դպիրների պատվիրանները, թագավորների բռնությունից չէր վախենում և գոռոզ իշխաններից չէր վարանում, բանտը, կապանքները և չարահնար հարվածները ոչինչ էր համարում: Դրա համար էլ Տերն ասաց. «Այս վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն» (Մատթ. 16:18):

Արդ, ի՞նչն է կոչում դժոխքի դռներ, հայտնի է, որի մասին վերում ասացինք. զանազան և տարատեսակ փորձությունները հրեաներից, հեթանոսներից և արյունարբու ազգերից, որոնք շատ անգամներ փորձեցին մարտնչել եկեղեցու դեմ, սակայն չկարողացան շարժել այն վեմը, որ դրվեց նրա հիմքում, և ոչ էլ երկնավոր շինությունը քանդել: Այլ, որքան հալածանքները շատանում էին, աշխատողներն այդքան տկարանում էին, և առանց մարմնավոր արհեստի՝ կառուցվածն օր-օրի բարձրանում էր՝ մինչև երկինք հասնելով և այնտեղից էլ վեր բարձրանալով՝ մինչև անշունչ և անձեռակերտ կառուցված Աստծու տաճարը՝ վերին Երուսաղեմը:

Այդ պատճառով էլ և հարգանքով հորջորջելով այս խորհրդավոր անունը, իր թղթի սկզբում գրում է՝ ասելով.

Պետրոսը՝ առաքյալը Հիսուսի Քրիստոսի:

Կարծում եմ, որ այն ամենից բացի, ինչ ասվեց, այս կոչմանը նաև այլ իմաստ է ընծայում՝ վերադրական այլ անուններով կոչելով. փորձությունների հանդեպ պնդակազմ լինել, հարձակումների ժամանակ վեմի էություն ունենալ, հալածանքների ժամանակ անշարժ մնալ, որ խոսքի համար է, որովհետև Պետրոս առաքյալ անունը այս ամենն իր մեջ լռելյայն բովանդակում է:

Իսկ առաքյալ ասելով ոչ թե իր անձին պատիվ է վերագրում, այլ նրանց մտքերը կենտրոնացնում է Առաքողի վրա, քանզի, ով առաքյալ է, ինքն իրենից չի ասում, այլ՝ իրեն ուղարկողի պատգամներն է հաղորդում:

Ասում է, թե չեմ ասում այն, ինչ գիտեմ, և ոչ էլ՝ ըստ մարդկային հասկացության եմ ձեզ որևէ բան գրում, որովհետև առաքյալ եմ, այն էլ՝ Աստծու առաքյալ, ինչպե՞ս կարող եմ համարձակվել ինքնակամ որևէ բան գործել: Եվ դուք գրվածները լոկ մարդկային պատգամներ մի՛ համարեք, այլ՝ ընդունեք որպես Աստծու խոսքեր, ով առաքեց մեզ:

Անձի այս պատիվը նաև աստվածընկալ Պողոսն է դնում իր բոլոր թղթերի գլուխներում, ոչ թե որպես սնոտի փառքի պարծանք, և ոչ էլ մարդկանցից պատվի արժանանալու համար, այլ աշակերտողների զգուշության համար, որպես կնիք և պահպանություն տերունական գանձերի, որպեսզի չլինի՞ թե օտարը ճշմարտության կերպարանքով իրեն ցույց տա, կամ չլինի՞ թե որոմ ցանող մշակն իր արբանյակների միջոցով ներս ընկնելով՝ իր անհայտ դառնությունը սերմանի բարի սերմի մեջ:

Նաև Պետրոսի և Պողոսի անունների հիշատակումը պակաս նպաստ չէր ունենում՝ աշակերտներին առաքինություն, աստվածպաշտություն և ժուժկալություն մատուցելու: Ինչպես նաև նրանց առաքելության պատիվը շատերին էր արթնացնում՝ լսելու Աստծու պատգամները: Քանզի, եթե երկրավոր թագավորի առաքյալներն այդքան շքեղ, պատկառելի և ահարկու են երևում մարդկանց աչքին, և քանի դեռ խոսում են երկրավոր թագավորի պատգամների մասին, ոչ ոք չի համարձակվում բացել բերանը և որևէ ձայն արձակել, կամ նրանց դեմ որևէ բան ասել, ապա որքան առավել են երկնավոր Թագավորի առաքյալները և մարդկանց համար հանդիսանում են որպես Աստծու նման պատկառելի և պաշտելի, որպես նրա կողմից ընտրվածներ և ուղարկվածներ՝ իրենց պատգամներով լուսավորելով և փրկելով ամբողջ տիեզերքը:

Նման ձևով նաև սրանք՝ իմանալով այս շնորհների օգուտն ու շահը, իրենց գրքերի գլուխներում իրենք իրենց Հիսուս Քրիստոսի առաքյալներ են կոչում:

Սրանով նաև երևում է Որդու պատիվը՝ համանման և հավասար Հորը, քանզի ինչպես որ Նա ուներ առաքյալներ՝ մարգարեները, որոնց լցնում էր իր Սուրբ Հոգով, այդպես էլ Որդին՝ սրանց, որոնց վրա փչեց և ասաց, թե՝ ստացեք Սուրբ Հոգուն, որը առավել մեծ ու բարձրագույն պատիվ էր, քան մարգարեներինը՝ տալով սրանց Երկնքի արքայության բանալիները:

Այս պատվի մասին հայտնեց նաև Զաքարիան և հոգու աչքերով տեսնելով՝ ասաց ծնվող մանուկի մասին. «Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, որովհետև պիտի գնաս Տիրոջ առջևից՝ պատրաստելու նրա ճանապարհները» (Ղուկ. 1:76): Եվ եթե նրա համար պատիվ էր՝ լինել մեկ ազգի կամ ժողովրդի մարգարե և ավետարանիչ, ապա որքան առավել բազմապատիկ պատիվ է սրանց համար, որ բոլոր ծագերում, բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և ժողովուրդների համար քարոզիչներ ու առաքյալներ դառան: Այդ պատճառով էլ ասաց.

Պետրոս՝ առաքեալ Յիսուսի Քրիստոսի, ընտրելոցդ նժդեհից:

Պետրոսը՝ առաքյալը Հիսուսի Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, ընտրյալներիդ:

Գրքի սկզբում հարգանքով է խոսում աշակերտների մասին, ոչ աչառությամբ և ոչ էլ մարդահաճությամբ, քանզի սրբերի հոգիները հեռու են այսպիսի դառնարմատ կրքից: Այլ, ըստ արժանիքի, ցանկացավ նրանց զգոնության միտք տալ՝ իմանալու, ճանաչելու, թե ինչի արժանացան: Ուստի Աստված նրանց ընտրեց նախքան աշխարհի լինելը, այս է պանդխտության պատիվը, և այն ժամանակ, երբ ինքը պանդուխտ և վտարանդի եղավ, և իր հետ բարձրացրեց՝ ոչ թե փոքր ու աննշան օրինակ ունենալով, այլ չափազանց պատկառելի և բարձրագույն: 

Պանդխտությունը երկու տեսակի է լինում՝ կամավոր, ինչպես Հիսուսի դեպքում էր, և մարմնավոր՝ որևէ բերումի, ինչպես բնությունն է պահանջում: Այն, որ ըստ կամքի է, քիչ է հանդիպում, իսկ երկրորդը՝ բոլորի մոտ կա, ովքեր միս ու արյունից են: Ինչպես որ նա, ով ուներ մարմնավոր վայելչություն՝ լի և բովանդակ և բոլոր պատիվներին հասած, սակայն ոչինչ չգիտեր ու չէր գրում և իր անձին ոչ մի բարի բան չէր վերագրում, այլ՝ պանդուխտ, վտարանդի և անցավոր էր իրեն անվանում: Եվ դրանց պատճառով, որպես տնանկ և աղքատ, ողբերի ու տարակուսանքների ձայներ են արձակում, ավաղելով պանդխտության ժամանակի երկարությունը և խավար վրանների նսեմությունը: Քանզի գիտեր, որ սրանցով, ինչպես պարսպով կամ վեմով, մեծ հեռավորությամբ կտրվել է հոտից՝ ճշմարիտ կյանքից և անստվեր լույսից, որին ծարավ էր և փափագում էր: Այդ պատճառով գիշեր-ցերեկ արտասուքներով էր սնվում և ողբալով ասում. «Ե՞րբ պիտի գամ ու երևամ Աստծու առաջ» (Սղմ. 41:3):

Այս պանդխտությունը և սուրբ հայրերինն էր և արդար նախահայրերինը, որի մասին առաքյալը կրկնում է եբրայեցիների թղթում և գովերգում Աստծու համար նրանց ճգնությունը և պանդխտությունը, ապա ավելացնում է՝ ասելով. «Հավատի մեջ մեռան սրանք բոլորը և՝ դեռևս խոստումները չստացած, բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, թե իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա: Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խոսում, հայտնի են անում, թե մի հայրենի երկիր են փնտրում» (Եբր. 11:13-14): Եվ ապա նրանց հետ կամավոր և կարևոր պանդխտության մասին է խոսում, որպեսզի հիշեին, ասում է, թե որտեղից են ելել, և որ այնտեղ վերադառնալու ժամանակ կա, քանզի ահա ազնվական մեկին են ցանկանում, այսինքն՝ երկնավորին:

Տեսնո՞ւմ ես կամավոր պանդխտությունը, արդ, նայի՛ր և տե՛ս այն, ինչ բնությունից ունենք և անհնար է ազատվել դրանից: Բայց եթե հարկավորը կամավորապես ստանձնենք և մասամբ դրանք իրագործենք, ինչպես, [օրինակ], քաղցը ժուժկալություն համարենք, մերկությունը՝ առաջին մերկության ծածկույթ, աղքատությունը՝ իմաստասիրություն, չարչարանքը՝ հանգիստ, նախատինքը՝ գովություն և նմանատիպ այլ բաներ, որովհետև այսպիսին էր հայրերի, արդարների և ընտրյալների պանդխտությունը. կամավորապես զերծ մնալ մարմնի պահանջներից և կրքերից, հարստությունից ու մարմնի այլ պերճություններից, և միայն աստվածպաշտությամբ շքեղանալ, որը գլուխն է ամեն ինչի: Այդ պատճառով էլ ասաց.

Ընտրելոցդ նշդեհից, որ ի սփիւռս Պոնտացւոց, և Գաղատացւոց, և Կապադովկացւոց, և Ասիացւոց, և Բիւթանացւոց:

Ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բութանիայի սփյուռքում եք, ընտրյալներիդ:

Եվ սա պակաս հարգանք չէ՝ մահկանացու մարդուն արժանանալու Աստծու ընտրությանը, քանզի, ինչպես ձկնորսին ընտրեց՝ դառնալու մարդկանց որսորդ, այդպես էլ սրանց ընտրեց՝ պանդուխտ լինելու զգայական և առօրեական գործերում և հույսով սպասելու արդարների երանություններին: Ուստի և ինքն էլ Աստված է, գիտե իմաստությամբ չափել և տալ այժմ և հանդերձյալում, ամեն ժամանակ՝ պիտանին և օգտակարը, և պատրաստել մեկին Պողոս, մյուսին՝ Ապողոս և մեկ ուրիշին՝ Կեփաս:

Այսպես եմ միշտ կարծում, որ պանդխտության և հարստության միջև ընտրություն է, որովհետև, մեկը ճոխություն է թույլ տալիս՝ առատաձեռն լինելով, այցելում է աղքատներին, իսկ մյուսը մերժում է [հարստությունը] իմաստությամբ՝ որպես ձեռքում պահած սուր ագահության և չափից շատ ունեցվածքի դեմ: Նման ձևով ոմանց աղքատություն է տալիս, ինչպես Ղազարոսին, և բազում ցավերով կյանք՝ գոհացողին և երկայնամտին, իսկ մյուսին արգելում է անմտության համար, և որպեսզի նախախնամության դեմ չխոսի, և ոմանց համար անմիտ ու վնասակար չերևա:

Եվ քանի որ նրանք, ովքեր աշակերտեցին Ավետարանին և օտարացան զգայական աղտեղություններից այնպիսին էին, որ աշխարհից հեռանալը համարում էին մարմնի մահ, իսկ պանդխտությունը՝ երկնավոր քաղաքականություն և հրեշտակների հետ ընտանություն, այդ պատճառով էլ սրանց ընտրյալներ է կոչում: Այս շնորհների ընտրությունը նաև երանելի Պողոսն է նշում այլ բառերով, սակայն ոչ ուրիշ մտքով. «Նա ընտրեց մեզ նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրով» (Եփես. 1:4): Ահա, պանդխտությունն ու ժուժկալությունը սրբության և անարատության մայր ու դայակ է, քանզի անհնար է մարմնի սրբություն ստանալ առանց մեծ ժուժկալության և չարչարանքի:

Որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բութանիայի սփյուռքում եք:

Կարծում եմ, որ այստեղ նորից մեզ է մատուցում այն միտքը, կամ ցանկանում է հետևյալն ասել, թե հրեա հավատացյալներից ովքեր այնտեղ էին Ստեփանոսի հալածանքների ժամանակ, տարածվեցին և սփռվեցին հեթանոսների մեջ: Այդ պատճառով էլ գրում է նրանց ու մխիթարում, և մեկընդմիշտ հաստատում հույսի ու համբերության մեջ և որ չհեռանան կրոնից Եկեղեցու հալածանքների պատճառով: Նրանց համար էր գրում նաև Հակոբոս Երանելին՝ ասելով. «Սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՛ւյն» (Հակ. 1:1)՝ անորոշ և առանց հատուկ շեշտելու, այլ միայն ցեղերին է ուղղում, որոնք Հակոբից էին: Իսկ Պետրոսը՝ գավառները, ազգերը և պանդխտության վայրերն է թվարկում՝ ասելով. Որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բութանիայի սփյուռքում եք:

Եվ կամ այն ազգերին, որոնց ինքը գնաց քարոզելու Ավետարանը և հավատքի աշակերտներ դարձնելու և հաստատելու նրանցում մարգարեների խոսքերը Քրիստոսի մարդեղության և սքանչելի զորության, մեր փրկության ու ազատության մասին: Քանզի Երուսաղեմից սկսելով Ավետարանը քարոզել՝ հասնում է մինչև մեծն Հռոմ և Միջերկրական՝ բոլորին որսալով խոսքի ուռկանով և Քրիստոս Աստծուն ընծայաբերելով, հետևաբար՝ նրանց էլ գրում է այս թուղթը: Քանի որ բավարար չի համարում միայն խոսքը լսելով նրանց մեջ աճեցնել հավատն ու խրատը, այլ որպես քարի՝ մագաղաթի վրա գրում է և ավանդում, որպեսզի չմոռանան և պահեն նրա վարդապետության պատգամներն ու նրա հավատքի կերպարանքը, և չմոլորվեն օրենքի խտրության  և հեթանոսական առասպելներով, որ ճարտարամտությամբ խաբում ու կողոպտում են մարդկային ավանդություններով և աշխարհի տարերքներով, այլ ոչ թե Հիսուս Քրիստոսի հավատքով, որի մեջ մարմնավորվում է աստվածության ամբողջ լրումը:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

15.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․