Գրքեր

Ա Պետրոս 2.10

10 Որք երբեմն չժողովուրդ, բայց արդ ժողովո՛ւրդ Աստուծոյ. որք չողորմեալք, այժմ ողորմութի՛ւն գտէք։

Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծո ժողովուրդն եք. դուք, որ ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք:

Կամենալով իրենց բազում անարժան գործերն ու ամբարշտությունները մատնանշելով՝ հանդիմանել Աստծու հանդեպ ապերախտ գտնված հրեա ժողովրդին, Օսէ մարգարեն մի օրինակ է բերում, ըստ որի՝ երկու պոռնիկ կանայք են լինում, որոնցից ծնվածներն էլ պոռնկության որդիներ են կոչվում: Այս կանանց զավակներից առաջնածիններին Տերը կոչում է «ոչ Իմ ժողովուրդ», հաջորդներին՝ «ողորմությանն անարժան», իսկ երրորդն ու չորրորդը կոչվում են «Իմ ժողովուրդ» և «արժանի՝ ողորմության»:

Արդ, այս երկու կանայք իրենց կերպարներով խորհրդանշում էին երկու ժողովուրդներին՝ հրեաներին և հեթանոսներին. «ոչ-ժողովուրդը» և «չողորմվածը» հրեաներն են, իսկ «Իմ ժողովուրդ» կոչվածներն ու «ողորմության արժանացածները»՝ հեթանոսները: Ըստ այս օրինակի, փաստորեն, Աստված, հրեաներին ակնարկելով, ասում է. «Նրանք Իմ ժողովուրդը չեն և Ես այլևս չեմ ողորմելու նրանց»:

Արդ, թեպետ մարգարեն առակի միջոցով խոսեց Իսրայելի ժողովրդի հետ, սակայն պարզից էլ պարզ է, որ և՛ հրեաների, և՛ հեթանոսների մասին էին մարգարեի այս առակի խոսքերը, քանի որ, ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ «ամենքն էլ մեղք գործեցին ու հեռացան Աստծու փառքից, սակայն ձրիաբար արդարանում են Քրիստոսի շնորհներով», և դարձյալ, թե՝ «Աստված վերացրեց ամենքի ամբարշտությունը, որպեսզի ողորմի բոլորին»:

Ուստի և նրանց, ովքեր երբեմն «ոչ-ժողովուրդ» էին կոչվում իրենց կռապաշտության պատճառով, այնուհետ «կենդանի Աստծու որդիներ» պիտի կոչվեին: Այստեղ երանելի Պետրոսը, դիմելով հավատացյալներին, ա՛յն է կամենում ասել, որ «թեպետ դուք մի ժամանակ, երբ մեղքի տակ էիք, Աստծու ժողովուրդը չէիք ու արժանի չէիք Նրանից ողորմություն ստանալուն, սակայն Աստծու հանդեպ ձեր ունեցած հավատքի ու սուրբ Ավազանի մաքրության շնորհիվ դուք այլևս ո՛չ միայն Աստծու ժողովուրդ եք՝ Նրանից ողորմության արժանացած, այլև Նրա բյուրապատիկ փառքին արժանի որդիներն ու զավակներն եք»:

Եվ ինչպես որ դարձյալ ասում է Պողոս առաքյալը՝ «եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, հաշտվեցինք Նրա հետ Իր Որդու արյամբ, ապա որքան առավել հիմա՝ հաշտված լինելով Աստծու հետ, կապրենք Նրա Որդու կենդանությամբ»:

Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսին է Աստծու ողորմությունն ու որքա՜ն անեզր է այն, քանի որ Նա ոչ միայն ողորմեց ու ազատեց հեթանոսներին իրենց մեղքերի «պարտքերից», այլև արդարացրեց ու սրբեց, իր հրեշտակներին համապատիվ դարձրեց ու որդիության փառքով զարդարեց նրանց:

Եվ ահա Պետրոս առաքյալը գովաբանում է նրանց, իբրև պատվավոր մարդկանց, ցույց է տալիս նրանց անհամեմատ ավելի բարձր լինելն ու մատնանշում է այն արժանիքները, որոնց կրողները դարձան նրանք: Իսկ այնուհետ էլ առաքյալը սկսում է աղաչանքներով՝ խրատել նրանց:

Ճշմարիտ վարդապետի՛ն է բնորոշ այս հատկանիշը. ոչ միայն գովասանքներով սփոփել ունկնդիրներին, այլև խրատելով ու հանդիմանելով՝ արիացնել նրանց, ինչպես որ, ահավասիկ, անում է առաքյալը: Նա իր ունկնդիրներին ցույց տալով մեծ հույսն ու նրանց միտքը կենտրոնացնելով Աստծու՝ Քրիստոսի անճառ պարգևների վրա, երբևէ չդադարեց նրանց առաջնորդելուց, մինչև որ տարավ-հասցրեց ճշմարիտ Լույսի մոտ՝ հեռու խավարից:

Եվ այսպես, առաքյալը նախ նրանց մոտեցրեց Վեմին, ապա և հենց նրա՛նց կենդանի վեմեր անվանեց, նաև՝ տաճար, քահանա, պատարագ, այնուհետ էլ աստվածային գրերի վկայությամբ նրանց զատորոշեց անհավատներից: Իսկ հետո էլ, արժանի համարելով Աստծու լույսին, սուրբ ազգ և սեփական ժողովուրդ է անվանում նրանց, ովքեր թեպետ տարագիր էին Տիրոջից, սակայն Աստծու ողորմությամբ Նրա մերձավորները դարձան:

Այս բոլորն, ահավասիկ, շատ խաղաղեցնող բնույթ ունեին և գուցե մի բան էլ սայթաքելու պատճառ դառնային, ուստի և առաքյալը, որպեսզի նրանց ծուլության չմղի, սկսում է խրատել, սակայն ո՛չ թե սաստկությամբ, այլ՝ աղերսանքով՝ այս խոսքերն ասելով. «Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և օտարականների»:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

 

01.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․