Գրքեր

Ա Պետրոս 2․6

6. Քանզի կայ իսկ ի գրի եթէ. Ահաւասիկ դնեմ ի Սիոն վէ՛մ ընտիր, գլուխ անկեան պատուակա՛ն, և որ ի նա հաւատասցէ՝ մի՛ ամաչեսցէ։

Քանզի Գրքում էլ կա, թե՝ «Ահավասի՛կ, ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջթանկագին անկյունաքար, և ով Նրան հավատա, ամոթով չպիտի մնա»։

Վեմին վերաբերող պատվական (թանկագին) կոչման առնչությամբ նախորդիվ մեր ասած խոսքերը բավական են, ուստի և ավելորդ է կրկնաբանությամբ երկարել խոսքը, քանի որ, մանավանդ, անփոփոխ է մեր տեսակետը այն մասին, որ Վեմը մեր Տերն է՝ Իր մարդեղությամբ Նոր Սիոնի հիմքում դրված։ Այդ պատճառով էր, որ բոլոր անճառելի խուրհուրդներն ու մարգարեների աստվածային խոսքերը վկայում էին այն մասին, որ Բանն Աստծու մարդանալու էր, «Վեմ» էր անվանվելու և դրվելու էր Սիոնի հիմքում։

Իսկ ինչո՞ւ Սիոնի հիմքում․ քանի որ Քրիստոսի գալստյան ժամանակ Նրա կատարած բոլոր տնօրինական խորհուրդները Սիոնո՛ւմ տեղի ունեցան։ Ե՛վ Նրա Մարմնի ու Արյան խորհրդի ավանդումը, և՛ չարչարանքների ու մահվան խորհուրդը, և՛ թաղման ու Հարության իրականացումը, և՛ Սուրբ Հոգու էջքը վերնատուն՝ աշակերտների դասերի վրա։

Ու քանի որ բոլոր մարգարեները այս դեպքերի իրականացումը կանխաձայնել էին իբրև Սիոնում տեղի ունենալիք իրադարձություններ, այդ իսկ պատճառով էլ Քրիստոս, որ Տերն էր նաև մարգարեների, համաձայն նրանց կանխասացության՝ եկավ կատարելու Օրենքն ու մարգարեությունները։ Եվ Վեմը դրվեց Սիոնի հիմքում, որի վրա կառուցվեց առաքինության բարձրաբերձ շինվածքը։

Իսկ ի՞նչ կարիք կար, որ աստվածային Բանը մարդկային կերպարանք առներ ու Ի՛նքը Վեմ դառնար հոգևոր կառույցի համար։

Նրանք, ովքեր շինության համար հիմք են գցում, շինվածքի բարձրությանը համապատասխան՝ մեծամեծ քարեր են գլորում ու դնում կառույցի հիմքում, այդ քարերից «ամենաարժանավորներն» էլ ընտրում են իբրև անկյունաքար, դրանք մշակում են, դրանցից երկուսը կապում են իրար ու նրանց վրա էլ հաստատում են ծանրակշիռ պարիսպները։

Այս նույն գործընթացն է տեսանելի նաև հոգևոր կառույցի «շինության» գործում, որը Հայրը նախասահմանել էր կառուցել Իր անճառելի իմաստությամբ և անհամեմատելի բարերարությամբ, ուստի և Նա այդ բարձրաբերձ շինվածքի հիմքում չդրեց ո՛չ արդարներից և ո՛չ մարգարեներից որևէ մեկին, քանի որ Իր անճառելի իմաստությամբ գիտեր, որ մահկանացու և դյուրալույծ բնությունը երբեք չի կարող որևէ հաստատության հիմքը լինել։

Այդ իսկ պատճառով է, որ Հայրը Իրեն համապատիվ ու անմահ բնությամբ Իր սիրելի Որդուն Իր իսկ ծոցից առաքեց, որպեսզի Նա գա ու միանա մեր մեռելոտի և հեղհեղուկ բնությանը։ Իսկ Նա էլ, վերցնելով մարդկային այդ բնությունը, կարծրացրեց ու կենդանացրեց այն՝ նրան միանալով, և հիմքի Վեմ ու Անկյունաքար դարձավ աստվածախնամ այս շինության համար, որպեսզի համայն մարդկությունը՝ բոլոր ազգերն ու լեզուները, հավատով ու առաքինությամբ Նրա վրա «կառուցվելով», Նրա վրա հաստատված ու Նրան միացած լինելով՝ անսասանելի  մնան ու հեռու լինեն կործանարար հեղեղներից և հողմաշունչ փոթորիկներից։

Սակայն նախ ա՛յն աչքի անցկացնենք, ինչն ամենից շատն է հիացմունքի արժանի։ Քրիստոս Ինքը, որ մեկն է ու միայնակ, հիմնաքարային Վեմ ու անկյունաքար է դառնում՝ Իր մեջ միմյանց շաղկապելով երկու որմերը։ Եվ միաժամանակ երկու «գործ» կատարելով էլ՝ անբաժանելի է մնում ու երկու մասի չի հատվում, ինչը որ նյութական շինվածքի ու քարերի դեպքում անհնարին կլիներ՝ մեկ քարի կիրառությամբ երկու քարի անհրաժեշտությամբ կատարվելիքը իրականացնել։

Ա՛յս է նշանակում այն խոսքը, թե «ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով Նրան հավատա, ամոթով չպիտի մնա»։ Իսկ «ահավասիկ»-ը առավել պարզեցնում է այս խոսքն ու վստահեցնում մեզ այն բանում, որ այս մարգարեությունը անշունչ վեմերին չի վերաբերում, այլ՝ միակ, ճշմարիտ ու կենդանի Վեմին: Քանի որ միայն Նրա՛ն է արժան հավատք ընծայել, և այն էլ ո՛չ թե սովորական հավատք, այլ պարզ ու ջե՛րմ հավատք, որն անկարելի է տածել նյութական ու անկենդան քարի նկատմամբ:

Իսկ ի՞նչ միտք է ուզում մեզ փոխանցել այն խոսքը, որն ասում է. «Ով Նրան հավատա, ամոթով չպիտի մնա»: Բազմապիսի խոչընդոտներ կան, որոնք մեզ մեր հավատի մեջ տարակուսելու տեղիք են տալիս: Նախ՝ Հիսուսի մարդ լինելը, ապա՝ մարդկանց մեջ ապրելը, Իր ծառայի ձեռքով մկրտվելը, ծոմ պահելը, քաղցելը, փորձվելը, ճանապահից հոգնելը, նավի մեջ քուն մտնելը, մաքսավորներին այցելելն ու նրանց հետ ուտելը, այս ամենին գումարած էլ՝ չարչարանքները, տեսակ-տեսակ թշնամանքի արժանանալը, խաչը և մահը:

Արդ, ուրեմն, մարգարեական այս խոսքը ա՛յն է ուսուցանում մեզ, որ ով վերը թվարկված այս ամենն իմանալով՝ չտարակուսի աներկբայորեն հավատալ Նրան և Նրա նշաններից ու հրաշքներից ճանաչի Միածնի փառքը, ըստ որի՝ Նա Աստված է և Աստծու Որդի, այդպիսի մեկը հավիտյան «չի ամաչի»:

Իսկ հավիտյան ասելով էլ նկատի է առնվում և՛ ներկա, և՛ հանդերձյալ կյանքը, քանի որ որևէ մեկը, Քրիստոսին հավատալով, ոչ թե սոսկ մարդու է հավատում, որ հետո զղջա ու ամաչի իր խաբված լինելու պատճառով, այլ Աստծո՛ւ վրա է հաստատում իր հավատքը՝ խոստովանելով, որ երկուսից՝ մեկը դարձած բնությամբ ու անձնավորությամբ է Նա՝ Իրեն միացրած լինելով մարդկային մարմինը: Իսկ այդ մարդկային մարմինը վերցնելով՝ Նա մեզ նման կրեց մեր բոլոր կրքերը՝ բացի մեղքից, ու այդ մարմնով չարչարվելով և մեռնելով էլ՝ ազատություն շնորհեց մեզ:

Արդ, ուրեմն, ով որ աներկբայորեն ու առանց տարակուսանքի հավատա այս ամենին, հավիտյան «չի ամաչի»: Քրիստոսի կատարած նշանների ու հրաշքների պանծալի զորությունն է, որ մեզ հաստատում է Նրա անձի հանդեպ տածած հավատքի մեջ, համաձայն որի՝ անփոփոխելի է Քրիստոսի բնությունն ու, մանավանդ, միայն կարծեցյալ է Նրա որևէ «տկարությունը»:

Չէ՞ որ չկա ավելի մեծ տկարություն, քան մահվան ենթակա լինելն ու մահի անարգանքը, սակայն Նա Իր մահվամբ հաղթեց մահին ու «անեծքի ենթարկելով» Ինքն իրեն՝ վերացրեց մահվան անեծքը: Նա «փայտով» (իմացիր՝ Խաչափայտով) բժշկեց «փայտի» (իմացիր՝ բարու և չարի գիտության ծառի) պատճառած վերքերն ու հարվածների ենթարկվելով՝ ամոքեց մեզ՝ վիրավորներիս: Իսկ Իր՝ քրտինքի նման հեղվող արյամբ Նա քրտինքով վաստակելի հացը կյանքի մանանայի փոխակերպեց, ու Իր փշե պսակով էլ առ ոչինչ դարձրեց մեղքերի փուշը:

Ահա սրա՛նք են Աստծու կարծեցյալ «տկարությունները», որոնք, միանշանակ, պարծանքի են արժանի, ու ոչ երբեք՝ ամոթանքի:

Իսկ ահա Քրիստոսի հավատացած հանգուցյալների պարծանքի մասին ո՞ր լեզուն կարող է պատմել: Քրիստոսի հայտնության օրը Ինքը՝ Քրիստոս, փայլակնաձև երևմամբ պիտի իջնի երկնքից Հոր փառքով և հրեշտակների բոլոր դասերի ուղեկցությամբ, ու Նրա առջև պիտի ժողովվեն Ադամից սերող բոլոր ազգերը, մեղավորները՝ դևերի մեջ բնակություն հաստատելու, իսկ Քրիստոսի անվանը հավատացածները՝ Նրա՛ մեջ բնակվելու համար: Եվ ահա այս վերջինները, հրապարակում հոգնաբեկ ու խաչազգեստ խմբված, իրենց գլխին թագ առած՝ պարծենալու են կենդանի Վեմով, առանց շիկնելու և առանց ամաչելու: Այս ամենը կանխավ տեսնելով էր, որ մարգարեն ասաց. «Ով Նրան հավատա, ամոթով չպիտի մնա»:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

 

26.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․