Գրքեր

Աղոթասեր համայնքի աղոթքի ուղին Գուգարաց թեմում

Մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեց Գուգարաց թեմի սրբավայրեր: Ուխտավորները Արևագալի ժամերգությամբ, երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի բնութագրմամբ, աղոթքով ողջունեցին արևի ծագելը երկրի վրա:

Աղոթքից հետո Վաչագան սարկավագը նախ անդրադարձավ ուխտավայրերի կառուցման վայրերին՝ նշելով, որ մեր եկեղեցիներն ու վանքերը մեր հայրերի կողմից հեռու վայրերում են կառուցվել, որպեսզի ուխտավորն իր միջավայրի աղմուկից հեռու կարողանա ավելի հեշտ միավորվել Տիրոջը, որպեսզի բնության միջոցով ևս հաղորդակից լինի Արարչին: Իսկ աղմուկի մեջ գտնվողին անհրաժեշտ է առանձնության պահեր գտնել՝ փորձելով լռության մեջ աղոթել: Բարեշնորհ սարկավագը նշեց, որ աղոթական փորձառություն ձեռք բերողը կարողանում է նաև Աստծու մասին խոկալ, այսինքն՝ Աստծու ներկայությունը զգալով, իր կյանքը համեմատել Քրիստոսի կյանքի հետ, քանի որ քրիստոնյան Քրիստոսի կյանքի ընդօրինակողն է:

Այնուհետև ճանապարհին ծավալվեց հոգեշահ զրույց աստվածային և մարդկային իմաստությունների վերաբերյալ: «Աստվածաշունչը շեշտում է, որ աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն Նրա իմաստությամբ, և այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ (Ա Կորնթ. 1:21, 3:19): Մարդկային իմաստությունն ասում է, որ չորացած ձեռք ունեցողը պետք է նախ այն բուժի և նոր երկարեցնի, իսկ Քրիստոս չորացած ձեռքով մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր (Մատթ. 12:9-15): Շատ հաճախ մենք էլ ենք մարդկային իմաստությամբ առաջնորդվում, այնինչ՝ աշխարհիկ իմաստությունը չէ, որ առաջնորդում է մարդուն փրկության, այլ աստվածայինը»,- ասաց սարկավագը:

Առաջին սրբավայրը, որ այցելեցին ուխտավորները, Գուգարաց թեմի 39 գործող եկեղեցիներից Գարգառի Ս. Հովհաննեսն էր, որ կառուցվել է ուշ միջնադարում: Մինչ սրբավայր հասնելը ուխտավորներն առիթ ունեցան ծանոթանալու գյուղի ամենատարեց բնակչուհու՝ Մարուսյա տատիկի (91 տ.) հետ, որն իր կյանքը չի պատկերացնում առանց Աստծու և եկեղեցու: Մարուսյա տատիկը Նոր Կտակարան էր ընթերցում, երբ ուխտավորներից մի քանիսը նրա օջախում հյուրընկալվեցին: Աստվածային նախախնամությամբ ուխտավորները հանդիպեցին հավատավոր մի կնոջ, որն աստվածային իմաստությամբ առաջնորդվելով՝ Տիրոջ հրաշագործ զորությամբ օր-օրի հաղթահարում է գանգրենան և թրոմբը: Ուխտավորներից բժշկուհի Սոնան վստահ է, որ առանց բժիշկների վերահսկման, միայն աստվածային հրաշքով է, որ Մարուսյա տատիկն ապրում է: Նա իր հյուրերին մաղթեց, որ կյանքում ինչով էլ զբաղվեն և ինչ աշխատանք ունենան, երբեք Աստծուն չմոռանան:

Գարգառի Ս. Հովհաննես եկեղեցում ուխտավորները մասնակցեցին Խաղաղական ժամերգությանը, ապա Ս. Եփրեմ Ասորու խոսքերով աղոթք վերառաքեցին առ Տեր ավերված եկեղեցիների վերաշինման, ազգի վերազարթոնքի և միաբանության համար: Ընդհանրական աղոթքից հետո Վաչագան սարկավագը Սուրբ Գրքից այն հատվածը մեջբերեց, որտեղ ասվում է, որ Աբրահամի զավակները նրանք են, ովքեր նրա գործերն են կատարում, այսինքն՝ հավատում և վստահում են Աստծուն, հյուրընկալ են, ողորմած և առաքինի. «Աբրահամը խոր հավատ ուներ և այդ հավատի շառավիղները քրիստոնայներն են, որոնք, Աբրահամի օրինակի համաձայն, կարող են առաքինություններով զարդարվել միայն ջանասիրության շնորհիվ: Այս օրինակի համաձայն՝ Ս. Գրիգոր Լուսավորչի սերունդները նրանք չեն, որ սերնդակից են նրան, այլ նրանք, ովքեր նրա հավատքն են պահում»: Զրույցին բարեշնորհ սարկավագը, սուրբգրային և սրբերի վարքագրությունից օրինակներ բերելով, անդրադարձավ նաև խաչը վերցնելու և Տիրոջը հետևելու ու Նրան չփորձելու մասին:

Ողջ աշխարհով մեկ հայերն առանձնանում են իրենց հյուրընկալությամբ. Գարգառ գյուղի Դոխոլյան ընտանիքի հյուրընկալ հարկի տակ ուխտավորները սիրո ճաշը վայելեցին և ուղևորվեցին դեպի Ս. Սարգիս մատուռ, որ հավատքով հաստատվել է Վարդաբլուր գյուղից մի փոքր հեռու գտնվող բարձր լեռան (2000 մ) վրա: Դեպի սրբավայր տանող ճանապարհը փնտրելիս ուխտավորներն այս անգամ հանդիպեցին Վարդաբլուր գյուղի բնակչուհի 84-ամյա Վերիշկա տատիկին, որը սիրով ուղեկցեց ուխտավորներին՝ նրանց հետ հաղթահարելով սրբավայր տանող բարձունքը: Իսկ այն հարցին, թե դժվա՞ր է լեռը բարձրանալը, տատիկը պատասխանեց՝ աղոթքի ճամփին չեն ասի, թե դժվար է: Վերիշկա տատիկը պատմեց, որ ինքն իր զավակների և թոռների հետ շատ անգամ է այս սրբավայր այցելել և Ս. Սարգիս մատուռի ուխտի օրերից մեկին՝ Վարդավառի տոնին, գյուղի բնակիչներն իրենց ընտանիքներով մատուռ են գալիս, մատաղ անում: Լեռը բարձրանալիս հնարավոր չէր չզմայլվել աստվածապարգև բնությամբ՝ կանաչազարդ և ծաղկազարդ դաշտերով, վեհանիստ լեռներով, կապտակապույտ երկնքով, որ աստիճանաբար հարստանում էր ամպերով և միախառնվում կանաչազգեստ լեռներին: Երբ արդեն հաղթահարված էր բարձունքը, ուխտավորները ֆիզիկապես հանգստացան՝ հոգեպես զորանալով Հանգստյան ժամերգության աղոթքներով, քարոզներով և շարականներով: Հոգևոր ուրախությամբ պարուրված՝ ուխտավորները նաև հաղթահարեցին ետդարձի ուղին, որ դժվարանցանելի էր դարձել հորդառատ անձրևի պատճառով:

Օրվա վերջին սրբավայրը, ուր միասնական աղոթքի կանգնեցին ուխտավորները, Գյուլագարակ գյուղից դեպի հարավ մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող խոնարհված Տորմակավանքն էր (5-6-րդ դդ.): «Մեզ համար ցավալի փաստ են խոնարհված եկեղեցիները: Ս. Եփրեմ Ասորին իր կողմից գրված աղոթքում խնդրում է Տիրոջը, որ խոնարհված տաճարները կառուցվեն: Չմոռանանք մեր աղոթքների մեջ Տիրոջ օգնությունը հայցել՝ խոնարհված տաճարների վերաշինման համար: Գուցե որևէ գործ, որ ձեռնարկում է քրիստոնյան, շատերի համար առաջին հայացքից անիմաստ թվա, սակայն հոգևոր աչքերով առջև նայելով՝ կտեսնենք պտուղները»,- ասաց Վաչագան սարկավագը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի աղոթքի ուղին ավարտվեց Ստեփանավանի դենդրոպարկ այցելությամբ:

 

Կարինե Սուգիկյան

28.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․