Գրքեր

Աղոթքի կանգառ կյանքի արագընթաց ռիթմի մեջ

Հուլիսի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական աղոթքի ուղին ձգվեց դեպի Տավուշի թեմի Նոր Վարագավանք միջնադարյան վանական համալիր: Ուխտավորները մինչ ճանապարհ ընկնելը եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին, այնուհետև եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի առաջնորդությամբ՝ անցան աղոթքի ուղին, որն ուղեկցվեց Արևագալի ժամերգության աղոթքներով ու շարականներով և հոգեշահ զրույցով: Բարեշնորհ սարկավագն ուխտավորների հետ զրուցեց հոգևոր խաղաղության, աղոթքի ժամանակ մտքերի հանդարտության և աղոթքը շեղող մտքերի դեմ գործնական պայքարի մասին: «Աղոթքը շեղող մտքերն առաջ են գալիս այն պատճառով, որ այսօր մարդիկ աշխարհիկ կենցաղային հարցերին ավելի շատ ժամանակ են տրամադրում, քան հոգևորի շուրջ խոկալու մասին: Մենք ավելի շատ խնդրի մասին ենք մտածում, քան խնդրի մեջ Աստծուն տեսնելու մասին, այդ պատճառով հեռանում ենք Աստծուց: Կյանքի արագընթաց ռիթմի մեջ անհրաժեշտ է կանգ առնել, հանդարտվել և խոկալ հավիտենության մասին»,- ասաց Վաչագան սարկավագը:

Ուխտավորների աղոթքի ուղին կանգ առավ Վարագավան գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին բազմած Նոր Վարագավանքում, որ հիմնադրել է Նոր Բերդի Դավիթ իշխանը 1193-1198թթ.-ին՝ կառուցելով վանքի հնագույն՝ Անապատ եկեղեցին և տոհմական տապանատունը: Անապատ կոչվող մենաստանը XIIIդ. վերանվանվել է Նոր Վարագավանք, երբ Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի հրոսակներից հալածված, վերցնելով հռչակավոր «Սուրբ Նշանը»՝ 1237թ.-ին տեղափոխվել է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության այս հոգևոր կենտրոնը:

Միջնադարյան սրբավայրում ուխտավորները մասնակից եղան Խաղաղական ժամերգության և օրվա հիշատակելի սրբերի՝ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի բարեխոսությամբ Տիրոջ ողորմությունը հայցեցին հիվանդների ու ննջեցյալների համար: Աղոթքից հետո Ս. Տրդատի վարքին անդրադառնալով՝ Վաչագան սարկավագը մասնավորաբար ասաց, որ Ս. Տրդատը, ի տարբերություն Հայոց որոշ արքաների, օրինակ՝ Սանատրուկի, հավատարիմ մնաց իր հավատին, իր վարքով առաջադիմեց բոլոր ուղղությունների՝ ամեն տեսակ բարեգործությունների մեջ, զորանալով սատարեց ավետարանչական գործին, իսկ կյանքի վերջին տարիներին առանձնանալով՝ նվիրվեց աղոթական կյանքին:

Ողջ օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորների համար աղոթքի և հոգևոր կյանքի շուրջ խոկման հիանալի մի առիթ էր: Դեպի Երևան վերադառնալիս Վաչագան սարկավագն այս անգամ ուխտավորների հետ զրուցեց նեղության մեջ Աստծուն տեսնելու, նեղությունները հանուն Քրիստոսի համբերելու և մարդկային փոխհարաբերության մեջ հոգևոր խաղաղություն գտնելու և այն պահպանելու մասին: Նեղությունների մեջ կարևորելով հոգևոր զգոնությունը՝ բարեշնորհ սարկավագը մատնանշեց, որ մարդ պետք է հսկի իրեն, որպեսզի, ումից որ նեղություն է կրել, նրան չսպանի իր մեջ, այսինքն՝ չչարանա նրա դեմ:

Ամեն անգամ ուխտի ճանապարհն առավել է զորացնում Աստծո ընտանիքի հարազատ անդամներին, որոնք, ինչպես Պողոս առաքյալն է ասում, մեծ կառույցի՝ եկեղեցու մասերն են, որի հիմքը առաքյալներն ու մարգարեներն են, և որի անկյունաքարն է Ինքը՝ Հիսուս Քրիստոսը: Նրանով է, որ ամբողջ կառույցը ներդաշնակ միասնությամբ աճում ու դառնում է Տիրոջ սեփական սուրբ տաճարը և Նրան միացած բոլորը դառնում են Աստծո բնակարան՝ Սուրբ Հոգու միջոցով (Եփես. 2:20-22):

 

Կարինե Սուգիկյան

13.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․