Գրքեր

Աղոթքի մասին

«Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ» (Մատթ. 7:7)

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Այսօր պիտի խոսեմ հոգու համար առաջնային անհրաժեշտություն հանդիսացող մի երևույթի մասին, որ անվանվում է աղոթք: Եկեղեցու սուրբ հայրերն այն իրավմամբ առաքինությունների թագուհի են կոչում: Եթե հետևենք քրիստոնյաներիս համար օրինակ հանդիսացող մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ընթացքին, որ նկարագրված է չորս ավետարաններում, ապա կտեսնենք, որ Նրա կյանքի անբաժան մասն էր կազմում աղոթքը: Քրիստոս աղոթում էր, երբ պիտի մկրտվեր, աղոթում էր, երբ առանձնանում էր որևէ անապատում, աղոթում էր Իր աշակերտներին ընտրելիս, վաղ առավոտյան և ուշ գիշերը, Հորը գոհություն հայտնելով և խնդրանքով դիմելով: Այս բոլոր դեպքերի մասին հատկապես պատմում է Ղուկաս ավետարանիչը: Արդ, ի՞նչ հետևություն ենք անում այս ամենից, սիրելիներ: Այն, որ Աստվածորդին աղոթքի մարդ էր, ամենայն լրջությամբ էր վերաբերվում դրան և առաջնային էր համարում կյանքում: Իսկ մի՞թե կարող է այլ կերպ լինել: Չէ՞ որ աղոթքն է այն կենդանի կապը մեր Երկնային Հոր հետ, որ կյանքով է լցնում մեր սիրտն ու հոգին: Վստահաբար ձեզնից շատերը ծնողներ են և լավ կհասկանան ծնող-զավակ երկխոսության կարևորությունը: Անշուշտ, Ամենախնամ Հայրը տեսնում է Իր բոլոր զավակների սրտերը, գիտի թե ինչ են մտածում, ինչ հոգսեր կամ վախեր ունեն, ճիշտ այնպես, ինչպես ծնողն է առանց խոսքերի հասկանում իր երեխայի հոգեվիճակը: Բայց կհամաձայնեք ինձ հետ սիրելիներ, որ առանց միմյանց հետ խոսելու՝ ուղղակի անհնար է: Այդ երկխոսությունն ամեն օր պետք է տեղի ունենա, որովհետև երկուստեք կա դրա պահանջը: Ծնողն ամեն օր ուզում է խոսել իր զավակի հետ, որովհետև կարոտում է նրան, ուզում է որպիսությունն իմանալ, կարիքի դեպքում՝ իր օգնությունն առաջարկել, շոյվել՝ լսելով երախտագիտության խոսքեր՝ այն ամենի համար ինչ արել ու անում է: Իսկ եթե դա այդպես է մեր երկրային ծնողների պարագայում, ապա որքա՜ն առավել մեր Երկնային Հոր դեպքում: Պատկերացրեք հիմա, թե որքան է ցավում մեր Ամենախնամ Ծնողի սիրտը, երբ մենք մոռացության ենք մատնում Նրան, տարվում ենք աշխարհի խաբուսիկ փայլով, ընկնում ենք փուչ պատրանքների ետևից, մեր երկրային կյանքի թանկարժեք ժամանակը ծախսում ենք ամեն ինչի վրա, ժամանակ ենք գտնում ամեն մեկի համար, բայց ոչ՝ Հոր: Պատկերացնո՞ւմ եք այն ցավը, որ մեզ կյանք Տվողին ենք պատճառում:

Եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, սիրելի եղբայրներ ու քույրեր, և հարց տանք մեզ՝ արդյո՞ք բավարար չափով ենք խոսում մեր Բարեգութ Ծնողի հետ: Էլ չեմ ասում ամեն բացվող օր դա անելու մասին… Վստահ եմ, երբ անաչառությամբ կողքից նայենք ինքներս մեզ, ապա կտեսնենք մի անմիտ էակի, որ կենարար ջուրն ունենալով իր առջև՝ ցեխաջրից է խմում: Կամ պատկերացնենք, որ մենք անբուժելի հիվանդ ենք և հրաշքով հանդիպել ենք աշխարհահռչակ մի բժշկի, ով վստահաբար կարող է մեզ բուժել: Ի՞նչ կանենք այդ ժամանակ: Մի՞թե չենք մոտենա նրան: Կամ կլռե՞նք, կարհամարհե՞նք ու կհեռանա՞նք: Ավելի քան վստահ եմ, որ ո՛չ: Մենք մեր ժամանակավոր մարմնի փրկության համար ամեն ինչ կանենք: Մոլագարի պես կհետևենք այդ բժշկին, այնքան կգնանք նրա մոտ մինչև ընդունելության արժանացնի, կանենք այն ամենն ինչ կասի մեզ, և իհարկե երախտապարտ կմնանք նրան մինչև կյանքի վերջ: Արդ ո՞ւր է կորչում մեր եռանդը, երբ խոսքն Աստծուն դիմելու մասին է: Երբ խոսքը ոչ թե երկրային յոթանասուն-ութսուն տարիների մասին է, այլ հավիտենական կյանքի: Մի՞թե այդքան անմիտ ենք մենք: Վերլուծենք մեր ներսը, սիրելիներ, և կսարսափենք: Տառապում ենք հոգեկործան կրքերից ու մոլություններից, բայց լավագույն դեպքում մարմնի առողջություն ենք հայցում Տիրոջից… Բարկանում ենք Աստծո վրա, որ մեր ուզածը չի կատարում, բայց հաշվի չենք առնում, որ ինքներս հրաժարվում ենք Նրա սուրբ կամքը կատարելուց: Պատրաստ ենք ծնկաչոք աղոթել, երբ վշտի մեջ ենք ու միայն Նա կարող է օգնել մեզ, բայց անհոգ ժամանակ չենք էլ հիշում մի պարզ «Փառքդ շա՜տ, Տեր» ասել: Այնինչ ամեն առավոտ, երբ բացում ենք մեր աչքերն ու հասկանում, որ մեր Բարեխնամ Հայրը մեկ օր էլ է պարգևել մեզ՝ ևս մեկ հնարավորություն տալով մոլորություններից ձերբազատվելու, ուղղվելու, զղջալու, դեպ Իրեն դառնալու ու հավիտենական երանությունը ժառանգելու: Մի՞թե այդքան տկար ենք ուղեղով: Թե՞ այդքան անզոր՝ թշնամու հարձակումների դեմ, որ մշտապես խանգարում է մեզ, շեղում տարբեր խորամանկ եղանակներով, որպեսզի մեր երկխոսությունը Հոր հետ չկայանա և հետևաբար մենք ոչ թե փրկության ճանապարհով գնանք, այլ՝ կործանման:

Սթափվե՛նք սիրելիներ: Գիտակցենք վերջապես մշտական աղոթքի կենսական անհրաժեշտությունը: Մեր մտքում ու սրտում դրոշմենք, որ Աստված լսում է ի սրտե արված և Իր սուրբ կամքին չհակասող բոլոր աղոթքները: Երբեք չպետք է վհատվենք, երբ միանգամից չենք ստանում մեր խնդրածը: Երբեմն սիրող ծնողը մերժում է իր զավակի խնդրածը, որովհետև գիտի, որ դա վնասելու է նրան: Կամ հապաղում է միանգամից կատարել, սպասելով իր զավակի համար ավելի ճիշտ ժամանակի, որպեսզի և՛ զավակն աճի համբերության մեջ, և՛ խնդրածն էլ օգուտ բերի իրեն:

Աղոթելուց պետք է լիովին վստահենք Աստծուն, սիրելիներ: Գիտակցենք, որ ինչ որ Աստված ասում ու անում է՝ մարդու օգուտի համար է: Նույնիսկ այն ժամանակ, երբ Աստված, համառորեն արված աղոթքներից հետո էլ, չի կատարում մեր խնդրածը, պիտի վստահ լինենք, որ դա ի օգուտ մեզ է: Որովհետև ապագան տեսնելու մեր անկարողության պատճառով, մեզ կարող է թվալ, թե անհրաժեշտ բան ենք խնդրում, բայց իրականում դա կարող է վնասակար ու խաբուսիկ լինել, և միայն Տերն է, որ Իր անհասանելի բարձրությունից տեսնում է, թե ինչն է տանելու մեզ դեպի փրկություն, իսկ ինչը՝ ոչ: Սակայն դա չի նշանակում, սիրելի հավատացյալներ, որ մեկ անգամ աղոթելուց և պատասխան չստանալուց հետո, պետք է հուսահատվենք ու դադարենք աղոթել: Ընդհակառակը՝ պիտի խնդրենք Ամենաիմաստուն Ծնողին, որ անպայման պատասխանի մեզ՝ «այո» լինի դա, թե՝ «ոչ»:

Այստեղ ուզում եմ մի կարևոր մեջբերում անեմ Սուրբ Հովհան Ոսկեբերանի խոսքից, քանզի վստահ եմ, որ ամենքս էլ երբեմն-երբեմն հայտնվում ենք նման իրավիճակում: Այսպիսով նա ասում է. «Շատերը մտնում են եկեղեցի, հազարավոր աղոթքներ են անում, և դուրս են գալիս՝ չիմանալով, թե ինչ են ասել, շրթունքները շարժվում են, իսկ ականջը չի լսում:

Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստված լսի՞: Ես ծնրադրեցի, ասում ես: Սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ ոգիդ՝ դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջանառություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ»: Ահա հենց սրան էլ էր վերաբերվում այն խոսքը, որ քիչ վերևում ասացի, թե թշնամին երբեք քնած չէ և մշտապես ամեն միջոց կիրառում է մեզ Կյանքի Աղբյուրից հեռացնելու համար:

Երբեմն էլ, սիրելիներ, որպեսզի մեր աղոթքը լսելի դառնա, օրինակ՝ հիվանդության դեպքում, ինչպես Սուրբ Հայրերից մեկն է ասում, մենք պետք է ոչ միայն մեր ապաքինման համար աղոթենք, այլ նաև բոլոր հիվանդների: Կամ, եթե նույնիսկ անհոգ ենք ու առողջ տվյալ պահին, ապա միևնույն է մեր աղոթքներում պետք է հիշենք բոլոր հիվանդներին, կարոտյալներին ու փորձության մեջ գտնվողներին, որովհետև նախ՝ այդ կերպ մեր օգնությունը կբերենք նրանց և երկրորդ՝ վստահ կլինենք, որ երբ մենք էլ կարիքի մեջ հայտնվենք՝ մեկ ուրիշն էլ մեզ համար կաղոթի:

Սիրելիներ, բազում-բազում են աղոթքի միջոցով ստացած օրհնություններն ու հրաշքները: Անթիվ են դեպքերը, երբ ճաշից առաջ արված գոհության աղոթքը փրկել է մարդկանց թունավորումից, երբ բժշկության աղոթքը կյանքի է վերադարձրել անհույս հիվանդին կամ հանգիստ վախճան է ապահովել ցավերի մեջ տառապողի համար: Կամ սիրող մոր աղոթքը փորձությունից ազատել է իր սիրասուն զավակին: Անհույս թվացող գործը հաջողությամբ է պսակվել, երբ ուղեկցվել է աղոթքով: Կամ պարզ փառաբանական աղոթքն ավելի մեծ շնորհների է արժանացրել ասողին: Մեծագույն հրաշքներ է գործել կարճ «Տեր ողորմյա»-ն: Էլ չեմ խոսում հանգուցյալների հոգիների փրկության համար արված աղոթքի կարևորության մասին... Այսպես կարելի է անվերջ թվարկել, սիրելի հավատացյալներ, ուստի մաղթանքս է ամենքիս, որպեսզի սթափ մտքով wu խոնարհ սրտով մշտապես աղոթական կապի մեջ լինենք մեր Հոգատար Ծնողի հետ: Հիշենք, որ երբևէ ամոթահար չենք մնա Նրա առջև, եթե աղոթքի կանգնենք: Հիշենք, որ Ամենասուրբ Աստվածամորն ու բոլոր սրբերին բարեխոս ունենք մեզ համար: Արդ, աղոթքի միջոցով ազատվենք մեզ տանջող մեղքերից, մտահոգություններից ու ցավերից: Մաքրվենք ամեն տեսակի աղտոտություններից դրանց փոխարեն Աստված մեր սիրտն ու հոգին կլցնի Իր անսահման սիրո ջերմությամբ, աստվածային այն լույսով ու խաղաղությամբ, որոնց տենչում է մեր հոգին: Փա՜ռք և զորություն՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

09.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․