Գրքեր

Աղոթքի մեջ հարատևելու և Տիրոջով զորանալու ուղիներից մեկը

Քրիստոսի հետևորդները մշտապես հոգևոր պայքարի մեջ են և այդ պայքարում մենամարտող զինվորի գլխավոր զենքն աղոթքն է: Թշնամիներով շրջապատված զինվորը չի կարող քնել. երանելի Պողոս առաքյալը հորդորում է արթուն լինել և անդադար աղոթել, աղոթել ոչ միայն ինքդ քեզ համար, այլ նաև հավատակից զինվորների համար. «Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցե՛ք Հոգով, և այդ բանի մեջ հսկեցե՛ք կատարյալ հարատևությամբ և աղաչանքներով» (Եփես. 6:18):

Դարեր ի վեր ուխտավորի ուղին աղոթքի մեջ հարատևելու և Տիրոջով զորանալու միջոց է հանդիսացել: Հունիսի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Համայնքի հերթական աղոթքի ուղին ամեն ժամ Հոգով աղոթելու, Տիրոջով զորանալու և Նրան փառաբանելուն էր ուղղված: Առաջին ուխտավայրը, ուր ուխտավորներն աղոթք վերառաքեցին առ Տեր, Ամբերդի Ս. Աստվածածին Կաթողիկե (Վահրամաշեն) եկեղեցին էր, որ կառուցվել է Հայոց մեծանուն սպարապետ, իշխան Վահրամ Պահլավունու կողմից 1026 թ-ին: Սրբավայրը խաչաձև գմբեթավոր հորինվածք ունեցող առաջին եկեղեցիներից է, որի խաչթևերի չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներ կան: Եկեղեցում ուխտավորները մասնակից եղան քրիստոնյայի համար ամենանվիրական և կարևոր արարողությանը՝ Ս. Պատարագին: Տիրոջ Մարմնին և Արյանը հաղորդվելով՝ նրանք հաղորդակից եղան աստվածային սիրո գաղտնիքն ընդգրկող անճառելի խորհրդին: Ս. Պատարագին, ուր անարյուն զոհ է մատուցվում՝ հրեշտակների գնդերի մասնակցությամբ, մարտնչող եկեղեցին միավորվում է հաղթանակած եկեղեցուն: Պատարագիչը՝ Տեր Վահանը, նախքան քարոզը շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին և Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանին, որոնց օրհնությամբ իրենք միջնադարյան սրբավայրում մասնակից եղան Ս. Պատարագի արարողությանը: Ապա քարոզին Տեր Հայրը մասնավորաբար ասաց. «Մեր անցած ուխտի ճանապարհը նման է մեր կյանքի անցած ճանապարհին: Դժվարություններ կային ուխտի ճանապարհին, մեր կյանքի ուղին էլ դյուրին չէ, բայց յուրաքանչյուր քրիստոնյա հաղթահարում է դժվարությունները՝ Քրիստոսին հետևելով, Նրա պատգամները կատարելով և Նրա խոսքին ականջալուր լինելով, թե՝ մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛ (Ղուկ. 8:50)»:

Սուրբ Պատարագի ավարտին սիրո ճաշը վայելելուց հետո ուխտավորները բարձրացան Արագածի լեռ և հիացան հայրենի բնաշխարհի արտասովոր գեղեցկությամբ, լեռան գեղատեսիլ լճերից ամենամեծի՝ Քարի լճով, որ ծովի մակարդակից 3250 մ բարձրության վրա է գտնում և քաղցրահամ ջուր ունի: Արագածի գագաթից անհնար էր չհիանալ Արարատի փառապանծ գագաթով, չվայելել Արարատյան դաշտավայրի գեղատեսիլ տեսարանը և չփառաբանել Աստծուն պարգևած հայրենի բնօրրանի համար:

Այնուհետև ուխտավորներն ուղևորվեցին դեպի Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցի (X դ.), ուր մասնակցեցին Հանգստյան ժամերգության և նրանցից յուրաքանչյուրն ասաց Ս. Ներսես Շնորհալու օրվա 24 ժամերի համար նախատեսված «Հավատով խոստովանիմ» աղոթքների շարքը: Տիրոջով գոտեպնդված և զորացած՝ ուխտավորները վերադարձան Երևան: Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց ուխտավորներին սիրո, ջերմության և համերաշխության համար, և նրանք ևս փոխադարձաբար շնորհակալություն հայտնեցին Տեր Հորը:

Աղոթքն ու խոկումը, ըստ եկեղեցու հայրերի, ոչ թե գիտություն կամ ճարտարամտություն ձեռք բերելուն է ուղղված, այլ առաքինությունների և աստվածային սիրո մեջ հաստատվելու և զորանալու ունակության: Հոգևոր պայքարի մեջ մարդ պետք է ճանաչի Աստծո պարգևած հոգու ուժը և Հայր Պաիսիոս Աթոսացու խոսքի համաձայն՝ այն ի բարին գործածի՝ Աստծո օգնությամբ հասնելով հոգևոր լավ վիճակի:

 

Կարինե Սուգիկյան

15.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․