Գրքեր

Աղոթքի մեջ պետք է հաստատակամ ու համբերող լինել

- Հա՛յր, երբեմն, երբ ինչ-որ բան եմ խնդրում Աստծուց ու չեմ ստանում, հարց եմ տալիս ինձ. «Արդյո՞ք Աստված լսում է իմ աղոթքը»:

- «Արդյոք»-ը նշանակում է, որ կասկածում ես Աստծու սիրուն և այդպիսով ինքդ էլ չեղարկում ես խնդրանքդ այն ներկայացնելու պահին, ինչն էլ նշանակում է, որ կորցնում ես արտահերթ սպասարկման իրավունքը:

- Հա՛յր, երբ որևէ բան եմ խնդրում Աստծուց և միանգամից չեմ ստանում, արդյո՞ք պետք է համառորեն պնդեմ:

- Այո՛, պետք է: Տե՛ս, երբ որևէ հիմնարկություն ենք գնում և խնդրանքով դիմում պատասխանատու անձին, ապա ցանկացածիդ հասնելու համար երբեմն ստիպված ես համառություն ցուցաբերել: «Խնդրում եմ օգնեք, այլապես այստեղից չեմ հեռանա»: Այդպես էլ աղոթքի մեջ է համառություն պահանջվում. և՛ քանանացի կինն էր Քրիստոսին համառորեն խնդրում(1), և՛ այրին՝ անիրավ դատավորին(2):

- Բայց որքան շատ է ժամանակն անցնում, հա՛յր, և խնդրանքս անպատասխան է մնում, այնքան ավելի եմ վշտանում:

- Աղոթքի մեջ որևէ բան խնդրելիս պետք է համբերությամբ սպասել: Մի անգամ աչքս ուռեց ու սաստիկ ցավում էր: Երեք անգամ գնացի Աստվածամոր պատկերի մոտ և աղաչեցի բժշկության համար, որպեսզի կարողանամ գիշերները Սաղմոսարան կարդալ: Սրբապատկերի առջև դրված կանթեղի ձեթն էլ աչքիս քսեցի, բայց չանցավ: Մի քանի օրից վիճակը վատթարացավ՝ աչքս ավելի ուռեց ու սկսեց ավելի սաստիկ ցավել: Տասնհինգ օր անցավ: Այնժամ ես կրկին խոնարհությամբ գնացի Աստվածածնի պատկերի մոտ և ասացի. «Սո՛ւրբ Աստվածածին, ների՛ր ինձ, մեկ անգամ էլ անհանգստացնեմ քեզ»: Կրկին ձեթ վերցրի կանթեղից և հազիվ էի աչքիս քսել, երբ այն միանգամից առողջացավ: Մի՞թե Աստվածածինը չէր կարող առաջին անգամ էլ բժշկել աչքս: Սակայն թույլ տվեց տառապել, որպեսզի օգուտ քաղեմ դրանից: Դու ևս խոնարհաբար խնդրիր և համբերությամբ սպասիր: Աղոթքը լսելի է լինում, եթե արվում է հավատով, սրտացավությամբ, համառությամբ ու համբերությամբ և եթե խնդրածը հօգուտ մեզ է լինելու:

 

1. Մտթ. 15:21-28

2. Ղուկ. 18:2-8

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

22.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․