Գրքեր

Աղոթքը սարսափազդու զենք է սատանայի դեմ

- Հա՛յր, ես ինձ անզոր եմ զգում դժվարությունների ու փորձությունների առջև:

- Չե՞ս աղոթում: Ինչպես վտանգի մեջ հայտնված նավերն են SOS ազդանշան ուղարկում, այնպես էլ դու մշտապես կրկնիր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծու, ողորմի՜ր ինձ», և օգնություն կստանաս:

Մի անգամ փորձությունն ինձ անդունդն էր նետելու, եթե չաղոթեի. աղոթքն ինձ փրկեց: Երբ Ստոմիոն մենաստանում էի ապրում, մի անգամ երեկոյան դարափի եզրի մի վտանգավոր վայրում գտնվող քարանձավը գնացի: Այն շատ փոքր էր, և ես նստած հազիվ էի այնտեղ տեղավորվում: Դրա մուտքի առջև քարեր դրեցի, որովհետև ներքևում անդունդն էր: Ողջ գիշեր աղոթեցի: Լուսաբացին, լռության մեջ, հանկարծ մի սարսափելի «ծուղ-րու-ղո՜ւ» լսեցի և թևերի ուժգին բախյուն՝ հենց կողքիս: Վախեցա՝ անակնկալի գալով: Բացականչեցի. «Տե՛ր Հիսուս Քրիստոս», ու դուրս ցատկեցի: Քիչ էր մնացել անդունդն ընկնեի: Սակայն իսկույն հասկացա, որ փորձություն էր և շարունակեցի աղոթել, իսկ ականջներս դեռ խշշում էին աղմուկից:

- Հա՛յր, երբ մարդ միայն շուրթերով է աղոթում, առանց մտքի գործադրման, դրանից օգուտ կա՞:

- Դրանից էլ օգուտ կա: Իհարկե այն թշնամուն չի հալածում, բայց ասես գնդացրի կրակահերթի պես ստիպում է տեղը նստել ու դուրս չցցվել:

Աղոթքը զորեղ ուժ ունի, այն սարսափազդու զենք է սատանայի դեմ: Աղոթելով՝ ասես հոգևոր գնդակներով կրակում ես սատանայի վրա, և նա չի կարողանում քեզ մոտենալ: Մի անգամ սուրբ Աննայի խցում ապրող մի վանական(1) աղոթում էր, իսկ բանսարկուն ծաղրում էր նրան ու անդադար բառաչում. «Ըմ-ըմ-ըմ…»: Հետո վանականը լսում է, թե սատանան ինչպես է գոռում. «Վանականները չեն թողնում Պառավի(2) խցին մոտենալ»:

- Հա՛յր, երբ գլխումս նենգ, պարսավիչ մտքեր են պտտվում, և ես փորձում եմ աղոթել, միգուցե դրանով Աստծու զայրո՞ւյթն եմ հարուցում:

- Ոչ: Դևն իր չարությունից է նենգ մտքեր սերմանում, իսկ դու դրանից օգտվիր. հարատև աղոթքի մեջ մնա: Ասա նրան. «Լավ է, որ այդ մտքերն ինձ բերեցիր, որովհետև մոռացել էի Աստծուն», և աղոթք արա: Երբ դևը տեսնի, որ դա հօգուտ քեզ է, կհեռանա, որովհետև իր շահերից չի բխում, որպեսզի դա քեզ համար աղոթելու առիթ հանդիսանա: Երբ նա նահանջի և այլևս չգայթակղի քեզ, նշանակում է, որ հարատև աղոթք ես ձեռք բերել:

Համենայն դեպս, սատանան, ինքն էլ չցանկանալով, մեծ օգուտ է բերում, դրա համար էլ Աստված նրան համբերում է: Երբ ես Իվերական անապատում(3) էի ապրում, մի գիշեր դևերը փորձեցին ինձ սպանել սալիկի մի կտորի միջոցով: Երեկոյան մի աղքատ մարդ եկավ խուցս: Որքան գումար ունեի, տվեցի, ու նա հեռացավ: Գիշերը դռան թակոց լսեցի: Մտածեցի, որ նա որոշել է, թե իբր էլի գումար ունեմ և վերադարձել է: «Ո՞վ է»,- հարցրի: Լռություն: Հետո լսում եմ, որ մյուս դուռն են թակում: Մոմ վառեցի, որպեսզի լուսավորեմ: «Ո՞վ է»,- կրկին հարցրի: Լռություն: Հետո լսում եմ, որ տանիքին են հարվածում: «Հա՜, հիմա պարզ է»,- ասում եմ: Ու այնպիսի՜ աղմուկ սկսվեց: Ես ծնկի իջա ու սկսեցի անդադար աղոթել: Հանկարծ վերևից մի սալիկ շպրտեցին՝ դըմփ: Առաստաղի տախտակը ճեղքվեց, և սալիկի կտորը, սուր ծայրով ներքև, ուղիղ գլխիս վերևը կախվեց: «Պարզ է,- ասացի,- ողջ գիշեր այսպես է լինելու»: Հետո գիշերային հսկումն էր: Ես աղոթում էի, իսկ դևերը տանիքին էին հարվածում… Լա՜վ հսկումներ էին:

Աղոթքը պատերազմ է չարի դեմ: Նշանակում է, որ չարն էլ է պատերազմելու՝ պաշտպանվելով: Դևերը միայն այն ժամանակ են զինաթափվում, երբ մարդը, որն իր մեջ խոնարհամտություն, այլ ոչ թե եսասեր կտրիճություն ունի, արիությամբ է մարտնչում նրանց դեմ:

 

1. Խոսքը հենց հայր Պաիսիոսի մասին է:

2. Այսինքն՝ սուրբ Աննայի խցին:

3. 1964-1967 թթ.:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

13.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․