Գրքեր

«Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ»

«Ահաւասիկ կամ Ես առ դուրս և բախեմ. եթէ ոք  լուիցէ ձայնի իմում՝  եւ բանայցէ զդրունսն, մտից առ նա»:

«Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ»: (Հայտնություն 3:20)

​Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս.

​Այսօր Ամանոր է: Եվ Աստվածային սերը և գալիք տարվա բարի և գեղեցիկ սպասումները ոգևորում և երջանկացնում են մեզ: Մենք մեծ ցնծությամբ սպասում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյանը: Հիսուս Քրիստոս ծնվում է մեր փրկության համար:​

Աստված աշխարհ է գալիս մարդանալով, ինչպես աղոթքում է ասվում. «Վասն մեր ի չափաւորութիւն եկիր, Անչա՛փդ Աստուած» (մեզ համար չափավորության մեջ մտար, Անչա՛փդ Աստված): Գալիս է փրկելու մեզ՝ մեղավոր մարդկությանը, ուսուցանելու և դարձնելու Իր վարդապետության աշակերտները: Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք: Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց Իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա՛, Հայր: Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու» (Գաղատացիներ 4:4-7):

Մենք էլ եկեք մոգերի հետևողականությամբ փնտրենք Փրկչին, սպասենք Աստծո Որդու մարդեղացմանը, հավատանք Նրա փրկագործությանը, հավատանք. «Որ մեզ՝ մարդկանց համար և մեր փրկության համար, երկնքից իջնելով, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից» («Հավատո հանգանակ»): Մենք էլ նախանաձախնդիր լինենք մոգերի պես՝ գտնելու այն արքայությունը, որտեղ Երկնավոր Թագավորն է: Մենք էլ նախանձախնդիր լինենք, որ մեր սրտերն ու հոգիները վերածենք արքայության, որտեղ կգա բնակվելու մեր Փրկիչը:

Մարդն իր անհնազանդությամբ, այսինքն՝ արգելված պտուղը ճաշակելով, իր բնությունը իջեցրեց բարձրությունից դեպի խոնարհություն, տերությունից դեպի հնազանդություն, անմահությունից դեպի կյանքի վախճան: Մարդը զրկվեց իրեն արժանացրած պատվից, իսկ Հիսուս Քրիստոս՝ մեր Տերը, Աստծո Միածին Որդին, աշխարհ եկավ մարդկանց բարձրացնելու՝ խոնարհությունից տանելու դեպի բարձրություն, հնազանդությունից դեպի տերություն, կյանքի վախճանից դեպի անմահություն: 

Ավելի քան երկու հազար տարի, անկախ ամեն տեսակ խոչընդոտներից, արգելքներից ու հալածանքներից, մերժումից և ժխտումից, Հիսուս Քրիստոսի վարդապետությունն ու գաղափարախոսությունը շարունակում են իրենց սիրով պարուրել բազմաթիվ մարդկանց, որոնք աներկբա հավատում են Նրա Աստվածությանը: Մինչև աշխարհի վախճանը Նա պիտի գա ու թակի մեր դռները, եթե թույլ տանք պիտի գա ու մտնի ոչ միայն մեր ընտանեկան հարկերից ներս, այլ նաև մեր սիրտն ու հոգին, ինչպես ասվում է Հայտնության գրքում. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ Ինձ հետ: Ով հաղթի, նրան թույլ կտամ նստելու Ինձ հետ Իմ աթոռին, ինչպես որ Ես հաղթեցի և նստեցի Իմ Հոր աթոռին: Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» (Հայտնություն 3:20-22):

Սիրելինե՛ր, հարկ է փնտրել Հիսուս Քրիստոսին և ճանաչել Նրան՝ որպես Աստված և Աստծո Որդի: Դամասկոսի ճանապարհին Սուրբ Պողոս առաքյալի աչքերը կուրացան, որովհետև նա հրեական կուրությամբ էր նայում Օրենքին և մարգարեություններին և չէր տեսնում Քրիստոսի Աստվածությունը: Սակայն Աստծո օրհնությամբ և Սուրբ Անանիայի աղոթքով բացվեցին նրա աչքերը: Աստծո ողորմածությամբ այդպես էլ թող բացվեն մեր հոգու աչքերը, որ ճանաչենք և զգանք Աստծո սերը մեր հանդեպ:

Քրիստոսի գալիք ծննդյան լույսին սպասելով, Նոր տարվա սեմին կանգնած՝ վերափոխվենք և լույսի ճանապարհով ընթանանք, որովհետև Ճշմարիտ Լույսը հայտնվում է մարդկանց հանդեպ ունեցած մեծագույն սիրո պատճառով: Հիսուս Քրիստոս Արդարության Արեգակն է, իսկ մենք՝ Նրա ճառագայթները: Մենք ինքներս էլ պետք է լույս դառնանք և լուսավորենք մեր շրջապատը Քրիստոսի լույսով: Այդ Լույսը գալիս է լուսավորելու մեր սրտերն ու հոգիները, մեր տներն ու մեր ընտանիքները: Ամենակարևորն այն է, որ Նա լուսավորում է մեր կյանքը, մեր հարաբերությունները բոլորի հետ, և մենք բոլորս մեկ ենք Քրիստոսով. «Հանեցե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով և հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի. այլևս չկա հրեա, ոչ էլ հեթանոս, թլպատություն և անթլպատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ՝ Քրիստոս, որ ամեն ինչ է ամեն բանի մեջ», – ասում է Սուրբ Պողոս առաքյալը (Կողոսացիներ 3: 9-11): Քրիստոսի լույսը մեր մեջ կրելով՝ փոխանցենք մեկս մյուսին, քանի որ քրիստոնեական մեծ ընտանիքը իրար է շղթայված այդ լույսի և սիրո լարերով:

Սիրելինե՛ր, թող լավատեսական զգացումները ողջ տարվա ընթացքում ուղեկցեն մեզ: Մեր միտքը կենտրոնացնենք այն բանի վրա, որ մեզ համար Փրկիչ է ծնվելու, և Նոր տարվա այս օրերը արժևորենք ու ապրենք այդ հույսով և սպասումով: Ուրախանում և ցնծում ենք Քրիստոսով, ուրախացած Նրա փրկչական ներկայութամբ՝ անցկացնենք տարվա բոլոր օրերը, ուրախության ժամանակ փառաբանենք Նրան, իսկ փորձության և տխրության ժամանակ Նրա զորությամբ հաղթահարենք մեր տկարությունները: Մեր Տիրոջը վստահենք մեր կյանքի ղեկը՝ առանց վախենալու և առանց երկմտության: Երբ հավատում ենք Աստծուն, վստահաբար ավելին ենք ստանում Նրանից:

Տարվա առաջին օրը աղոթքով ենք սկսում, որը առիթ և հնարավորություն է, որ առաջ նայենք և այն հույսով ապրենք, որ այն ժամանակահատվածը, որ Աստված պարգևելու է մեզ, Նա կառաջնորդի մեզ, չի թողնի, որ սխալներ անենք ու մեղքեր գործենք: Թող Աստծո օրհնությամբ և զորակցությամբ անցնեն տարվա բոլոր օրերը, զորացե՛ք և գոտեպնդվե՛ք ձեր հավատքի մեջ: Թող Տերը օրհնի և Իր հայրական հոգածության ներքո պահի ձեզ ու ձեր ընտանիքներին, պարգևի հոգու և մարմնի մաքրություն և նորանոր շնորհների ու ձեռքբերումների արժանացնի:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

01.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․