Գրքեր

Ամանորը ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ում

Դեկտեմբերի 24-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը նշեց Ամանորը: Կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Տերունական աղոթքով սկսեց ամանորյա միջոցառումը: Տեր Հայրը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի անունից ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ և օրհնություն փոխանցեց երեխաներին, նրանց ծնողներին և աշխատակիցներին: «Սրտագին շնորհավորանքներս եմ ուղղում ձեզ և ձեր ընտանիքներին և գոհաբանությունս հայտնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Իր անսահման սիրո, երկայնամտության ու ողորմածության համար, որ արժանացրեց մեզ ևս մեկ տարի անցնելու և միասին նորը դիմավորելու: Վստահ եմ բոլորս անցել ենք մեծ ու փոքր փորձությունների, նեղությունների ու վշտերի միջով, սակայն դիմացել ենք ի փառս Հիսուս Քրիստոսի: Աղոթում եմ առ Երկնավոր Հայրը, որպեսզի Իր երանելի օրհնությունը պարգևի համայն հայությանը, Իր բազմաթիվ առաքինություններով զարդարի ամենքիս հոգիներն ու մեր սրտերից երբեք չպակասի առ Աստված և առ մերձավոր ունեցած սերը, հույսն ու հավատը, որպեսզի Բարձրյալի Սուրբ Աջի հովանու ներքո մուտք գործենք Նոր տարի և այն պահապան լինի մեզ ողջ տարվա ընթացքում»,- ասաց Տեր Գրիգորը:

Կենտրոնի աշխատակիցների, շահառուների և նրանց երեխաների ջանասիրությամբ դահլիճը տոնական տեսք էր ստացել: Խաղային ու պարային ուրախ տրամադրության սկիզբը դրեց խաղավարը, ով մասնակից երեխաներին առաջարկում էր հանելուկներ և գլուխկոտրուկներ, որից հետո երեխաները ներգրավվեցին կատակային և սպորտային խաղաշարքում: Ոգևորության և ուրախության մեջ երեխաները բնավ չէին մոռացել իրենց սիրելի և սպասված հյուրերին՝ Ձմեռ պապին և Ձյունանուշին: Դե իսկ հրաշագործ Ձմեռ պապն ու Ձյունանուշը չչարաշահեցին երեխաների համբերությունը, ժամանեցին ճիշտ ժամանակին՝ կրկնապատկելով երեխաների բարձր տրամադրությունը: Հետաքրքրաշարժ խաղերի, երգի ու պարի ուրախ ու հեքիաթային աշխարհ էին ստեղծել իրենց շուրջը Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Բայց և ահա մոտեցավ Ձմեռ պապի և Ձյունանուշի մեկնելու ժամը, թե՛ նրանց և թե՛ երեխաների համար դժվար էր միմյանց հրաժեշտ տալը: Ինչպես միշտ այս անգամ էլ Ձմեռ պապը ձեռնունայն չէր եկել, նա առատ նվերներ էր պատրաստել թե՛ իր թոռնիկների և թե՛ նրանց ծնողների համար: Ձմեռ պապը երեխաներին փոխանցեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Մարտին Սթար» ընկերության կողմից տրամադրած հագուստ և սնունդ, նաև Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կողմից տրամադրած «Երեխաները կարդում են Աստվածաշունչը» և «Սուրբ Ծննդյան պատմությունը» գրքերը, իսկ կենտրոնի շահառուններից երեսուն ընտանիքների Ձմեռ պապը փոխանցեց սննդի փաթեթներ, որ տրամադրել էր Արարատյան Հայրապետական թեմը և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը:

Ավարտվեց ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ամանորյա տոնախմբությունը՝ զվարթառատ օր պարգևելով թե՛ երեխաներին, թե՛ շահառուներին և թե՛ աշխատակիցներին:

 

 

Կարինե Սուգիկյան

24.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․