Գրքեր

«Ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծու վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ»

Ոչ մի բանի այնքան չի անդրադարձել Քրիստոս Իր քարոզչության ընթացքում, որքան թերահավատությանը: Նա ոչ միայն խոսքով, այլև բազմաթիվ օրինակներով ցույց տվեց հավատի ուժը և աստվածային նախախնամության հանդեպ կասկածի ու անվստահության անզորությունը: Ոչ այլ բանի, քան հավատի և Աստծու ամենազոր օգնությանը վստահելու արդյունքում է Տերն իրագործել մի շարք հրաշքներ: Այդ հրաշքների միջոցով Քրիստոս հորդորում է հեռու մնալ թերահավատությունից՝ չարժանանալու «թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» խոսքերին, որ Տերն ուղղեց Պետրոսին, երբ նա, Տիրոջ խոսքի համաձայն, քայլում էր ծովի վրայով և սկսեց սուզվել, երբ վախեցավ: Թերահավատության սնուցիչ աղբյուրը անձնապաստանությունն է: Անձնապաստանն առավել իրեն է ապավինում, քան Աստծուն: Այդպիսիններին Սողոմոն Իմաստունը խստորեն հանդիմանում է և ասում. «Ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծու վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ: Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպեսզի նա ուղղի քո ճանապարհները, և ոտքդ չսայթաքի: Դու քո աչքին իմաստուն մի՛ թվա, այլ վախեցի՛ր Տիրոջից և խուսափի՛ր ամենայն չարից» (Առակ. 3:5-8):

Իրենց ուժին, իշխանությանը, հարստությանը կամ գեղեցկությանն ապավինողները չգիտակցելով վնասում են իրենց: Անդառնալի կերպով իրեն վնասեց այլազգի ամբարտավան Գողիաթը, որ հույսը դրել էր իր ուժի վրա և կարծում էր, թե անգամ թեթև շնչով կոչնչացնի իսրայելական ողջ բանակը: Տեսնելով դեպի իրեն եկող պատանի Դավթին՝ հովվական զգեստով և պայուսակով՝ արհամարհեց նրան և ծաղրանքով ասաց. «Ինչպե՞ս թե, մի՞թե ես շուն եմ, որ ցուպով և քարերով ես գալիս ինձ վրա: Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»: Շատ կարճ տևեց Գողիաթի ամբարտավանությունը: Ո՞վ կարող էր այդքան հմտորեն քարը նետել դեպի հսկան և մահացու հարվածել նրան, եթե ոչ ամենազոր և ամենակարող աստվածային Աջը, որ գործեց Աստծուն ապավինած Դավթի միջոցով (Ա Թագ. 17):

Աստվածաշնչյան մեկ այլ գիրք պատմում է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի մասին, որ մի անգամ թագավորական պալատում ճեմելիս՝ նայեց իր կառուցածին և ասաց. «Սա այն մեծ Բաբելոնը չէ՞, որ ես կառուցեցի որպես թագավորություն իմ կամքով ու զորությամբ՝ ի պատիվ իմ փառքի»: Արքան կանգ չառավ և իր լեզուն հեռու չպահեց ինքնագովեստից և ամբարտավանությունից: Եթե մինչ այդ արքային մատուցում էին բազում համեղ կերակրատեսակներ, շուտով նա օգտվելու էր մեկ անսովոր սննդից, ինչը նրան ուսուցանելու էր խոնարհությամբ խորհել ու խոսել իր մասին: Նաբուգոդոնոսորն իր ինքնագովեստի խոսքը դեռ չէր ավարտել, երբ երկնքից ձայն հնչեց, որ ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ Նաբուգոդոնոսոր արքա, քո թագավորությունը խլված է քեզանից: Մարդկանց միջից պիտի հալածեն ու վտարեն քեզ: Դու պիտի բնակվես անապատի գազանների հետ, և որպես արջառի՝ խոտով պիտի կերակրեն քեզ: Յոթը ժամանակներ պիտի անցնեն քո վրայից, մինչև ճանաչես, որ Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորությանը և այն պիտի տա, ում որ կամենա»: Նույն ժամին նա հալածվեց ու վտարվեց մարդկանց միջից, ինչպես արջառ՝ նա խոտ էր ուտում, և նրա մարմինը թրջվեց երկնքի ցողից, մինչև որ նրա մազերը երկարեցին առյուծի մազերի չափ, և նրա եղունգները՝ թռչունների մագիլների պես (Դանիել 4): Չափից առավել ինքն իրեն ապավինելը Նաբուգոդոնոսորին զրկեց իր փառքից ու մարդկային կերպարանքից: Բայց երբ արքան սովորեց ապավինել Աստծուն, իր աչքերը բարձրացրեց դեպի երկինք, օրհնեց, փառավորեց և պանծացրեց երկնքի արքային, դարձավ իր թագավորական պատվին: Նա խոստովանեց և ասաց. «Երկրի բոլոր բնակիչները ոչինչ են համարվում: Բարձրյալն ըստ իր կամքի է գործում երկնքի ուժերի և երկրի բնակիչների նկատմամբ, և չկա մեկը, որ ընդդիմանա նրա ձեռքին և ասի՝ «Ի՞նչ արեցիր» (Դանիել 4):   

Անձնապաստությունը մեծ չարիք է, այն տապալեց նաև Պետրոս առաքյալին: Երբ Հիսուս մինչ ձերբակալվելը առաքյալներին ասաց, որ այդ գիշեր ամենքն իր պատճառով գայթակղվելու են, Պետրոսը Քրիստոսին ասաց՝ թեպետ և ամենքը քո պատճառով գայթակղվեն, սակայն ես չեմ գայթակղվի: Իսկ երբ Պետրոսին ուղղված՝ Տիրոջ խոսքերն իրականություն դարձան, թե՝ աքաղաղը չկանչած, երեք անգամ իրեն պիտի ուրանա, Պետրոսը դառնորեն լաց եղավ, թեև վստահորեն Տիրոջն ասել էր՝ թե քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանա (Մատթ. 26:31-36): Միայն իր բանականությանը, իմաստությանը և ուժին ապավինողը աղետալի վիճակում է հայտնվում և անկում ունենում: Այսպես է ասում Աստված. «Թող իմաստունն իր իմաստությամբ չպարծենա, թող հզորն իր զորությամբ չպարծենա, և թող մեծն իր մեծությամբ չպարծենա, այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել Ինձ, թե Ես եմ Տեր Աստվածը» (Երեմ. 9:23):

Մարդուն ապավինելը եկեղեցու հայրերը նմանեցնում են Հովնանի մարգարեության գրքում նկարագրված դդմենուն, որ Աստծու հրամանով աճեց և բարձրացավ՝ շոգից պաշտպանելով մարգարեին: Հովնանը շատ ուրախացավ դդմենու համար, բայց հաջորդ օրը Աստված հրամայեց որդին ուտել դդմենին և այն չորացավ: Իսկ երբ արևը ծագեց, Աստված հրամայեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին, նա սկսեց տանջվել և սրտնեղել: Աշխարհը լի է նման դդմենիներով, որ ժամանակավոր աճում են և իրենց ստվերով պաշտպանում նրա տակ կանգնածներին, բայց միշտ մոտ է դրանց ոչնչացումը տարբեր տեսակի որդերից՝ նախանձից, զրպարտանքից և այլ տեսակի մեղքերից, որ ուտում և ոչնչացնում են մարդկային ամեն ապավինություն: Օրինակ՝ ինչ-որ մեկը վայելում է հարուստ և ուժեղ մարդու հովանավորությունը, բայց շուտով նա մահանում է, և նույն պահին դդմենու ստվերն անհետանում է: Մեծահարուստ մարդկանց որդիները սովոր են իրենց հայրերի հարստության, ուժի, իշխանության և պատվի շուքի տակ ապրել, բայց երբ Աստված հանկարծակի վերցնում է այդ ստվերը, ապա նրանք սկսում են տանջվել, ինչպես Հովնան մարգարեն: Բազմաթիվ փորձություններ հաղթահարած Դավիթը հորդորում է՝ հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցից փրկություն չկա: Երբ դուրս գա նրանց հոգին, նրանք կրկին հող կդառնան, և նույն օրը նրանց բոլոր մտածումները կանհետանան: Երանի՜ նրան, ում օգնականը Հակոբի Տեր Աստվածն է, և ում հույսը Տեր Աստծու վրա է (Սաղմ. 145:3-6):

Ինչո՞վ կարող են օգնել մարդուն անհաստատ և խաբուսիկ ստվերները: «Շատերն են հաճոյախոսում իշխաններին, բայց մարդուս իրավունքը բխում է Տիրոջից» (Առակ. 29:26), ուստի անսանք Օգոստինոս Երանելու հորդորին, որ ասում է. «Եթե հույսդ դնես հարստության վրա, կխաբվես, եթե ապավինես ունեցվածքիդ, իշխանությանդ և փառքիդ, ուրեմն ունայնության սիրահար կդառնաս: Քանի որ այդ բոլոր դեպքերում էլ մարդը մահանում է, և նրա բոլոր հույսերն անօգուտ են դառնում: Աստծու հանդեպ թերահավատությանը հետևում է հուսահատությունը, ատելությունը և բարու հանդեպ նողկանքը: Որտեղ թերահավատությունն է, այնտեղ հավիտենական կործանման վախն է, անվերջանալի անհանգստություններն ու հուզումները: Այսինքն՝ նա, ով իր հույսը դնում է իր կամ այլ անձի  վրա, իր տունը կառուցում է ավազի վրա, իսկ առ Աստված ամուր հավատ ունեցողն իր կյանքը կառուցում է ժայռի վրա, որ չի սասանվելու հավիտյանս հավիտենից»:

 

Կարինե Սուգիկյան

 

22.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․