Գրքեր

Ամեն գնով պետք է պահպանել հոգու խաղաղությունը

Նևրոզների սրընթաց աճը 20-21-րդ դարերում ոչ միայն սթրեսների ու գիտատեխնիկական առաջընթացի տեղեկատվական ծանրաբեռնվածության, այլև ամենից առաջ մեղքի տարածման լայնածավալ համամարդկային սահմանների ընդգրկման հետևանք է: Պատմության ընթացքում միշտ էլ եղել են բնական աղետներ, պատերազմներ և տարատեսակ փորձություններ, սակայն հարց է առաջանում, թե ինչու են ներկա ժամանակներում նյարդային խանգարումներն ավելի շատ, քան անցյալ դարերում: Կարծում ենք` ներկա կյանքի հագեցվածությունը, մասնավորապես տեղեկատվական հասանելիության ու մատչելիության պայմաններում, մարդուն ավելի է հեռացնում հոգևոր կյանքից ու խորացնում ժամանակավոր երևույթների վրա կենտրոնանալու իրողությունը: Մարդու հոգում ենթագիտակցաբար կամ գիտակցաբար կորչում է կյանքի իմաստն ապրելու հարատևության զգացումը, և ապրելու հարատևության անհնարինության ենթագիտակցական զգացումն ինքնին տագնապի, լարվածության և ի վերջո նյարդային խանգարումների է հանգեցնում, այսինքն՝ խնդիրը հոգևոր հիմնարար հավատքի կորստի մեջ է: Պարզվում է, գլխավոր պատճառը ոչ թե նյարդային սթրեսներն ու անհաջողություններն են, այլ մարդու անձը, մասնավորապես, թե անհատն ինչպիսի ներքին վիճակ է ձևավորել իր հոգու ներսում: Ժամանակակից հետազոտողների մեծ մասն այն կարծիքին է, որ նևրոզը անհատի էությունից բխող հիվանդություն է: Նևրոզը հաճախ առաջանում է անհատական ներքին գործընթացների պատճառով: Մեղքը, իբրև ամենայն չարիք, ստեղծում է նյարդային խանգարումներ: Հասունանալով մարդու հոգու խորքում՝ այն խաթարում է կամքի գործառույթը, ակտիվացնում է մեղսավոր կրքերը, գիտակցության ինքնատիրապետման շրջանակներից դուրս է բերում էմոցիաներն ու պատկերացումները: Պրոֆեսոր Դ. Մելեխովն ընդգծում է, որ բազմաթիվ հոգեկան խանգարումների հիմքում ընկած է անհաշտությունը, որը բխում է ինքնակենտրոնությունից` սնվելով հպարտության մեղքից: Այս առումով նևրոզը բացառություն չէ: Ընդհանուր առմամբ ընդունված է, որ հիվանդությունը զարգանում է անհատի ներսում կոնֆլիկտի տեսքով, այսինքն, անձը կոնֆլիկտի մեջ է ինքն իր հետ կամ մեկ ուրիշի հետ: Նևրոզի էությունը ցանկությունների և իրականության միջև բախումն է: Ինչքան հզոր է այդ բախումը, այնքան հիվանդությունը սուր է արտահայտվում: Հավատքը խոնարհություն է, ինչպես ասում են սուրբ հայրերը: Բժիշկ Ավդեևը պատմում է, որ մի կին, ով տառապում էր նևրոզի մի տարատեսակով, շատ անգամ կրկնում էր, թե՝ բժիշկ, հոգնել եմ, ցանկանում եմ առողջանալ ամեն գնով, և չեմ հասկանում, թե ցանկության և իրականության միջև ինչ բախման մասին է խոսքը: Բժիշկ Ավդեևը պատասխանում է, թե Աստված տեսնում է ձեր տառապանքը և եթե շտապեր փոխել ձեր ներկա վիճակը, ապա արագ կիրականացներ, բայց քանի դեռ չի իրականացնում, Աստծո սուրբ կամքն այլ է ձեր պարագայում, այսինքն՝ չի կամենում ձեզ տեսնել հենց այսպիսի էությամբ, բնավորությամբ, ինչպիսին հիմա եք: Երբ սրբակյաց անձանց հետ է այդպիսի բան պատահում, նրանք շարունակում են գոհություն հայտնել և սրտի ու մտքի լուսավոր խոնարհությամբ ասում, որ ընդունում են Աստծո կամքը: Իսկ մեր դեպքում ի՞նչ է ստացվում, ասում ենք՝ ուզում եմ բժշկվել ամեն գնով: Ահա, թե որտեղ է բախումը ցանկության և իրականության միջև: Բժշկվելը, անշուշտ, անհրաժեշտ է, բայց շատ կարևոր է հաշտվել մեզ պատուհասած հիվանդությունների հանգամանքների հետ, դրանք արժանիորեն տրված երկնային նախախնամություն համարել և երախտագիտությամբ ընդունել: Անշուշտ, սովորական, մանավանդ՝ ոչ հոգևոր մարդու համար այս ամենը խորթ ու տարօրինակ է, սակայն հոգևոր մարդու համար ընկալելի է ու տեսանելի այդ ամենի դրական արդյունքը: Հարկ է նշել, որ Աստված չի մոռանում մեզ և մեր ուժերից վեր փորձություն չի տալիս: Պողոս առաքյալն ասում է. «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10:13): Ամեն դեպքում, պետք է խաղաղվել և չանհանգստանալ` խոնարհությամբ ընդունելով Աստծո կամքը բոլոր իրավիճակներում: Նևրոզն իսկության մեջ հոգևոր հիվանդություն է: Բժիշկ Ավդեևն ասում է՝ խաղաղվեք և հաշտվեք Աստծո հետ, և ամեն ինչ կանցնի: Հոգևոր հաշտությունն ու խաղաղությունը մարդու ներսում մեծ ուրախություն, խոնարհության լույս են բերում, որոնք ջերմացնում են հոգին աստվածային սիրո զորությամբ և քանդում հիվանդության կապանքները, ազատագրում, առողջություն պարգևում: Սբ Սերաֆիմ Սարովսկին ասում էր. «Ամեն գնով պետք է պահպանել հոգու խաղաղությունը»: Իսկ այդ ամենը ներդաշնակ համակարգություն է ստեղծում հոգու և մարմնի միջև: Արդյո՞ք մենք կարողանում ենք պահպանել այդ խաղաղությունը։ Կարծում եմ՝ ինքներս մեզ պետք է անկեղծորեն հարցնենք և վերանայենք մեր փոխհարաբերությունն Աստծո հետ:


Հովհաննես սրկ. Մանուկյան
Նյութը պատրաստվել է ըստ Դ. Ավդեևի «ՈՒղղափառությունը և բժշկությունը» գրքի

 

Աղբյուրը՝ irates.am

 

11.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․