14 Օգոստոս, Ուր, Աստվածածնի պահքի Ե օր

Գրքեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Հայաստանի Խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկա գտնվեց Հայաստանի Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց միջոցառմանը մասնակից պատգամավորներին և Հայաստանի ու Արցախի պետական այրերին:

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Մեծարգո Վարչապետ,

Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության,

Մեծարգո ԱԺ Նախագահ,

Հարգարժան պատգամավորներ, պետական այրեր,

Սիրելի ներկաներ,

Ուրախ ենք այսօր միասնաբար մասնակցելու ՀՀ Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը և բերելու ձեզ և Մեր ողջ բարեպաշտ ժողովրդին Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Մեկ դար առաջ՝ մեր պատմության վճռորոշ ժամանակաշրջանում ազգիս զավակների տեսիլքով, վճռակամությամբ և հերոսական պայքարով վերականգնվեց հայկական անկախ պետականությունը:

Երջանկահիշատակ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոչով Արարատյան դաշտավայրի եկեղեցիներում ղողանջող զանգերի զորությունն էր, որ ոգեշնչեց ու գոտեպնդեց մեր ժողովրդին հաղթանակով պսակելու հայրենիքի պաշտպանության մարտերը և ամուր կանգնելու մեր հողի վրա: Արդարև, անցյալ դարասկիզբը եղավ փորձության, բայց և հերոսության ու անօրինակ խիզախ իրագործումների ժամանակաշրջան, երբ մեր ժողովուրդը, քաղաքական այրերը և Հայ Եկեղեցին լծվեցին անկախ պետականության կերտման նվիրական գործին։ Հիմնվեց առաջին Խորհրդարանը, քայլեր ձեռնարկվեցին պետությունը զորացնելու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, ջանքեր գործադրվեցին ապահովելու խաղաղ ու անվտանգ կյանքը մեր ժողովրդի: Հայաստանի Առաջին Հանրապետության երախտավորների ազգային մտածողությունը, մեր դարավոր արժեքներին հավատարմությունը, հայրենավիրումը և պետության զորացման համար ջանքերը մեկտեղելու բացառիկ նախանձախնդրությունը օրինակ են և այսօր ազգային, քաղաքական ու հասարակական մեր գործիչների համար:

Սիրելիներ, «Օրենքի իմացությունը մտքի բարիք է»,- ասում է Սուրբ Գիրքը (Առակ. 13.5)՝ կարևորելով օրենքի դերը հասարակությունների կյանքում:

Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ Ազգային ժողովի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման, հայրենական կյանքի շենացման համար: Մեր ժողովրդի ակնկալիքն է, որ խորհրդարանը լինի արտահայտողը ժողովրդի սպասումների, մտահոգությունների և տեսիլքների, լինի մանրակերտը մեր հասարակության: Ազգային Ժողովին ներկայիս նույնպես բաժին է ընկել մեծ պատասխանատվություն՝ օրենսդրական արդյունավոր գործունեությամբ նպաստել պետական-հասարակական կյանքի առաջընթացին: Օրենքի առջև բոլորի հավասարության, արդարության, հասարակական համերաշխության ժողովրդավարական սկզբունքներն իրագործելով, միմյանց հանդեպ քրիստոնեական սիրո ոգով ու ավետարանական պատգամներով է, որ կարողանալու ենք բարի արդյունքներ բերել մեր հայրենիքին ու ժողովրդին:

Մեծարգո պատգամավորներ, ձեր քաղաքական դիրքորոշումների ու հայացքների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի՝ հայրենիքի զորացման, պետականության ամրապնդման, մեր ինքնության անխաթար պահպանության և մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի համար: Մեր ազգային միասնությունը ապահովելը և մեր ժողովրդի եռանդն ու կարողությունները դեպի հայրենիքի շենացում ու զարգացում առաջնորդելը այսօր բոլորիս ամենօրյա աշխատանքը պետք է լինի, բոլորիս բարձր պատասխանատվությունը: Այսպես պիտի կարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, պաշտպանել մեր հայրենյաց սահմանները, մեր կյանքի խաղաղությունն ու անվտանգությունը:

Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, որ առ հայրենիքը սիրով և ազգանվիրումի ոգով շարունակեք արդյունավորել ձեր ծառայությունը մեր պետությանը և ժողովրդին` բարի գործակցությամբ ձեռքբերումներ արձանագրելով:

Աղոթում ենք, որ Ամենակարող Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը և Իր Սուրբ Աջի հովանու ներքո հավատքի, սիրո, միաբանության մեջ պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ այսօր և հավիտյանս. ամեն»:

20.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․