25 Փետրվար, Գշ, Մեծ Պահքի Բ օր

Գրքեր

Ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ուրախ նվերը երեխաներին

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից «Հայ միասնության խաչ»-ի Արվեստաց դպրոց հաճախող 46 հաշմանդամ և 150 անապահով ընտանիքների երեխաներ մասնակից եղան իրենց համար պատրաստված միջոցառման, որ նախաձեռնել և հովանավորել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը, ով շնորհակալություն հայտնեց տոնական միջոցառման նախաձեռնող ու աջակից անձին և օրվա առթիվ շնորհավորելով երեխաներին՝ մասնավորաբար ասաց. «Նախ պաշտպանենք մեր երեխաներին նյութապաշտ դառնալուց, նրանց մեջ պատասխանատվության և պարտքի զգացում սերմանենք հայրենիքի հանդեպ, քանի որ հայ ազգը կարող է երջանիկ լինել ոչ թե եսակենտրոն, այլ ընդհանուր երջանկությամբ»:

Ծնողներին և երեխաներին ուղղված շնորհավորական խոսք ասաց նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը. «Երեխաները Աստծո պարգևն են, նրանք այն մատաղ տունկերն են, որ Երկնավոր Հայրը տնկել է մեր պարտեզներում, որպեսզի առանձնահատուկ սիրով, ուշադրությամբ և համբերությամբ խնամենք նրանց: Յուրաքանչյուր զավակ ծնողների ուրախությունն ու հարստությունն է և այն պայծառ արեգակը, որ ցրում է ընտանեկան երկնակամարում կուտակված ամպերն ու ջերմություն պարգևում իր հարազատներին: Թող Աստված օրհնի և Իր զորավոր Աջով պահապան լինի ձեզ, սիրելի՛ երեխաներ»: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց «Հայ միասնության խաչ»-ին և միջոցառմանն աջակից Վարդանյան ընտանիքին, որոնց համատեղ ջանքերով երեխաներին ուրախ նվեր կմատուցվի:

Ուրախ տոնախմբության ուրախ սկիզբն ազդարարեցին «Հայ միասնության խաչ»-ի Մանուկների թագավորության թագավորն ու թագուհին, ովքեր իրենց սրտաբուխ բարեմաղթանքն հղեցին աշխարհի բոլոր երեխաներին: Այնուհետև հնչեց «Հայ միասնության խաչ»-ի օրհներգը, որից հետո կազմակերպության «Մաչանենց» թատրոնի պատանի դերասանները երեխաների ուրախությունը բազմապատկեցին՝ բեմադրելով Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» և «Բարեկենդան» հեքիաթները: Արվեստաց դպրոցի սաները ազգային կոլորիտով զարդարուն բակը լիացրին նաև ազգային երգ ու պարով: Տոնական օրվա հաջորդ նվերը երեխաներին տոնական հյուրասիրությունն էր, տոնական տորթը և քաղցր նվերները: Տոնական օրը կայացել էր, որովհետև «Հայ միասնության խաչ»-ի ողջ տարածքով մեկ թևածում էր ժպիտն ու ուրախությունը: Երեխաները ծնվում են

արդեն ժպտալու ունակությամբ. ի՞նչ է մնում մեծերից՝ պահպանել և բազմապատկել այդ ունակությունը, որ փոխում է կյանքն ու աշխարհը:

 

Կարինե Սուգիկյան

01.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․