Գրքեր

Անառակ որդու վերադարձը

Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,

Եկեղեցու սրբազան հայրերն այսօր գեղեցկագույն մի գոհար են դուրս բերել ավետարանական անհատնում գանձատուփից, որն իր սյուժեի բացառիկ գեղեցկության, զգացմունքների գունապնակի հարստության և ծավալվող իրադարձությունների խտության պատճառով, իրավամբ, «առակների թագուհի» անվանումն է ստացել: Մեծ պահքի հոգենորոգ շրջանի Անառակի կիրակին է այսօր, սիրելինե՛ր, և օրվա անվանումից պարզ է դառնում, որ վերհիշում ենք Տեր Հիսուս Քրիստոսի պատմած «Անառակ որդու վերադարձը» առակը:

Այս առակն ամենահայտնին է ավետարանական առակների շարքում, ամենահետքրքրականն ու ամենաուսումնասիրվածը բոլոր ժամանակներում: Այն մի յուրօրինակ հմայք ու ձգողականություն ունի, որով գերել է հայտնի մտածողների, նկարիչների ու պոետների սրտերը և բազմիցս կենդանություն առել նրանց հեղինակած կտավների վրա և գրքերի էջերին: Եվ նման պահանջվածության գաղտնիքը պարզ է, ինչպես հանճարեղ ամեն մի բան՝ սա յուրաքանչյուր մարդու կյանքի պատմությունն է:

Այն սկիզբ առավ առաջին մարդուց, ժառանգաբար փոխանցվեց նրա միլիարդավոր սերունդներին՝ հասնելով մեր օրերը: Եվ այսօր չափազանց կարևոր է, որպեսզի այստեղ ներկա գտնվողներից յուրաքանչյուրը տեսնի իրեն անառակ որդու կերպարում, քանի որ միայն սեփական մեղավորությունն ընդունելը, սեփական մեղքերն ու կրքերը տեսնելն է տանում զղջման և ապաշխարության, որն էլ հայրական տուն տանող ճշմարիտ ճանապարհն է:

Արարիչ-արարած, մարդ-Աստված, Հայր-որդի հարաբերությունը գեղարվեստորեն ներկայացնող այս պատմությունը ողջ խորությամբ բացահայտում է աստվածային անեզր սերը, անսահման համբերությունն ու անհատնում ողորմածությունը, և մարդու անհավատարմությունը, ապերախտությունն ու անհնազանդությունն՝ ի պատասխան: Այո, սիրելի՛ հավատացյալներ, որքան էլ ցավալի է գիտակցել և միգուցե շատերի համար՝ տհաճ, բայց իրականությունն այն է, որ շատ հաճախ մենք Աստծու հենց անառակ որդիներն ենք: Հիշո՞ւմ եք, թե Տերն Ադամին ինչ ասաց դրախտից վտարելիս. «Հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. 3:19): Այսինքն՝ մենք բացարձակ ոչինչ չունենք բացի հողեղեն մարմնից, որը, ճիշտ է, ևս Աստված արարեց, սակայն ոչ մեղքերից ապականված այն տեսքով, որ ունենք: Իսկ մնացած ամեն ինչ, և նույնիսկ մեր մարմինը զարդարող առողջությունը, ուժը, զգայարանները, այդ ամենն Ամենակալի պարգևներն են: Հետևաբար, երբ մենք երես ենք դարձնում Աստծուց՝ նախընտրելով մեղքերի ու կրքերի օտար ափերը, առակի անառակ որդու պես ասում ենք Երկնավոր Հորը. «Հա՛յր, տո՛ւր իմ բաժինը քո ունեցվածքից, որպեսզի աչքիցդ հեռու գնամ անառակության մեջ այն վատնելու» (հմմտ. Ղուկ. 15:12, 13):

Անառակություն բառի տակ ոչ միայն շնության մեղքն ենք հասկանում, սիրելինե՛ր, այլև դրան շաղկապված բազում այլ մեղքեր ինչպիսիք են, օրինակ՝ որկրամոլությունը, հարբեցողությունը, զազրախոսությունը, ցանկասիրությունը, անժուժկալությունը, հայհոյախոսությունը և այլն: Սակայն աստվածային իմաստությամբ զգեստավորված և Սուրբ Հոգու շնորհներով զարդարված սրբազան հայրերը մեզ զգուշացնում են հատկապես շնության մեղքից, քանի որ այս սարսափելի ախտը մեզ զազրելի է դարձնում Տիրոջ աչքին, հեռու է վանում Անաղարտ Կույսին, սրբերին ու պահապան հրեշտակին: Այն հատկապես կործանարար է աստվածապատկեր հոգու համար, քանի որ կրքերին տրվելով՝ մարդը կորցնում է աստվածային անապական սերն ու ուրախությունը, բթացնում ու կոշտացնում է հոգին՝ զրկելով աստվածապարգև կենսատու ուժերից և շնորհներից, հոգևոր զգայունությունից ու արթնությունից: Մարմնի ցանկությամբ բռնված մարդուն Աստծու պատվիրանները անտանելի ծանր են թվում: Նա զարտուղի ճանապարհներ է փնտրում դրանք շրջանցելու և իր տկարությունն արդարացնելու համար: Եվ այսպես վարվելով՝ հետզհետե կորցնում է մեղքն ընկալելու, ճանաչելու ունակությունը և դադարում է տեսնել այն: Հայրերն անառակ մարդուն նմանեցնում են կացինն իր կյանքի արմատին պահած և ամեն օր այն քիչ-քիչ հատող անմիտի, որն ի վերջո չորանալու է և կրակը նետվելու, եթե չհասցնի ժամանակին խելքի գալ, ինչպես որ առակի հերոսին պատահեց (Ղուկ. 15:17):

Մենք պետք է հստակ գիտակցենք, սիրելի՛ հավատացյալներ, որ ընտության երրորդ ճանապարհ գոյություն չունի. կա՛մ Երկնավոր Հոր հետ ենք, կա՛մ թշնամու՝ բանսարկուի: Եվ ամեն անգամ, երբ անտեսում ենք Հոր կամքը, նշանակում է տուրք ենք տալիս չարի կամքին: Ամեն անգամ, երբ մեղանչելով թիկունք ենք դարձնում Աստծուն, առերեսվում ենք սատանային: Ամեն անգամ, երբ մեր հետից փակում ենք հայրական հարազատ տան դուռը, հայտնվում ենք չարի տիրապետության ներքո: Եվ մեր մեղքերով, կրքերով ու ցանկություններով այդ օտար տիրոջ խոզերին՝ դևերին կերակրելով՝ ինքներս հյուծվում ենք, սպառվում և ի վերջո հայտնվում հոգևոր սովամահության շեմին: Եվ Տեր Հիսուս առակում ցույց է տալիս այս աղետալի վիճակից դուրս գալու և փրկվելու միակ ուղին: Նա նշում է. «Անառակ որդին խելքի եկավ»: Այսինքն՝ դուրս եկավ անմիտ, խելացնոր, խելագար վիճակից, որը մեղքն է ծնում: Նրա ուղեղում առկայծեց Աստծու պարգևած բանականության վերջին կայծը միգուցե, կամ աստվածապարգև խղճի վերջին փշուրն արթնացավ, և նա սարսափով տեսավ, գիտակցեց իր ընտրության, իր դավաճանության ողբալի հետևանքը: Ֆիլմերում տեսած կլինեք, սիրելի՛ հավատացյալներ, որ վիրավոր կամ ցրտահարված մարդուն շտապ օգնության բժիշկներն ասում են՝ մի՛ քնիր, գիտակցության մե՛ջ մնա, որովհետև գիտակցության մեջ եղող մարդու փրկության հավանականությունը շատ ավելի մեծ է, իսկ քունն այս պարագայում կարող է մահացու լինել: Ճիշտ նույն դրությունն է հոգու վերքերի պարագայում՝ եթե կորցնում ես հոգևոր արթնությունն ու զգոնությունը, ապա հոգևոր թմբիրի մեջ հայտնվելով՝ մեղքի չբուժվող վերքերն ու խոցերը քեզ անխուսափելի մահվան են տանում:

Սակայն Սիրող Հայրը, Ամենակալն ու Բազումողորմը, որ բացարձակ, ճշմարիտ ու կատարյալ Սեր է, մարդու կերպարանք առավ ու աշխարհ եկավ, որպեսզի իրական սիրո անքակտելի բաղադրիչներով՝ համբերությամբ ու ողորմածությամբ հյուսի Երկնային տուն տանող փրկության սանդուղքը: Հայրական անբավ սիրուց ծնված աղոթքով կենդանի մնաց օտար ափերում մոլորված անառակ որդին, և նրա միտքն ուղղորդվեց փրկարար ապաշխարության: Խելքի եկավ անառակն ու տեսավ, թե ինչպիսի մեղավոր մեկն է և որ արժանի չէ այլևս որդի կոչվելու: Տեսավ իր գործած դավաճանությունը, սակայն արդարացում չփնտրեց իր արարքներին: Այլ ինքն իրենից սարսափած, տուն շտապեց՝ վստահ լինելով, որ հայրը նույն բարի և սիրող ծնողն է մնացել: Նա տուն շտապեց խոստովանության՝ պատրաստ լինելով ծառայի կամ ստրուկի դերը ստանձնել, միայն թե հայրական հարկից ներս թողնեին իրեն: Բայց ընդառաջ վազող հորը, որն, իհարկե, ոչինչ չգիտեր նրա որոշման մասին, հասցրեց ասել միայն՝ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու», և հայրը նրան իր գիրկն առավ՝ որպես մեռելներից հարություն առածի: Այդքան մեծ էր հոր ուրախությունը, և այդքան ցնցող՝ նրա սիրո մեծությունը: Նա հանդիմանության կամ խրատական ոչ մի խոսք չասաց որդուն, չհիշեցրեց նրա ապերախտությունն ու երախտամոռությունը, որովհետև իրական սերն այդպիսին է, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս: Այն անհիշաչար է ու ներողամիտ, համբերող ու քաղցրաբարո և անասելի ուրախանում է, երբ մոլորված հոգին դարձի է գալիս: Սրանք աստվածային ճշմարիտ սիրո հատկանիշներ են, որոնցով պիտի ձեր սերը ստուգեք, սիրելինե՛ր: Եվ եթե պարզվի, որ համբերատար չեք ձեր եղբայրների մեղքերի նկատմամբ, չեք ներում նրանց, երբ զղջում են գործած սխալների համար ու փորձում ուղղվել և չեք ուրախանում ապաշխարությամբ նրանց դարձով, ուրեմն մի՛ խաբեք ինքներդ ձեզ. ճշմարիտ սերը չի դիպել ձեր սրտերին, և Տերունական աղոթքի ժամանակ Աստծուն խնդրելիս՝ ներիր մեր մեղքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին, զուր են ներման ակնկալիքները, քանի որ ինքներդ չեք ներում ճիշտ ձեզ նման մեղավոր եղբորը:

Ուստի, ճի՛շտ գործածեք ձեզ տրված երկրային և Մեծ պահքի ապաշխարության ժամանակաշրջանները, սիրելի՛ հավատացյալներ: Կյանք պարգևող դեղատոմսի պես պահպանեք ձեր սրտերում Տիրոջ խոսքերը՝ Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար (Մտթ. 7:1, 2): Ամեն անգամ, երբ ձեր շուրթերը բացվեն՝ եղբորը մեղադրելու, չարախոսելու կամ վարկաբեկելու, հիշե՛ք, որ անառակ որդի եք: Ամեն անգամ, երբ ատելությամբ, արհամարհանքով կամ սին մեծամտությամբ մի կողմ հրեք նյութական կամ հոգևոր ողորմություն աղերսող մերձավորի ձեռքը, հիշե՛ք թե ինչպիսի ողորմածությամբ է Երկնավոր Հայրը ձեր ձեռքը բռնում: Սիրե՛ք ձեր նմանին անկախ ամեն ինչից՝ շահից, դիրքից կամ մեղավորության աստիճանից, որովհետև մերձավորին սիրելու միջոցով է, որ պատասխանում եք Աստծու սիրուն: Եվ հիշե՛ք՝ որքան էլ հեռացած լինեք Երկնավոր Հոր տնից, որքան էլ ծանր ու աններելի թվան ձեր մեղքերը, անկեղծ զղջումն ու իրական ապաշխարությունը ձեզ կրկին կբարձրացնեն մեղքի անդունդից և կվերադարձնեն միշտ սիրող և համբերությամբ սպասող Հոր գիրկը: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

17.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․