Գրքեր

Անառակի կիրակի

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի` այդ օրն ընթերցվող Անառակ որդու մասին առակի անունով (Ղուկ. 15.11-32): Մեծահարուստի երկու որդիներից կրտսերը հորից պահանջում է իրեն հասանելիք ժառանգությունը, գնում հեռու երկիր, վատնում ունեցվածքը, ընկնում աղքատության մեջ և տարածված սովի պատճառով ստիպված է լինում մի քաղաքացու ագարակում խոզեր արածեցնել: Այս թշվառության մեջ նա հիշում է, որ նույնիսկ ծառաներն իր հոր տանը ավելի լավ կացության մեջ են, և որոշում է վերադառնալ հոր մոտ և ներողություն խնդրել: Հայրը, տեսնելով վերադարձող որդուն, վազում է ընդառաջ, փարվում որդու պարանոցին և հրահանգում նրան հագցնել նախկին պատմուճանը, կոշիկներ և մատանի դնել մատին:

Ըստ արտահայտված մի կարծիքի` առակի ավագ որդին խորհրդանշում է հրեաներին, իսկ կրտսերը` հեթանոսներին, ովքեր հետո դարձան ճշմարիտ աստվածպաշտության: Սակայն այս կարծիքը հիմնավոր չէ, որովհետև առակում հայրն ասում է ավագ որդուն. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է» (31), իսկ պատմությունից գիտենք, որ հրեաները միշտ չեղան Աստծո հետ, այլ հաճախ շեղվեցին Աստծո ուղենշած ճանապարհներից: Ավելի ընդունելի է այն մեկնությունը, ըստ որի, ավագ որդին խորհրդանշում է աղոթքով, առաքինի կյանքով ապրող, սակայն հպարտ քրիստոնյաներին, ովքեր հակակրանքով են վերաբերվում մեղքերով աղտոտվածներին: Ավագ եղբոր արհամարհանքը երևաց նաև նրա խոսքերից, երբ եղբոր մասին խոսելով` հորն ասաց` քո այդ որդին (30), փոխանակ ասելու` իմ եղբայրը: Այստեղից պետք է դաս քաղենք` սիրով ու հարգանքով լինելու բոլորի հետ:

Առակում ամեն ինչ իմաստալի խորհրդանիշ է: Մեծահարուստ հայրը Աստվածն է, հարստությունը` առաքինության հարստությունները, որ տրվեցին մարդկանց, սակայն մարդիկ կորցրին առաքինությունները` մեղքերի մեջ ընկնելով: Առակում հիշվող սովը Աստծո խոսքը լսելու սովն է, քաղաքացին, ում մոտ աշխատում էր անառակ որդին, սատանան է: Ագարակը, որտեղ խոզեր էին արածեցնում, սատանայի ագարակն է, իսկ խոզերը` մարմնամոլները: Անառակ որդու վերադարձը խորհրդանշում է մեղավոր մարդու զղջումը, հոր կողմից ընդունումը` Աստծո կողմից մեղավորներին ներելը: Առակի մեջ հիշվող մատանին և կոշիկները, որ տրվեցին կրտսեր որդուն, ազատ մարդու նշանն են, քանի որ ստրուկները բոբիկ էին լինում: Կոշիկները նաև հիշեցնում են այն փոխաբերական կոշիկները, որ առաքյալը պատվիրում է հագնել Ավետարանի քարոզչության համար (Եփ. 6.15):

 

Սակայն ինչո՞ւ հայրը թույլ տվեց, որ որդին հեռանա և փորձության մեջ ընկնի, ինչո՞ւ է Աստված մարդկանց փորձության մեջ գցում: Այս հարցում Աստծո հանդեպ մեղադրանք հնչեցնողները պետք է փոխեն իրենց կարծիքը, քանի որ Աստված միշտ վարվում է իբրև բարի, քաջ հովիվ, ում հետ իրեն համեմատեց Քրիստոս (Հովհ. 10.11-16): Երբ հովիվը ձայնում է, ոչխաները հավաքվում են նրա շուրջը: Սակայն երբ հովիվը տեսնում է, որ հոտից ոմանք մոտենում են անտառին, որտեղ նրանց գայլերի հարձակման և այլ պատճառներով մահ է սպասում, բաց է թողնում շներին, որոնք հեռացած ոչխարներին հալածելով` ետ են բերում խաղաղ ու ապահով վայր:

Առանց Աստծո թույլտվության սատանան չի կարող դիպչել մարդուն, ինչպես երևում է գերգեսացի դիվահարների դրվագից, երբ չար ոգիները Քրիստոսից թույլտվություն են խնդրում անգամ խոզերի մեջ մտնելու համար (Մատթ. 8.31): Աստված իր կանչերը մեզ է ուղղում հոգևորականների քարոզների, Սուրբ Գրքի միջոցով, եկեղեցու աղոթքներով ու պատգամներով, և երբ չենք լսում, թույլ է տալիս, որ փորձությունները վրա հասնեն մարդկանց, ինչպես վերոնշյալ օրինակում հովիվն է բաց թողնում հալածող շներին: Եվ ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերանի խրատի` նեղության մեջ դժգոհություն արտահայտելու փոխարեն պետք է գոհություն և փառաբանություն հայտնել Աստծուն, որից չարը կփախչի, և Աստծո օգնությունը շուտով կգա:

Կրկին անառակ որդու առակի մասին

Փոխաբերական իմաստով անառակ որդիներ ենք մենք ամենքս, որովհետև մեր կյանքի որոշ ժամանակ Աստծո հետ ենք, հետո մեղքերով հեռանում ենք և կրկին ետ դառնում զղջումով: Անառակ որդի է մարդկությունը, ինչպես որ կորած ոչխարի մասին առակի մեջ է ակնարկվում (Մատթ. 18.12-14, Ղուկ. 15.3-7): Հարյուր ոչխար ունեցող մարդը, կորցնելով իր ոչխարներից մեկին, թողնում է իննսունիննին և գնում այդ մեկի հետևից: Ըստ մեկնություների` կորուսյալ ոչխարը մարդկային կուրուսյալ հոգին է, իննսունիննը` հրեշտակների երկնային դասերը, որոնց Քրիստոս թողեց և աշխարհ եկավ` փրկելու մարդկային կորած հոգին:

Անառակի կիրակին նշվում է պահքի շրջանում: Անառակ որդին էլ իր կյանքի ճգնաժամային շրջանում հեռու էր պարարտ կերակուրներից, որովհետև իր ունեցվածքը վատնելով` աղքատացավ և սկսեց խոզեր արածեցնել մի քաղաքացու մոտ: Նա այնքան քաղցած էր, որ ցանկանում էր ուտել նույնիսկ խոզերին տրվող կերակուրը, բայց նրան ոչ ոք չէր տալիս (Ղուկ. 15.15-16): Սակայն անառակ որդու` պարարտ կերակուրներ չուտելը չի կարելի պահք համարել, որովհետև ստիպողաբար կամ հանգամանքների բերումով պահքը պահեցողություն չի համարվում: Առաքինագործությունների համար ահնրաժեշտ է ճշմարիտ դիտավորություն, առանց որի արարքն արժեք չի ունենում: Օրինակ` ծառերը միշտ ողորմություն են անում, այլև ընտանի շատ անասուններ հրաժարվում են միս ուտելուց, և ինչպես նաև Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, էշերն էլ մշտական պահքի մեջ են, այսինքն` ամեն օր խոտ են ուտում, բայց դա իհարկե պահեցողություն չէ: Այլ ճշմարիտ պահեցողությունն այն է, երբ պահք ենք պահում հատուկ մտադրությամբ, ապաշխարության, ինքնամաքրման, բարիով կատարելագործվելու հոգևոր նպատակի համար:

Երբ որդին զղջումով վերադառնում էր հոր մոտ, հայրը նրան հեռվից տեսավ, ընդառաջ վազեց և փարվեց նրա պարանոցին (Ղուկ. 15.20): Սրանով Աստված մեզ ասում է. «Ինչքան որ կարող ես, արի դեպի Ինձ, իսկ մնացած ճանապարհը Ես Ինքս կգամ դեպի քեզ»: Հայրը հեռվից տեսավ իր որդուն: Հեռվից տեսնելու մասին նշենք հետևյալը: Ընդհանրապես առարկաները փոխաբերական իմաստով սիրում են, որ իրենց հեռվից նայեն: Եվ մենք, երբ նայում ենք մի առարկայի, շատ սերտ չենք մոտենում դրան, որովհետև նայելու համար հարմար է դիտել որոշակի հեռավորությունից: Այսպես էլ մարդիկ առարկաների նման սիրում են, որ իրենց դիտեն որոշակի հեռավորությունից: Ոչ ոք չի սիրում որ իր նեղ անձնականի մեջ այլ մարդիկ մտնեն, որովհետև մեր խիստ անձնական կյանքում կան նաև ամոթալի մտքեր, վարմունքներ ու գործեր, և մեզ համար ամոթ է այդ մասին հայտնի դարձնելը: Եվ ահա պահքը մի գեղեցիկ առիթ է, որպեսզի զղջումով, խոստովանությամբ ու ապաշխարությամբ կարողանանք զղջման արտասուքներով մաքրել մեր մեղքերը:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

16.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․