Գրքեր

Անարդարացի վիրավորանքներն ու անարգանքները համբերությամբ տանել

Ալեքսանդրիայի մոտ մի ծեր էր ապրում, ով հայտնի էր իր չափազանց կռվարար բնավորությամբ: Մի երիտասարդ վանական, նրա մասին լսելով, մտածեց. «Տե՛ր Աստված, բազում մեղքեր եմ գործել Քո առջև ու դրանք քավելու համար կգնամ այդ ծերի մոտ, կաշխատեմ ու կփորձեմ համբերությամբ կրել ամեն բան նրա կողմից»:

Այդպես էլ վարվեց. գնաց ծերի մոտ ապրելու և ինչպես ասում են «օր ու արև չտեսավ»: Վեց տարի ծերի մոտ ապրելուց հետո, տեսնելով նրա համբերությունը, Աստված նրան մի տեսիլք ցույց տվեց, որում մի ահեղ ծերունի, որ մի մեծ գլանաձև ձեռագիր ուներ ձեռքին, նրան ասաց.

- Ահա՛ Աստված պարտքերիդ կեսը ներել է քեզ, ջանք թափի՛ր, որպեսզի մյուս կեսն էլ ներվի:

Իսկ նրանց հարևանությամբ մեկ այլ ծեր էր ապրում, որ պայծառատեսության շնորհն ուներ և միշտ լսում էր, թե կռվարար ծերն ինչպես է զայրանում ու անդադար վիրավորում իր աշակերտին, իսկ վերջինս էլ անընդհատ ներողություն է խնդրում, իսկ ծերը չի ներում նրան:

Երբ նա հանդիպում էր երիտասարդ վանականին, սովորաբար հարցնում էր.

- Դե ինչ, զավա՛կս, օրդ ինչպե՞ս անցավ: Որևէ բան ստացա՞նք: Որևէ պարտք մարեցի՞նք ցուցակից:

Իմանալով ծերի պայծառատեսության մասին՝ երիտասարդ վանականը ոչինչ չէր թաքցնում նրանից և պատասխանում էր.

- Այո՛, Հա՛յր, մի քիչ աշխատեցինք:

Իսկ երբ օրը հանգիստ էր անցնում և նա վիրավորանքներ ու անարգանք չէր ստանում, այնժամ երեկոյան լացելով գնում էր պայծառատես ծերի մոտ ու ասում.

- Վա՜յ ինձ, Հա՛յր, չար էր այսօրվա օրը, քանի որ հանգիստ անցկացրեցինք այն ու ոչինչ չշահեցինք:

Եվս վեց տարի անցավ ու համբերատար վանականն իր մահկանացուն կնքեց: Պայծառատես ծերը տեսավ, որ նա նահատակների շարքին է դասվել ու իր կռվարար ծերի մասին է աղոթում:

- Տե՛ր Աստված,- ասում էր վանականը,- ինչպես որ Դու ինձ ողորմացիր հանուն իմ ծերի, այնպես էլ նրան ողորմիր հանուն Քո առատաձեռնության ու ինձ՝ Քո ծառայի:

Եվ նրա աղոթքը լսվեց, քանզի քառասուն օր անց Տերն Իր մոտ վերցրեց ծերին:

Ահա, թե ինչպիսի անվեհերությամբ են Աստծուն մոտենում նրանք, ովքեր հանուն Նրա վշտեր են կրում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

08.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․