3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Անդունդից հեռու լուսավորյալ կյանքը

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118:105):

Սուրբ Գրքի հաճախակի ընթերցումը լուսավորում է մարդու խիղճը և տեսանելի դարձնում բոլոր մեղքերը:

Աստծո հզոր խոսքի ներկայությամբ ի չիք է դառնում չարը: Բայց այդ խոսքի բացակայությունը խորը և մեծ անդունդի առաջացման պատճառ է դառնում:

Անդունդի առկայությունը սպառնացող վտանգ է Քրիստոսի արյունով գնված յուրաքանչյուր մարդ արարածի համար: Անդրադառնալով այդ վտանգներին՝ նշենք նրանցից մի քանիսը: Աստծո խոսքի չիմացությամբ մարդն անտարբեր է գտնվում իր իսկ փրկության հանդեպ, այն փրկության, որ արյունով է գնված: Աստծո մասին զրույցներում շատ հաճախ լսելի են հետևյալ խոսքերը՝ Աստծուն հավատում եմ, բայց Քրիստոսի երկրորդ գալուստ, դատաստան, հավիտենական կյանք կամ տանջանք անհավանական և անհավատալի եմ համարում: Զրույցի ընթացքից էլ պարզ է դառնում, որ Աստծուն հավատացող «քրիստոնյա» անձն ունի իր նկարագրած այդ հաստափոր սև գիրքը՝ Աստվածաշունչը, բայց երբեք չի ընթերցել և ծանոթ չէ բովանդակությանը:

Սուրբ Գրքի, եկեղեցու ուղղափառ հավատքի և սրբազան ավանդության չիմացության հաջորդ վտանգն այն է, որ մարդը թիրախ է դառնում տարաբնույթ և ուղղափառ հավատքից հեռու մի շարք կրոնական կազմակերպությունների համար:

Մարմնից և հոգուց կազմված մարդը շատ հաճախ ամենայն բծախնդրությամբ հոգ է տանում միայն մարմնի մասին, անուշադրության մատնելով անմահ հոգին, կարծես այն նրա կյանքում անգամ գոյություն էլ չունի: Այնինչ մարմինը խնամելուց բացի, անհրաժեշտ է նաև հոգին խնամել, սնել և բուժել:

Անդունդից հեռու կյանքը մեծ խաղաղություն և ապահովություն է: Սուրբ Գրքի աշխարհից ներս հոգին սկսում է թևածել, ազատվում է անմաքուր մտքերից՝ վայելելով մեծ անդորրություն և հանգստություն:

Հոգին լուսավորելու և սնելու միջոցներից մեկն է Սուրբ Գիրքը: Հոգու համար առողջարար է կանոնավոր սնունդը, միանգամից և մեծ չափի սնունդը կարող է վնասել հոգուն:

Սուրբ Գիրքն անվերջանելի և անսպառ մի հարստություն է: Ավետարանական «Թաքնված գանձ»-ի (Մատթեոս 13:44) առակի համաձայն՝ այդ գանձը (եկեղեցու հայրերը թաքնված գանձը համարում են նաև Սուրբ Գիրքը) գտնողը հանուն այդ գանձի պատրաստ է ամեն ինչից հրաժարվել: Այդ գանձից բխող խրատներն ամեն անգամ կարծես նորովի հնչեն, քանի որ այն ոչ թե մարդու, այլ Սուրբ Հոգու թելադրանքն է: Իր պարզությամբ, բայց և խորությամբ, այն այնքան իմաստուն է կառուցված, որ երբեք չի կորցնում իր ուժը և քաղցրությունը, այլ հակառակը՝ որքան հարազատանում է սրտին, այնքան դառնում է ավելի ուսուցողական: «Կարելի է մի ամբողջ դար ապրել և անդադրում կարդալ միայն Ավետարանը և այդպես էլ մինչև վերջ չյուրացնել: Թեկուզ հարյուր անգամ կարդա, բայց կարդալու շատ-շատ բան կմնա» (եպիսկոպոս Ֆեոֆան): Կարևոր մի հանգամանք՝ Աստծո խոսքի խրատն ընթերցողն իր անձի համար պետք է նկատի ունենա՝ հեռու այլ անձերին դատելու մեղքից:

Աստծո խոսքի շնորհիվ մարդն երես առ երես հանդիպում է Աստծուն և իրեն: Բացի այդ տեսնում է, թե ինչպես այդ աշխարհի բարեպաշտներն էլ երբեմն ընկել են մեղքի մեջ, կամ մեղավորներն ապաշխարությամբ սկսել են ճիշտ ուղով ընթանալ: Այս օրինակների կարևոր դասն այն է, որ բարու մեջ հաստատվածը չպետք է տրվի անհոգության, տեսնելով, որ բարեպաշտն էլ կարող է մեղքի մեջ ընկնել, իսկ մեղքի մեջ ընկածն էլ չպետք է հուսահատվի՝ իմանալով, որ բազում մեղավորներ են ապաշխարությամբ բուժվել:

Աստվածաշունչ կարդալիս պետք է զգուշանալ ինքնուրույն մեկնաբանություններից, քանի որ ըստ եկեղեցու հայրերի, ով Ավետարանն ու բովանդակ Աստվածաշունչը մեկնում է կամայականորեն, նա դրանով իսկ մերժում է սուրբ հայրերի՝ Սուրբ Հոգով մեկնությունը: Ով մերժում է Սուրբ Գրքի մեկնությունը Սուրբ Հոգով, նա, անկասկած, մերժում է նաև Սուրբ Գիրքը: Սբ. Եփրեմ Ասորին խորհուրդ է տալիս Աստծո խոսքը կարդալուց կամ լսելուց առաջ աղոթել Աստծուն՝ խնդրելով Նրան, որ լուսավորի միտքը, բացահայտի Իր խոսքի զորությունը, քանզի շատերը ապավինելով իրենց հասկացողությանը, սրբապղծության մեջ ընկան և կործանվեցին:

«Խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ա Պետրոս 1:24):

 

Կարինե Սուգիկյան

09.10.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․