Գրքեր

Անգետին՝ թեկուզ և ծեր, պետք չէ փորձությունները պատմել

Հայր Կասիանոսն ասում էր, թե հայր Մովսեսն ուսուցանում էր մեզ և ասում. «Լավ չէ թաքցնել խորհուրդները հոգևոր հորից, այլ պետք է դրանք պատմել նրանց, ովքեր ի զորու են հոգին խոստո­վանությամբ քննել: Անհրաժեշտ և խիստ օգտակար է՝ միայն նրանց ասել, իսկ նրանց, ովքեր միայն տարիքով են ծեր, սակայն աստվածա­գիտության շնորհներից թափուր են, հարկավոր չէ ասել: Քանզի շա­տերը, տեսնելով ալեհերությունն ու ծերությունը, հայտնեցին նրանց իրենց խորհուրդները և ապաքինման փոխարեն խոցվեցին և չարա­չար հուսահատության մեջ ընկան այն պատճառով, որ անմիտներին ու անփորձներին խոստովանեցին: Այսպես, ոմն եղբայր, նեղվելով պոռնկության դևից, գնաց մի ծերի մոտ և պատմեց այդ մասին: Իսկ նա բարկացած դուրս հանեց նրան` ասելով. «Պի՛ղծ մարդ, ինչո՞ւ ես այդպիսի ցնորամտությամբ տարված. քեզ փրկություն չկա՛»: Եվ նա հուսահատվելով` կամեցավ գնալ աշխարհ և հանդիպեց հայր Ապո­ղոնիոսին, ով հարցուփորձ արեց և ետ դարձրեց նրան` մխիթարելով խոսքով, թե. «Մի՛ հուսահատվիր, որդյա՛կ, և թո՛ղ արտառոց չթվան քեզ քո խորհուրդները: Տե՛ս` այս ծերության հասակիս և տկարությանս մեջ ես նույնպես նեղվում եմ նման խորհուրդներից: Դու մի կարճամտի՛ր քո արյան եռքի պատճառով. դա մարդկային է, սակայն աստվածային շնորհներն առավել են և կարող են օգնել: Դու դարձի՛ր քո խուցը, և թո՛ղ Աստծո կամքը լինի»: Դարձրեց եղբորը, և ինքը գնաց այն տխմար ծերի խցի մոտ և ասաց. «Աստվա՛ծ իմ, Հիսո՛ւս, փորձություն ուղարկիր եղբորը տրտմեցրած այս ծերին, որպեսզի այն, ինչ չճանաչեց և չիմացավ երիտասարդ տարիքում, ճանաչի և գիտենա ծեր հասակում»: Եվ նույն պահին տեսավ այն եղբոր սենյակից դուրս եկող մի հնդիկի, որը եկավ տխմար ծերի մոտ և ուժգին նետահարեց նրա սիրտն ու անհետացավ: Այդ օրվանից ծերն սկսեց այրվել և չէր կարողանում ո՛չ համբերել, ո՛չ էլ ամոթից որևէ մեկին պատմել, այլ վեր կացավ գնաց` պոռնկանալու: Սուրբ Ապողոնիոսը, հոգով իմանա­լով այդ, գնաց նրա հետևից և ասաց. «Ո՞ւր ես գնում, չա՛ր ծեր»: Իսկ նա, դողալով, հասկանալով, որ հայտնի դարձավ իր հոգու չար խոր­հուրդը, ամոթից պատասխան չտվեց: Հայր Ապողոնիոսն ասաց նրան. «Քո խո՛ւցը դարձիր, ծե՛ր, և սրանից հետո ճանաչի՛ր քո տկարու­թյունը և քեզ համարի՛ր որպես ոչինչ չգիտեցող անարգ մեկը, քանզի չկարողացար օրվա մեկ ժամն անգամ դիմակայել քո խորհուրդներին և մարտնչել դևի դեմ, ինչի մեջ այն եղբայրն է արդեն բազում օրեր: Եվ սա այն պատճառով եկավ քեզ վրա, որ հուսահատության հասցրիր եղ­բորդ, որը ընդհանուր թշնամու դեմ էր պատերազմում, մինչդեռ պար­տավոր էիր զորակցելու նրան, իսկ դու նրա հույսը կտրեցիր: Չե՞ս լսել իմաստունի խրատը, որ ասում է. «Փրկի՛ր նրանց, ում մահվան են մղում և օգնի՛ր վհատվածին» (Առակ. ԻԴ 11), և Տիրոջ ձայնը չլսեցի՞ր, որ ասում է. «Ջախջախված եղեգը չի բեկանի և առկայծ պատրույգը չի հանգցնի» (Եսայի ԽԲ 3, Մատթ. ԺԲ 20), քանզի ոչ ոք չի կարող դիմա­կայել թշնամու պատերազմին և բնության եռքին, եթե Աստծո շնորհ­ները չպահեն նրան: Ուրեմն դարձի՛ր քո խուցը, և աղաչենք Տիրոջը, որպեսզի բժշկի քո սրտից այդ խոցը, որովհետև Նա է, որ հարվածում է և բժշկում, խոնարհեցնում է և բարձրացնում, դժոխք իջեցնում և այն­ տեղից դուրս հանում»: Աղոթեցին, և այդպես էլ եղավ: Արդ, անգետին՝ թեկուզ և ծեր, պետք չէ փորձությունները պատմել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․