Գրքեր

Անգութ մոր օրհնությունը

Մի հին պատմություն կա մայրական ակամա օրհնության զորության մասին: Մի հեզ ու հանդարտ տղա կար, որը շատ կռվարար մայր ուներ: Վերջինս որդուն չէր սիրում, և խեղճ փոքրիկը ստիպված էր բազմաթիվ ծեծերի ու նախատինքի դիմանալ: Սակայն, նա միշտ հնազանդ ու հարգալիր որդի էր, երբեք չէր տրտնջում, այլ միայն թաքուն լաց էր լինում: Երբ մեծացավ, կյանքն այլևս անտանելի դարձավ նրա համար՝ նա իրեն անպետք ու ավելորդ էր զգում հարազատ հարկի ներքո: Ուստի, սրտի ցավով որոշեց հեռանալ տնից և ուրիշ տեղ աշխատանք ու երջանկություն փնտրել: Մայրը հոժարությամբ թույլ տվեց նրան՝ ուրախ լինելով ազատվել ոչ սիրելի որդուց:

- Օրհնությունդ տուր, մայրի՛կ,- խնդրեց տղան հեռանալիս:

Չար կինը նույնիսկ այդ պահին չմեղմացավ: Նա վառարանից մի փայտի կտոր հանեց ու որդու կողմը շպրտելով՝ ասաց.

- Ա՛ռ քեզ օրհնություն:

- Շնորհակալ եմ, մա՛յր,- շշնջաց տղան:- Մնաս բարով:

Նույնիսկ այդ փայտի կտորն էր թանկ նրա համար՝ որպես օրհնություն և միակ հիշատակ մորից: Նա փայտի այդ կտորից մի տախտակ տաշեց, և տվեց սրբապատկերներ պատրաստող վարպետին՝ Տիրոջ պատկերը նկարելու համար: Այդ պատկերից նա երբեք չբաժանվեց, քանի որ դա այն ամենն էր, ինչ ստացել էր մորից: Եվ հավանաբար Տերն օրհնեց նրան մոր և նրա օրհնության հանդեպ տածած հարգանքի համար: Ինչ էլ, որ տղան ձեռնարկում էր, հաջողություն էր ուղեկցում նրան: Եվ գործատուն, որի մոտ ընդունվեց աշխատելու և որը զավակներ չուներ, ի սրտե հոգ էր տանում նրա մասին, և երբ տղան մեծացավ ու հմտացավ իր գործում, նրան փայատեր դարձրեց և մահանալիս իր ողջ ունեցվածքը նրան ժառանգեց:

«Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես» (Ելք 20:12),- ասում է Տերը:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

23.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․