Գրքեր

Անհրաժեշտ է որոշակի զոհողության գնալ, որպեսզի հիվանդն ապաքինվի

Եթե մենք Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, սակայն ինքներս ոչինչ չենք զոհաբերում, ապա մեր խնդրանքն այդքան էլ արժեք չունի: Եթե ես ձեռքերս ծալած, նստած ասում եմ. «Տե՛ր Աստված, խնդրում եմ բուժիր այսինչ հիվանդին» և ինքս ոչ մի զոհողության չեմ գնում, ապա դա նույնն է, թե ուղղակի լավ խոսքեր եմ ասում (քամուն եմ տալիս դրանք): Իսկ եթե ես սեր ունեմ, զոհաբերություն, ապա Քրիստոս դա տեսնելով՝ կկատարի խնդրանքս, եթե իհարկե այն ի բարօրություն ուրիշի է լինելու: Այդ պատճառով էլ, երբ մարդիկ խնդրում են ձեզ հիվանդի համար աղոթել, ասացեք նրանց, որպեսզի իրենք ևս աղոթեն կամ գոնե աշխատեն ձերբազատվել իրենց թերություններից:

Ինձ մոտ մարդիկ են գալիս ու խնդրում. «Բուժիր ինձ, լսել եմ, որ կարող ես ինձ օգնել»: Սակայն այդ մարդիկ ուզում են առանց որևէ ջանք թափելու օգնություն ստանալ: Օրինակ՝ ասում ես մարդուն. «Քաղցր մի կեր, այդ զոհաբերությունն արա, որպեսզի Աստված օգնի քեզ»: Իսկ նա պատասխանում է. «Ինչո՞ւ: Ի՞նչ է, Աստված չի՞ կարող առանց այդ զոհաբերության օգնել ինձ»: Այդպիսի մարդիկ ի վիճակի չեն նույնիսկ իրենք իրենց համար զոհողություն անել: Էլ ո՜ւր մնաց ուրիշների համար անեն: Բայց կան այնպիսիք, որ քաղցր չեն ուտում, որպեսզի Քրիստոս օգնի շաքարային դիաբետով տառապողներին, կամ չեն քնում, որպեսզի Քրիստոս մի փոքր քուն տա անքնությունից տառապողներին: Այս կերպ մարդը բարեկամանում է Աստծուն: Եվ այդ ժամանակ Աստված մարդկանց Իր բարեշնորհությունն է տալիս:

Երբ մեկն ասում է ինձ, որ չի կարողանում աղոթել իր հիվանդ հարազատի համար, ես խորհուրդ եմ տալիս զոհաբերության գնալ հանուն այդ հիվանդի, ինչ-որ բան զոհել, որ հենց իր առողջությանն է վնասում:

Մի անգամ իմ խուց մի մարդ եկավ Գերմանիայից: Նրա դուստրն աստիճանաբար անդամալույծ էր դառնում: Բժիշկներն աղջկանից հրաժարվել էին: Խեղճ հայրը լրիվ հուսահատված էր: «Դու էլ ինչ-որ զոհողության գնա հանուն քո երեխայի առողջության, - խորհուրդ տվեցի նրան,- Երկրպագություն անել չես կարող, աղոթել՝ նույնպես: Դե ինչ արած: Ասա տեսնեմ, որքա՞ն ծխախոտ ես ծխում օրական»: «Չորս ու կես տուփ»,- պատասխանեց նա: «Մեկը ծխիր,- ասացի,- իսկ այն փողը, որ պիտի երեք ու կես տուփի համար ծախսեիր՝ ինչ-որ աղքատի ողորմություն տուր»: «Հա՛յր,- ասաց ինձ,- թող երեխաս առողջանա ու ես ընդհանրապես կթողնեմ ծխելը»: «Ո՛չ,- ասացի,- երբ առողջանա դա արդեն արժեք չի ունենա: Հիմա՛ պետք է ծխելդ թողնես: Մի՞թե երեխայիդ չես սիրում»: «Իմ երեխային չե՞մ սիրում: Ախր նրա համար ես վեցերորդ հարկից ցած կնետվեմ»,- պատասխանեց: «Չեմ ասում, թե վեցերորդ հարկից ցած նետվիր, այլ ասում եմ, ծխելուց հրաժարվիր: Եթե դու անմիտ քայլ անես ու վեցերորդ հարկից ցած նետվես, ապա երեխայիդ անտեր կթողնես և հոգիդ էլ կկորցնես: Առաջարկում եմ ավելի հեշտ միջոց՝ ծխելդ թող: Հիմա՛ թող»: Բայց նա ոչ մի կերպ չէր ուզում ծխելը թողնել, և ի վերջո արցունքն աչքերին հեռացավ ինձանից: Դե ինչպե՞ս օգնես այդպիսի մարդուն: Իսկ նրանք ովքեր լսում են քեզ՝ օգնություն են ստանում:

Մի ուրիշ անգամ մի մարդ եկավ, որ շնչակտուր էր լինում քայլելուց: Հասկացա, որ շատ է ծխում և ասացի. «Տարօրինակ մարդ ես, ինչո՞ւ ես այդքան ծխում: Ախր կհիվանդանաս»: Մի փոքր շունչը ետ բերելով՝ ասաց. «Կինս ծանր հիվանդ է և կարող է մահանալ: Խնդրում եմ աղոթիր, որպեսզի հրաշք կատարվի: Բժիշկներն անզոր են օգնել նրան»: «Իսկ կնոջդ սիրո՞ւմ ես»,- հարցրեցի: «Սիրում եմ»: «Այդ դեպքում ինչո՞ւ չես ուզում ինքդ օգնել նրան: Նա ինքն արդեն արել է ինչ կարող էր, բժիշկները՝ նույնպես: Դու հիմա եկել ես այստեղ և խնդրում ես ինձ, որպեսզի կարողացածս անեմ, այսինքն, որպեսզի աղոթեմ Աստծուն, որ օգնի նրան: Սակայն ինքդ ի՞նչ ես արել, որպեսզի կինդ օգնություն ստանա»: «Իսկ ես ի՞նչ կարող եմ անել, հա՛յր»,- զարմացավ նա: «Եթե ծխելդ թողնես,- ասացի նրան,- կինդ կառողջանա»: Ես մտածեցի, որ եթե Աստված տեսնի, որ ապաքինումը հոգևոր առումով կնոջը չի օգնի, ապա ծխելը թողնելով՝ այդ մարդը համենայն դեպս ինքը կազատվի այն չարից, որ ծխելն է բերում: Մեկ ամիս անցավ և նա շատ ուրախ եկավ, որպեսզի շնորհակալություն հայտնի ինձ: «Հա՛յր,- ասաց ինձ,- ես ծխելը թողեցի և կինս առողջացավ»: Որոշ ժամանակ անց կրկին ինձ մոտ եկավ, շատ տխուր և ասաց, որ նորից սկսել է կամաց-կամաց ծխել և կինը կրկին ծանր հիվանդացել է: «Դե,- ասացի նրան,- բուժումն այժմ ինքդ գիտես: Ծխելը թո՛ղ»:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

10.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․