Գրքեր

Անիրավ տնտեսի կիրակիի քարոզ

«Եւ ես ձեզ ասեմ. արարէք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան. զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս»:

«Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9):

 

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

​Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակին է, որ մեր եկեղեցու հայրերի կողմից անվանվել է Տնտեսի կիրակի: Նրա հիմքում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատմած «Անիրավ տնտեսի առակն է», թե ինչպես մի մեծահարուստ մարդ, լսելով իր տնտեսի անիրավության և իր ունեցվածքը վատնելու մասին, որոշում է նրանից հաշիվ պահանջել: Տնտեսը մտածում է, որ այսուհետ, ազատվելով իր գործից, չի կարող հողի վրա աշխատել, ինչպես նաև կամաչի մուրացկանությամբ զբաղվել, ուստի կանչում է իր տիրոջ պարտապաններին և նրանց պարտքերը պակասեցնում: Հարյուր տակառ ձեթ պարտք եղողին հանձնարարում է գրել՝ հիսուն: Հինգ հարյուր պարկ ցորեն պարտք եղողին հանձնարարում է գրել չորս հարյուր: Հետաքրքրական է, որ դրանից հետո տերը ոչ թե մեղադրանքներ է ներկայացնում այդ տնտեսին, այլ գովում է նրա արարքը:

Այս առակը ամենաուշագրավն է Ավետարանում: Քրիստոս չի խուսափում մեզ կրթելու համար անիրավ տնտեսի ու անիրավ դատավորի առակները պատմելուց: Այստեղ Նա սովորեցնում է մեզ համառ լինել, և ինչպես մեր երկրային կյանքում ենք պայքարում ու հասնում մեր երազանքների իրականացմանը, այդպես էլ պետք է կարողանանք ջանքեր չխնայել երկինքը շահելու համար: Եթե աշխարհիկ անցողիկ բաների համար մարդիկ չեն խնայում իրենց ունեցվածքը, իրենց կարողություններն ու ժամանակը, ապա քրիստոնյաներն էլ հնարավորինս պետք է ձգտեն հասնել և նվաճել Երկնային Արքայությունը, որը նվաճվում է միմիայն սիրով ու ողորմածությամբ:

Հիշենք Իսահակի որդիներին՝ Հակոբին ու Եսավին: Եսավն անդրանիկն էր, սակայն Հակոբը կարողացավ իր հնարամտության շնորհիվ Եսավից գնել անդրանկության իրավունքը: Եղբայրներից ամեն մեկը, ինչը որ կարևորեց, այն էլ շահեց և ստացավ: Հակոբը, հոր կողմից օրհնվելով, ստացավ անդրանկության պատիվը, իսկ Եսավը՝ իր ապուրը: Պողոս եպիսկոպոս Ադրիանուպոլսեցին իր «Հինգ դարերի զանազանությունը» գրքում Հակոբի ու Եսավի առնչությամբ ասում է. «Անդրանկությունը բնության պարգևն է. ոչ ոք չէր կարող դա նրա ձեռքից խլել, սակայն իր որկրամոլության և անհամբերության և առավել ևս Աստծու պարգևը չհասկանալու պատճառով [Եսավը] կորցրեց այն: Մի՛ կարծիր, թե այս առումով Հակոբը անիրավություն գործեց, քանի որ երբ ապուրի հարցը կար, Եսավը հայտնապես երդումով, դաշինքով, իր հավանությամբ և կամքով վաճառեց անդրանկությունը: Թեև նա չցանկացավ կարևորություն տալ այս սակարկությանը, բայց երդվելու համար Աստված արդարության տոմարում արձանագրեց նրա դաշինքը, որով Եսավը, իրավացիորեն կորցնելով անդրանկության իրավունքը, հոր օրհնությունից զրկվեց» (էջ 136):

Սիրելինե՛ր, մեր բոլորի հոգիներում ապրում են Աբելն ու Կայենը, Հակոբն ու Եսավը: Մենք ինքներս ենք որոշում ո՛ր անձին մեր մեջ ծնունդ տալ՝ Աբելի՞ն, թե՞ Կայենին, Հակոբի՞ն, թե՞ Եսավին, մեր մեջ ծլարձակի բարի՞ն, թե՞ չարը, արդարությո՞ւնը, թե՞ անազնվությունը, մենք ինքներս ենք որոշում խորագիտությամբ հասնել նպատակի՞ն, ինչպես Հակոբը, թե՞ հեշտությամբ և անգիտակցաբար հրաժարվել ունեցած երկնային օրհնությունից, ինչպես Եսավը, պայքարել երկնքի համա՞ր, թե՞ անտարբերության մատնել Երկնքի արքայություն հրավիրող Աստծո կանչը:

Հակոբի նախանձախնդրությունն է անհրաժեշտ ունենալ և ձգտել՝ ստանալու Երկնքի Արքայության քաղաքացիներ դառնալու պատիվը: «Աշխարհիկ որդիների» նախանձախնդրությամբ մենք պետք է ջանանք որոնել երկնային բարիքները՝ փոխարենը տալով մեր երկրային բարիքներից, մեր ունեցվածքից, սիրուց, առողջությունից, ժամանակից, հնարավորություններից, գիտակցելով, որ մենք մեր ունեցածի տերը չենք, այլ ընդամենը ժամանակավոր տնտեսներ ենք կարգված մեզ շնորհված ամեն ինչի վրա: Սրբերից մեկն ասում է. «Ի՞նչ ունեմ ես, ոչի՛նչ: Ամեն ինչը Աստծո շնորհ է»:

Աստված ցանկանում է, որ քրիստոնյաները խորագետ լինեն և իմաստուն. «Այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ», – ասում է Հիսուս Քրիստոս (Ղուկաս 16:8): Այս խոսքերով մեր Տերը սովորեցնում է մեզ ունենալ և գործադրել ա՛յն խանդավառությունն ու ոգևորությունը, ա՛յն հնարամտությունն ու իմաստությունը, որ աշխարհիկ մարդիկ դրսևորում են իրենց երկրային նվաճումների համար:

Թվում է, թե այս առակն այնքան բարդ է, դժվարամարս և այնքան անհարիր Քրիստոսի քարոզած սիրո և զոհաբերության Ավետարանին, սակայն իրականում այն շատ պարզ ասելիք ունի. «Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9): Քրիստոս չի գովում մարդկային անիրավությունն ու անազնվությունը, խորամանկության կամ դավադիր քայլերի կոչ չի անում: Ո՛չ, քա՛վ լիցի: Նա սովորեցնում է խորագիտություն ունենալ, ինչպես որ մի այլ առիթով ասում է. «Խորագե՛տ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման» (Մատթեոս 10:16):

Սիրելինե՛ր, աղոթում եմ ձեզ համար, որ ձեր կյանքի բոլոր օրերն անցկացնեք քրիստոնեական ձեր կոչումին հավատարիմ: Այս աշխարհում մեզ քիչն է տրված, Տերը մեզ շատն է խոստացել, սակայն մեզանից պահանջվում է առաջին հերթին հավատարիմ լինել մեր ունեցած թվացյալ քչի մեջ, որն իրականում շատ է և լիուլի. «Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է. իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է: Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը» (Ղուկաս 16:10,11): Թող որ բոլորս այս տնտեսի կիրակիի ճիշտ ըմբռնումով և ընկալումով փոխենք մեր կյանքը, որ տնտեսներ լինելու գիտակցությունն ունենանք, որ ճիշտ տնօրինենք մեր կարողություններն ու շնորհները, մեր ունեցվածքն ու հնարավորությունները, որ անիմաստ չվատնենք մեր առողջությունն ու ժամանակը, որ մեր շնորհներն ու տաղանդները գործարդենք ի փառս Աստուծո և ի բարօրություն մարդկանց: Ամենակարևորը ագահության և ժլատության զգացումով երբևիցե չառաջնորդվենք մեր կյանքում, խարդախությունն ու խաբեությունը երբեք տեղ չգտնեն մեր գործերում, լինենք մեր կյանքի արդար և հավատարիմ տնտեսները, որպեսզի կարողանանք արժանանալ Աստծո գովեստին:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

24.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․