Գրքեր

Անխոհեմ, չափազանց ծնողական սեր

- Հա՛յր, կարո՞ղ է արդյոք մայրը վնասել իր երեխային անխոհեմ սիրով:

- Իհարկե կարող է: Օրինակ՝ մայրը տեսնում է, որ իր մանկիկը չի կարողանում քայլել սովորել և ասում է. «Ի՜նչ մեղք է խեղճը, չի կարողանում քայլել», և պարբերաբար գիրկն է առնում նրան, փոխարենը երեխայի ձեռքից բռնած օգնի, որպեսզի ինքնուրույն քայլի: Հարց է ծագում. փոքրիկն ինչպե՞ս պետք է քայլել սովորի: Իհարկե, այդպիսի մայրը սիրուց դրդված է գործում, սակայն չափազանց հոգատարությամբ վնասում է իր զավակին: Ես մի մարդու էի ճանաչում, որի որդին ծառայել էր բանակում: Եվ ահա նա բռնում էր իր չափահաս որդու ձեռքն ու վարսահարդարի մոտ տանում: «Ես իմ որդուն բերել եմ քեզ մոտ, որպեսզի նրա մազերը կտրես,- ասում էր հայրը,- ասա՛, որքա՞ն պետք է վճարեմ և ե՞րբ գամ նրա հետևից»: Այսպես (իր անխոհեմ հոգատարությամբ) այդ մարդը խեղեց իր որդուն:

Սերը պետք է դատողության օգնությամբ «արգելակվի»: Իսկական սերն անշահախնդիր է: Այն իր մեջ եսասիրական կողմնակալություններ չունի և աչքի է ընկնում ողջամտությամբ: Ողջամտությունն անհրաժեշտ է կանացի մեծ սիրուն, որպեսզի կինն իր սերն իզուր չվատնի: Մի անգամ իմ խուց եկավ մի երիտասարդ, որը խիստ բարկացած էր իր ծնողների վրա: Նրա խեղճ ծնողները լավ էին տրամադրված, սակայն չգիտեին, թե ինչպես օգնեն նրան: Եվ ահա նա սկսեց ասել ինձ, որ ծնողները ճնշում են իրեն, որ իրեն չեն սիրում և այլն: «Լսի՛ր,- ասացի նրան,- երբ դու փոքր էիր, և մայրդ փաթաթում էր քեզ մի քանի շորի մեջ, ինչո՞ւ էր այդպես անում: Որ դու չմրսե՞ս, թե՞ որպեսզի քեզ ջերմային հարված հասցնի: Քո մոր այդ գործողություններն իրենց մեջ մեծ սեր էին պարունակում»: Վերջապես հասկանալով, թե ծնողներն իրեն որքան են սիրում, երիտասարդն սկսեց լաց լինել: Նրա մայրը մեծ սեր ուներ, չնայած որ չկարողացավ օգնել իր որդուն, որովհետև իրեն այնպես էր պահում, որ նրա մոտ դիմադրություն էր առաջացնում:

Անհրաժեշտության դեպքում մայրն իրեն խիստ պետք է պահի երեխայի հետ: Եթե նա հեշտությամբ է ենթարկվում երեխայի կամքին ու ամեն ինչում համաձայնում է նրա հետ, ապա դա երեխային օգուտ չի բերում: Ադանայում այրի մի կին միակ որդի ուներ՝ Յանիսը: Երբ տղան մի փոքր հասակ առավ, մայրը նրան ուղարկեց կոշկակարություն սովորելու: Մի շաբաթ աշխատանքի գնալուց հետո տղան հայտարարեց. «Մայրիկ, ես այլևս վարպետի մոտ գնալու կարիք չունեմ, կոշկակարությունը սովորել եմ»: «Այդ ե՞րբ հասցրիր սովորել»,- հարցրեց մայրը: «Այ, եթե ուզում ես,- պատասխանեց նա,- կարող եմ քեզ էլ ցույց տալ, թե ինչպես են կոշիկ կարում: Ահա՛, նայիր. այսպես տակացուն են կտրում, ահա այսպես կաշին են ամրացնում, կրունկն են հարմարեցնում, մեխերով ամրացնում են…»: Իսկ վարպետը, որի մոտ սովորում էր Յանիսը, շատ բարի մարդ էր: Նա ցանկանում էր տղային արհեստը սովորեցնել, որովհետև Յանիսն առանց հոր էր մեծանում, և նա խղճում էր նրան: Սակայն, տեսնելով, որ մեկ շաբաթ անցել է, և Յանիսը չի հայտնվում՝ նա անհանգստացավ. չի՞ հիվանդացել արդյոք, և գնաց նրա մոր մոտ, որպեսզի հարցնի, թե ինչ է պատահել տղային: «Ի՞նչ է պատահել Յանիսին: Ինչո՞ւ այլևս աշխատանքի չի գալիս: Հիվանդացե՞լ է»,- հարցրեց վարպետը այրուն: «Ոչ,- պատասխանեց նա,- նա առողջ է»: «Այդ դեպքում ինչո՞ւ աշխատանքի չի գալիս»: «Իսկ ինչո՞ւ գա,- պատասխանեց այրին,- չէ՞ որ արդեն տիրապետում է կոշկակարության արհեստին»: «Ախր ինչպե՞ս կարողացավ մի քանի օրում սովորել»,- ապշեց կոշկակարը: «Շատ պարզ,- պատասխանեց մայրը,- վերցնում է կաշին, քաշում է կաղապարի վրա, մեխում է, հարմարեցնում է կրունկն, այնուհետև հանում է կոշիկը կաղապարի վրայից և պատրաստ է»: Կոշկակարը ծիծաղեց, հրաժեշտ տվեց նրան ու հեռացավ: Երբ նա արհեստանոց վերադարձավ, նրա օգնականները հարցրին նրան. «Վարպետ, ի՞նչ է պատահել Յանիսին»: «Ողջ և առողջ է,- պատասխանեց նա,- ոչ միայն Յանիսն է կոշկակարությունը սովորել, այլև՝ նրա մայրը»:

Եվ ահա ես տեսնում եմ, որ շատ ծնողներ են իրենց այս այրու պես պահում: Նրանք կարծում են, թե սիրում են իրենց երեխաներին, սակայն իրականում կործանում են նրանց: Օրինակ՝ մայրը, չափազանց սիրուց մղված, համբույրներով է ողողում իր երեխային ու ասում, ասենք. «Ողջ աշխարհում իմ երեխայի պես հրաշալի երեխա չկա»: Դրանով նա երեխայի մեջ հպարտություն և անառողջ ինքնավստահություն է սերմանում: Այդպիսի երեխան հետագայում չի լսում ծնողներին՝ վստահ լինելով, որ ինքն ամեն բան գիտի:

Ծնողները պետք է երեխաներին օգնեն փոքրուց սովորել պատասխանատու լինել իրենց համար: Թող երեխաներն ընտանիքում իրենց ուժերի ներածի չափով աշխատանք կատարեն. նրանք չպետք է պահանջեն, որպեսզի ամեն ինչ իրենց պատրաստի մատուցեն: Հակառակ դեպքում, երբ նրանք չափահաս դառնան, իրենց համար շատ դժվար կլինի: Մի վարպետ օրնիբուն աշխատում էր, որ մեծացնի իր զավակներին: Իսկ նրանք, քանի դեռ հայրն աշխատում էր, ողջ օրը փողոցներում թափառում էին: Եվ նույնիսկ, երբ նրանք մեծացան, իրենց սեփական ընտանիքները կառուցեցին, միևնույն է, սպասում էին, թե երբ է հայրն ամեն ինչ պատրաստի բերելու: Եվ երբ նա ասաց, որ ժամանակն է, որպեսզի իրենք հոգ տանեն իրենց տների ու ընտանիքների մասին, նրանք պատասխանեցին. «Ինչպե՞ս թե, հայրի՛կ: Չէ՞ որ դու մեզ չէիր թողնում, երբ մենք փոքր էինք: Մի՞թե կարող ես մեզ հիմա լքել, երբ մենք մեծացել ենք և ընտանեկան պարտականությունների բեռն ենք կրում»: 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

02.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․