Գրքեր

Անսպասելի օգնությունը

Իվան Անդրեևիչը բժշկին ճանապարհելուց հետո կնոջ սենյակը վերադարձավ: Մոտեցավ սեղանին և վճռական շարժումով վերցրեց դեղատոմսը:

- Ա՛յ կտեսնես, իմ թանկագին Լիզոնկա,- կնոջը դիմելով, քնքշորեն ասաց նա,- դու կապաքինվես: Ես հենց հիմա կգնամ դեղորայքի հետևից:

Իվան Անդրեևիչը բացեց պահարանի դուռը, որտեղ երկար տարիներ իրենց փողերն էին պահում, և ձեռքը տարավ դեպի հին զարդատուփը: Տուփի հատակին մի քանի փոքր թղթադրամ կար: «Չի բավականացնի,- գումարը հաշվելով, մտքում ասաց նա:- Ոչինչ, հարևաններից կվերցնեմ պարտքով: Մեծ գումար չէ»,- հանգստացրեց իրեն Իվան Անդրեևիչը: Տնից դուրս գալով, ծեծեց հարևի դուռը:

- Բարև ձեզ, թանկագի՛ն հարևան,- մեղմ ժպիտով ողջունեց Իրինա Վլադիմիրովնան,- ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

- Հասկանում եք, գումարս չի բավարարում դեղորայք գնելու համար: Չէի՞ք կարող պարտքով գումար տալ,- շփոթվելով հարցրեց Իվան Անդրեևիչը:

Ժպիտը դանդաղորեն չքացավ հարևանուհու դեմքից:

- Գիտեք,- բառերը դանդաղորեն արտաբերելով ասաց Իրինա Վլադիմիրովնան,- որդուս խոստացել եմ նոր սմարտֆոն նվիրել ծննդյան օրվա կապակցությամբ և եթե չգնեմ, ի՞նչ կմտածի իմ մասին:

- Այո, այո, իհարկե,- շփոթված արտասանեց Իվան Անդրեևիչը:- Ներեցե՛ք:

Դուռն արագորեն փակվեց:

«Իսկ միգուցե Սվետլանա Սեմյոնովնայի՞ն դիմեմ,- մրմնջաց Իվան Անդրեևիչը,- նա միշտ պարտքով գումար է տալիս»: Եվ վճռականորեն սեղմեց նրա տան դռան զանգի կոճակը:

- Ո՞վ է,- առանց դուռը բացելու հարցրեց հարևանուհին:

- Ես եմ, Ձեր հարևանը,- բարձրաձայն ասաց Իվան Անդրեևիչը:

- Լսում եմ Ձեզ,- պատասխանեցին դռան հետևից:

Իվան Անդրեևիչը կցկտուր բացատրեց, որ մի փոքր գումար է պարտքով խնդրում՝ կնոջ համար դեղորայք գնելու:

- Կտայի, բայց մայրամուտից հետո գումար տալը վատ նշան է, հասկանո՞ւմ եք: Վաղը կեսօրին եկեք:

Այս խոսքերից հետո Իվան Անդրեևիչը ծանրություն զգաց ոտքերում, իսկ կոկորդին գնդիկ հայտնվեց:

«Ի՞նչ եմ առել ու կանգնել, երբեմն զեղչեր են լինում դեղատներում, գնամ, միգուցե հերիքի»,- ինքն իրեն քաջալերեց նա:

- Այս դեղորայքի վրա զեղչեր չեն լինում,- պատասխանեցին հերթական դեղատանը, ուր մտավ հոգնած Իվան Անդրեևիչը:

Սիրտը կծկվեց: Դուրս եկավ փողոց: Սառը քամին դիպավ արցունքոտ աչքերին:

- Ինչո՞ւ ես լալիս, ա՛յ մարդ,- քամու սուլոցի միջից լսվեց մի ձայն:

Իվան Անդրեևիչը շրջեց գլուխն ու իր կողքին, ներքևում, անոտ մի հաշմանդամի տեսավ սայլակին, որը ողորմություն էր խնդրում: Անցորդները երբեմն մանրադրամ էին գցում նրա մեկնած պլաստիկե բաժակի մեջ:

- Կինս ծանր հիվանդ է, դեղորայք է պետք, իսկ փողը չի հերիքում,- ասաց Իվան Անդրեևիչը:

- Կի՜նդ,- ծոր տալով արտասանեց մուրացկանը:- Ես էլ կին ունեի: Մահացավ: Ու այժմ ես այստեղ եմ:

Այս ասելով սկսեց գրպանները պրպտել, մի բուռ ճմրթած թղթադրամ հանեց ու մեկնեց Իվան Անդրեևիչին:

- Վերցրո՛ւ: Ինձ կօգնեն,- ասաց նա:

Իվան Անդրեևիչը կռացավ, վերցրեց փողն ու համբուրեց մուրացկանի այտը:

- Դե լավ, գնա՛- գնա՛,- մեղմ պատասխանեց վերջինս:

 

 

Ավագ քահանա Վասիլի Մազուր

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

14.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․