Գրքեր

Անտեսանելին են տեսանելիի մեջ

Դեկտեմբերի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ թեմի ուսումնական կենտրոնի սրբապատկերի, մանրանկարի, բատիկի խմբակների սաների տարեվերջյան ամենամյա ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվեցին կենտրոնի 30 սանի 100-ից ավելի աշխատանք` փայտի, կտավի, մետաքսի վրա, որոնք հիացրեցին ներկաներին իրենց պարզությամբ և մաքրությամբ:

Միջոցառումն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին ու շնորհավորեց ցուցահանդեսի բացման առթիվ: 
Ցուցահանդեսին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով նաև Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ է: Նա բարձր գնահատեց ներկայացված աշխատանքները` կարևորելով դրանց դերը ազգային մշակույթի ներկայացման տեսանկյունից:

Արարատյան Հայրապետական թեմում գործող այս կենտրոնի նպատակն է Հայ Եկեղեցու զավակներին հաղորդակից դարձնել ազգային քրիստոնեական մշակույթին և կենցաղավարությանը: Կենտրոնը խնդիր է դրել սաներին սովորեցնել Հայ Եկեղեցու դավանանքն ու վարդապետությունը, ծանոթացնել քրիստոնեական սրբերի վարքին և սովորեցնել սրբանկարչության հմտություններ: 
«Խմբակը գործում է 2008 թվականից: Կարող են միանալ բոլոր ցանկացողներն՝ առանց տարիքային սահմանափակման: Այստեղ պարտադիր չէ, որ մասնակիցն ունենա նկարչական ձիրք»,- ասաց Արարատյան Հայրապետական թեմի ուսումնական կենտրոնի տնօրեն Հասմիկ Եղիազարյանը:
Հայ ժողովրդի հոգևոր և ազգային մշակութային ժառանգության մեջ առանձնակի տեղ են գրավում սրբապատկերները, մատյանների գեղարվեստական հարդարանքը՝ մանրանկարչությունը: Այստեղ է, որ արատցոլվում է հայ ժողովրդի գեղարվեստական մտածողության գիծը, շնորհքը: Եկեղեցու սուրբ հայրերը գիտակցել և կարևորել են եկեղեցում սրբապատկերների անհրաժեշտությունը, որպես քրիստոնյայի ներքին աղոթական վիճակի և նրա բարոյական նկարագրի կատարելագործմանը նպաստող պայման: Դրանք քրիստոնյային հոգևոր մխիթարություն են պարգևում, զգաստության և ապաշխարհության կոչ անում:
Ցուցահանդեսը պատվել էր նաև հայագետ, աղբյուրագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը, ով դրվատանքի խոսքեր ասաց կենտրոնի ուսուցիչների ու սաների մասին։
Ցուցահանդեսին իրենց գեղեցիկ կատարումներով ներկայացան նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության «Նշխարք» վոկալ անսամբլը (գեղ. ղեկավար` Հեղինե Օհանյան) և նորաստեղծ լարային քառյակը (գեղ. ղեկավար`Հայկ Մակիյան):


 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

17.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․