Գրքեր

Անընչության մասին

Ծերերից մեկը Հովհաննես Պարսիկի մասին պատմեց, թե նա իր բարձրագույն առաքինության արդյունքում ընկավ պարզամիտ անմեղության մեջ: Երբ սա Եգիպտոսի Արաբիայում էր, մի անգամ մի եղբորից փոխ առավ մեկ դահեկան և կտավ գնեց, որպեսզի գործի: Եկավ մի եղբայր, աղաչեց նրան և ասաց. «Ինձ մի քիչ կտավ շնորհի՛ր, որ ինձ համար հանդերձ կարեմ»: Նա ուրախությամբ տվեց նրան: Մեկ ուրիշը դարձյալ աղաչեց նրան, որ իրեն կտավ տա՝ ղենջակ կարելու համար: Նրան էլ տվեց, ինչպես նաև նրանց, ովքեր խնդրում էին, բոլորին  ուրախությամբ  տվեց: Դրանից հետո եկավ դահեկանի տերը և պահանջեց փողը: Ծերն ասաց. «Գնամ և բերեմ քեզ քո դահեկանը»: Եվ որովհետև ոչ մի տեղից չէր կարող տալ, գնաց՝ հայր Հակոբից խնդրելու դահեկանը, որ վերադարձնի եղբորը: Մինչ գնում էր` մի դահեկան տեսավ գետնին ընկած և չմոտեցավ դրան, այլ աղոթք անելով դարձավ իր խուղը: Եղբայրը, կրկին գալով, նեղում էր նրան դահեկանի համար, նա էլ ասում էր. «Հաստատ կբերեմ»: Եվ դուրս գալով՝ դարձյալ նույն տեղում տեսավ ընկած դահեկանը և դարձյալ աղոթք անելով` վերադարձավ խրճիթ: Եղբայրը մյուս անգամ եկավ, նեղեց ու շտապեցրեց նրան: Ծերն ասաց. «Այս անգամ հաստատ կբերեմ դահեկանը»: Եվ վեր կենալով դարձյալ եկավ նույն տեղը, գտավ դահեկանը և աղոթք անելով՝ վերցրեց դահեկանը, եկավ հայր Հակոբի մոտ և նրան ասաց. «Մինչ քեզ մոտ էի գալիս, հա՛յր, այս դահեկանը գտա ճանապարհին: Բարի՛ եղիր, հա՛յր, և հրապարակի՛ր ամենուր, թե ո՞վ է կորցրել այս դահեկանը, և եթե դրա տերը գտնվի, տո՛ւր նրան»: Եվ ծերը գնալով` երեք օր աղաղակեց ու ոչ մի տեղ չգտավ դահեկանի տիրոջը: Այնժամ Հովհաննես Պարսիկը հայր Հակոբին ասաց. «Եթե ոչ ոք չի կորցրել դա, ապա տո՛ւր այդ այսինչ անունով եղբորը, քանզի պարտք եմ նրան. ես քեզնից էի ուզում սիրով առնել դա ու գտա ճանապարհին»: Եվ հայր Հակոբը զարմացավ, թե ինչո՞ւ՝ պարտք էր և գտավ, սակայն նույն պահին չվերցրեց և տվեց, այլ որպես թե` սիրով մեկից առնելով տվեց: Եվ այս էր նրա սքանչելի սովորությունը. եթե մեկը գալիս էր նրանից մի բան խնդրելու, ոչ թե ինքն էր տալիս, այլ եղբորն ասում էր. «Գնա ի՛նքդ վերցրու՝ ինչ պետք է», իսկ եթե մեկը  մի բան էր վերադարձնում, նրան ասում էր. «Դի՛ր դարձյալ իր տեղը», իսկ եթե չէին  վերադարձնում, ամենևին  ոչինչ չէր  ասում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․