Գրքեր

Ապաշխարանք…

«Անկիրա» հյուրանոցի երրորդ հարկում միայն կանայք էին ապրում: Ամեն երեկո նշանակված հնազանդությունից վերադառնալով և աղոթելով, ուխտավոր կանայք հավաքվում էին թեյի սեղանի շուրջն ու քննարկում անցնող օրը: Հյուր էին գնում միմյանց: Միայն Ալլային չէին այցելում՝ չէին ընկերացել… Նրան չէին քննարկում: Ինչպե՞ս կարելի է: Ախր հավատակից քույրեր են:

Քննարկելը չէին քննարկում, սակայն… չէ, չէ, մեկ էլ տեսար հիշում էին իրենց կանացի զրույցներում: Բոլորին հետաքրքրում էր, թե Ալլան ինչու է վանք եկել: Սովորաբար ինչպե՞ս է լինում: Գնում ես մենաստան, խնդրում ես քեզ համար հնազանդություն նշանակել, աշխատում ես՝ ի փառս Աստծո, մեղքերիդ թողություն ես աղերսում… Իսկ այս դեպքում ամեն ինչ այլ կերպ էր: Քույրերը գնում էին աշխատելու, իսկ Ալլան մնում էր համարում: Բոլորն աղոթքի էին կանգնում, իսկ նա գնում էր զբոսնելու: Մի խոսքով՝ տարօրինակ ուխտավոր էր:

Մթնշաղը պարուրեց քաղաքը: Այսօրվա երեկոն խոստանում էր անսովոր լինել: Մենաստանից միանգամից հինգ հոգի էին մեկնում, և ուխտավորները հավաքվեցին սեղանատանը՝ նրանց հրաժեշտ տալու: Սեղանի շուրջն ուրախ իրարանցում էր: Ինչ-որ մեկը լուսանկարներն էր ցույց տալիս, որ հասցրել էր անել, մյուսը հեռախոսահամար էր փոխանակում՝ շփումը շարունակելու նպատակով… Միայն Ալլան էր աչքերը խոնարհած և գլուխն ուսերի մեջ քաշած նստել: Նա այդպես էլ ոչ ոքի հետ չէր ընկերացել: Մայր Սողոմեն մի հայացք գցեց հարազատ դարձած մարդկանց և առաջարկեց.

- Եկեք մեր ձեռք բերած փորձը միմյանց հետ կիսենք: Արդյո՞ք այս ուղևորությունը ձեզնից որևէ մեկի համար օգտակար եղավ: Կարծում եմ բոլորս հետաքրքրությամբ կլսենք մեկնողներին:

Սեղանատանը լռություն տիրեց: Բոլորը խորհում էին նրա խոսքերի շուրջ, իսկ հետո սկսեցին իրենց տպավորությունների մասին պատմել: Երբ չորս հոգի արտահայտվեցին, լարված լռություն տիրեց: Իսկ Ալլան ի՞նչ կասի: Կինը խորը շունչ քաշեց և երկչոտությամբ ասաց.

- Ես շատ ուրախ եմ, որ տասը օր անցկացրի այս հրաշալի վայրում: Երևի ինչ-որ մեկին տարօրինակ կթվա, բայց ինձ համար այս ուղևորության ընթացքում ամենակարևորը «Անկիրա»-ի երրորդ հարկը դարձավ: Հենց այստե՛ղ, ձեր մեջ, թանկագի՛ն քույրեր, ես իմ կյանքի ամենաարժեքավոր դասերից մեկը քաղեցի…

Ալլան մայր Սողոմեին նայեց, և վերջինս քաջալերելով գլխով արեց:

- Դե ինչ, ավելի մանրամասն պատմեմ իմ մասին: Հնարավոր է, իմ պատմությունն իմանալով, ձեզնից որևէ մեկը կարող է խուսափել նման սխալներից: Այսպիսով, սկսեմ ամենասկզբից: Ես մեծացել եմ ուղղափառ ընտանիքում: Ես և երկու քույրերս խիստ դաստիարակություն ենք ստացել և մեծացել՝ հնազանդության մեջ: Արդեն տասնվեց տարեկանում ես սկսեցի ինձ նախապատրաստել երեցկնոջ  ծառայությանը: Ցանկանում էի քահանայի կին լինել և ամուսնուս հետ կիսել այդ բարդ ուղու բոլոր դժվարությունները: Երազանքներս իրականացան: Ամուսնացա և ամուսինս ծառայության նշանակվեց մայրաքաղաքի եկեղեցիներից մեկում: Սկզբնական շրջանում կանգնում էի մոմավաճառի կրպակում և ուրախանում, որ մարդկանց օգտակար լինելու հնարավորություն ունեմ: Սակայն, տարիներն անցնում էին և ըստ երևույթին ինչ-որ բան պատահեց: Տեր հայրը տեսավ, որ «այրվել եմ»:

Ցավոք սրտի, հասկանում եմ, թե նա ինչ նկատի ուներ: Ես իսկապես սկսել էի մարդկանց ըստ արտաքին տեսքի դատել՝ մտովի նրանց բաժանելով «ծխականների» և «եկվորների»: Դա շատ վտանգավոր է, հատկապես, որ ես առաջվա պես կանգնում էի եկեղեցու կրպակում և ուղղակի չէի կարող նման անփութություն թույլ տալ ինձ: Խստասրտությունս գիտակցելով՝ սկսեցի ապաշխարել, սակայն ոչինչ չէր փոխվում: Մի անգամ Տեր հայրն ինձ նկատողություն արեց՝ նկատելով մի աղջկա հանդեպ անտարբերությունս, որը ցանկանում էր թերթիկ տալ: Նա ասաց, որ պետք է ավելի բարեհամբույր լինեի նրա նկատմամբ, իսկ ես միայն խույս տվեցի խոսակցությունից:

Այդ աղջիկը ծանոթ էր ինձ: Նա երբեք մինչև վերջ չէր մնում Պատարագներին, երբեք նրան կիսաշրջազգեստով չէի տեսել, համայնքի անդամներից ոչ ոքի հետ ընկերություն չէր անում: Ես էլ, ահա՛, առանց պատշաճ ուշադրության վերաբերվեցի նրան: Ինձ համար նա «մերոնցից» չէր: Իմ այս դատողությունները լսելով՝ Տեր հայրը հասկացավ, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել: Նա ապաշխարանք նշանակեց ինձ: Քանի որ դեռ վաղուց էր որոշված այցելել մայր Սողոմեին, ով մեր ընտանիքի բարեկամն է, Տեր հայրը կարգադրեց հյուրանոցում որոշակի վարք դրսևորել, որպեսզի սեփական մաշկիս վրա զգամ, թե ինչ է նշանակում «օտար» լինել «յուրայինների» մեջ: Քույրիկնե՛ր, ես էլ ձեզ պես ապաշխարանք էի կատարում, միայն թե գիշերը. պահեստում վանական խոտաբույսերն էի տեսակավորում ու փաթեթավորում: Ուղղակի դուք չգիտեիք այդ մասին: Իսկ ես չէի կարող ձեզ բացատրել, թե ինչու ցերեկը չեմ կարող բոլորի հետ աշխատել, այդպիսին էր Տեր հոր կարգադրությունը: Ցուցադրաբար ոչինչ չպետք է անեի, այլ պետք է գաղտնի աղոթեի և աշխատեի:

Միայն թե իմանայիք, թե ամեն անգամ ձեր կողքով անցնելն ինչպիսի՜ փորձություն էր ինձ համար: Մեր հարկն ինձ համար իսկական տանջանք էր: Ես չէի կարող խոստովանել, որ «մերոնցից» եմ, որպեսզի ինձ էլ ձեր ընկերախումբ ընդունեիք: Չէի կարող ավելի մոտ ծանոթանալ ձեզ հետ, այլապես՝ դրան կհաջորդեին հարցերը, թե ինչու բոլորի հետ չեմ գնում հանձնարարություն կատարելու և ինչու չեմ մասնակցում ընդհանրական աղոթքին: Անկեղծ կասեմ ձեզ՝ շատ սարսափելի է հայտնվել նման իրավիճակում, երբ կոլեկտիվից դուրս ես, հատկապես՝ կանանց…

- Բայց չէ՞ որ մենք քեզ չէինք քննադատում, որ չէիր աղոթում և աշխատում մեզ հետ: Ոչ ոք նույնիսկ մի վատ խոսք չի ասել քո հասցեին,- կարմրատակեց Ալլայի հարևանուհին:

- Հարազատնե՛րս, խոսքերի կարիք չկա: Ուղղակի սարսափելի է, երբ քեզ «օտար» ես զգում… Տե՛ր Աստված, թույլ չտաս, որ երբևէ մարդկանց մասին ըստ նրանց հագուստի դատեմ: Գիտե՞ք, թե ինչի մասին էի մտածում այս ողջ ընթացքում: Միգուցե այն աղջիկն ուղղակի փող չունի այդ չարաբաստիկ կիսաշրջազգեստը գնելու համար: Ինչո՞ւ մինչև վերջ Պատարագներին չէր մնում: Միգուցե, առողջությունը թույլ չէր տալիս կամ ուղղակի չգիտեր, թե ինչպես է պետք իրեն եկեղեցում պահել: Պատճառներն այնքա՜ն շատ են, և դրանցից ոչ մեկը չպետք է ինձ վերաբերի: Դա ընդհանրապես իմ գործը չէ: Իմ գործը նրա մեջ իմ մերձավորին տեսնելն է… Չէ՞ որ Պետրոս առաքյալը զուր չէր խնդրում. «…եղե՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասէր, ազնվագութ, խոնարհ»:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

20.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․