25 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Ապաշխարության մասին

Մի մեղավոր մարդ, որ իր դստերն ապականել էր, եկավ եպիսկոպոսի մոտ` իր հանցանքները խոստովանելու: Նա  մեծապես ու զարմանալի  զղջումով եւ  հորդահոս արտասուքով խոստովանեց և հարցրեց.

- Սոսկ զղջումով ու չարչարանքներով կարո՞ղ եմ արդյոք Տիրոջից թողություն գտնել:

- Անկասկած այդպես է,- պատասխանեց եպիսկոպոսը,- կարող ես եթե կամենաս այդ հանցանքներիդ համար ապաշխարել:

Եվ նա ի խորոց սրտի աղաղակեց` ասելով.

- Կամենում եմ, եթե նույնիսկ հրամայես հազար անգամ մահ հանձն առնել:

Իսկ եպիսկոպոսը, գթալով  թշվառականին, ասաց.

- Քեզ ընդհամենը յոթ տարվա ապաշխարություն եմ տալիս:

Այն ժամ մեղավորն ասաց.

- Ինձ նման մեծագույն չարագործի համար ընդհամենը յոթ տարվա ապաշխարություն սահմանելն  ինչ է. եթե  մինչև աշխարհի վերջն էլ կենդանի մնամ, այդքան չարագործությունները քավել չեմ կարողանա:

Եպիսկոպոսը պատասխանեց.

- Գնա՛ և միայն հաց ու ջրով երեք օր պա՛հք պահիր:

Այդ ժամանակ մարդն  առավել ողբալով ու  կուրծք ծեծելով աղաչեց , որ փրկության ապաշխարությունն առաջնորդի իրեն: Եպիսկոպոսն էլ, խիստ զարմանալով և  ուրախանալով, նրան պատվիրեց, որ գնա և միայն «Հայր Մեր»-ն ասի՝   ստուգապես իմանալով, որ իր մեղքերը ներված են: Իսկ մարդն այդ, ուժգին աղաղակոցով  գետնին ընկնավ և հոգին ավանդեց: Անկասկած պարզ է, որ այսօրինակ ապաշխարությամբ նա ընդունելի եղավ Աստծուն և փոխադրվեց անանց կյանք:

***

Մի մարդ, որ վաշխ ու տոկոս էր վերցնում:  Քահանան մշտապես նրան խրատում  և ապաշխարության  էր հորդորում, իսկ նա էլ ասում էր.

- Լավ, լավ, կգա ժամանակ, կապաշխարեմ:

Նույնը նաև հիվանդության ժամանակ էր ասում: Իսկ քահանան տեսնելով դրա վտանգը՝ ջանադրաբար  ստիպում էր նրան, որ ապաշխարի: Եվ երբ արդեն մահամերձ էր, քահանան  դարձյալ փորձեց խոստովանության ու ապաշխարության բերելու: Իսկ նա աղաղակեց.

- Օ՛վ  ապաշխարություն, ո՞ւր ես: Ես այլևս ապաշխարել չեմ կարողանում: Եվ սա  Աստծո արդար դատաստանով էր, քանզի այն ժամանակ, երբ  կարող էի ապաշխարել,  չկամեցա:

Այսպես  ասելով էլ մեռավ:

 

Հայելի վարուց

26.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․