Գրքեր

Առաջավորաց պահքի պատճառները

Բազում են այս պահքի մասին վկայող խոսքերը, սակայն մենք սակավը միայն կթվենք: Երանելի Բարսեղն ասում է, որ պահքը դրախտից իսկ օրինադրվեց, ուստի և այն հասակակից է մարդկությանը: Պահքի պատվիրանն էր գիտության ծառից չուտելը, ինչը, սակայն, չպահվեց, այլ դյուրությամբ խախտվեց մարդու կողմից՝ պատճառ դառնալով նրա՝ անբան կենդանիների ու մեռյալների կարգին դասվելուն: Արդ, այդ պահքի օրինակով մեր հայրերի կողմից սահմանվեց այս պահքը, որպեսզի, քանի որ այն առաջինը չպահելով՝ վտարվեցինք ու կորցրինք դրախտն ու փառքը, այս մեկը պահելով՝ դարձյալ վերադարձնենք կորուսյալը: Եվ քանի որ Ադամը մեղանչեց իր հինգ զգայություններով, ուստի մենք էլ այս հինգ օրերի համար սահմանված պահքով սրբենք մեր զգայությունները: Այս է Առաջավորաց պահքի խորհուրդը:

Պատմվում է, որ երբ Ադամը վտարվեց դրախտից, իր՝ մահկանացու դառնալու գիտակցության պատճառով որևէ բան չէր կամենում ուտել: Եվ հինգ օր անց Տերը, գթալով Ադամին, Իր հրեշտակներից մեկին հրամայեց մխիթարել նրան ու խոստանալ Իր Միածնի առաքումը նրա փրկության համար: Այնուհետ էլ հրամայեց նրան ուտել վայրի պտուղներից: Աստծո այս խոստումն է, որ հիշեցնում է Դավիթը՝ ասելով. «Հիշի՛ր քո ծառային տրված խոսքը, որով հուսադրեցիր Ադամին»:

Նաև, հինգն են մարդու արարչությանը նախորդող օրերը: Այս պահքն էր, որ պահում էր Աբելը, որից հետո միայն զոհ էր մատուցում Աստծուն: Նույնպես և Սեթն էլ հինգ օր պահք պահեց, երբ մեռավ Ադամը: Ենովքը ևս ամսամուտին հինգ օր շարունակ պահք պահեց: Այս կերպ նաև Նոյը պահք պահեց և՛ նախքան տապան մտնելը, և՛ տապանից ելնելուց հետո: Աբրահամը ևս պահեց այս պահքը, երբ Իսահակը կենդանի մնաց: Եվ բոլոր անդրանիկները իրենց հայրերի վախճանվելուց հետո հինգ օր պահք էին պահում և այդպես այս կարգը հորից որդուն էր ավանդվում, ինչպես որ երանելի Բարսեղն է ասում, մինչև Մովսեսի ժամանակը, երբ վերջինս քառասնօրյա պահքը սահմանեց Օրենքի տախտակներն առնելուն նախորդող քառասուն օրերի պատճառով: Սակայն այս պահքի հինգ օրերը պահելուց հետո ողջ ժողովուրդը սկսեց տրտնջալ, ուստի Մովսեսը Բարեկենդան սահմանեց՝ պատվիրելով, սակայն, ամեն ամիս հնգական օր պահել այս պահքը ոսկե հորթի պատճառով իրենց վրա հարուցած մեղքի քավության համար: 

Ոմանք էլ այս ամենից զատ հիշատակում են նաև, որ Աբրահամը ևս հինգ օր պահք պահեց Սոդոմի հրկիզումից հետո: Նույնպես և Հակոբը, երբ իր որդիները կոտորեցին սիկիմացիներին ու նաև այնժամ, երբ նա երկնքում տեսավ սանդուղքը: Եվ դարձյալ հինգ օր պահք պահեց, երբ լսեց Հովսեփի մասին ասված բոթը: Պահք պահեց նաև Հովսեփը, երբ բանտ ընկավ: Նրանք բոլորը, որ օրինավոր էին Օրենքի լինելուց իսկ առաջ և Ավետարանի գրվելուց էլ առաջ ավետարանված էին Աստծո խոսքով, առանց կերակրի ու ըմպելիքի պահք պահեցին: Եվ այս պահքն առանց Պատարագի ու ընթերցումների է կատարվում, քանի որ նահապետները այդ կերպ պահեցին այս պահքն ու արդարացան:

Մեկ այլ պատճառ ևս ունենք. սուրբ Գրիգոր Լուսավորիչը վիրապից ելնելուց հետո վաթսուն օր շարունակ վարդապետեց ժողովրդին ու թագավորին և ապա հրամայեց սրբության նպատակով հինգ օր պահք պահել: Եվ այդ ժամանակ ևս եղանակը մերձամառային էր: Սուրբ Սեղբեստրոսն էլ Կոստանդիանոսին մկրտելուց առաջ նրա և ժողովրդի համար՝ մեկմեկու նկատմամբ ունեցած միաբանության նպատակադրումով, հնգօրյա պահք սահմանեց: Եվ թեպետ նրանք խախտեցին այդ պահքը, սակայն մենք Աստծո շնորհների զորությամբ հաստա՛տ մնանք մեր ուխտին և ոչ թե նրանց օրինակով անեծքի պանրուտեքը ժառանգենք:

Առաջավորաց պահքի մեկ այլ պատճառ էլ կա. նինվեացիները Հովնանի քարոզությամբ դեպի անդունդ հրավիրվեցին, սակայն փրկվեցին երեքօրյա պահքի շնորհիվ: Նույն կերպ նաև հավատացյալները, որոնք իրենց մեղքերի պատճառով մշտապես հայացք են գցում դժոխքին, այս պահեցողությամբ փրկվում են հոգով: Նրանց համար պահքի երեք օր սահմանվեց, քանի որ շաբաթվա մյուս երկու օրերը՝ չորեքշաբթին և ուրբաթը, բնականորեն իսկ պահքի համար էին նախատեսված:

Այսպիսով, ամբողջ տարվա ընթացքում հինգ զգայարաններով մեր գործած հանցանքները այս հնգօրյա պահքով և Աստծո ողորմությամբ ջնջվում են: Այս ամենին վկա են նաև հարավակողմյան ժողովուրդները, որոնք մեզնից ավելի շատ օրեր են պահք պահում և դեռ նինվեացիների նմանողությամբ անասուններին ևս ծոմապահության են ենթարկում՝ Աստծո գութը շարժելու նպատակով: Դարձյալ Մովսեսը ութ հնգօրյակ պահք պահեց, նույնպես նաև՝ Հեսուն, Եղիան: Ինքը՝ Տերը ևս, Մկրտությունից և Հարությունից հետո նույնպես պահեց այդ պահքը: Պատմվում է, որ իբր առաքյալները կամեցան պահքը յոթանասուն օր սահմանել՝ ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող Տիրոջ նախահայրերի թվի: Սակայն նորադարձները տրտնջացին օրերի բազմաքանակության պատճառով, ուստի առաքյալները բարեկենդանացրին երկու շաբաթը և հրամայեցին ամսվա սկզբում պահել այդ պահքը՝ Մեծ պահքի Առաջավոր անվանելով այն:

Ուրիշներն էլ ասում են, որ առաքյալները հիսուն օր կարգեցին պահքի համար: Սակայն երբ մի շաբաթը պահեցին, իմացան, որ երկու վնաս կարող է ի հայտ գալ օրերի այդ քանակությամբ պահեցողությունից. առաջինը՝ դա հակառակ կլիներ հրեաների պահեցողությանը, և երկրորդ՝ երկրագնդի հասարակածից ներքև հատվածում արդեն կհասներ Զատկի և Տիրոջ չարչարանքների ժամանակը: Եվ քանի որ օրինավոր էր յոթանասունհինգօրյա պահքը, որը պահելուց, սակայն, հավատացյալները խրտնում էին, ուստի երկու շաբաթ բարեկենդան սահմանվեց Առաջավոր պահքի ու Մեծ պահքի միջակայքում: Այս նույնն արեց նաև մեծն Կյուրեղը. երբ ոմանք, այդ թվում նաև՝ Ակակ Պարսիկը, մկրտության նպատակով նրա մոտ գնացին, հայրապետը նախ հնգօրյա պահքով փորձեց նրանց, և ապա հրամայեց երկու շաբաթ ուտել ոչ պահքային կերակուրներից: Այս ամենից հետո էլ նրանց համար 18 նախամկրտական ընթերցումների ուսուցումը սահմանեց:

Շատ ժամանակ անց Առաջավորաց պահքի վերջավորությանը՝ հունվարի 31-ին, սուրբ Սարգիսը իր Մարտիրոս անունով որդու հետ նահատակվեց պարսից Շապուհ արքայի կողմից: Նա, որ Հուլիանոսից փախել էր հայոց Տիրան արքայի մոտ, ապա այնտեղից՝ Շապուհի, ի վերջո վախճանվում է Քրիստոսի համար: Սակայն այս պահքը մենք նրա անունով չէ, որ կոչում ենք, այլ Առաջավոր ենք կոչում վերոնշյալ խորհուրդների պատճառով: Ինչպես որ Աղուհացի առաջին շաբաթ օրը տոնվող Թեոսդոսի տոնի պատճառով շատերը այդ շաբաթը նրա անունով են կոչում, նույն կերպ էլ նաև այս դեպքում է, մինչդեռ մենք Աստծո պահքն ենք պահում և սուրբ Սարգսի տոնը՝ տոնում:

Այսպիսով, պահքը, ինչպես թագավորական զինվոր, վերակացու է կանգնած տերունի օրերի վրա՝ հսկելու, որպեսզի մարդիկ դիմեն պահեցողությանը և Քրիստոս Աստծուն փառք վերընծայեն հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

«Տօնապատճառ ժողովածու», Բնագիր, Մաս Ա,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2017թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը 

 

01.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․