Գրքեր

«Առանց աղոթքի մեր հոգևոր կյանքը թոշնում, ծարավում ու մեռնում է»

Քրիստոնեական հնագույն ավանդույթներից է ուխտագնացությունը, որ հայ քրիստոնյայի կյանքի անբաժան ու կարևոր մասն է կազմել ու կազմում: Դեպի սրբավայր տանող ուխտի ճանապարհներն ուխտավորի համար աղոթքի, խոկման և Տիրոջը փառաբանելու ճանապարհներ են:

Հոկտեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդիկ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեցին Արագածոտնի և Շիրակի թեմերի սրբավայրեր: Մինչ մեկնելը ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում փառաբանեցին Տիրոջը Գիշերային կարգի աղոթքներով՝ հնչեցնելով այն սաղմոսը, որ Գիշերային ժամերգության կորիզն է համարվում. «Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո» (Սաղմ. 50:17):

Աղոթքի ուղին ուխտավորներին նախ առաջնորդեց Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի (7-րդ դ.), որտեղ ուխտավորները միասնական աղոթք հնչեցրին Հայ եկեղեցու, Հայաստան ու Արցախ աշխարհների և Հայոց բանակի համար: Ապա նրանք ուղևորվեցին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի՝ այցելելով քաղաքի Վարդանանց հրապարակը զարդարող Յոթ վերք և Ս. Ամենափրկիչ եկեղեցիներ: Ուխտավորները 19-րդ դարում կառուցված Յոթ Վերք եկեղեցում, որ հայտնի է նաև Ս. Աստվածածին անունով, Աստվածամոր բարեխոսությանը դիմեցին նրա «Յեօթն խոցից» սրբապատկերի առջև՝ ի պատիվ որի եկեղեցին վերանվանվել է Յոթ Վերք: Այնուհետև կրկին համախմբվեցին միասնական աղոթքով Ս. Ամենափրկիչ եկեղեցում (1873 թ.), որ կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ:

Մինչ հաջորդ սրբավայր մեկնելը ուխտավորները սիրո ճաշ ունեցան, որի ավարտին Տեր Գրիգորը զրուցեց Քրիստոսի լույսը հոգում ունենալու և նրանով ապրելու կարևորության մասին՝ որպես ոգեշնչման աղբյուր օրինակ բերելով սրբերին, որոնք որպես Աստծու նվիրյալ ջահակիրներ, իրենց կյանքը նվիրել են իրենց վստահված լույսի պահպանմանն ու տարածմանը. «Քրիստոսի լույսն իր ողջ շնորհով և իր ողջ ուժով սկսում է գործել այն մարդու հոգում, ով փնտրում է այդ լույսը, փափագում դրա ջերմությունը, ողջ էությամբ ձգվում դեպի այն, և ապաշխարությամբ մաքրում է իր սիրտը մեղքերից՝ տեղ պատրաստելով աստվածային անապական լույսի համար: Սա Աստծու հատուկ ողորմածությունն է մեզ՝ մեղավորներիս, որ ապրում ենք խավարով լի աշխարհում: Բարեխնամ Հայրը չի դադարում հոգալ Իր զավակների փրկության համար և այս սքանչելի հնարավորությունն է պարգևել մեզ՝ մեր կյանքի ուղին կերտելու աստվածային լույսի ներքո: Սա անասելի մեծ պատիվ, կոչում և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է մեզ համար, որը ստիպում է մեզ արթնանալ հոգևոր նիրհից և գործի անցնել, քանի որ Քրիստոսի փրկչական լույսը չենք ստացել, որ թաքցնենք, պահենք կամ էլ Աստված մի արասցե՝ կորցնենք: Այլ ստացել ենք այն մեծագույն ակնածանքով և հոգատարությամբ վառ պահելու և մեր նմաններին էլ լուսավորելու համար»:

Օրհնաբեր օրվա վերջին սրբավայրը, որ այցելեցին ուխտավորները, Մարմաշենի վանքն էր (10-րդ դ.), որ գտնվում է Վահրամաբերդ գյուղից երկու կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Իրենց միասնական աղոթքում ուխտավորները դիմեցին օրվա հիշատակելի՝ Ս. Հովհան Ոսկեբերանի բարեխոսությանը՝ Տիրոջ ողորմածությունը հայցելով: Ուխտավորների սրտաբուխ աղոթքը միախառնվեց այն աղոթքներին, որ հնչել են միջնադարյան վանքի սուրբ հարկից ներս բազում տարիներ:

«Առանց աղոթքի մեր հոգևոր կյանքը թոշնում, ծարավում ու մեռնում է: Հաճախեք եկեղեցի, ծունկի եկեք և ձեռքերը պարզած աղոթեք: Նաև տանը աղոթեք՝ առանձնության մեջ: Սակայն, երբ անհնար է այդպիսի աղոթքը, մի՛ թողեք այն, և ինչպես ասացի, ջերմեռանդ աղոթեք և օգուտ կստանանք: Եթե այսպես տրամադրվեք, թե՛ այս կյանքում խաղաղություն կունենաք, թե՛ Երկնքի Արքայության կարժանանաք»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:

 

Կարինե Սուգիկյան

 

30.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․