Գրքեր

Առաքինի մարդն ամուր է իր հավատքով և հարուստ՝ բարի գործերով

Օգոստոսի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-3 թաղ. 7-րդ հողակտորում վարձակալությամբ բնակվող Բաբայան ընտանիքին: Հինգ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը չորս տարի է, ինչ բնակվում է երկու սենյականոց վթարային տնակում, որի տանիքը կաթում է: «Տանիքը նորոգելու ամուսնուս բազմաթիվ փորձերը անարդյունք են անցել, քանի որ այն մի քանի կտորից է բաղկացած: Կաթոցների պատճառով տնակում խոնավ է, իսկ ձմռանն այնքան ցուրտ է լինում, որ փորձում ենք տնակը փայտի վառարանով ջեռուցել: Բնակարանի հարցով շատերին ենք դիմել, բայց ապարդյուն»,- ասաց ընտանիքի մայրը՝ Բաբայան Հասմիկը (28 տ.): Երեք անչափահաս տղաների մայրը, ոտքի անոթների թրոմբ ունենալով, աշխատում է, որպեսզի իր և ամուսնու նվազագույն աշխատավարձերով կարողանան հոգալ իրենց նվազագույն կարիքները: Տեր Գրիգորը Հասմիկին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցծրագրերի մշտական աջակից՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը:

Յուրաքանչյուր օրը մարդու համար փոքրիկ մի կյանք է, հնարավորություն՝ հավատքով և բարի գործով դեպի Կյանք ընթանալու: Մարդկության փրկության համար աշխարհ եկած Աստվածորդին վերականգնեց մարդու մտքի, զգացումների և գործի միջև եղած ներդաշնակությունը: Աստծո խոսքը հիշեցնում է, որ հավատով և բարի գործով է հնարավոր փրկվել (Հակոբ. 2:20): Առաքինի մարդն ամուր է իր հավատքով և հարուստ՝ բարի գործերով: Եկեղեցու հայրերից երանելի աբբա Դորոթեոսն ասում է. «Փրկության ձգտող յուրաքանչյուր անձ չարից հեռանալուց զատ, պարտավոր է բարին գործել, ինչպես ասված է սաղմոսում. «Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր» (Սաղմ. 33:15): Օրինակ՝ երբ մեկը բարկացկոտ է, ոչ միայն չպետք է բարկանա, այլ պետք է լինի հեզաբարո, հպարտացողը ոչ միայն չպետք է հպարտանա, այլ պետք է լինի խոնարհ: Այդպես և յուրաքանչյուր կիրք ունի իրեն հակադիր առաքինությունը. բարկություն-հեզություն, հպարտություն-խոնարհություն, ատելություն-սեր, ագահություն-ողորմածություն»:

 

Կարինե Սուգիկյան

22.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․