20 Նոյեմբեր, Դշ, Հիսնակաց պահքի Գ օր

Գրքեր

Արցախ աշխարհը՝ քաղաքակրթության և հոգևոր զարթոնքի բնօրրան

Դարերի հոլովույթում հայի աղոթասեր և որոնող միտքը երբեք չի դադարել ստեղծագործելուց և կառուցելուց: Նա, ով ուխտավորաբար եղել է Արցախ աշխարհում, հաղորդակից է եղել բնական և ձեռակերտ այն արարչագործություններին, հատկապես այն սուրբ վայրերին, որոնք մինչ օրս շարունակում են համարվել հոգևոր զարթոնքի բնօրրան: Հավատքի մեր վկայարաններն անասելի ձգողականություն ունեն, երբ մոտենում ես նրանց, կարծես լեզու են առնում և պատմում հայի անկոտրուն ոգու, նրա հերոսական անցյալի և հզոր հավատքի մասին: Դարեր ի վեր հնչող այս քաջալերիչ պատմությանն ունկնդիր եղան նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները, ովքեր հոկտեմբերի 19-21-ը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտավորաբար Արցախ աշխարհում էին: Ուխտագնացության ճանապարհին Տեր Հայրը հետևյալ հարցն ուղղեց ուխտավորներին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը մինչ Արցախ հասնելը խորհի, թե ինչու է ուխտի ճանապարհ անցնում և ինչու է եկեղեցի այցելում:

Առաջին սրբավայրը՝ գեղատեսիլ բնության բարձունքին թիկնած՝ Ծիծեռնավանքն էր, որի սուրբ կամարների խորհրդի ներքո՝ սաղմոսների ընթերցմամբ, բարձրաձայն հնչած շարականների մատուցմամբ, անուշաբույր խնկարկմամբ ուխտավորները կանգնեցին ընդհանրական աղոթքի: Ծիծեռնավանքի բազմադարյան պատմությունը ուխտավորներին հանգամանալից ներկայացրեց վանքում ծառայող դպիրներից մեկը: Ստեփանոս արք. Օրբելյանը Ծիծեռնավանքը դասել է 

XIII դ. Սյունյաց նշանավոր վանքերի թվին: Իսկ ըստ Վարդան Արևելցու «Աշխարհացույց»-ի՝ այս եկեղեցին սկզբում կոչվել է «Ծիծեռու», «Ծիծեռնայ» կամ «Ծիծռավանք»։ Պատմագետ և միաժամանակ վարդապետ Ղևոնդ Ալիշանը, հիմնվելով պատմական գրքերի վկայությունների վրա, այդ անվան ստուգաբանությունը կապում է նույնիսկ Պետրոս առաքյալի հետ։ Նա գտել է տվյալներ, համաձայն որոնց, այնտեղ է բերվել Պետրոս առաքյալի ճկույթի (գրաբարով` ծիծեռնի) մասունքից մի հատված և որոշ ժամանակ պահվել այդ վանքում։

Այնուհետև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներն ուղևորվեցին դեպի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, որ իր հյուրընկալ դռներն էր բացել նրանց, հոգևոր հայրերի և համայնքի ղեկավարության առջև: Այցն ամենևին էլ ինքնանպատակ չէր. Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն այստեղ առաքելությամբ էր եկել: Օրվա հրամայականն էր սահմանամերձ գյուղի հարյուր հիսունվեց աշակերտ ունեցող այս դպրոցին նվիրաբերել կրթօջախին անհրաժեշտ պատճենահանման սարք և եռոտանի էկրանով պրոյեկտոր, ինչը կարևոր նշանակություն կունենա ուսումնական պրոցեսներում որոշակի խնդիրների լուծման հարցում: Հյուրերը դպրոցի մշակութային դահլիճում ականատեսը եղան կրթօջախի սաների պատրաստած կերպարվեստի բազմաթիվ աշխատանքների, որոնք իրենց նրբաճաշակությամբ հիացրել էին ներկաներին: Պատանի դպրոցականները հաճելի անակնկալ էին պատրաստել հյուրերի համար: Իրենց հայրենասիրական գեղեցիկ կատարումներով՝ երգ ու պարով, որն իր մեջ ամփոփել էր նվիրական մի խորհուրդ, ոգեկոչման նորովի շունչ հաղորդեցին միջոցառման մասնակիցներին՝ օրը դարձնելով հիշարժան: Կարևորելով Հայոց և Արցախ աշխարհների միջև եղած հոգևոր երկխոսությունն ու միասնական կամքի դրսևորման անհրաժեշտությունը՝ Արցախի թեմի փոխառաջնորդ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ողջունեց ներկաներին, իր գոհությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին: Անդրադառնալով մերձավորին սիրելու աստվածահաճո գործունեությանը՝ Հայր Սուրբը նշեց, որ մարդասերի, բարեգործի և առհասարակ յուրաքանչյուր հայի համար սա հոգու պատվելի մի օրհնություն է, ուր մարդկային էության մեջ ծնվում է անսակարկ սպասավորությամբ հարազատ ժողովրդին նվիրաբերվելու և անմնացորդ ծառայելու հաստատակամություն: Ավելին, Հայր Սուրբն ընդգծեց, որ Իշխանաձորի այս գողտրիկ գյուղը ուժեղ է և միասնական՝ շնորհիվ իր ծխական համայնքի ակտիվ գործունեության:

«Դեպի Իշխանաձոր տանող ուխտագնացության երկար ճանապարհն անցնելով՝ եկանք ու տեսանք այս փոքրիկների աչքերում երազելու, ապրելու, շենացնելու անսահման ցանկություն, Արցախի հեռավոր սրտում ծվարած այս փոքր, բայց և հզոր համայնքում տեսանք նաև հայի անկոտրում ոգին, ուժը, որի շունչը զգացինք նաև այս երեխաների պարի ժամանակ, նրանց ոտքերի հաստատուն դոփյունի ներքո,  ինչը ստիպեց մեկ անգամ ևս արժևորել ազգին ու եկեղեցուն նվիրաբերվող ծառայության կարևորությունը»,- ասաց Տեր Գրիգորը և շնորհակալություն հայտնեց Հայր Սուրբին, դպրոցի տնօրինությանը և երեխաներին՝ հետաքրքիր միջոցառման համար: Ապա Տեր Հայրն իր խոսքն ուղղեց ուխտավորներին՝ հիշեցնելով նրանց ճանապարհին իրենց ուղղված հարցը, որ վերաբերում էր եկեղեցի հաճախելուն և ուխտագնացության նպատակին. «Ճշմարիտ պատասխանը միայն մեկը կարող է լինել, սիրելի՛ ուխտավորներ, քանի որ յուրաքանչյուր քրիստոնյայի, հետևաբար՝ նաև ուխտի ճանապարհ անցնող ամեն մի ուխտավորի ամենագլխավոր նպատակը ևս մեկ քայլով Աստծուն մոտենալն է, Նրա սիրուն մոտենալը, Աստծուն սիրելու միջոցով նաև իր մերձավորին սիրելը: Ճշմարտապես Աստծուն սիրողը, չի կարող իր մերձավորին չսիրել, քանի որ Տեր Հիսուս Քրիստոսի «Սիրի՛ր մերձավորիդ» պատվիրանը «Սիրի՛ր քո Տեր Աստծուն» առաջին և ամենագլխավոր պատվիրանից է բխում: Մեր այցով առավել ամրապնդեցինք այս փոքրիկներին և նրանց ոտքերի դոփյունը հայրենի հողի վրա, և դա աստվածապատգամ պատվիրանի կատարման լավագույն ուղին հանդիսացավ մեզ համար»:

Հաշվի չառնելով օրվա ծանրաբեռնվածությունը՝ ուխտավորները հաղթահարեցին դեպի Ամուտեղի Ս. Վարդան մատուռ տանող զառիվեր, անանցանելի, դժվարություններով և փորձություններով լի ճանապարհը: Ավանդազրույցի համաձայն՝ այստեղ է գտնվում Ս. Վարդան Մամիկոնյանի արյունով ցողված քարը։ Փոքրիկ մատուռում ուխտավորներն ասես անմիջականորեն զգացին աստվածային զորությունը: Նրանք, Հայր Սահակի և Տեր Գրիգորի առաջնորդությամբ, գոհաբանական աղոթք վերառաքեցին առ Տեր՝ հայցելով Ս. Վարդան Մամիկոնյանի բարեխոսությունը: Հայր Սուրբը, դիմելով ուխտավորներին, ասաց. «Յուրաքանչյուր հայորդու երակներով հոսում է մեր նախնյաց սրբազան հիշատակը, այդ գիտակցությունն է բոլորիս համախմբել այստեղ: Ահավասիկ եկել ենք մեր ուխտը նորոգելու և պատգամելու, որպեսզի մեզ շնորհված սրբություններին տեր կանգնելով՝ բարեկարգենք, բարեզարդենք և պայծառացնենք դրանք»:

Երեկոյան ուխտավորները մեկնեցին Գանձասարի վանք, ոմանք գիշերեցին վանքի խցերում, ոմանք էլ՝ վանքի ներսում: Սքանչելի խաղաղություն և հանգստություն էր տիրում վանքում. յուրաքանչյուր ուխտավոր յուրովի էր մասնակցում խոկման արարողությանը, սիրո և համերաշխության մթնոլորտում ձևավորվել էր միասնականության ոգին: «Մեծ զորություն ունի աղոթքը, մանավանդ՝ գիշերային աղոթքը: Պետք է միշտ հիշել Աստծուն, մանավանդ՝ գիշերը, երբ միտքը բաժանվում է զգայարաններից: Թեև ցերեկն էլ ենք հիշում, սակայն այլ հոգսեր, մեր մեջ մտնելով, ջնջում են Նրա հիշատակը, իսկ գիշերը դյուրին է Նրա մասին մտածելը»,- ասել է Ս. Բարսեղ Մաշկևորցին:

Վաղ առավոտյան ուխտավորները ճանապարհ դուրս եկան՝ շարունակելով աղոթքի և խոկման իրենց ուղին: Մեծ երկյուղով և խոնարհությամբ նրանք մուտք գործեցին բազմադարյան մշակույթն ու հոգևոր հարստությունն իր մեջ ամբարած Ամարասի վանք, որ հիմնել է մեր առաջին հայրապետը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը, իսկ վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը՝ Գրիգորիսը՝ Արցախի առաջին եպիսկոպոսը: Ս. Գրիգորիսի նահատակությունից հետո նրա աշակերտները, հավաքելով սրբի նշխարները, բերել և ամփոփել են այս վանքում: Նույն տեղում՝ Ամարասում, առաջին հայկական դպրոցն է հիմնել Ս. Մեսրոպ Մաշտոցը: Վանական համալիրն այնուհետև դառնում է միջնադարյան Հայաստանի խոշոր կրոնական և կրթական կենտրոն։ Ուխտավորներն իրենց հոգուց ներս զգացին սրբի նշխարներով զորացած հոգևոր տաճարի օրհնությունն ու վեհությունը: Սուրբ կամարներից ներս, Ս. Գրիգորիսի բարեխոսությունը հայցելով, նրանք խնդրեցին, որ «խաղաղության իշխանը»՝ Հիսուս Քրիստոս, խաղաղություն պարգևի Հայոց և Արցախ աշխարհներին:

Այնուհետև ուխտավորներն ուղևորվեցին դեպի Սպիտակ խաչվանք (14-րդ դ.), որ գտնվում է Հադրութից մի քանի հարյուր մետր դեպի հյուսիս-արևմուտք, Վանք գյուղի մոտ, բլրի վրա: Սպիտակ խաչ անվան ժողովրդական ստուգաբանությունը կապվում է ավանդության հետ, ըստ որի՝ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսի նահատակությունից հետո նրա գավազանը և բյուրեղյա լանջախաչը պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված են նրա նշխարները: Ամարասը կործանվելուց հետո հիշյալ սրբությունները պահվում էին Գտիչ վանքում, իսկ հետո՝ Սպիտակ խաչվանքում: Դեռ հեռվից նշմարվեց վանքը, որ սպասում էր իր ուխտավորներին: Մինչ ընդհանրական աղոթքը Տեր Գրիգորն ուխտավորների հետ ունեցած հոգևոր զրույցի ժամանակ խոսեց մեզանում, հատկապես ուխտավորի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող թեմայի՝ ներողամտության մասին, որի հիմքը սերն է մերձավորի հանդեպ:

Ս. Հոգու զորությամբ սրբագործված ուխտավորները վերադարձան Գանձասարի վանք՝ վայելելով ագապեն՝ սիրո ճաշը, որի ընթացքում նրանք հոգևոր զրույց ունեցան Հայր Սահակի և Տեր Գրիգորի հետ:

Ուխտագնացության երրորդ օրը, որ կիրակի էր՝ Տերունի օր, ուխտավորները սրբացրին սաղմոսերգությամբ և Ս. Պատարագի մասնակցությամբ: Ս. Պատարագը մատուցեց Տեր Գրիգորը, որը քարոզին խոսեց համբերության մասին՝ նշելով, որ բազմաթիվ խնդիրների պատճառը այս առաքինության բացակայությունն է: Ուխտավորները մասնակցեցին հոգու և սիրո Պատարագի: Ներկաների հոգու ջերմությանը ներդաշնակվել էր փառաբանման և երկրպագության միասնական աղոթքը՝ արտասուքով զղջալու, օրհնաբանության պատարագը դեպ երկինք միակամ առաքելու աղերսը:

Արցախ աշխարհի վերջին սրբավայրը, ուր ուխտավորները միասնական աղոթքի կանգնեցին Դադիվանքն էր, որ, ըստ ավանդության, հիմնադրվել է առաջին դարում՝ քրիստոնեական քարոզչության համար նահատակված Ս. Թադեոս առաքյալի աշակերտ՝ Ս. Դադիի գերեզմանի տեղում: Այս սրբավայրում ևս ուխտավորներն իրենց հոգուց բխած անկեղծ աղոթքը վերառաքեցին առ Տեր՝ հայցելով Ս. Դադիի բարեխոսությունը:

Եռօրյա աղոթքի ուղին հոգևոր մեծ խանդավառություն էր պատճառել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին: Այդ օրերի ընթացքում նրանք Արցախ աշխարհի սուրբ հողի վրա ճաշակեցին ընդհանրական և անհատական աղոթքների ուրախությունը, քաղցրությունն ու ջերմությունը, ինչը, Աբբա Դիադորոսի խոսքի համաձայն, ցույց է տալիս, որ Աստված մխիթարում և պարգևատրում է աղոթող անձանց իրենց ջանքերի համար:

 

Կարինե Սուգիկյան

 

22.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․