Գրքեր

Արիության և համբերության մասին

Հայր Մարկելիոսի մասին հայր Թեովնան մեզ պատմեց և ասաց. «Նա հանդարտությամբ բնակվում էր մի այրում, որը մոտ էր մի մեծ գյուղի` Լիբանանի լեռան կողմում, իսկ այրը լեռան կատարին էր, ուր բնակվում էր նա: Եվ այս հայր Մարկելեն անսահման հեզ և քաղց­րաբարո մարդ էր` բազում այլ առաքինություններով հանդերձ, և իր մեջ ուներ Աստծո կատարյալ երկյուղը և մարմնի սրբություն, որի համար էլ նրա նկատմամբ մեծ հավատ ունեին այդ գյուղի մարդիկ, այն աստիճան, որ շատերը ելնում էին նրա մոտ և ուսանում նրա­նից: Եվ այսքան դժվարին տեղում՝ այրի մեջ, ապրեց նա վեց տարի և բազում փորձությունների համբերեց, սրբությունների թշնամի դևե­րին դիմակայեց, ինչպես ինքն էր ասում, թե ջանում էին իրեն դուրս հանել այրից և խափանել իր բարի գործերը, սակայն նա դիմացավ ամեն ինչի: Իսկ դևը, նրա վրա փորձանք բերել կամենալով, իր չա­րությանը բնորոշ գործ հղացավ: Ինքը` դևը, ընդունեց ծեր Մարկելեի կերպարանքը և դեպի գյուղ գնալով` գյուղից դուրս թաքնվեց, և որտեղ կին էր տեսնում` գյուղից մենակ դուրս եկած, ծերի կերպա­րանքով գնում էր նրա մոտ, խոսում էր նրա հետ և ասում. «Կնոջը մերձենալը մեղք չէ, քանզի բնական է այդ»: Եվ պատրում էր նրան, կենակցում նրա հետ և գնում դեպի լեռը: Եվ կրոնավորի տեսքով դևն այդ անում էր բազում անգամ. որտեղ միայնակ կին էր տեսնում, մո­տենում էր նրան՝ Մարկելիոսի տեսքով, բռնանում էր և ննջում նրա հետ: Իսկ կանայք՝ ձանձրացած այս ամենից, պատմեցին իրենց տղա­մարդկանց: Այս խոսակցությունը տարածվեց ամբողջ գյուղում, մեծ բազմություն հավաքվեց կիրակի օրը եկեղեցում, և մեծ աղմուկ բարձ­րացավ: Քահանայապետը կանչեց իր մոտ այդ կանանց և ստուգելու համար հարցրեց. «Այդպե՞ս է եղել, ննջե՞լ է ձեզ հետ ծերը»: Եվ այդ կանայք՝ մոտ քսան հոգի, ասացին. «Արդարև, այդպես է եղել` ոչ մեկ անգամ կամ երկու, այլ բազում անգամ, որովհետև այս էլ երեք տա­րի է, որ մեզ բռնելով` բռնաբարում և նեղացնում է»: Երբ այս լսեց քահանայապետը, չիմացավ, որ դա դևի խարդախությունն է և ակ­նապատիր երևույթ է: Ուղարկեցին այդ կանանց երիտասարդ ամուսիններին և ասացին. «Գնացե՛ք և այնտեղից չարաչար հալածե՛ք այն չար ծերին»: Գյուղի տղամարդիկ, երբ հասան այնտեղ, սկսեցին բրերով սաստկապես ծեծել այն անպարտ ծերին, փետում էին մո­րուքը, գանահարում էին և ասում. «Մոլագա՛ր ու չա՛ր մարդ, մենք հավատացինք քեզ՝ իբրև Աստծո սրբի, իսկ դու քո անառակ գործով խայտառակեցիր մեր կանանց` նրանց պղծելով»: Եվ այնչափ վիրավո­րեցին նրան, որ ոտքից գլուխ ողջ տեղ չէր մնացել նրա վրա: Ոտքերից բռնած քարշ տվեցին լանջն ի վայր՝ մինչև լեռան ստորոտը, և նրան անշունչ գցեցին ճանապարհի վրա: Այդ ճանապարհով անցնում էին բյուրիտացի ուղևորներ, որոնք տեսան սուրբ ծեր Մարկելիոսին` ար­նաշաղախ ընկած ճանապարհի վրա, և հարցրին. «Ինչո՞ւ և ովքե՞ր են արել այսպես»: Իսկ ծերը ոչինչ չհայտնեց նրանց, այլ միայն խնդրում էր, որ իրեն տանեն այն այրը: Նրանք տարան նրան իր այրը և նրանից օրհնվելով` գնացին: Իսկ գյուղի մարդիկ, երբ լսեցին, թե նա կենդանի է, գնացին այնտեղ, հայհոյեցին, նախատեցին և անարգեցին նրան: Բայց սուրբ ծերն իր վրա եկածը ոչինչ էր համարում և գոհանում էր Աստծուց՝ դևերի կողմից իր վրա եկած փորձանքների համար: Սաս­տիկ ամոթի, պատկառանքի ու նախատինքի մեջ ապրեց սուրբ ծերն իր այրում շուրջ մեկ տարի և միշտ աղերսում էր Աստծուն, որ թողու­թյուն շնորհի նրանց: Դրանից հետո տեսիլքի մեջ հայտնություն եղավ քահանայապետին, թե այդ ամենը դիվային պատրանք էր և կանանց աչքին էր երևացել, իսկ ծերը սուրբ է և ոչնչից տեղյակ չէ: Այդ կանայք և նրանց ամուսիններն այդ գիշեր դիվահարվելով` սկսեցին փրփրել և լլկվելով՝ թավալ տալ, որից էլ համոզվեցին գյուղի բոլոր բնակիչները, թե այն երևույթը դիվական էր եղել, որ տեսել էին այդ կանայք: Կանայք իրենք էին պատմում` մտաբերելով, թե իբրև ուրվա­տեսիլ մեկն էր խառնակվում իրենց հետ, և սրաթռիչ անհետանում էր դեպի լեռնակողմը: Այնժամ մեծապես ցավելով և զղջալով՝ կոծում էին նրանք այն անպարտ սուրբ ծերին տանջելու և գանահարելու համար: Եվ ամենքը ողջ գյուղով՝ կանանց ու երեխաների հետ, վեր կենալով գնացին դեպի այրը` ծերից թողություն խնդրելու: Իսկ ծեր Մարկե­լիոսն իմանալով այդ՝ փախավ և չերևաց նրանց, և գնաց բնակվելու Նիտրա լեռանը, և այլևս նրանց չտեսավ և չխոսեց նրանց հետ: Իսկ գյուղի մարդիկ, երբ չգտան Աստծո մարդուն իր այրում, անմխիթար սգով վերադարձան այնտեղից իրենց գյուղը և միշտ սգում ու լաց էին լինում չար դևերից իրենց հետ պատահած փորձանքի համար և ամեն օր Տիրոջից թողություն էին խնդրում, որ մեղանչեցին սուրբ և անմեղ ծերունու հանդեպ` անողորմաբար գանահարելով նրան: Իսկ Մարկե­լիոս ծերն ասում էր ինձ. «Ասում եմ քեզ, հա՛յր Թեովնա, եթե կա­մենում ես անխռով մնալ և անսասան` բարու մեջ և խաղաղությամբ ավարտել քո կյանքը, քաղաքներին կամ գյուղերին, որտեղ կանայք և երիտասարդներ կան, երբեք մոտիկ մի՛ ապրիր, որովհետև գայթակ­ղեցուցիչ փորձությունները նրանցից են գալիս, իսկ ովքեր կամենում են ազատվել այս ամենից, թո՛ղ փախչեն այն տեղերից, որտեղ նրանք են»»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․