Գրքեր

Արիության և համբերության մասին

Մի ժամանակ հայր Մելիսին իր երկու աշակերտների հետ բնակ­վում էր Պարսից սահմանի մոտ: Պարսից թագավորի երկու որդիները մտան մայրիների անտառ՝ որս անելու ըստ սովորության: Որսի մեծ ցանց դրեցին տասներկու մղոն երկարությամբ և քառասուն մղոն խո­րությամբ, որպեսզի երբ որս գտնեն, քաշեն ցանցի մեջ և նիզակներով խոցելով՝ սպանեն: Ահա այս ցանցի մեջ հանկարծակի հայտնվեցին ծերն ու իր երկու աշակերտները: Եվ երբ տեսան նրանց` մերկ ու վայ­րենի, ծածկված իրենց մազերով, զարմացան և ապշահար նրանց նա­յեցին երկար ժամանակ, ապա հարցրին սուրբ ծերունուն. «Մա՞րդ ես արդյոք, թե որսի մի նոր տեսակ, ասա՛ մեզ»: Ասաց ծերը. «Մարդ եմ մեղապարտ և եկել եմ այստեղ՝ ողբալու իմ մեղքերը, և երկրպագում եմ կենդանի Աստծո Որդուն` Հիսուս Քրիստոսին»: Արքայի որդիներն ասացին ծերին. «Այլ աստված գոյություն չունի, բացի արեգակից և հրից, որ պաշտում ենք: Դու ևս շտապի՛ր նրանց երկրպագության գալու»: Երբ ծերը լսեց այս, ասաց նրանց. «Դրանք մեր Աստծո ստեղ­ծածներն են, և դևերը ձեզ մոլորության մեջ են գցում դրանց վերաբեր­յալ, սակայն աղաչում եմ ձեզ, թողե՛ք այդ մոլորությունը, ճանաչե՛ք ճշմարտությունը և խոստովանե՛ք Աստծուն, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը և բոլոր արարածներին»: Իսկ նրանք ասացին. «Այն խաչյա­լին և մեռյա՞լին ես ասում, թե ճշմարիտ Աստված է»: Ծերն ասաց. «Այո՛, նրան եմ ասում ճշմարիտ Աստված, որ խաչվեց և ջնջեց մեղքը, մեռավ և սպանեց մահը: Նրան եմ հավատում՝ որպես ճշմարիտ Աստ­ծո»: Իսկ նրանք խստագույնս տանջեցին նրան և սպառնացին այրել կրակի վրա: Եվ մեծամեծ տանջանքներից հետո սպանեցին նրա երկու երանելի աշակերտներին, իսկ ծերն Մելիսիին շատ այլ տանջանքների ենթարկեցին և հետո կանգնեցրին իբրև նշանառության թիրախ, և երկուսով կանգնելով դեմից և հետևից` նետահարեցին` մեկը սիրտը, մյուսը` թիկունքը: Եվ երանելի ծերն Մելիսին ասաց նրանց. «Քանի որ խորհեցիք Քրիստոս Աստծո անպարտ ծառայիս արյունը թափել, վաղը այս ժամին՝ միևնույն պահին, ձեր մայրը անորդի կմնա, ձեր սիրուց կցամաքի, և դուք ձեր նետերով կմեռնեք՝ միմյանց խոցելով, և մեր արյունը ձեզնից կպահանջվի»: Այս ասելով՝ ննջեց երանելի ծերը՝ սուրբ Մելիսին, նահատակվելով վկայական մահով՝ հանուն Տեր Քրիս­տոս Աստծո: Հաջորդ օրը այնտեղից որսի ելան թագավորի որդիները, և ահա մեծ անապատից գալիս էր խրտնած մի եղջերու, որի հետևից երիվարներով ընկան եղբայրները: Որսը հայտնվեց նրանց մեջտեղում, և երկուսն էլ միաժամանակ արձակեցին նետերը և միմյանց սրտերը մխրճելով` սպանեցին իրար: Եվ նրանց վրա կատարվեց սուրբ նա­հատակ Մելիսի մարգարեությունը, որ անիծեց նրանց՝ ըստ Տիրոջից ստացած հայտնության:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․