Գրքեր

Արիության և համբերության մասին

Մի ծերունի բնակվում էր Ալեքսանդրիա քաղաքից դուրս՝ մի խցում: Այդ ծերունին սաստիկ ստամբակ էր և կարճամիտ: Եվ մի երի­տասարդ, լսելով նրա մասին, պայման կապեց Աստծո հետ` խոստանա­լով. «Բոլոր չարիքների փոխարեն, որ գործել եմ, գնամ հանգրվանեմ ծերունու մոտ, ծառայեմ և հանգստացնեմ նրան»: Եվ գնալով՝ բնակվեց ծերունու մոտ, իսկ ծերունին հանապազօր անարգում էր նրան՝ որպես շան: Աստված տեսավ եղբոր համբերությունն ու խոնարհությունը, և Ծերի հետ բնակվելուց վեց տարի անց եղբայրը երազում տեսավ մի հսկայի, ով մեծ մագաղաթ ուներ, և ցույց տվեց նրան մագաղաթի կե­սը ջնջված, իսկ մյուս կեսին դեռ գիր կար, և ասաց նրան. «Ահա կեսը, որ պարտք էիր, ջնջեց Տերը: Ջա՛նք թափիր նաև մյուսների համար»: Մոտերքում բնակվող մեկ այլ հոգևոր ծեր էլ կար, որ ամեն օր լսում էր, թե ինչպես էր այդ ծերը լրբաբար նեղում, անարգում ու տրտմեց­նում եղբորը, և թե ինչպես էր վերջինս խոնարհվում, իսկ ծերը չէր հաշտվում նրա հետ: Եվ որքան հանդիպում էր երիտասարդին հոգևոր ծերը, որ դրացին էր, հարցնում էր նրան. «Ինչպե՞ս ես, որդյա՛կ, ինչ­ պե՞ս անցավ այսօր, մի բան շահեցի՞ք արդյոք, մի բան ջնջեցի՞ք այն մագաղաթից»: Եվ գիտենալով, որ հոգևոր ծեր է, եղբայրը ոչինչ չէր թաքցնում նրանից, այլ ասում էր. «Այո՛, հա՛յր, շահեցինք»: Իսկ եթե երբեմն թերի էր անցնում և չէր անարգում, չէր թքում երեսին կամ հալածում իր ծերը, երեկոյան եղբայրը լալով գնում էր հարևան ծե­րի մոտ և ասում. «Վա՜յ ինձ, աբբա՛, չար էր ինձ համար այս օրը, քանզի ոչինչ չշահեցի, այլ հանգստությամբ անցկացրի»: Վեց տարի անց ննջեց եղբայրը, և հոգևոր ծերը հավաստեց, թե. «Տեսա նրան, որ բազում մարտիրոսների հետ համարձակությամբ կանգնած էր և իր ծերի համար աղաչում էր Տիրոջն ու ասում. «Տե՛ր, ինչպես որ նրա միջոցով ինձ ողորմեցիր, ողորմի՛ր և նրան՝ հանուն քո գթության, որ ես եմ աղերսում նրա համար»: Եվ քառասուն օր անց Տերն Իր մոտ` հանգստյան վայր, առավ նաև ծերին: Ահա ինչպիսի՛ համարձակու­թյուն ունեն նրանք, ովքեր հանուն Քրիստոսի համբերում են նեղու­թյունների:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․