Գրքեր

Արտաքին տեսքի և շնության մասին

1. Մի՛ հագիր հագուստներ, որով կարող ես գովաբանվել ու մեծարվել, որոնք կարող են քեզ հպարտացնել ու փառավորել (Անտոն Անապատական):

2. Մարմնին տուր այն, ինչ պետք է, ոչ թե` ինչ որ ուզում է (Նեղոս Սինայեցի):

3. Այս կյանքում ով սիրում է զարդարել մարմինը և փոփոխել հագուստը, նա փառք է ակնկալում մարդկանցից: Իսկ ով անտարբեր է սրա հանդեպ և ուշադրություն է դարձնում միայն մարմնի անհրաժեշտ կարիքներին, նա փառք է ձեռք բերում երկնքում (Եփրեմ Ասորի):

4. Նայենք գերեզմանի մեջ և կտեսնենք մեր էության գաղտնիքները` իրար վրա շարված ոսկորների կույտ և մարմնից մերկացած գանգ: Նայելով նրանց` կտեսնենք ինքներս մեզ: Ու՞ր է ծաղկող գեղեցկությունը, ու՞ր է անուշ բուրմունքը: Այս բաների մասին մտածելով, հրաժարվենք մարմնավոր ցանկություններից, որպեսզի հարության ժամանակ ամոթահար չլինենք (Եփրեմ Ասորի):

5. Ով զարդարում է իր զգեստները և լեցնում իր որովայնը, նա շատ մեծ հարձակումների թիրախ կդառնա, իսկ սթափը սարսափելի է թշնամու համար (Եփրեմ Ասորի):

6. Հագնելով ու հանվելով` աչքերիդ ազատություն մի տուր (Աբբա Եսայի):

7. Երբ բաժանվես մարմնիցդ, այն ժամանակ կափսոսաս, որ այնքան հոգս ես արել այնպիսի բաների համար, որոնք քեզ ոչ մի օգուտ չեն տվել (Աբբա Եսայի):

8. Հագուստներով գեղեցկացողը կորցնում է նաև խոնարհ նայվածքի ամոթխածությունը  (Եվագր Պոնտացի):

9. Ով տրվում է հագուստի շքեղությանը և լեցնում է իր որովայնը, նա ձեռք կբերի աղտեղի մտածումներ և չի հանգչի սուրբերի օթևանում (Եվագր Պոնտացի):

10. Շքեղ հագուստը վիրավորում է Աստծուն, մարմնի զարդերը դիվային հայտնագործություններ են (Կիպրիանոս Կարթագենացի):

11. Երբ մարմնի գեղեցկությունը հրապուրում է սիրտդ, ապա մտածիր, թե ինչպիսի գարշահոտություն պիտի տարածի այն, և կհանդարտվես (Երանելի Հերոնիմուս):

12. Մարմնի համար հոգ տար, բայց ոչ այնքան, որ թվա, թե քո հոգին է (Աբբա Փաղաքիա):

13. Մի հպարտացիր մարմնիդ գեղեցկությամբ և ուժով, թեթև հիվանդությունը խորտակում է այդ բոլորը և թոշնեցնում (Թովմաս Գեմբացի):

14. Մարմինը  ցանկությունների ու կրքերի աղբյուր է, եթե ուզում եք խուսափել կրքերից, պետք է ձեր մարմինը սանձեք (Թովմաս Ակվինացի):

15. Զարդարիր ինքդ քեզ փառավոր և գունագեղ հանդերձներով, բայց մի օր սպիտակ կտավով փաթաթված` փոսի մեջ պիտի դրվես (Տեր Գաբրիել քահանա):

16. Հանդերձն այն է, ինչ ծածկում է մարմինը, պահում ցրտից, իսկ զանազան կերպերով զարդարվելը և չափից ավել ուտելն ու ըմպելը չարից է և հեթանոսներինը, ոչ թե մերը (Գրիգոր Տաթևացի):

17. Քո հագուստը թող չլինի պճնվելու, այլ միայն մարմնի պետքերի համար, ինչպես այն շորը, որ մեռելին են ծածկում: Իսկ եթե սիրես ավելորդն ու անպատշաճը, կզրկվես երկնային զարդից (Եզնիկ Կողբացի):

18. Պճնասեր կրոնավորը դևերի հյուրընկալ է (Եզնիկ Կողբացի):

19. Այրե՛ր և կանա՛յք, մենք ոչ փափուկ մարմինների կարիքն ունենք և ոչ էլ զարդարված հագուստների, այլ ներքին զարդերի և փափկության: Չի կարելի միաժամանակ և՛ հոգին և՛ մարմինը փափկացնել և զարդարել, ինչպես որ չի կարելի Աստծուն և ինչքերին ծառայել (Բարսեղ Մաշկևորցի):

20. Տգեղությունը վնաս չի, այլ գեղեցկությունից է, որ ծնվում է վիշտն ու վնասը (Բարսեղ Մաշկևորցի):

21. Այն կինը, որ թեկուզև զարդեր չի կրում, պճնասեր չէ, բայց ինքն իրեն չի զարդարում բարի գործերով, այդպիսինը պիտի պատժվի (Բարսեղ Մաշկևորցի):

22. Որքան այրեր և կանայք կան, որոնք գեղեցիկ հագնվելով իսկապես մերկ են մնում առաքինության զգեստներից: Սակայն հիմա որքան էլ ասենք, այդ մերկությունը հայտնի չի լինի, բայց երևան կգա այնտեղ, ուր առաքինություններից մերկ` չարության հագուստով, բոլորն էլ կերևան: Ուր աղքատները փառքով կզարդարվեն, իսկ զարդարվածներն ու փափկակենցաղները մերկ և խայտառակված գեհենը կնետվեն (Բարսեղ Մաշկևորցի):

23. Պատվիրում եմ նաև ձեզ` կանայք, որ պարկեշտ և բարեձև լինեք ամեն ինչում, ինչպես վայել է քրիստոնյաներին: Ոսկուց ու արծաթից ավելի ամոթխածությամբ և պատկառանքով ձեր անձերը զարդարեք: Եվ թող ոչ ոք օտար ներկերով իր երեսը չայլագունի (Ներսես Շնորհալի):

24. Խոնարհություն է անշուք հանդերձը, որ մարդ թանկարժեքն ու փառավորը չի հագնում, որովհետև մարդիկ փառքը հանդերձից են որսում. այս մասին գրված է. «Մի ցոփացեք մեղկ և ամբողջովին պճնված զգեստներով, որոնց գեղեցկությունն ապաշնորհ է» (Անանիա Նարեկացի):

25. Քանզի, ո՛վ թշվառական, եկար` հեծծելու և պաղատելու առ Աստված, արտասուքներ հեղելու և աղերսագին ողբալու, հայցելու, հառաչելու և թողություն խնդրելու. և արդ, ա՞յդ է քո խնդրվածքների կերպարանքը` ի ցույց նայողների պաճուճվելդ, օծանվելդ և լվացվելդ: Ա՞յդ է մեղքերիդ թողություն խնդրելու և հայցելու կերպարանքը` արատավորվելդ, շողոքորթելդ և պիղծ ցանկությամբ ակնարկելդ, ա՞յդ է Տիրոջը քո չարիքների վրա հեշտացնելու կերպարանքդ` կրքոտ ցանկությամբ բոզահոմանիների գեղեցկությունդ և հասակդ զննելը: Ինքդ քեզ սատանայացնում ես և աղաչում ես սատանայից ազատվել, կամովին դիվահարվում ես և խնդրում ես փրկվել դևերից: Ինչպե՞ս կարող ես Աստծո առջև հեծծել այդպիսի կերպարանքով, կամ ինչպե՞ս հառաչել այդպիսի խորհուրդներով: Նաև համարձակվեցիր նույնիսկ մտնել Աստծո առաջ` զազրելի մտքով և սատանայական կերպարանքով, Աստծո եկեղեցին պոռնկանոց դարձնել, և չես սոսկում ու դողում սուրբերի Սրբից և Աստծո ահեղ դեմքից: Չգիտե՞ս, որ Սրտագետը քննում է քո խորհուրդները և գիտի ամեն ինչ. չե՞ս լսել, որ Աստված դատելու է մտածմունքի համար և հաշիվ է պահանջելու աչքերի արատավոր նայվածքների համար:

Եվ արդ, սթափվի՛ր և դե՛ն գցիր քեզանից մտքի պաճուճանքների կեղծավոր խաբեությունը, ապա՛ մտիր Աստծո առաջ և լսիր (Հովհան Մանդակունի):

26. Մի՛ նայիր հաճոյաշահ երեսին, որ գրգռում է սատանայական ցանկություն, ավելի զգույշ եղիր նրա խայթող պոչից (Հովհան Ոսկեբերան):

27. Եթե մեջդ մեղավոր ցանկության կրակ կա, դիր այն դժոխքի մեջ եղող կրակի առջև, և քո միջինը կհանգի (Հովհան Ոսկեբերան):

28. Ինչքան էլ մեծ լինի ցանկության զորությունը, եթե քեզ ցանկապատես Աստծո վախով` նրա մոլեգնությանը կհաղթես (Հովհան Ոսկեբերան):

29. Ճնշիր քո մեջ տռփանքը, քանի դեռ նա քեզ չի տապալել, քանի որ այս կիրքը իրեն հնազանդվողներին իջեցնում է մինչև դժոխքի խորքերը (Եփրեմ Ասորի):

30. Ինչպես որ խոզի համար հաճելի է թավալվել ցեխի մեջ, այնպես էլ դևերն իրենց համար հաճույք են գտնում շնության և անմաքրության մեջ (Եփրեմ Ասորի):

31. Մաքրության մեջ բնակվում է մեծ լույս և ուրախություն, նաև խաղաղություն ու համբերություն, իսկ վավաշոտության մեջ տխրություն, վհատություն, անհագ քուն և թանձր խավար (Եփրեմ Ասորի):

32. Եթե աշխատանքի ժամանակ կանհանգստացնի քեզ շնության ոգին, մի՛ ծուլացիր ձեռքերդ պարզել աղոթքի համար, հավատքով արված աղոթքը կվանի նրան (Եփրեմ Ասորի):

33. Սարսափելի դավաճան է մեր թափառող հայացքը: Սրբերից մեկն ասել է. «Ցանկությունը նման է շանը, եթե շոյես նրան` չի հեռանա քեզանից, իսկ եթե քշես` կփախչի» (Եփրեմ Ասորի):

34. Գրգիռի բռնկման ժամանակ չդիպչես մարմնիդ, որպեսզի ավելի զորեղ կիրք չբորբոքես  (Եփրեմ Ասորի):

35. Փախչում ես մարմինը վնասող օձից, առավել փախիր այն կնոջից, որը հոգիդ է տակնուվրա անում (Եփրեմ Ասորի):

36. Եթե քեզ անհանգստացնում է շնության ոգին, սաստիր նրան` ասելով. «Տերը թող քեզ սաստի, գարշահոտությամբ լեցուն, աղտեղության դև» (Եփրեմ Ասորի):

37. Թույլ մի տուր աչքերիդ այս ու այն կողմ շրջել, և մի նայիր ուրիշի գեղեցկությանը, որպեսզի աչքերիդ օգնությամբ չտապալի քեզ քո հակառակորդը (Եփրեմ Ասորի):

38. Դիվային երաժշտությունները շարժման մեջ են գցում մեր կրքերը և  մեր անձը գցում են աղտեղի երազանքների մեջ: Իսկ սաղմոսները և հոգևոր երգերը միշտ միտքը սևեռում են առաքինի գործերի վրա, նաև սառեցնում են բարկության եռքը և հանգցնում են կիրքը (Եվագր Պոնտացի):

39. Կանացի հայացքը թունավոր նետ է, վիրավորում է հոգին և լցնում այն թույնով, և ինչքան  երկար է մնում այդ վերքը, այնքան ավելի է խորացնում վնասվածքը: Ով աշխատում է զերծ մնալ այս նետերից, նա չի մասնակցում մարդաշատ հավաքներին, ցրված չի թափառում տոնակատարությունների ժամանակ, քանի որ ավելի լավ է հանգիստ մնալ տանը և հարատևել աղոթքի մեջ, քան թե տեղիք տալ տոնակատարություններին` դառնալով թշնամու համար դյուրին որս (Նեղոս Սինայեցի):

40. Ավելի լավ է մոտենաս այրվող խարույկին, քան թե ջահել կնոջը, երբ դուք երկուսով եք, մանավանդ, եթե դուք երկուսով էլ դեռ ջահել եք: Ցավ զգալով կրակից` իսկույն ետ կթռչես, իսկ տրվելով կանացի զրույցին, իսկույն չես հեռանա (Նեղոս Սինայեցի):

41. Եթե խնայես հակառակորդին, ձեռք կբերես թշնամի: Եվ եթե խնայես այս կրքին, ապա նա կըմբոստանա քո դեմ (Նեղոս Սինայեցի):

42. ԻՆչպես որ ծղոտի վրա երկար ժամանակ մնացած կայծը բոց է առաջացնում, այդպես էլ երկարատև հիշողությունը կանանց մասին բորբոքում է վավաշոտություն (Նեղոս Սինայեցի):

43. Պատժիր մտածմունքը կերակրի սակավությամբ, որպեսզի ծանրանան ոչ թե շնության, այլ սովի վրա (Նեղոս Սինայեցի):

44. Ամենից վտանգավորն այն է, երբ սիրտը կեղտոտվում է վավաշոտության կրքով, քանի որ շատ ջանքեր են պետք այս ախտը արմատախիլ անելու համար (Նեղոս Սինայեցի):

45. Աղոթական հսկմանը խառնիր արցունքներ, որպեսզի օգնություն ստանաս պայքարում (Նեղոս Սինայեցի):

46. Երանելի է նա, ով ոտնահարում է հաճույքները: Այդպիսիններից սարսափում են դևերը (Նեղոս Սինայեցի):

47. Զուգված կնոջ տեսքը խորտակում է մրրկածուփ ծովից ավելի արագ: Մրրկածուփ ծովից դեռ կարելի է մի կերպ լողալով ափ հասնել: Սակայն կանացի տեսքը հմայում է և ստիպում անփույթ լինել (Նեղոս Սինայեցի):

48. Հարց. - Հայր, եթե երազախաբության մեջ ընկնեմ, օգտակա՞ր է արդյոք եղբայրներից որևէ մեկին խոստովանել այդ մասին, և նրա առաջ երկրպագելով, աղոթք խնդրել:

Պատ. - Երազախաբության մասին ճիշտ է պատմել  նրան, ով կարող է  առանց գայթակղվելու լսել այդ մասին, և  երկրպագելով, հարկ է աղոթք խնդրել: Քանզի Ս. Գիրքն ասում է. «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք և միմյանց համար աղոթք արեք,  որպեսզի  բժշկվեք» (Հակ. 5:16):  (Բարսիլիսկոս Մեծ):

49. Հարց. -Երբ պատահի, որ երազային փորձության պատճառով ընկնեմ պղծության մեջ, իսկ առավոտյան պիտի մոտենայի Սուրբ Հաղորդությանը, ապա ինչպե՞ս պետք է վարվեմ այդ դեպքում:

Պատ. -Մոտենանք որպես խոցվածներ, այլ ոչ թե քամահրանքով: Որպես թե բժշկի կարիք ունեցողներ, և Նա, որ բժշկեց արնահոսությամբ տառապողին, կբժշկի նաև մեզ: Շատ սիրենք, որպեսզի մեզ էլ շատ ներվի: Իսկ երբ մոտենաս Հաղորդությանը, ասա. «Թող այս Սրբությունը, ով Տեր, չդառնա ինձ դատ կամ դատապարտություն, այլ հոգուս ու մարմնիս սրբացում»: Եվ այն ժամ մոտեցիր երկյուղով, և մեր Տերը Իր մարդասիրությամբ ողորմությունը կծագեցնի մեր վրա: Ամեն (Բարսելիսկոս Մեծ):

50. Գիշերային պատերազմը երկակի է, մեկը առաջանում է վավաշոտությունից, իսկ մյուսը` դիվային փորձությունից: Երբ այսպիսի պատերազմից ընկնում ես նման փորձության մեջ, արա յոթ անգամ յոթակի երկրպագություն մինչև գետին, այսինքն` քառասունինը անգամ, ամեն անգամ ասելով. «Տեր, Քո Սուրբ անվան համար, ներիր ինձ»: Իսկ եթե փորձությունը քեզ կպատահի հիվանդության ժամանակ կամ կիրակի օրը, երբ պետք չէ մինչև գետին երկրպագություն անել, ապա քառասունինը երկրպագությունների փոխարեն յոթանասուն անգամ ասա միայն այդ աղոթքը: Փորձությունների տարբերությունը կայանում է հետևյալում. դիվայինը լինում է գոռոզամտությունից, իսկ վավաշոտությունից եղած փորձությունը` որկրամոլությունից (Բարսիլիսկոս Մեծ):

51. Երբ սատանան ուզում է միացնել երկու անձանց` անպատկառ սիրո միությամբ, այն  ժամ փորձում է այս և այն կողմերը և նոր սկսում է վառել կրքի հուրը (Հովհաննես Սանդուղք):

52. Ամբողջ զորությամբ փախչենք, որպեսզի չտեսնենք և չլսենք այն պտղի մասին, որի համար մենք խոսք ենք տվել երբեք չճաշակել: Զարմանում եմ, որ մենք մեզ համարում ենք Դավիթ մարգարեից ավելի զորեղ, չէ՞ որ դա անհնարին է (Հովհաննես Սանդուղք):

53. Ով ուզում է շատակերությամբ և հագենալով հաղթել շնության դևին, նա նման է յուղով կրակ հանգցնողին (Հովհաննես Սանդուղք):

54. Ամենօրհնյալ Տերը մեծ հոգածություն է հանդես բերում կանացի սեռի անպատկառությունը ամոթխածությամբ կասեցնելով, ասես մի աներևույթ սանձով: Քանի որ, եթե կանայք իրենք իրենց ոտքով վազեին տղամարդկանց մոտ, ապա ոչ մի մարմին չէր փրկվի (Հովհաննես Սանդուղք):

55. Բոլորը, հատկապես ընկածները, պետք է զգուշանան, որպեսզի իրենց սրտերի մեջ տեղ չտան անաստված Որոգինեսի թունոտ ուսմունքին, քանի որ նրա պիղծ ուսմունքը Աստվածային մարդասիրության մասին, շատ հաճելի է վավաշոտ մարդկանց (Հովհաննես Սանդուղք):

56. Ճշմարտապես երանելի է նա, ով ձեռք է բերել կատարյալ անզգայության վիճակ ամեն մարմնականի, արտաքինի և գեղեցկության հանդեպ (Հովհաննես Սանդուղք):

57. Մի մտածիր մերժումներով և ապացույցներով տապալել շնության դևին, քանի որ նա ունի բազում համոզիչ արդարացումներ, ինչպես մեր բնությունը, որի միջոցով և պատերազմում է մեր դեմ (Հովհաննես Սանդուղք):

58. Ոմանք հաստատում են, որ շնության դեմ եղող այս պատերազմի ժամանակ քնի մեջ սերմնածորումը լինում է միայն կերակրից: Բայց ես տեսել եմ, որ մեկը լինելով ծանր հիվանդության մեջ, իսկ մյուսները` խիստ պահքի մեջ, հաճախ պղծվել են սերմնածորումով: Մի անգամ ես հարցրեցի այս մասին մի հմուտ և խոհական ճգնավորի, և այս երանելին տվեց ինձ շատ պարզ և հասկանալի պատասխան. «Լինում է, -ասաց նա, -սերմնածորում քնի մեջ` կերակրի գերհագեցումից և ավելորդ հանգստից, երբեմն հպարտությունից, երբ մենք երկար ժամանակ զերծ ենք լինում սերմնածորումից, սրանով մեծամտանում ենք, երբեմն այն բանից է լինում, երբ դատում ենք մերձավորին: Վերջին երկու պատճառից սերմնածորում կարող է լինել նաև հիվանդների մոտ, նաև կարող է լինել բոլոր երեքից էլ»: Եթե մեկը զգում է, որ մաքուր է այս բոլոր պատճառներից, այդ դեպքում այդ երանելին այսպիսի անկրքության պատճառով հարձակում է կրում դևերի նախանձության պատճառով, երբ Աստված թույլ է տալիս այն բանի համար, որպեսզի սա ձեռք բերի մեծագույն խոնարհություն (Հովհաննես Սանդուղք):

59. Կերակրի հագեցման ժամանակ որկրամոլության այս անմաքուր ոգին հեռանում է` և մեզ վրա  ուղարկելով շնության ոգուն, և նրան է հաղորդում, թե ինչ վիճակում ենք մենք գտնվում այդ պահին և ասում է. «Գնա, խռովեցրու սրան, նրա որկորը հագեցած է, և քեզ արդեն քիչ բան է մնում»:

Եվ այս եկողը ժպտում է և քնով կապկպելով մեր ձեռքերը և ոտքերը, մեզ հետ անում է այն, ինչ ուզում է, պղծելով մեր անձը գարշելի երազներով, իսկ մարմինը` սերմնածորումով (երազախաբությամբ) (Հովհաննես Սանդուղք):

60. Երբեմն չափավոր հոգևոր երգեցողությունը հաջողությամբ հանգստացնում է դյուրագրգռությունը, իսկ երբեմն էլ, չափից շատ և անժամանակ երգեցողությունը առաջ է բերում վավաշոտություն: Եվ այսպես, օգտվենք երգեցողությունից իմաստությամբ և ճիշտ ժամանակ ընտրելով (Հովհ. Սանդուղք):

61. Շատերը, որոնք փորձվում են վավաշոտությամբ, մարմնով չմերձենալով, մտքով են շնանում: Պահում են մարմնի մաքրությունը, սակայն ապականում են հոգին: Սիրելիներս, պետք է հրաժարվել վավաշոտ մտքերով և երազանքներով տարվելուց, նրանցից հաճույք ստանալուց, առհասարակ, նրանց վրա ուշադրություն դարձնելուց, ըստ Սուրբ Գրքի. «Ամենայն զգուշությամբ պահիր և պահպանիր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքի աղբյուրը» (Առակաց 4:23) (Աբբա Հերոնտիոս):

62. Մի՛ շնացիր: Այս պատվիրանի դեմ գործած մեղքերը շատ ահավոր են:

Այսպիսի մեղավոր հիվանդությունը մարդուն ախտահարում է դեռ վաղ մանկությունից և չի թողնում մինչև իսկ մահվան օրը: Ինչու՞ է սատանան այսպիսի մեղքով պատերազմ մղում մարդու դեմ: Որովհետև նա մեր փրկության թշնամին, մեզանից լավ գիտի, որ սուտ չեն առաքյալի խոսքերը, թե. «Ոչ պոռնիկները,  ոչ շնացողները, ոչ իգացյալները, ոչ արվամոլները Աստծո Թագավորությունը չեն ժառանգելու» (Ա Կոր. 6:9, 10) («Խոստովանության կերպ» գրքից):

63. Ինչ մեծ վիրավորանք ենք հասցնում Տիրոջը, եթե մեր մարմինը, որ գնված է սրբության համար, ապականում ենք շնության պիղծ կրքին տեղիք տալով: «Դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին ապրում է ձեր մեջ,-ասում է Պողոս առաքյալը,- եթե մեկն Աստծո Տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականության մատնի» («Խոստովանության կերպ» գրքից):

64. Եթե մեկն ապրում է ամուսնական միությամբ, որ սրբագործված չէ Եկեղեցու Խորհրդով, ապաշխարե՛ք դառն արտասուքներով, քանի որ դուք ձեր կյանքը անցկացնում եք շնության մեջ: Խնդրեցե՛ք Տիրոջը, որպեսզի սրբագործի ձեր ամուսնական կապը Եկեղեցու խորհրդով, ինչ տարիքում էլ որ դուք լինեք («Խոստովանության կերպ» գրքից):

65. Դուք, որ ամուսնական կապի մեջ եք, արդյոք չե՞ք դավաճանել ձեր սրտի մեջ` անմաքուր հայացք նետելով հակառակ սեռի ներկայացուցիչներին, էլ չենք խոսում հայտնապես շնության մասին: Ամուսնության մեջ քրիստոնյան պետք է պահպանի ժուժկալություն և խոհեմություն: Արդյո՞ք ժուժկալում եք կիրակի և տոն օրերին: («Խոստովանության կերպ» գրքից):

66. Տեր, մենք մեղք ենք գործում Քո «Մի՛ շնացեք» պատվիրանի դեմ: Չափից դուրս ազատ վարվելով հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, աչքներս կրքոտությամբ հառելով գեղեցիկ արտաքինին, սիրային երաժշտությամբ, անամոթ շարժուձևով, սեթևեթանքով, չափից դուրս կապվածությամբ, չարաշահելով ուտելիքը և խմելիքը, կարդալով գրքեր և նայելով նկարներ, որոնք բորբոքում են մեր մեջ մեղավոր մտածումներ: Դիտում ենք գայթակղող ֆիլմեր և պիեսներ, նախօրոք իմանալով, որ նրանցում լինելու են շնության մեղքի թույնով հագեցած տեսարաններ, զգեստների ավելորդություններով ուրիշներին դուր գալու և գայթակղեցնելու համար: Մեր վրա եղող Աստծո պատկերի ոչ բնական աղավաղմամբ, այսինքն` օգտագործելով ամեն տեսակի դիմաներկեր («Խոստովանության կերպ» գրքից):

67. Մեղքերն ի սրտե խոստովանելը քանդում է թշնամու բոլոր մտադրությունները, որոնց մեջ ընկղմված է խեղճ մեղավորը: Եվ եթե մեկն ունի դեռ յոթերորդ պատվիրանի դեմ գործած չխոստովանած մեղքեր, թող լցվի տղամարդկությամբ և պատմի այն հոգևորականի, Խաչի և Ավետարանի առջև: Շտապե՛ք, որովհետև Տերն ասաց. «Ինչ բանում որ գտա, նրանում էլ պիտի դատեմ» («Խոստովանության կերպ» գրքից):

68. Երբ ցանկության կիրքը սկսում է բորբոքվել քո մեջ, ապա անմիջապես աղոթքով նրա առաջը առ, կամ մի որևէ այլ գործով զբաղվիր: Ինչպես որ կայծը կարելի է հեշտությամբ և արագ հանգցնել, իսկ եթե հապաղես, ապա ցանկության կիրքը կայծից կվերածվի բորբոքված կրակի, և նրա առաջն էլ առնել չես կարող, «Ահա մի փոքր կրակը որքան բան բոցի կտա»: (Հակ. 3:5) (Հոգեշահ գրքերից):

69. Այնտեղ` հրավառ ձյութի և գարշահոտ ծծմբի մեջ պիտի թաղվեն հայհոյողները և վավաշոտները (Թովմաս Գեմբացի):

70. Ցանկության կրակները կամքիդ համեմատ վառիր ու բորբոքիր, բայց մահվան ձեռքը երբ վրադ դրվի, պիտի մարեն նրանք և դժոխքի հավիտենական կրակները նրանց պիտի հաջորդեն (Տեր Գաբրիել քահանա):

71. Մեր ապականյալ բնության մեջ չկա ուրիշ այլ կիրք, որ այնքան բռնությամբ տիրած լինի մեր սրտին, որքան ցանկության կիրքը, որին անկարգ բաղձանքներից առաջ է գալիս ուրիշների պատիվը բռնաբարելու և արատավորելու մեղքը` այսինքն շնությունը (Տեր Գաբրիել քահանա):

72. Աստված որ իր բնության մեջ սուրբ է ու անարատ, ատում է և զզվում այս գարշելի մեղքից, որովհետև մյուս մոլությունները մարմնից դուրս են, միայն շնությունն է, որ մարմնի մեջ է կատարվում (Տեր Գաբրիել քահանա):

73. Ահա ցանկության անվայել փափագներդ հագեցնելու համար առանձնություն ես փնտրում, որպեսզի ծածկվես մարդկանց տեսադաշտից, սակայն Աստծո աչքերը քեզ առանձնության մեջ էլ են տեսնում, որտեղ էլ որ լինես` Նա ներկա է: Ինչո՞ւ ուրեմն չես երկյուղում Աստծո ներկայությունից:

Հիշիր՛ ու ասա ինքդ քեզ. ես մարդկանց աչքերից ծածկվելու համար առանձին տեղ քաշվեցի, բայց Աստծո ամենատես աչքերը ինձ տեսան, ուրեմն պետք է մեզ Աստծուց վախենալ ու երկյուղել: Այս մտածումները կրակի վրա թափված ջրի պես պիտի մարեն ներսումդ բորբոքված մեղքի կրակները, բայց այս բոլորից առավել չար կրքերիդ հաղթելու համար պետք է նաև խնդրես Աստծո շնորհքի օգնականությունը, ապա թե ոչ` ամեն դարման անօգուտ կլինի. «Եթե Տերը ինձ ժուժկալություն չտա, հասկացա, որ ուրիշ ճամփով չեմ կարող ժուժկալ լինել», ասաց Սողոմոն Իմաստունը (Տեր Գաբրիել քահանա):

74. Ուրեմն այս յոթներորդ պատվիրանի դեմ չմեղանչելու և սպառնացող պատիժներից զերծ մնալու համար ոչ միայն շնության ու ցանկասիրության մեղքերից պետք է պահել մեր անձերը, այլ նաև զգուշանալ բոլոր չար խորհուրդներից, աչքի հրացայտ նայվածքներից, պղծալից պատմություններ ունկնդրելուց, գայթակղեցուցիչ վեպերից, ցանկահարույց պատկերներ դիտելուց: Երբ փորձության մեջ ես` հիշիր մահդ, այսինքն` երևակայիր, որ մեռար, անշունչ ու անզգա դարձար, սիրտդ դադարեց բաբախելուց ու հոգիդ բարձրանում է Աստծո ատյանի առջև և դատում ու դատապարտում է քեզ հավիտենական կրակի, այդ ժամ ինքդ քո մեջ մտածիր, թե ինչպես ցանկության կրակները շուտով անցան ու մարեցին, բայց այս կրակները հավիտյան մարել չունեն և սիրտդ կրծող որդերը հավիտյան չեն մեռնելու (Տեր Գաբրիել քահանա):

75. Մոլագար սիրով բորբոքվածները լինում են կույր և խուլ, որովհետև ոչ զգում են, ոչ տեսնում ուրիշներին, այլ միայն նրան, ում սաստիկ սիրահարված են: Հրաժարվում են ամեն բարիքից, որպեսզի միայն չհրաժարվեն նրանից, ոտնակապ գերի են, բայց իրենց համարում են ազատ, առավել հոժար են մեռնել, քան ազատվել այդ մոլագարությունից (Պողոս Պատրիարք):

76. Նավաբեկությունը և մահը սակավ աղետալի են, քան մարմնական հեշտասիրությունը: Պետք է ավելի վախենալ վավաշոտությունից, քան ծովի կարծր ժայռերից: Երիտասարդները թող զգույշ լինեն հեշտանքի քաղցրությունից, ինչպես գեղեցիկ ծաղիկների ներքո սողացող օձերից, որոնց մահաբեր խայթոցները չեն բժշկվում: Նմանօրինակ սերը գարշամոլություն է, նենգավոր և դավաճան, որը իր դառնությունը ծածկում է քաղցրության քողի տակ (Պողոս Պատրիարք):

77. Այսպիսիներից (սոդոմական մեղք գործողներից), իբրև մարդացած դևերից, պետք է խույս տալ և փախչել:  Այսպիսինների հետ խոսքով անգամ պետք չէ հաղորդակցվել, եթե նույնիսկ բարեկամական կապ լինի: Թերևս այնպիսի ժանտագործների համար գրեց աստվածային Հովհաննեսը. «Նրանց տուն չընդունել և նրանց ողջույն չտալ». ապա ավելի խիստ է խոսում և ասում. «Ով որ նրան ողջույն տա, հաղորդ կլինի նրա չար գործերին» (Բ. Հովհ. 10:11) (Սարգիս Շնորհալի):

78. Աստվածային օրենքը սովորեցնում է հետևյալը.  Պետք չէ մերձենալ կնոջը, երբ նա դաշտանի մեջ է. այսինքն` երբ կինը կանանց ամսարյունի մեջ է, ամուսինը չպետք մերձենա նրան:

Ի՞նչն  է պատճառը:

Ինչպես որ մշակը ճահճուտ վայրերում  չի ցանում սերմը, որպեսզի ողողմամբ չփչանա, նույպես երբ կինը նկատի ունենանք որպես դաշտ և այրը` մշակ, եթե այդ ժամանակ հարաբերության մեջ մտնի, անպտուղ կմնա. բեղմնավորվելու պարագային էլ զանազան հիվանդությունների դուռ է բացվում մանուկի համար, այսպես` բորոտություն, քոսոտություն, դիվահարություն և այլ գարշելի ու անբժշկելի ցավեր: Հետևաբար, նա որ այս շրջանի մեջ մոլեգնաբար հարաբերվի, այս չարիքներին պարտական կլինի, մանուկներին սպանող է նա և արժանի մահվան: Եթե կինը ծածկի ամուսնուց իրողությունը, ինքը պարտական կլինի (Հովհաննես Երզնկացի):

79. Նույնպես, քրիստոնյաները պետք է գիտենան, որ երբ այր ու կին Աստծո հրամանով ու օրենքով և Սուրբ պսակով միացած են իրար, հրաման չունեն բաժանվելու, ինչպես Քրիստոս ևս հրամայեց. «Այն, որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատ. 19:5): Առաջնորդները թող սովորություն չանեն և չթույլատրեն բաժանումը և Աստծո հրամաններին դեմ դուրս չգան (Հովհաննես Երզնկացի):

80. Շնացողները թող զրկվեն հաղորդությունից և հանդերձյալ կյանքի մեջ Արքայությունից, ինչպես Պողոսն էլ գրում է. «Շնացողները Աստծո Արքայությունը չեն ժառանգի» (Ա. Կորնթ. 6:9) (Հովհաննես Երզնկացի):

81. Երբ մարդ գեղեցիկ դեմք է տեսնում և կամ պոռնկական երգեր լսում, այնժամ ցանկությունը բորբոքվում է և ստիպում մեղանչել: Ուստի, դու արգելիր տեսանելիքդ ու լսելիքդ, որպեսզի խորհուրդների պատերազմ չբարձրանա քո դեմ: Արդ, ինչպես որ արծիվը թռչում է և թակարդի մեջ կերակուր տեսնում, զորությամբ իջնում է կերակուրը ճանկելու, և մագիլի ծայրը մնում է թակարդում, և այդ փոքրիկ մասի պատճառով նրա ողջ զորությունը թուլանում է, այնպես էլ պատահում է մարդու հետ, որ բռնվում է մի չնչին նայվածքով (Անանիա Նարեկացի):

82. Ցանկությունը կանցնի, բայց նրա որդը չի մեռնի (Մաշտոց):

83. Չորս պատճառով է լինում պոռնկությունը. անժուժկալ ուտելուց և խմելուց, քնի հագեցումից, պարապ թրև գալուց և դատարկաբանելուց, երգելուց և ծիծաղից, նաև` զարդարուն հանդերձներից (Հովհան Մանդակունի):

84. Աղոթքի տեղում պետք չէ ոչ միմյանց նայել և ոչ կնոջ, որպեսզի աղոթքի փրկությանը հակառակ  արատ չներմուծվի մեր մեջ (Գրիգոր Տաթևացի):

85. Որովայնից պտղի վիժեցման նպատակով դեղ ընդունելը, հավասարազոր է մարդասպանության, ինչպես որ թունավորելով մարդասպանություն գործելը (Բարսեղ Մեծ):

86. Ինչի համար ցանել այնտեղ, որտեղ ինքը` հողը այնպիսին է, որ զորեղ է միայն պտուղը կործանելու համար, որտեղ բազում պատճառներ կան` ծննդաբերության դեմ: Որտեղ մինչ ծնվելը սպանություն է գործվում, դու ոչ միայն պոռնիկին պահում ես անառակության մեջ, այլև դարձնում ես մարդասպան: Դա չի՞ նշանակում, որ դու հայհոյություն ես գործում Աստծո շնորհի դեմ և հակառակվում Աստվածային պատվիրանին:

Վազում ես, որպես  թե օրհնության ետևից, այն բանի համար, որ իրականում անեծք է: Այն, որ օրհնության պատճառ է` դարձնում ես անեծքի վայր: Ծննդաբերության գանձարանը դարձնում ես սպանության գանձարան: Կնոջը, որ ստեղծված է որդեծնության համար, դարձնում ես մանկասպան (Հովհան Ոսկեբերան):

87. Մարդու կյանքն սկսվում է հենց հղիության րոպեից, և այդ ժամ նրան տրվում է անմահ հոգի, այնուհետև գնում է զարգացումը և աճը` սկսելով ստանալ ավելի կատարյալ ձև: Հղիության արհեստական ընդհատումը, որ պահից էլ, որ արվի, համարվում է կյանքի ընդհատում: Որ պահին էլ, որ հղիությունը սկսվի, սա արդեն անթերի մարդ է, անմահ հոգի ունեցող: Եվ այն մայրերը, որոնք  հանձն են առնում աբորտի միջոցով հեռացնել երեխային, կատարում են ահավոր մարդասպանություն: Եվ ես սարսափում եմ` պատկերացնելով ահավոր դատաստանի ժամանակ այն մայրերին, որոնց սպանված երեխաները պիտի ելնեն և նայելով այդ մայրերի աչքերին, պիտի ասեն. «Ինչի՞ համար դուք մեզ սպանեցիք» (Ավագերեց Անդրեաս):

88. Նրանք, ովքեր անգիտակցաբար են գործել նման հանցանք (վիժեցում) և իրենց հանցավոր են ճանաչում, այդպիսիները պարտավոր են զղջումով և ապաշխարությամբ մեղա գալ Աստծո առջև ու թողություն խնդրել Տիրոջից, քանզի չկա մեղք, որ չներվի մարդասեր Աստծո կողմից, եթե, իհարկե, զղջանք ու խոստովանենք, միայն թե այլևս չկրկնելու պայմանով (Հոգեշահ գրքերից):

 

Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից:

18.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․