Գրքեր

Արտաքսման կիրակի

«Քանի որ պահք չպահելով վռնդվեցինք դրախտից, այդ պատճառով էլ պահեցողություն անենք, որ նորից դրախտ մտնենք» (Բարսեղ Կեսարացի)

Սիրելի՛ աստվածասեր հավատացյալներ,

Անշուշտ այսօր ձեր մեջ կան մարդիկ, ովքեր իրենց կյանքում գեթ մեկ անգամ եղել են մանկատանը, և նրանք վստահաբար կհամաձայնեն ինձ հետ, որ մանավանդ առաջին այցելությունը սարսափելի ծանր ազդեցություն է ունենում հոգեկան վիճակիդ ու ողջ ներաշխարհիդ վրա: Սիրտդ անասելի ցավով է լցվում, երբ նայում ես որբուկների թախծոտ աչքերին, և դրանցում արտացոլվող տառապանքն անխուսափելիորեն քեզ էլ է պատում: Այդ աչքերը, սակայն, ամեն անգամ հույսով են լցվում յուրաքանչյուր այցելուի հայտնվելուց՝ յուրաքանչյուրի մեջ փնտրելով իրենց լքած ծնողներին, որոնց միգուցե չեն էլ տեսել կամ չեն հիշում, սակայն սիրում ու կարոտում են: Այն ծնողներին, որոնց դեմ իրենք ոչ մի մեղք չեն գործել, որոնք սակայն լքել են իրենց, հրաժարվել իրենց իսկ միս ու արյունից: Այդ երեխաները որբացել են ոչ իրենց մեղքով, այլ իրենց ծնողների ընտրության հետևանքով, սարսափելի ընտրության, որն իր հետևից բերել է հուսահատության աստիճանի դառը մանկություն, խեղված հասունություն, չչորացող արցունքներով ու հոգու երբևէ չսպիացող վերքով ապրված կյանք: Թող մեր բազումողորմ Երկնավոր Հայրն ու գթառատ Սրբուհի Աստվածամայրը պահապան լինեն բոլոր որբուկներին, Սուրբ Հոգու մխիթարությունը բերեն նրանց ցավով լի հոգիներին և նաև մեր ձեռքերով սրբեն նրանց արտասուքը՝ սեր նվիրելով և հոգ տանելով նրանց մասին:

Սիրելինե՛ր, ինչու այսօր խոսքս սկսեցի որբերի մասին հիշատակումով, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թևակոխել է Մեծի Պահոց հոգեշահ շրջանը և դրա կիրակիների ոսկե շղթայում այսօր Արտաքսման կիրակին է, որը հիշատակում է մարդկության որբացման դառնալի պատմությունը:

Այո՛, սիրելի՛ հավատացյալներ, մեր Երկնավոր Ծնողն ամեն բան արել էր Իր սիրելի զավակի երջանկության համար, կատարյալ պայմաններն ապահովված էին նախամարդու կյանքի, կատարելագործման և զարգացման համար: Ադամը վայելում էր այն, ինչը փափագում էին և ինչին ձգտում էին սրբերը, ինչին փորձում ենք գոնե փոքր չափով մոտենալ մենք, այն է՝ Արարիչ Աստծո մշտական երանավետ ներկայությունը: Ադամն ուներ բացարձակապես ամեն ինչ, սիրող Հայրը ոչինչ չէր խնայել նրա համար, միայն ժամանակավորապես արգելել էր համտեսել բարու և չարի գիտության ծառի պտղից, քանի որ նախաստեղծը դեռ չէր հասել իր զարգացման այն աստիճանին, երբ իր համար արդեն կարելի կդառնար նաև այդ գիտելիքը՝ առանց կյանքի համար մահացու վտանգի ենթարկվելու: Իսկ մինչ այդ, Հայր Աստված առաջին պահքի պատվիրանն էր տվել մարդուն, որն էլ իր հերթին մի հրաշալի առիթ էր զավակի համար որդիական իր անվերջ սերն ու հնազանդությունը ցույց տալու ծնողին: Սակայն, ավաղ: Մարդկության թշնամուն հաջողվեց խաբել և անհնազանդության դրդել առաջին մարդուն: Եվ Աստծո պատվիրանին դեմ գնալու ցավագին հետևանքն իրեն սպասեցնել չտվեց: Արգելված պտղի ճաշակելուց հետո նախահայր Ադամն ու իր սերունդները ճաշակեցին նաև որբության անասելի դառը պտուղները: Սարսափելի է պատկերացնել անգամ, թե ինչ կատարվեց Ադամի հետ մեղանչելուց հետո: Միայն աստվածալույս կատարյալ երանությունը կորցրած մեկն ի զորու կլիներ հասկանալ այն ցավը, որ զգաց մեր նախահայրը՝ զրկվելով իրեն կյանք Պարգևողից: Մեղքի մահաբեր սայրը կտրեց այն երակը, որ կենարար արյուն էր մատակարարում մարդու սրտին՝ որբության ու մահվան փշե պսակով խոցելով այն: Այս դեպքում, սակայն, ողջ մեղքը միմիայն անհնազանդ զավակինն էր, ով, մոռանալով իրեն Արարողի զգուշացման մասին, որոշեց, որ ինքնուրույն էլ կարող է հասնել այն բարձունքին, որը միայն այդ բարձունքի Տիրոջ օգնությամբ էր հնարավոր անել:

Ցավոք, մարդկությունն այն օրվանից շատ հեռուն չի գնացել և այսօր էլ, երբ մեր Երկնավոր Հայրն ամեն ինչ արել է որդեգրման միջոցով մեզ տուն վերադարձնելու համար, մենք համառորեն շարունակում ենք անհնազանդությունն ու կեղծ ազատությունն ընտրել հայրական սիրող ու ջերմ գրկի փոխարեն: Մարդկությունը մոլորված շրջում է մեղանչումից ի վեր որբանոց դարձած աշխարհի խավար միջանցքներում, զանազան միջոցներով փորձում խեղդել այն ներքին, շատ հաճախ չգիտակցված կարոտը, որ ունի առ Արարիչ Հայրը: Մարդիկ աշխարհիկ զվարճություններով և նյութական ունեցվածքով են փորձում լցնում իրենց ունայն  կյանքերը, և չեն հասկանում, թե ինչու չեն հասնում երջանկության և մշտապես այն զգացումն ունեն, որ ինչ-որ բան պակաս է: Այդ պատճառով է, որ Եկեղեցին այսօր մեզ հիշեցնում է այն անգին գանձի, այն աննկարագրելի հարստության մասին, և որն Արարիչ Աստված պարգևել էր Իր սիրելի արարածին, և որի ժառանգորդները պիտի դառնային նրա սերունդները: Այո՛, մեր նախահոր սխալի պատճառով մենք էլ զրկվեցինք այդ բարիքներից, սակայն նա դառնապես զղջաց ու սգաց իր գործած մեղքի համար և մեզ սիրող Հայրը, ընդունելով նրա ապաշխարության արցունքները, թույլ չտվեց, որպեսզի այդ կորուստը անդառնալի լինի մարդկության համար, այլ Իր մարդացյալ Միածնի կյանքի գնով վերացրեց այն պարտամուրհակը, որ մնացել էր մեղանչումից հետո: Միայն երկրորդ Ադամը՝ Քրիստոս էր ի զորու վճարել մեզ համար այն փրկագինը, որ պահանջվում էր առաջին Ադամի մեղսագործության դիմաց: Աստված չհրաժարվեց Իր անհնազանդ զավակից, այլ ընդառաջ եկավ նրան՝ կրկին նրա առջև բացելով կորսված դրախտի դարպասները, և այժմ պատասխան քայլի հերթը մերն է, սիրելի՛ հավատացյալներ, ապացուցելու, որ մենք անշնորհակալ զավակներ չենք և ոչ միայն մեր պարանոցից ենք կախում Քրիստոսի փրկչական նշանը, այլև կրում ենք այն մեր սրտերում: «Հիշի՛ր, ինչպես որ դու ոչ մի բանից տեղյակ չլինելով մեղավոր դարձար, նույնպես էլ՝ ոչ մի բանից տեղյակ չլինելով փրկության արժանացար: Որովհետև մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, Ադամից մեզ ժառանգություն հասած հոգևոր մահից, այսինքն սկզբնական մեղքից մեզ փրկելով, Ադամի կորցրածը վերստին մեզ շնորհեց: Մանավանդ, որ Նրա շնորհներով շատ այլ ուրիշ հոգևոր բարիքներ մեզ վիճակվեց (Հռոմ. 5:15-20)»,- ասում է Պողոս եպսիսկոպոս Ադրիանուպոլսեցին:

Արդ, մենք, որ Քրիստոսի սուրբ արյամբ սրբվեցինք ադամական մեղքից, արժանացանք շնորհների և վերստացանք կորուսյալ դրախտը ժառանգելու հույսը, ուրախանանք պահոց այս շրջանում և մեր անսահման երախտագիտությունը հայտնենք Փառքերի Տիրոջը, որ հերթական անգամ հնարավորություն ունենք մեր որդիական հնազանդությունը ցույց տալու մեր Երկնային Հորը: Ճիշտ է, Եկեղեցու սահմանած Մեծ Պահքի օրերը մի փոքր տկարեցնում են մեր մարմինները մարմնական սակավ կերակուրների պատճառով, սակայն լիառատությամբ հարստացնում են մեր հոգիները՝ շռայլորեն բաշխելով հոգևոր կերակուրը: Ուստի, ինչպես Տեր Հիսուս զգուշացրեց (Մտթ. 6:16), պահք պահելիս տրտմերես չլինենք կեղծավորների նման, և ոչ էլ հպարտության մեղքի գիրկն ընկնենք, այլ հոգևոր անկեղծ խնդությամբ օգտագործենք մեզ ընձեռված անգին հնարավորությունը՝ Ամենակալի օգնությունը խնդրելու, որպեսզի պահեցողությամբ, աղոթքներով, Սուրբ Գրքի ընթերցանությամբ, ապաշխարության անկեղծ արցունքներով, ողորմության և հոգևոր այլ գործերով նախ ամրանանք մեր հավատի մեջ, ձերբազատվենք կործանարար կրքերից ու մեղքերից, և Մեծի Պահոց կիրակիներին համընթաց հետզհետե մաքրվելով ՝ հոգևոր ճերմակ հագուստներով դիմավորենք Տիրոջ Հարության փառապանծ տոնը:

Թող կորսված և վերագտած դրախտի կարոտը արթուն պահի մեր հոգիները և որպես լուսատու ջահ առաջնորդի մեզ դեպի փրկություն: Թող Երկնավոր Ծնողի հանդեպ սերն ամբողջությամբ լցնի մեր սրտերը, հուսադրի և քաջալերի մեզ՝ մշտապես հիշեցնելով, որ Նա սիրում է մեզ անմար սիրով և սպասում Իր յուրաքանչյուր զավակի վերադարձին: Թող Սրբուհի Աստվածամոր բարեխոսությամբ անսայթաք անցնենք պահոց օրերն ու ճաշակենք այն երանելի ուրախությունը, որ Տիրոջ սրբազան ներկայությունն է պարգևում: Եվ քարոզս ավարտեմ սուրբ Եփրեմ Ասորու խոսքով, որ ասում է. «Ինքը՝ Տերը, հանձնարարում է բոլորին այստեղ պատրաստվել հաջորդ կյանքի համար: Այդպես էլ անենք, իսկ եթե սայթաքելով մեղանչենք, բժշկենք այն արցունքներով, քանի դեռ ապաշխարության ժամանակ կա: Ապաշխարության ժամանակը կարճ է, իսկ երկնքի Արքայությունը վախճան չունի»: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

18.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․