Գրքեր

Արտաքսման կիրակիի քարոզ

Բառն արդեն ասում է… դրախտից արտաքսումն է խորհրդանշում:
Ուրեմն, ինչու՞ համար ենք այսօր պահքի մեջ, ինչու՞ համար ենք այսօր ապաշխարության մեջ… Որովհետև այնտեղից սկսվեց: Աստծո խոսքի նկատմամբ անվստահություն ցուցաբերեցինք և անհնազանդ գտնվեցինք, որի պատճառով դրախտից արտաքսվեցինք: Դրախտից արտաքսվելով, մեղքի այս երկիրը ժառանգեցինք: Եվ մեղանչական վիճակ ժառանգելով, բուժման կարոտ եղանք և մնայուն ապաշխարության կարոտ ենք, դրա համար էլ, ապաշխարության մեջ ենք: Իսկ ապաշխարության մեջ ենք ինչու՞… Պետք է հիշենք այդ արտաքսման պահը: Եվ դրա համար մեր եկեղեցին, այս կիրակի մեզ հրավիրում է խորհրդածել այդ արտաքսման խորհրդի շուրջ:
Արտաքսումը պտղից ճաշակելու պատճառով չեղավ: Որովհետև, երբեմն մարդիկ շատ պարզեցնում են, պարզունակեցնում են, ասելով թե. «… ի՞նչ արեց խեղճ Ադամը, Եվան ասաց այս պտղից կեր, Ադամն էլ կերավ: Արժե՞ր, որ Աստված այսպես խիստ պատժեր…»: Բայց հարցը այդ պտղից ուտելը չէր: Հարցը այն էր, որ մարդը, անվստահություն ունեցավ Աստծո խոսքի նկատմամբ:
Աստված ասաց. «Չուտե՛ս, կմահանաս»:
Սատանան ասաց. «Կե՛ր, Աստված կլինես»:
Ուրեմն, փոխարենը Աստծո խոսքին վստահեր, սատանայի խոսքին վստահեց: Եվ սա կատաստրոֆիկ հետևանք պետք է ունենար արարչության համար: Որովհետև, Արարչի խոսքին, որ անվերապահ և անայլայլորեն պետք է վստահես, փոխարենը՝ կասկած ես ունենում Արարչի խոսքի նկատմամբ: Եվ փոխարենը, անայլայլորեն հավատում են սատանայի, հակառակորդի խոսքին: Միևնույն ժամանակ, հնազանդվում են հակառակորդի խոսքին, փոխարենը հնազանդվելու՝ Աստծո խոսքին:
Ամբողջ մեղքի կատաստրոֆիկ էությունը այստեղ է թաքնված, որի պատճառով մարդկությունը ժառանգեց այն, ինչ որ ժառանգեց:
Բայց նաև արտաքսման այս տոնի խորհուրդը, մեզ հրավիրում է մտածելու, ոչ թե դա մի դեպք է, որ տեղի ունեցավ մի ժամանակ, որ մեզ հետ կապ չունի, պարզապես հետևանքներն ենք քաշում… Այդպես չէ՛:
Այսօր էլ մենք նույն անվստահությունը ցուցաբերում ենք Արարչի խոսքի նկատմամբ:
- Ասվե՞լ է, Մեծի Պահոց շրջանին մի պսակվեք:
- «Ա՜հ հիմա, ասել ասելա …»:
Մարդկանց մի հատված, այսպիսի տրամաբանությամբ է մոտենում ասվածին: Եվ շարունակում ենք պսակվել… Եվ նույն անհնազանդությունը ցուցաբերում ենք:
- Ասվե՞լ է Պահք պետք է պահել:
- «Է՜հ, հետո ինչ, ասել է Պաս պահեք…Չե՛մ կարող պաս պահել: Միսը հաճելի է ինձ, ուտում եմ…»
Ուրեմն՝ մենք յուրաքանչյուրս երևի ամեն օր Ադամի ու Եվայի հանցանքը կրկնում ենք: Անվստահություն ենք ցուցաբերում Աստծո խոսքի նկատմամբ: «Արգելված պտուղը քաղցր է» արտահայտությունը գոյություն ունի, որը բխում է հենց անվստահությունից: Ինչու՞ է քաղցր: Որովհետև, երբ որ անվստահություն կա, արդեն քաղցրանում է: Ուրեմն՝ այդ անվստահությունը չպետք է լինի: Աստծո խոսքը, անայլայլորեն պետք է ընդունել, որովհետև Աստծո խոսքը՝ մեր օգտի համար է: Մինչդեռ սատանայի խոսքը՝ գայթակղիչ, հրապուրիչ, գեղեցիկ՝ թակարդում դրված պանիր է: Եվ սատանայի նպատակը՝ մեր փրկությունը չէ: Սատանայի նպատակը՝ մեր կորուստն է: Եվ մենք գնում ենք դեպի կորուստ, փոխարենը գնանք դեպի փրկություն:
Այսպիսով՝ արտաքսման կիրակին ներկայացնում է Արարիչ-արարած հարաբերությունը: Որտեղ Արարիչը պատրաստ է պատժել և արտաքսել:

 

Տ. Միքայել եպ. Աջապահյան
 

05.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․